Հայկական հարցը ծնվեց և մեռավ Սան-Ստեֆանոյում, շարունակեց մեռնել Բեռլինում, այնուհետև մեռավ Բաթումում, Մոսկվայում, Լոզանում…և շարունակում է մեռնել մինչև հիմա ու ևս մեկ անգամ մեռավ 2020թ. Մոսկվայում և եթե նման կերպ շարունակվի, ապա այն կշարունակի մեռնել Փարիզում, Ստրասբուրգում և այլն:
Արայիկ Մկրտումյան
2020թ.-ի նոյեմբերի 9‑ի պայմանագիրը մեզ բոլորիս շոկի ենթարկեց և մենք հերթական անգամ դառնորեն գլուխներս թափ տվինք՝ ընդունելով, որ հերթական անգամ հայերի հաշվին լուծվեցին օտարերկրյա շահեր: Այո՛, այդ առումով միանգամայն իրավացի ենք այդպես կարծելով: Նոյեմբերի 9‑ը մեր պարտության օրն էր, բայց ոչ սովորական պարտություն: Ամեն ինչ ավելի տհաճ է, քան պարզապես պարտությունը:
Նոյեմբերի 9‑ի պայմանագիրը աչքի է ընկնում ոչ միայն իր ծանր հակահայկականությամբ, այլև նրանով, որ այդ պայմանագրում որոշողներն ուրիշներն էին, իսկ մենք՝ համաձայնվողները:
Շատերը նոյեմբերի 9‑ը համեմատում են 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի հետ: Շատ չեն սխալվում, բայց կան մի շարք էական տարբերություններ, որոնք տարբերություններ են դնում նոյեմբերի 9‑ի և պատմական այլ ծանր օրերի միջև:
Բայց նախ պատասխանենք մի հարցի: Արդյո՞ք իմաստ ունի պարտությունները դասակարգել, կամ առանձնացել: Ի՞նչ անհրաժեշտություն կա ընդհանրապես:
Պատասխանն այն է, որ ոչ միայն իմաստ կա, այլև պարտադիր է, քանի որ ամեն պարտություն կամ հաղթանակ ունի իր հստակ պատճառները և այդ պարտությունն ու հաղթանակը հանդիսանում են հենց այդ պատճառի տրամաբանական հետևանքը: Հետևաբար խիստ ցանկալի է, որ մենք որպես պետություն ու հասարակություն ոչ միայն կարողանանք տարբերակել հաղթանակների ու պարտությունների իրական պատճառները, այլև հասկանանք, թե դրանք ոչ չափով են կրկնում կամ մերժում իրար: Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե որ սխալներն են ավանդաբար կրկնվում, կամ ինչ հիմնական վրիպումներ կան, որոնք դեռ չեն ուղղվել:
Եվ այսպես՝ իմ կարծիքով 2020թ.-ի նոյեմբերի 9‑ը ավելի նման է, ոչ թե 1921թ. մարտի 16-ին, այլ 1878թ. փետրվարի 19-ին(մարտի 3) և այնպես ինչպես 1921թ. Մոսկվայի պայմանագիրը վավերացվեց 1921թ. հոկտեմբերի 13-ին, այնպես էլ 1878թ. հունիսին՝ Բեռլինի վեհաժողովում:
Եվ այսպես: 1878թ. Սան-Ստեֆանոյի պայմանագրով ըստ էության թաղվեց հայկական հարցը, իսկ Բեռլինի Կոնգրեսում՝ ընդհանրապես վերածվեց ինչ որ անհասկանալի երևույթի, այնպես էլ 2020թ. նոյեմբերի 9‑ին կնքվեց պայմանագիր՝ որտեղ կնքվեց մի պայմանագիր, որտեղ հայկական շահերն ընդհանրապես հաշվի չառնվեցին:
Ու այստեղ մի նրբություն կա:
1878թ. բարձրաձայնվեց ու ըստ էության միջազգայնացվեց հայկական հարցը ու ձևավորվեց «հայկական հարց» եզրույթը: Ու հենց այդտեղ էլ սկսվեց հիմնական խնդիրը: Միջազգայնացումն ընդհանրապես չօգնեց հայերին: Հայկական հարցի միջազգայնացումից հետո այս սկսվեց շահարկվել բոլորի կողմից և դարձավ հայերին մանիպուլացնելու հերթական միջոցը: Ռազմական և պետական ուժ չունեցող հայերը չկարողացան վերահսկել այդ միջազգային խաբեությունը և սրտատրոփ սպասում էին հայկական հարցի լուծման՝ դա վերապահելով Ռուսաստանին, Ֆրանսիային և ընդհանրապես բոլոր բոլորին, ովքեր այդ պահին հայկական հարցի մանիպուլացմամբ հայերին օգտագործում էին իրենց շահերի համար: Հայկական միտքը դա չհասկացավ այ պահին և ընկավ միջազգային քաղաքագիտական ծուղակը: Հայկական հարցը ծնվեց և մեռավ Սան-Ստեֆանոյում, շարունակեց մեռնել Բեռլինում, այնուհետև մեռավ Բաթումում, Մոսկվայում, Լոզանում…և շարունակում է մեռնել մինչև հիմա ու ևս մեկ անգամ մեռավ 2020թ. Մոսկվայում և եթե նման կերպ շարունակվի, ապա այն կշարունակի մեռնել Փարիզում, Ստրասբուրգում և այլն:
Արցախյան հարցը, որ ծնվեց բոլշևիկների մեքենայությունների ընթացքում, միջազգայնացվեց 80-ականներից սկսած և քանի որ մենք չկարողացանք այդ հարցը մեր ուժերով լուծել, այն դարձավ շահարկումների առարկա և առհասարակ օգտագործվեց բոլորի կողմից: Արցախի հարցը բոլորի կողմից մանիպուլացվեց և մենք նորից սկսեցինք սպասել, որ այդ հարցը կլուծվի ուրիշների կողմից:
Այնպես ինչպես «Հայկական հարցը» միջազգայնացվեց և օգտագործվեց նույնիսկ հենց մեր դեմ, այնպես էլ Արցախի հարցը բոլորի կողմից օգտագործվեց: Մեզ հիմարացրին, և մենք իրոք այդ հարցը թողեցինք ուրիշների վրա: Ուրիշներն էլ բնականաբար այն փորձեցին օգտագործել իրենց շահերի համար և իրենց շահերի օգտին:
Ինչպիսի հիասթափություն մենք զգացինք նոյեմբերի 9‑ին: Այն համեմատելի է Րաֆֆու հոդվածների հետ, որոնցում նա դառնորեն անդրադարձավ այն խնդիրներին, որոնք այնքան նման են մեր իրականությանն ու ներկային: Ու երբ այսօր մենք նայում ենք, թե ինչ կատարվեց նոյեմբերի 9‑ին, պետք է փորձենք հասկանալ դրա իրական խորությունն ու խնդիրները:
Ըստ էության 2020թ. նոյեմբերի 9‑ին կնքվեց հերթական «Սան Ստեֆանոն», «Բեռլինի կոնգրեսը»…անվանեք ինչպես կուզեք, հարցն այն է, որ այս անգամ ևս կնքվեց հակահայ պայմանագիր և կնքող կողմերը ստացան իրենց ուզածը, իսկ մենք մնացինք լուռ դիտորդ՝ թեև մեզ էին սպանել, մեզ էին հարվածել, մեզ էին ծվատում:
Հայոց պատմության վերջին երկու հարյուրամյակը լի է նման դեպքերով և դրանցում հստակ արտացոլված է մեկ կետ՝ այն է, որ մենք մեր հարցի լուծումը թողնում ենք ուրիշին: Մի ասացվածք կա. «Երբեք ոչ ոքի մի վստահեք և երբեք չեք հիասթափվի»: Հայոց հիասթափության մասին կարելի է հատորներ գրել, բայց դեռ ինչքա՞ն է շարունակվելու այս ամենը:
Ե՞րբ ենք ի վերջո դադարելու լինել ունկնդիր: Ե՞րբ ենք ի վերջո թղթե շերեփը փոխարինելու մետաղով:
Նոյեմբերի 9‑ը վաղուց էր սկսել: Մենք այն նկատեցինք միայն ամենավերջում:
