Պատերազմի օրերին ժողովրդին ոչ ոք բութ և անհասկացող չէր ասում։ Ընդհակառակը, բոլորն էլ հավաստում էին, որ մենք հերոսական ժողովուրդ ենք ու ընդունակ ենք ամենաանհնարին զոհողությունների։ Ինչպե՞ս պատահեց, որ նոյեմբերի 8-ին ժողովուրդը պայքարող է ու հերոս, իսկ նոյեմբերի 10-ին՝ բութ ու անհասկացող։
Արայիկ Մկրտումյան
Հաղթանակից հետո միշտ գրվում են գրքեր, բազմաթիվ հոդվածներ, նկարահանվում են ֆիլմեր, իսկ պարտությունից հետո ավելի շատ առաջ են քաշվում թեզեր՝ գլխավոր ԻՆՉՈՒ-ին պատասխանելու համար;
Հայաստանում հիմա առաջ քաշվող թեզերը հիմնականում երկու-երեք տեսակ են՝
Դավաճան ներկաներ
Դավաճան նախկիններ
Հենց այսքանով էլ ավարտվում են պատերազմի մասին մեր խորհրդածություններն ու սկսվում մեղադրանքների անվերջ շղթա, ինչքան որ անիմաստ, այնքան էլ անվերջ։ Մեղադրանքները ոչ մի տեղ չեն տանում պառակտումից բացի։ Իհարկե սպասել, որ նման դաժան պարտությունից հետո հենց հաջորդ օրը բոլորը հանգիստ կնստեն և խաղաղ կքննարկեն՝ անհնար է։ Պարտությունն իր հետ բերում է դառը հիասթափություն, մոլեգնած կրքեր, ահռելի վատ էներգիա։ Այդ ամենը ինչ որ կերպ դատարկել է պետք, բայց պետք է դա անել ոչ թե ութ ինը ամիս գոռալով ու ոչ մի արդյունքի չհասնելով, այլ համակարգված ու հնարավորինս սթափ։
Լրիվ նորմալ է, որ հասարակ քաղաքացիներն իրենց խաբված և կոտրված զգան։ Նորմալ է, որ սովորական մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվել, ինչ է կատարվում, բայց նորմալ չէ, որ հիստերիայի հիմնական տաքացնողներն ու առաջ տանողները երկարամյա փորձառու քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն են, որոնց մի մասն ի դեպ, աշխատել է կառավարությունում։
Իհարկե ոչ բոլորն են միայն գոռգոռալով զբաղված, բայց երբ տարիների փորձ ունեցող մարդիկ ևս սկսում են նույն բանը գոռալ, ինչ և սովորական քաղաքացին, ով երբևէ առնչություն չի ունեցել պետական կառավարմանն ու դիվանագիտական դժվարընկալելի գաղտնիքներին, պարզ է դառնում, որ մեր պարտության պատճառները շատ ավելի խորն են, քան մեկ մարդու դավաճանությունը։
Հայաստանում 2021թ․ օգոստոսն է, այսինքն արդեն 11-րդ ամիսն է անցնում ինչ սկսվեց պատերազմը, բայւց դեռ ոչ մի հարցի ոչ մի նորմալ պատասխան չենք ստացել։ Միակ բանը որ ունենք, «բոշա-փչացած» սկզբունքով աշխատող ԱԺ-ն է, որտեղ էլի հայհոյախառը իրար են մեղադրում։ Ու նորմալ չէ, երբ այն մարդիկ, որոնք 1991թ․ սկսած մինչև 2021թ․ նոյեմբերի 9-ը իրենց վրա են վերցրել երկիր կառավարելու պարտականությունը և դեռ մի բան էլ «մունաթ եկել», որ դիվանագիտությունն ամեն մեկի խելքի բանը չէ և իրենք գիտեն ինչ են անում, այսօր հենց նույն հասարակ բնակչությանն ամենատարբեր վիրավորական մականուններով են դիմում իրենց ընտրելու կամ չընտրելու համար և մի ողջ ժողովրդի վիրավորում անհասկացող ու բութ լինելու համար։ Մի ժողովրդի, որին ճիշտ ուղով տանելն իրենց գործն էր։ Ու եթե 2021թ․ օգոստոսին հայ ժողովուրդը բութ է ու անհասկացող, հարց է առաջանում․ «Ինչպե՞ս այդ բութ ու անհասկացող ժողովուրդը հաղթեց Արցախյան առաջին պատերազմում ու պարտվեց երկրորդում, կամ ինչպե՞ս պատահեց, որ այդ հաղթական ու հերոս ժողովուրդը դարձավ բութ ու անհասկացող»։ Սրանք հարցեր են, որոնց շատ քչերն են ուզում հասկանալ, որովհետև դրա համար միայն գոռալն ու հայհոյանքը բավարար չէ, դրա համար լուրջ ու ծանր աշխատանք է պետք։
Շատ քչերն են փորձում հասկանալ 1994թ․ և 2020թ․ տարբերությունները։ Մենք հիմնականում նայում ենք Մայիսի 9-ի հաղթանակին ու վշտանում նոյեմբերի 9-ի պարտության համար։
Բայց ի՞նչ էր տեղի ունեցել 1994թ․ մայիսի 9-ից մինչև 2020թ․ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում։
Այն, որ մենք պետական մասշտաբով անլուրջ ենք եղել՝ փաստ է։ Բայց դա նշանակում է, որ կառավարիչներն իրենք են այնքան անլուրջ եղել, որ ժողովուրդը վերածվել է մի այնպիսի անտարբեր հատվածի, որ արդեն հոգնել ու զզվել է պատերազմից էլ, ամեն ինչից էլ։
Բայց պատերազմի օրերին ժողովրդին ոչ ոք բութ և անհասկացող չէր ասում։ Ընդհակառակը, բոլորն էլ հավաստում էին, որ մենք հերոսական ժողովուրդ ենք ու ընդունակ ենք ամենաանհնարին զոհողությունների։ Ինչպե՞ս պատահեց, որ նոյեմբերի 8-ին ժողովուրդը պայքարող է ու հերոս, իսկ նոյեմբերի 10-ին՝ բութ ու անհասկացող։
Ստացվում է, որ կամ այդ ժողովուրդը մշտապես բութ ու անհասկացող է եղել, կամ այդպիսին է դարձել, կամ էլ ոմանք փորձում են այնպես անել, որ իրենց կերածը հասարակ մարդիկ մարսեն։
Ապստամբություն բարձրացրած մարդը եթե հաղթում է, դառնում է հերոս հեղափոխական, եթե պարտվում է, դառնում է պետական հանցագործ։ Սա մի օրինաչափություն է, որին պետք է ըմբռնումով մոտենալ։ Եթե բոլշևիկյան ապստամբությունը Ռուսաստանում պարտությամբ ավարտվեր, վստահեցնում եմ, որ Լենինին, Ստալինին ու մյուսներին գնդակահարելու էին, որպես պետական դավաճանների, բայց քանի որ նրանք են հաղթել, 70 տարի դպրոցական երեխաները երգում ու արտասանում էին «Լենին պապիկի մասին»։ Բնական է, հաղթողին չեն դատում։ Ավելի ճիշտ՝ չեն կարող դատել, հաղթողն ինքն է դատում։
Հիմա էլի հետ գանք 1994թ․։ Հաղթած հայ ժողովուրդ։ Հետո 2021թ․ պարտված հայ ժողովուրդ։ Այնպես չէ, որ 1994թ․ հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2021-ին պարտվեց հայ ժողովուրդը։
Եկեք հասկանանք, թե որ դեպքում ում մեղադրենք։ Մենք երկու տարբերակ ունենք՝
1994թ․ հաղթեց իսկ 2021-ին պարտվեց հայ ժողովուրդը։
1994թ․ հաղթեց մի Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ 2021-ին պարտվեց Նիկոլ Փաշինյանը։
1994թ․ հետո մենք բազմաթիվ մարդիկ էին ապացուցում, որ իրենք իրենց բաժինն ունեն հաղթանակի մեջ ու որ հաղթանակն իրենցով է եղել։ 2021թ․ չես գտնի մեկին, ով ընդունի, որ ինքն է պարտվել կամ, որ ինքը պատասխանատու է այդ պարտության համար։
Այո՛, հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է։
Բայց կրկին մի հարց։ Ի՞նչ է տեղի ունեցել 1994-2021թթ․։
ՀՀ երեք ղեկավարներն ամեն կերպ շեշտում են, որ իրենց օրոք Հայաստանը եղել է ուժեղ, զարգացել է, հարստացել է, ուժեղացել է, իսկ Փաշինյանը եկավ ու քանդեց ամեն ինչ։ Փաշինյանն էլ իր հերթին ասում է, որ նախկիններն այնպես են քադել ու ոչնչացրել ամեն ինչ, որ հնարավոր չէր երեք տարում լրացնել 26 տարվա բացերը։
Ո՞ւմ հավատաս։
Եթե նախորդ ղեկավարները ճիշտ են ասում ու իրենց օրոք Հայաստանը զարգանում էր ու ուժեղ էր, ուրեմն Նիկոլ Փաշինյանն ինչ որ առասպելական հրեշ էր, որ եկավ ու ընդամենը երեք տարում ոչնչացրեց այն ամենն, ինչ իրենք ստեղծել էին 26 տարում։
Եթե Փաշինյանն է ճիշտ ասում, ապա նախորդները բացեիբաց ստում են ու 26 տարում Հայստանում ոչ մի բան էլ չի ստեղծվել։
Կարելի է էլի տասնյակ եթե-ներ առաջ բերել ու առանձնացել, թե որ դեպքում ում վարկածն է ավելի հավանական կամ հետաքրքիր, բայց մենք խոսում ենք աղետ պատերազմի մասին, որը եկավ ու ջնջեց մեր իրականությունը։ Ավելի ճիշտ այն իրականությունը, որ մենք էինք մեզ համար որոշել ու որը սուտ դուրս եկավ։
Թուրքը ոչխար չէր, կամ էլ ոչխարները գիշատիչ էին դարձել 1994թ․ հետո։ Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում մենք լուրջ վրիպումներ ենք թույլ տվել։
Իսկ գուցե Հայաստանի պարտությունը սկսվել է հենց 1994թ․ երբ հաղթանակած Հայաստանում հաղթեց ոչ թե հայ ժողովուրդը, այլ Լևոն Տեր-Պետրոսյանը, 10 տարի երկիրը հարստացրեց ու աշխատեց ոչ թե հայ ժողովուրդը, այլ Ռոբերտ Քոչարյանը, 10 տարի բանակցեց ոչ թե հայ ժողովուրդը, այլ Սերժ Սարգսյանը հեղափոխությունն իրականացրեց ոչ թե հայ ժողովուրդը այլ Նիկոլ Փաշինյանը ու պարտվեց ոչ թե հայ ժողովուրդը, այլ Նիկոլ Փաշինյանը։
Բայց գիտենք, որ այդպես չէ։ Հայաստանի բախտը այդ չորս մարդը չեն տնօրինել։ Հայաստանի բախտը հայ ժողովրդի ձեռքում է ու եթե ժողովուրդը սխալվել է, եթե ժողովուրդը պարտվել է, ապա առաջին հերթին մեղավոր են առաջնորդները։
Իհարկե իրար ընդդիմադիր մարդիկ միմյանց չեն լսի ու «նիկոլականը» կմեղադրի «ռոբասերժականին», իսկ «ռոբասերժականը» կմեղադրի «նիկոլականին»։
Այս տարանջատումները ոչինչ չի՞ հիշեցնում։ Դե ասենք հայաստանցի-ղարաբաղցի-սփյուռքահայ եռակողմ հարաբերությունները, որոնցից ամեն մեկը մյուս երկուսին չսիրելու իր պատճառներն ունի։
Բայց այդ ղարաբաղցի, հայաստանցի, սփյուռքահայ, դեմոկրատ, լիբերալ, պահպանողական, դաշնակցական, հնչակյան, լոռեցի, երևանցի․․․դա հենց ինքը հայ ժողովուրդն է։ Հայ ազգը։
Պարտությունից հետո մեզ մոտ անորոշություն է։ Մշուշ, որ չգիտենք թե ուր է տանում։
Կարելի՞ է ուշքի գալ։ Իհարկե։ Հնարավո՞ր է հաջորդ պատերազմում հաղթել։ Անշուշտ։ Բայց դրա համար պետք է նախ մի բան։ Նայենք մեր շուրջը ու տեսնենք ոչ թե «նիկոլականի», «ռոբասերժականի», ղարաբաղցու, հայաստանցու, սփյուռքահայի, լոռեցու, գորիսեցու, այլ՝ հայի։ Որովհետև այդ ամենն իրար հետ մեկ անուն ունեն՝ հայ ժողովուրդ։
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Կառավարիչները փոխարինում են միմյանց, իսկ ժողովուրդն ու հայերնիքը՝ մշտական են։ Ուզո՞ւմ եք ինչ որ մեկի հետ խոսել, խոսեք ոչ թե ղարաբաղցու կամ հայաստանցու հետ, այլ հայի, ոչ թե սփյուռքահայի կամ էսինչականի, այլ հայի։ Հայի, որի ձեռքում հայոց նպատակն է։
Այդպես ենք ապրել ու դիմացել դարերով։
Միայն այդպես։
Ու մեր հաջորդ քայլը կլինի հաղթանակ։