Վտանգներով լի էս հայրենիքում ամենադժբախտը անտարբերներն են, նրանք երբեք չեն իմանա`որն է իսկական հանգստությունը։
Սիրանուշ Ասատրյան
Դա մի ժամանակահատված էր ընկած սեպտեմբերյան տաք աշնան, ու խորը, ցուրտ ու տերևաթափ աշնան մեջտեղում, երբ եղանակի ցանկացած փոփոխության հետ փոխվում է հոգեվիճակդ։
Ամեն տարի այս ժամանակահատվածում մտածում էի սիրու՞մ եմ աշունը թե ոչ։
Վաղ առավոտ էր, երբ չափից դուրս արագ դասավորեցի պայուսակս ու ոգևորված տնից դուրս եկա, ուղևորվելով նախանշված տեղը, որտեղից էլ մեկնեցինք մի վայր, որը ինձ հավերժ սիրահարված թողեց իր աշուններին ու բոլոր֊բոլոր մռայլ ու արևոտ եղանակներին` Արցախ։
Հասանք Քարվաճառ, կյանքում էդքան շփոթված չէի եղել, երդվում եմ, երբ հայտնվում ես էնտեղ չգիտես որ կողմ նայես, որ հասցնես էդ գեղեցկությունը որսալ, ու հավերժ պահել հիշողությանդ մեջ։ Երեկո էր, երբ հասանք Ստեփանակերտ ու չնայած ուժեղ անձրևին, չէի ուզում գնալ հյուրանոց, արդեն հասկացել էի` հինգ օրում անհնար է հասցնել զգալ Արցախը իր ողջ հմայքով։
Երբ դեռ չէի եղել Արցախում, իմ պատկերացումներում դա մի փոքր հրաշք անկյուն էր, որ պիտի նոր բացահայտեմ, երբ հասա էնտեղ պարզվեց աշխարհ է ` առանձին երկիր մոլորակից ու ենթակա անվերջ բացահայտման։
Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի Արցախի բնությունը, ծառերը, ծաղիկները, Արցախի գինին, նուռը, ժենգյալով հացն ու հոնի կոմպոտը։
Ստեփանակերտի շուկա Ժենգյալով հաց
Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի ազատագրված հայրենիքում քայլելու, անկախության հոտը զգալու ու քեզ հաղթանակած համարելու զգացողությունը։
Աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չես գտնի քեզ` հային էդքան երջանիկ ինչքան քո հողի վրա` Արցախում։
Արցախում ես հասկացա, թե ինչն է տարբերում իմ հայրենիքը, աշխարհում մնացած հարուստ պետություններից, կղզիներից տարածքներից, հանգստավայրերից։
Արցախ աշխարհ. լուսանկարներ Ներսես Մատինյանի արցախյան պատկերաշարից Չարեք բերդ. Հյուսիսային Արցախ
Եթե ուզում եք, կանգնեք Էյֆելյան աշտարակի գագաթին ու նայեք Փարիզի լույսերին, մտածելով, որ ամենաերջանիկն եք, գնացեք աշխարհում հայտնի բոլոր գեղեցիկ քաղաքները, միևնույն է, դուք դժբախտն եք առանց հայրենիք, առանց Արցախ, որովհետև Էյֆելյան աշտարակի գագաթին երբեք չեք գտնի, սեփականի, ազատագրվածի, հարազատի էդ ֆանտաստիկ զգացողությունը։
Դուք կարող եք գնալ աշխարհի ցանկացած կետ ու անունը դնել “գնում ենք հանգստանալու”, բայց էդպես էլ ոչ մի կետում իրական հանգստություն չեք գտնելու։
Կրակոցներով, փամփուշտներով ու արյան հետքերով լի էս փոքրիկ հայրենիքում, ամենադժբախտը մարդիկ են, ում համար Արցախը բեռ էր, նրանք էդպես էլ չզգացին ու չեն զգա աշխարհում ամենաֆանտաստիկը, որ հնարավոր է զգալ։
Վտանգներով լի էս հայրենիքում ամենադժբախտը անտարբերներն են, նրանք երբեք չեն իմանա որն է իսկական հանգստությունը։
Ես մի օր հետ կգնամ, Արցախ գինի կխմեմ, ժենգյալով հաց կուտեմ, կքայլեմ իմ ազատագրված դրախտում ու կլինեմ ամենաերջանիկը, իսկ դուք էդպես դժբախտ էլ կմեռնեք, որովհետև չհասկացաք ինչ է հայրենիքը, չիմացաք` ով եք դուք, որտեղից եք գալիս և ում ոտքերի առաջ ծնկելու է տանում ձեզ ձեր տեսակը։