սոց ցանց

«Ամենակարող» Պուտինը

Պուտինյան ամբողջ իշխանությունը կառուցված է դրա վրա՝ «նա չի կարող պարտվել», «նա միայն հաղթում» է…

Հակոբ Բադալյան

Նոյեմբերի 9-ից հետո ռուսական այսպես ասած փորձագիտական մի բանակ անդադար փորձում է հավաստիացնել, որ ամեն ինչ որոշել կամ վճռել է Պուտինը:

Սա շատ հասկանալի մղում է ՌԴ տեսանկյունից, ու նաեւ իհարկե թուրքերի ու ադրբեջանցիների համար օգտակար:

Ռուսաստանի տեսանկյունից, իշխանությունը պետք է համոզի բոլորին, որ, ոչ թե անկարողությունից կամ թուլությունից կորցրել է Կովկասը եւ թույլ տվել թուրքերին հաղթել իր դաշնակից համարվող հայերին, այլ ինքն է այդպես որոշել, ինքն է այդ հաղթանակի տերը: Ոչինչ, որ հայերը կհայհոյեն դրա համար: Մեկ է, ունեն հայհոյելու լիքը այլ պատճառներ եւ առիթներ: Կարեւորը, որ Ռուսաստանի ներսում լինի համոզումը, որ Պուտինը կովկասյան պատերազմում ոչ թե պարտվողն է, այլ հաղթողը, որ, ոչ թե ստիպված է եղել հրաժարվել Կովկասի «մենաշնորհից», այլ ինքն է որոշել «մաս հանել», ինքն է շարունակում լինել «որոշողը»:

Պուտինյան ամբողջ իշխանությունը կառուցված է դրա վրա՝ «նա չի կարող պարտվել», «նա միայն հաղթում» է, «չի կարող լինել նրա կամքին հակառակ որեւէ միջազգային իրադրություն, առավել եւս ՌԴ կենսական շահերի գոտի դիտվող ռեգիոնում»: Սա է ամբողջ իմաստը՝ ամեն կերպ քողարկել Կովկասում Ռուսաստանի, Պուտինի պարտությունը:

Թուրքերի ու ադրբեջանցիների համար այդ վիճակը շահեկան է նրանով, որ քաղաքական առումով «թեթեւացնում» են պատերազմի համար իրենց պատասխանատվությունը՝ ամեն ինչ որոշել է Պուտինը:

Իրականում, Պուտինը որոշել է ամենեւին ոչ ամեն ինչ, եւ նույնիսկ թերեւս քիչ բան: Եվ ոչ այն պատճառով, որ նա ավելի «լավն ու բարի» է, քան մենք կարծում ենք. քաղաքականության մեջ ծիծաղելի է այդօրինակ չափումը որեւէ մի գործչի հանդեպ: Այլ, որովհետեւ նա թույլ է, առնվազն տակտիկական հնարավորությունների առումով նա թույլ է: Նրա ուժը ներկայումս առավելապես քարոզչության, ու մի քիչ էլ «միջազգային խուլիգանության» քաղաքական էության եւ ոճի մեջ է: Պարզապես, ամբողջ հարցն այն է, որ միջազգային հանրությունը մի շարք գոտիներում, այդ թվում Կովկասում, նրան դեմ է տվել իր պես մի «միջազգային խուլիգանի» Էրդողանի. որը տակտիկական ճակատամարտում Պուտինից վերցրել է Կովկասի կեսից ավելին:

Սա անշուշտ ռազմավարական ելք կանխորոշող իրադրություն չէ, բայց այն է, ինչ կա այս պահին:

Գրությունը Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *