Հայկական հարցը ծնվեց և մեռավ Սան-Ստեֆանոյում, շարունակեց մեռնել Բեռլինում, այնուհետև մեռավ Բաթումում, Մոսկվայում, Լոզանում…և շարունակում է մեռնել մինչև հիմա ու ևս մեկ անգամ մեռավ 2020թ. Մոսկվայում և եթե նման կերպ շարունակվի, ապա այն կշարունակի մեռնել Փարիզում, Ստրասբուրգում և այլն:
Արայիկ Մկրտումյան
2020թ.-ի նոյեմբերի 9-ի պայմանագիրը մեզ բոլորիս շոկի ենթարկեց և մենք հերթական անգամ դառնորեն գլուխներս թափ տվինք՝ ընդունելով, որ հերթական անգամ հայերի հաշվին լուծվեցին օտարերկրյա շահեր: Այո՛, այդ առումով միանգամայն իրավացի ենք այդպես կարծելով: Նոյեմբերի 9-ը մեր պարտության օրն էր, բայց ոչ սովորական պարտություն: Ամեն ինչ ավելի տհաճ է, քան պարզապես պարտությունը:
Նոյեմբերի 9-ի պայմանագիրը աչքի է ընկնում ոչ միայն իր ծանր հակահայկականությամբ, այլև նրանով, որ այդ պայմանագրում որոշողներն ուրիշներն էին, իսկ մենք՝ համաձայնվողները:
Շատերը նոյեմբերի 9-ը համեմատում են 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի հետ: Շատ չեն սխալվում, բայց կան մի շարք էական տարբերություններ, որոնք տարբերություններ են դնում նոյեմբերի 9-ի և պատմական այլ ծանր օրերի միջև:
Բայց նախ պատասխանենք մի հարցի: Արդյո՞ք իմաստ ունի պարտությունները դասակարգել, կամ առանձնացել: Ի՞նչ անհրաժեշտություն կա ընդհանրապես:
Պատասխանն այն է, որ ոչ միայն իմաստ կա, այլև պարտադիր է, քանի որ ամեն պարտություն կամ հաղթանակ ունի իր հստակ պատճառները և այդ պարտությունն ու հաղթանակը հանդիսանում են հենց այդ պատճառի տրամաբանական հետևանքը: Հետևաբար խիստ ցանկալի է, որ մենք որպես պետություն ու հասարակություն ոչ միայն կարողանանք տարբերակել հաղթանակների ու պարտությունների իրական պատճառները, այլև հասկանանք, թե դրանք ոչ չափով են կրկնում կամ մերժում իրար: Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե որ սխալներն են ավանդաբար կրկնվում, կամ ինչ հիմնական վրիպումներ կան, որոնք դեռ չեն ուղղվել:
Եվ այսպես՝ իմ կարծիքով 2020թ.-ի նոյեմբերի 9-ը ավելի նման է, ոչ թե 1921թ. մարտի 16-ին, այլ 1878թ. փետրվարի 19-ին(մարտի 3) և այնպես ինչպես 1921թ. Մոսկվայի պայմանագիրը վավերացվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին, այնպես էլ 1878թ. հունիսին՝ Բեռլինի վեհաժողովում:
Եվ այսպես: 1878թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ըստ էության թաղվեց հայկական հարցը, իսկ Բեռլինի Կոնգրեսում՝ ընդհանրապես վերածվեց ինչ որ անհասկանալի երևույթի, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9-ին կնքվեց պայմանագիր՝ որտեղ կնքվեց մի պայմանագիր, որտեղ հայկական շահերն ընդհանրապես հաշվի չառնվեցին:
Ու այստեղ մի նրբություն կա:
1878թ. բարձրաձայնվեց ու ըստ էության միջազգայնացվեց հայկական հարցը ու ձևավորվեց «հայկական հարց» եզրույթը: Ու հենց այդտեղ էլ սկսվեց հիմնական խնդիրը: Միջազգայնացումն ընդհանրապես չօգնեց հայերին: Հայկական հարցի միջազգայնացումից հետո այս սկսվեց շահարկվել բոլորի կողմից և դարձավ հայերին մանիպուլացնելու հերթական միջոցը: Ռազմական և պետական ուժ չունեցող հայերը չկարողացան վերահսկել այդ միջազգային խաբեությունը և սրտատրոփ սպասում էին հայկական հարցի լուծման՝ դա վերապահելով Ռուսաստանին, Ֆրանսիային և ընդհանրապես բոլոր բոլորին, ովքեր այդ պահին հայկական հարցի մանիպուլացմամբ հայերին օգտագործում էին իրենց շահերի համար: Հայկական միտքը դա չհասկացավ այ պահին և ընկավ միջազգային քաղաքագիտական ծուղակը: Հայկական հարցը ծնվեց և մեռավ Սան-Ստեֆանոյում, շարունակեց մեռնել Բեռլինում, այնուհետև մեռավ Բաթումում, Մոսկվայում, Լոզանում…և շարունակում է մեռնել մինչև հիմա ու ևս մեկ անգամ մեռավ 2020թ. Մոսկվայում և եթե նման կերպ շարունակվի, ապա այն կշարունակի մեռնել Փարիզում, Ստրասբուրգում և այլն:
Արցախյան հարցը, որ ծնվեց բոլշևիկների մեքենայությունների ընթացքում, միջազգայնացվեց 80-ականներից սկսած և քանի որ մենք չկարողացանք այդ հարցը մեր ուժերով լուծել, այն դարձավ շահարկումների առարկա և առհասարակ օգտագործվեց բոլորի կողմից: Արցախի հարցը բոլորի կողմից մանիպուլացվեց և մենք նորից սկսեցինք սպասել, որ այդ հարցը կլուծվի ուրիշների կողմից:
Այնպես ինչպես «Հայկական հարցը» միջազգայնացվեց և օգտագործվեց նույնիսկ հենց մեր դեմ, այնպես էլ Արցախի հարցը բոլորի կողմից օգտագործվեց: Մեզ հիմարացրին, և մենք իրոք այդ հարցը թողեցինք ուրիշների վրա: Ուրիշներն էլ բնականաբար այն փորձեցին օգտագործել իրենց շահերի համար և իրենց շահերի օգտին:
Ինչպիսի հիասթափություն մենք զգացինք նոյեմբերի 9-ին: Այն համեմատելի է Րաֆֆու հոդվածների հետ, որոնցում նա դառնորեն անդրադարձավ այն խնդիրներին, որոնք այնքան նման են մեր իրականությանն ու ներկային: Ու երբ այսօր մենք նայում ենք, թե ինչ կատարվեց նոյեմբերի 9-ին, պետք է փորձենք հասկանալ դրա իրական խորությունն ու խնդիրները:
Ըստ էության 2020թ. նոյեմբերի 9-ին կնքվեց հերթական «Սան Ստեֆանոն», «Բեռլինի կոնգրեսը»…անվանեք ինչպես կուզեք, հարցն այն է, որ այս անգամ ևս կնքվեց հակահայ պայմանագիր և կնքող կողմերը ստացան իրենց ուզածը, իսկ մենք մնացինք լուռ դիտորդ՝ թեև մեզ էին սպանել, մեզ էին հարվածել, մեզ էին ծվատում:
Հայոց պատմության վերջին երկու հարյուրամյակը լի է նման դեպքերով և դրանցում հստակ արտացոլված է մեկ կետ՝ այն է, որ մենք մեր հարցի լուծումը թողնում ենք ուրիշին: Մի ասացվածք կա. «Երբեք ոչ ոքի մի վստահեք և երբեք չեք հիասթափվի»: Հայոց հիասթափության մասին կարելի է հատորներ գրել, բայց դեռ ինչքա՞ն է շարունակվելու այս ամենը:
Ե՞րբ ենք ի վերջո դադարելու լինել ունկնդիր: Ե՞րբ ենք ի վերջո թղթե շերեփը փոխարինելու մետաղով:
Նոյեմբերի 9-ը վաղուց էր սկսել: Մենք այն նկատեցինք միայն ամենավերջում: