Հայաստան

«Ենիչերիների վերադարձը»

Ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում մերժել ՆԱՏՕ-ին, բայց համագործակցել ՆԱՏՕ-ի անդամի հետ և միաժամանակ իր դաշնակից Հայաստանին կոչ անել դադարեցնելու կրակը ու դա այն դեպքում, երբ կրակողը նույն ՆԱՏՕ-ի նույն թուրքական բանակի ադրբեջանական մասնաճյուղն է: Ռուսները մեզ իրենց հետ անդունդ են քարշ տալիս:

Արայիկ Մկրտումյան

Օրվա մյուս մտահոգիչ լուրերից մեկն էլ այն է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են միացյալ բանակ ստեղծել: Ըստ էության Թուրքիան է պատրաստվում այդ բանակը ստեղծել, իսկ Ադրբեջանը շատ ուրախ է նման եղբայրական քայլի համար:

Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական միասնական բանակն արդեն վաղուց կա, միայն թե այդ բանակի հյուսիս-արևելյան ստորաբաժանումները առայժմ կրում են «Ադրբեջանի զինված ուժեր անվանումը»: Ադրբեջանն ինքը գոյություն ունի միայն ֆորմալ առումով, հիմա մնում է պարզապես օրինական ձևակերպում տալ ու Ադրբեջանն ու Թուրքիան միավորել:

Բաքուն ինքը ոչ մի վերահսկողություն չունի ո՛չ համաշխարհային որևէ իրադարձության, ո՛չ էլ իր արտաքին քաղաքականության վրա: Բաքվի կողմից արձակված ցանկացած կրակոցը նախատեսված է Անկարայի կողմից: Էրդողանը դիրքավորվում է, լիցքավորում ու նշան բռնում, իսկ Ալիևը քաշում է հրացանի ձգանը:

Միասնական բանակը նշանակում է միասնական պետություն: Պարզից էլ պարզ է, որ թուրք-ադրբեջանական միասնական բանակը ենթադրում է լրիվ ու անվերապահ ենթարկում թուրքակական ադմինիստրացիային:

Թուրքերն ու ադրբեջանցիները մշտապես հայտարարել են «մեկ ժողովուրդ երկու պետություն» կարգախոսը, հիմա արդեն դառնում է նաև «մեկ բանակ»: Առանց բանակ չկա պետություն, իսկ քանի, որ այստեղ հրամայողները թուրքերն են, ապա Ադրբեջանն ինքը այս քայլով կկորցնի ինքնիշխանության վերջին մնացորդները: Ադրբեջանն ուղղակի դառնում է թուրքական նահանգ, իսկ Ալիևը կատարում է նահանգապետի, կամ, հաշվի առնելով Էրդողանի նկրտումները, փոխարքայի ֆունկցիաներ:

Իհարկե պետք չէ սպասել, որ Ադրբեջան անունը կփոխվի կամ Ադրբեջանը պաշտոնապես կմտնի թուրքական պետության կազմի մեջ: Դա անհնար չէ, բայց հազիվ թե հիմա դա պետք լինի: Առանց այն էլ Ադրբեջանը թուրքական նահանգ է, ինքնավար մարզ, անվանեք ինչպես կուզեք, էությունը չի փոխվում:

Հիմա եկեք հասկանանք, թե դա ինչ նշանակություն ունի մեզ համար:

Ընդհանրապես պետք է ասել, որ թուրք-ադրբեջանական բանակի ստեղծումն ինքն իրենով կայսերական(այս դեպքում սուլթանական) ձևաչափի աշխատանք է: Էրդողանը, ով ամեն կերպ ցանկանում է կայսերական պատմուճան գցել ուսերին, ձեռնարկում է բավական հետաքրքիր ու վտանգավոր խաղ: Քեմալի ստվերից ամեն կերպ փախչող թուրքական բռնապետն այս անգամ որոշել է կրկնել սուլթան Մուրադ 1-ի գործողությունները: Սուլթան Մուրադը(1369-82) ո՛չ միայն հզորացրել է օսմանյան պետությունը, այլև իրականացրել բավական կարևոր մի քայլ՝ ռազմական նորամուծություն, ավելի կոնկրետ՝ ենիչերիների ստեղծումը: Դրանք մահմեդական ու քրիստոնյա բնակիչներից մանուկ հասակում խլված և թուրքական ոգով ու դաստիարակությամբ մեծացած երեխաներ էին, որոնք թուրքական կայսեր ամենահավատարիմ պաշտպաններն  էին: Թուրքական միջնադարյան հատուկ ջոկատ, կատաղի ու աննահանջ մարտիկներ, որոնք և՛ սուլթանի անձական թիկնապահ գվարդիան էին, և՛ պետության հատուկ նշանակության զորքերը: Այսպես ասած թուրքական էսէսականները:

Հիմա Էրդողանը փորձում է այնպես անել, որ իր կովկասյան տեսակի զինվորներին անձամբ հրաման տան իր գեներալները, ոչ թե ալիևյան կլանի ընտրյալները:

Սա նշանակում է, որ պանթուրքիզմի կետերից ևս մեկի իրագործում: Քարտեզին նայելով հասկանում ենք, որ Ստամբուլից մինչև Բաքու ընկած թուրքական տարածքում միայն մի նեղ Սյունիք է կանգնած, որ Էրդողանին արգելում է բառի բուն իմաստով մեքենայով Անկարայից գնալ Բաքու, իսկ այնտեղից էլ միջին Ասիա, որտեղ նրան գրկաբաց սպասում են ղազախներն ու մյուս թուրքական ծագման երկրներն ու ժողովուրդները:

Իսկ հիմա միասնական բանակ:

Նախ պետք է հասկանալ, թե արդյո՞ք ադրբեջանցիները պատրաստ են սուվերենությունն ամբողջապես տալ թուրքերին՝ ընդդեմ հայերի դեմ պայքարի: Արցախում հայերը պարտվեցին, բայց ադրբեջանցիներն էլ չհաղթեցին: Էրդողանն ու Պուտինը քաշքշեցին ու Արցախը կիսեցին երկու մասին, հիմա դժգոհ նայում են իրենց բաժին հասածին:

 Այստեղ խոսք ունի ասելու նաև Մոսկվան: Մոսկվան ինքն է գլխավոր դերաակատարը հայ-ադրբեջանական հարցերում, իսկ եթե Ադրբեջանն ու Թուրքիան միասնական բանակ են ուզում ստեղծել, դա նշանակում է, որ Մոսկվան կամ պիտի խիստ անհանգստանա, կամ էլ դա ևս իր ցանկությունների մեջ է մտնում:

Մոսկվայի տրամաբանությունն այնքան էլ պարզ չէ: Մերժել արևմուտքին, բայց աշխատել թուրքերի հետ, նշանակում է մերժել արևմուտքին, բայց շարունակել աշխատել արևմուտքի հետ: Թուրքիան ամեն դեպքում շարունակում է մնալ ռուսական ՀԱՊԿ-ի հակառակորդ ՆԱՏՕ-ի անդամ:

Ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում մերժել ՆԱՏՕ-ին բայց համագործակցել ՆԱՏՕ-ի անդամի հետ և միաժամանակ իր դաշնակից Հայաստանին կոչ անել դադարեցնելու կրակը ու դա այն դեպքում, երբ կրակողը նույն ՆԱՏՕ-ի նույն թուրքական բանակի ադրբեջանական մասնաճյուղն է:

Ռուսները մեզ իրենց հետ անդունդ են քարշ տալիս:

Ռուսական արտաքին քաղաքականությունն ինքն իրեն հակասող երկբևեռ ուղղություն է, որը փորձում է միաժամանակ և՛ համագործակցել, և՛ մերժել արևմուտքին:

Իհարկե ռուսները նաև շատ են ցանկանում Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից: Այդ ժամանակ ռուսներն ու թուրքերը կհամագործակցեն նույն ազատությամբ, ինչ որ 1921թ, երբ երկու «մերժվածներով» Հայաստանն էին առուծախի առարկա դարձրել: Բայց թուրքերին ՆԱՏՕ-ից դուրս բերելը էժան չի նստի ռուսների վրա ու նաև կա հենց ՆԱՏՕ, որը պարապ նստած չէ ու միամտություն կլինի մտածել, թե ռուսներն ու թուրքերը ինչ ուզեն կանեն:

ՆԱՏՕ-ին չի կարող չհետաքրքրել նաև միասնական բանակի թուրքական գաղափարը: Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ, օգտվում է առատության բարիքներից ու դեռ ֆինանսավորում ու ֆինանսավորվում, ինչպե՞ս են արձագանքելու Փարիզը, Վաշինգտոնն ու Լոնդոնը այն բանին, որ Թուրքիան ցանկանում է որդեգրել Ալիևին: Միասնական բանակ, նշանակում է միասնական կառավարում, միասնական զինում ու հանդերձավորում և էլի շատ բաներ:

Եթե այդ բանակը ստեղծվի ու Ադրբեջանը պաշտոնապես պատերազմի մեջ մտնի, ապա ըստ տրամաբանության, թուրքերը ևս պիտի միանգամից մտնեն այդ նույն պատերազմի մեջ, որովհետև միասնական բանակ է, բայց թուրքերն իրավունք չունեն առանց ՆԱՏՕ համաձայնության երեկոյան 10-ից ուշ տուն գալու:

Այս ամենից տուժում ու շարունակում ենք տուժել մենք:

Այն, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ, դա վաղուց էր պարզ, ավելորդ է անգամ ռուսներից ինչ որ բան պահանջել, չեն արել ու չեն էլ անի: ՆԱՏՕ-ից էլ չենք կարող պահանջել, մնում է միայն ՄԱԿ անվտանգության խորհուրդը, որը 25 տոկոսով ՀԱՊԿ է, 50 տոկոսով ՆԱՏՕ ու մեկ էլ Չինաստան, որը չի խոսում, բայց գործում է:

Ի՞նչ է լինելու հետո:

Հետո այն է, որ ռուս թուրքական համագործակցությունը շարունակվում ու շարունակվելու է, ադրբեջանցիները հայերից փորձելու են պոկել ամեն հնարավորը, իսկ Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարցերում Էրդողանին զիջելու է այնքան, ինչքան որ հնարավոր է՝ տարածաշրջանում միայնակ չմնալու համար:

Բայց ռուս-թուրքական էլեկտրական հարաբերությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Գոյություն ունի Ուկրաինա, կա Ղրիմի ու Դոնբասի հարց:

Սա շատ հետաքրքիր կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ մեզ համար:

Ի՞նչ պիտի անենք մենք:

Երկու բան՝

Նախ իշխանությունը պիտի դառնա ուժեղ ու կենտրոնացված: Ժամանակ չունենք ներկա-նախկին խաղալու: Քանի դեռ Հայաստանում երկիշխանություն է, ոչ մի հարց չի լուծվելու:

Երկրորդ՝ մեզ նոր արտաքին քաղաքական տրամաբանություն է պետք: Լրիվ նոր, թարմ ու սթափ: Պետք է սկսել ՄԱԿ անվտանգության խորհրդով ու վերջացնել ՀԱՊԿ-ով: Դա հեշտ չի լինի: Դա կլինի շատ, շատ բարդ: Փարիզն ինքն էլ հասկանում է, որ Երևանը իրենց «ոչ» ասել չի ուզում, «այո» ասել էլ չի կարողանում, որովհետև ռուսները չեն թողնում:

Հիմա մեզ ռեալ օգնություն է պետք: Կոչերը զրո են: Մեզ իրական շոշափելի ու նաև հենց ռազմական օգնություն է պետք այս ռուս-ադրբեջանա-թուրքական եռյակի ճանկերից դուրս պրծնելու համար:

Հայ պաշտոնյաները կրկին հանդիպումներ են այսօր ունեցել ռուսական չինովնիկների ու պրիստավների հետ, որոնք էլի անորոշ խոսել են, որ ամեն ինչ լավ կլինի:

Ո՛չ: Ոչինչ լավ չի լինի այս տրամաբանությամբ: Մենք կանգնած են լրիվ փլուզման վտանգի առաջ: Այս դեպքում մեզ 10 մլրդ ֆունտն էլ չի փրկի: Մեզ հիմա պետք է ռեալ օգնություն: Մենք դա կարող ենք ստանալ՝ ՀԱՊԿ-ին հակադրելով ՄԱԿ անվտանգության խորհուրդը:

Մենք պիտի ապրենք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *