Հայաստան

Միայն Զենքո՞վ

Հայաստանում ոչ մի զենք չստեղծվեց, գիտությունն ու տեխնիկան չզարգացավ, հայերը սկսեցին հանգստանալու գնալ Թուրքիա ու, երբ ամենի ֆոնին ասում են միայն զենքով կա հայոց փրկություն, ես, գրողը տանի, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեք:

Արայիկ Մկրտումյան

Միայն զենքով կա հայոց փրկություն: Այո՛, իհարկե: Զենքն անհրաժեշտ պայման է, մանավանդ երբ թշնամիներդ այնպիսի վայրենիներ են, որոնք նույնիսկ 21-րդ դարում չեն հրաժարվում գլուխ կտրելուց, դիերը պղծելուց ու այլանդակելուց: Մենք հենց հիմա էլ համոզվում ենք, որ առանց զենքի անհնար է գոյատևել: Ու հենց այդպես էլ երգում ենք.

«Համոզված ենք, որ միայն զենքով կա Հայոց փրկություն»:

Բայց արդյո՞ք միայն զենքով: Զենքը պարտադիր է, բայց արդյո՞ք միայն զենքով: Եվ ինչ ենք հասկանում զենք ասելով, միայն հրացան, թե էլի ինչ որ բան: Սա շատ ու շատ ցավալի հարց է, որին մենք չենք կարողանում պատասխանել: Իսկ պատասխանն այն է, որ միայն զենքով անհնար է: Այո՛, զենքով պաշտպանես: Բայց ի՞նչը: Պատշտպանես հայրենիքը, ժողովրդին, գաղափարը, նպատակը, ճշմարտությունը:

Մեր ժողովուրդն այդպես ապրել է դարեր: Բայց մեզ հետ ինչ որ բան պատահեց, մենք դադարեցինք պայքարել թշնամու դեմ ու թշնամացանք իրար հետ, մենք զենք ասելով հասկացանք միայն հենց  հրացան, ոչ թե գաղափար կամ նպատակ: Մենք կարծես մոռացանք, որ հրացանը նպատակ չէ, այլ միջոց, միջոց պաշտպանելու սրբությունը, հայրենիքը, ընտանիքը, ամեն ինչ: Մենք մի կողմ դրինք ճշմարտությունը, գաղափարը, նպատակը: Մենք կարծես մոռացանք, որ մեր հայրենիքի ամեն թիզն օծված է արյունով ու նաև մոռացանք, թե ինչի համար է թափվել այդ արյունը: Մենք արդեն սկսեցինք չհասկանալ, թե ինչու ենք կռվում, ինչի համար: Ու հարուստի տղան սկսեց ազատվել բանակից, իսկ աղքատինը՝ ծառայել ամենաթեժ կետում: Հարուստի տղան «ծառայեց» իր տանը, իսկ միակողմանի ծնողազուրկը՝ զոհվեց ու վիրավորվեց: Մենք ասացինք, որ զենքով կա փրկություն ու թալանեցինք բանակը, ասացինք զենքով կա փրկություն ու կրթական համակարգն ավերեցինք, ասացինք զենքով կա փրկություն ու գիտությունը դարձավ պարապ մարդու զբաղմունք:

Հիմա էլ ասում են ապագա կա ու նաև ասում են, որ զենքով կա հայոց փրկություն:

Միթե՞:

Ի՞նչը պակասեց հայոց զենքին 2020թ պատերազմում: Հայն էլի նույն հայրենասեր հայն էր, իր ավտոմատն՝ էլի նույն ավտոմատը: Ու մենք չհասկացանք, որ մոռացել ենք ամենակարևորի մասին: Թե ինչու էինք կռվում աշխարհի ստեղծումից մինչև 1994թ.:

Մենք ամեն ինչ դրինք մի կողմ ու մոռացանք ինքներս մեզ: Գաղափարը, միտքը, նպատակը, որ մարդուն ստիպեց հում միս ուտողից դառնալ տիեզերք նվաճող գերզարգացած, մեզ մոտ դրվեց մի կողմ:

ԽՍՀՄ-ի տապալումից հետո հայկական գործարանների 90 տոկոսը թալանվեց ու վաճառվեց, կամ գոնե չվերաբացվեց, գողությունը, քրեականը, խնամի-ծանոթ-բարեկամը, փողով դիպլոմը, անգրագիտությունը, ազգասպան ժամանցային էրոտիկան տարածվեց ամենուր, կաշառքը դարձավ անմեղ շնորհակալություն, պետական պարտքը հասավ աննախադեպ չափսերի հենց այսօրվա դրությամբ, շատ գյուղերում մինչև հիմա խմելու ջրի խնդիր կա, էլեկտրականության խնդիր, քաղաքային տրանսպորտը սարսափելի վիճակում է, ազգային արժույթը՝ ահավոր վիճակում, երգարվեստը՝ ազգայինի հետ կապ չունեցող ինչ որ ժամանցային զվարճանք, գրքերը՝ աննպատակ մոտիվացիա, ֆիլմերը՝ քրեա-սիրային՝ ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի: Այն ամենն ինչ ազգային էր, մարդկային ու ճշմարիտ, մեծ մասամբ մղվեց մի անկյուն: Շքեղ էրոտիկ տեսահոլովակի վրա ծախսվեց տասը հազար դոլար, իսկ քաղցկեղով հիվանդ երեխան մահացավ փողի պակասից, Հայաստանում ոչ մի զենք չստեղծվեց, գիտությունն ու տեխնիկան չզարգացավ, հայերը սկսեցին հանգստանալու գնալ Թուրքիա ու երբ ամենի ֆոնին ասում են միայն զենքով կա հայոց փրկություն, ես, գրողը տանի, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեք:

Այսինքն մի ձեռքով քանդել ու ավիրել երկիրը մի կողմից երգել փրկության մասին: Մենք ընդհանրապես հասկանո՞ւմ ենք, թե ինչ վիճակում ենք գտնվում: Մեր մասին այն փքուն ու ուռճացված կարծիքը, որ ունենք, այնքան իրական է, ինչքան, որ հոգեբուժարանում քնաբերի տակ զառանցող հիվանդը, ով կարծում է, թե ինքը Նապոլեոն Բոնապարտն է:

Մենք ադեկվատ չենք, մենք չենք հասկանում, թե ուր է գնում աշխարհը և քարշ ենք գալիս նրա հետևից, մենք պարզապես յոլա ենք գնում որպես պետություն ու երկիր: Ու դեռ այս վիճակով էլ մեզ թույլ ենք տալիս տասնամյակներ շարունակ պարապ նստել և հենց հերթական ճգնաժամը մեզ չոքեցնում է, մենք ուղղակի փնտրում ենք մեկին, որին կարելի է մեղադրել ամեն ինչում ու մեզ բարոյապես ու հոգեպես հանգիստ զգալ: Չէ, սա Փաշինյան-Քոչարյանի մասին չէ: Երկուսն էլ հետևանք են այն ազգային ողբերգության, որ մենք այստեղ ունենք:

Ու հիմա, հենց հիմա Հայաստանում կոչերի շարան է: Հիմնականում կոչ՝ միավորվելու ու հայրենքը փրկելու ուղղությամբ: Ու ոչ մի կոնկրետ ծրագիր:

Ու հիմա շատ հետաքրքիր է, թե մենք դեռ ինչքան ենք շարունակելու երգել մեր խալագարված երազանքների մասին ու մի կողմ թողնելու իրականությունն ու խնդիրները:

Ու ե՞րբ կամ ինչպե՞ս ենք այնքան ուշքի գալու, որ ի վերջո հայոց փրկությունը ոչ միայն հրացանով լինի պայմանավորված, այլ գիտությամբ, գաղափարախոսությամբ, ազգային նպատակով, պետական շահով, որ հաջորդ կռվին(որը հաստատ լինելու է) հայը ոչ թե մերկ ձեռքերով կանգնի թշնամու առաջ, այլ ունենա գերակայություն՝ ամեն ինչում: Որ հայ գիտնականը լինի հաղթող, հայ գյուտարարն ու մարզիկը հայոց դրոշի համար սկսի պայքարել, որ հայկական դիպլոմը լինի իրոք արժեքավոր, որ հայի արտադրանքն ու հայի պահանջը, առաջարկը ընդունեն բոլորը: Որ մենք իրոք հասկանանք, թե ինչ ենք ուզում, ինչու ենք ուզում: Որ հասկանանք, թե ինչ անենք ու ինչու անենք:

Ու կգա՞ հայոց փրկությունը: Կգա՛:

Ու կլինի հայոց փրկությունը: Փրկություն ագահությունից, տգիտությունից, երկպառակությունից: Հանուն հայի ու Հայաստանի: Հանուն մեր ապագայի. Հանուն ամեն ինչի, որ եղել է, կա ու կլինի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *