Հայաշխարհ

Անկախությանն Ընդառաջ

Վաղը մեծ լռության ու մեծ գիտակցման օր է: Վաղը Հայաստանի օրն է՝ իր հաղթանակներով ու պարտություններով, նվաճումներով ու կորուստներով, իր սխալներով ու ճշմարտություններով: Այն Հայաստանի, որին անցյալ տարի փորձեցին խեղդել ու ոչնչացնել, այն Հայաստանի, որը ողջ է մնացել բացառապես իր զավակների արյան ու հերոսության շնորհիվ:

Արայիկ Մկրտումյան

Արդեն մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել խոսելու պետական տոների ու խորհրդանիշների կարևորության մասին: Հիմա այդ թեման ավելի է սրվել՝ կապված ՀՀ անկախության 30-ամյակի տոնակատարության հետ: Արդեն իսկ հասարակության մի հատվածը հայհոյում է նշողներին՝ համարելով, որ չի կարելի տոն նշել այն դեպքում, երբ մեր հազարավոր զոհերի տարելիցն է լրանում և մենք, ըստ էության, ողբերգության մեջ ենք, մյուս մասն էլ այն կարծիքին է, որ տոնը պետք է նշել և անպայման է պետք նշել, քանի որ մեր հազարավոր զոհերը իրենց կյանքն են տվել հանուն այն բանի, որ Հայստանը շարունակի ապրել և անկախության տոնը նույնացվում է հենց մեր նահատակ զինվորների հետ, նկատի ունենալով, որ նշելով տոնը՝ մենք հավաստում ենք, որ ամենածանր գնով անգամ պատրաստ ենք պաշտպանելու հայոց անկախությունը:

Բայց հիմնական կռիվն իհարկե սրանում չի կայանում: ՀՀ վարչապետն իր ելույթում խոսել էր անկախության տոնի «գունագեղ» նշման մասին, ինչ էլ դարձավ այս ողջ թնջուկի պատճառը: Շատ շատերն արդարացիորեն նշում են, որ գունագեղ չի կարելի նշել, որվհետև միակ գույնը, որ Հայաստանում հիմա կա՝ կարմիրն է, արյան կարմիրը և չի կարելի հրճվել, ասես ոչինչ էլ չի եղել: Վարչապետը հետո ներողություն խնդրեց «գունագեղ» բառի համար և կառավարությունն էլ  հայտարարեց, որ հրավառություն կամ ուրախ համերգ չի լինելու, այլ լինելու է դասական համերգ և գունագեղ ասվածն էլ վերաբերվում է ՀՀ դրոշով կառավարական շենքերը զարդարելուն: Բայց միևնույն է արդեն հուզմունքը բարձրացել էր ու այլևս հնարավոր չէր զսպել այդ ալիքը:

Ըստ էության քչերը ուշադրություն դարձրին այն հարցին, որ խոսքը ոչ թե գնում է անկախության տոնը նշել չնշելու մասին, այլ ավելի շատ այդ  չարաբաստիկ «գունագեղ»-ի: Ու այդ ընթացքում կորավ անկախության գաղափարական էության ու նշանակության ծանրությունը, որովհետև այս խառը գոռգոռոցների մեջ մենք մոռացանք, թե ինչ է նշանակում անկախություն և ինչ է պետք անել այդ անկախության հետ կապված:

Մարդկանց մի այլ հատվածն էլ դառնորեն ասաց, որ ի՞նչ անկախության մասին է խոսքը, եթե մենք անկախ չենք ու բազմաթիվ գործոններ ցույց տվին, որով առաջ քաշեցին այն միտքը, թե Հայաստանը անկախ չէ ու հայկական անկախությունն ընդամենը գեղեցիկ բառ է:

Անշուշտ հասկանալի է բոլոր կողմերի մտահոգությունները: Հասկանալի է, որ հիմա հռհռալ չի կարելի և հրավառություն՝ նույնպես: Հասկանալի է, որ շատ շատերն այնպես հիասթափված են, որ չեն հավատում ոչնչի և ցանկացած որոշում միայն բողոք է հարուցելու: Կարծում եմ, որ եթե իշխանությունները որևէ կերպ չնշեին անկախության տոնը, ապա մարդիկ ասելու էին, որ դա ևս մի անարգանք է մեր հազարավոր նահատակների հիշատակին:

Այսինքն հիմա ոչ թե տոնը նշելու կամ չնշելու մասին է, այլ այս ամենը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանում հիմա սթափությունը շատ ցածր մակարդակի վրա է ու չի կարող լինել որևէ երևույթ, որը միանշանակ կընկալվի:

Միակ բանը, որ կարող ենք ցանկանալ այն է, որ գերիները որքան հնարավոր է շուտ ու անվնաս վերադառնան տուն, այս ողջ թնջուկը ավարտվի ու հայ ժողովուրդը գոնե մի քիչ շնչելու ժամանակ ունենա: Բայց իհարկե հասկանում ենք, որ դա ընդամենը բարի ցանկություն է, և ոչ ավելին ու ցանկություն էլ կմնա, քանի դեռ ոչ մի գործնական քայլ չի արվել անկախությունը զուտ բառերից իրական դաշտ բերելու, այն շոշափելի դարձնելու համար:

Հիմա գանք տոնի արժեհամակարգային խնդրին: Եթե հաշվի առնենք այն, որ պատերազմից առաջ էլ պետական տոները երբեք պատշաճ մակարդակով չեն նշվել, ապա ավելի հասկանալի է, որ հիմա արդարացի ջղակծկումներ են առաջանում, երբ խոսքը գնում է ինչ որ տոն նշելու մասին, որի իրական արժեքը մենք այդպես էլ ողջ էությամբ չենք տեսել ու չենք հասկացել: Բայց չէ որ անկախության օրը ինչ որ տոն չէ: Անկախությունն այն բարձրակետն է, որին ձգտել ենք դարերով: 1045թ. հետո քանի քանի դարեր հայ ժողովուրդը երազել է անկախության մասին: Անկախության, այսինքն գոնե անուն ու դրոշ ունենալու, ինքնուրույն լինելու մասին: Հիմա մենք մի կողմից ունենք անկախություն, մյուս կողմից՝ ոչ:

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին անկախության տոնը պիտի նշվի, անպատճառ: Դա միակ բանն է, որ մեզ մնացել է: Անկախությունն այն է, որի համար մենք միայն անցյալ տարի տվել ենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ ու գերիներ, տարածք: Անկախությունն այն ծանր բեռն է, որ մեզ վրա վերցրել ենք  1991թ. բայց չենք հասկացել, թե ինչ է նշանակում այդ անկախությունը: 1991թ. սկսած անկախություն ասվածը եղել է դասագրքային ռոմանտիկա, օղու երրորդ բաժակից իմաստավորվել սկսվող ոգևորություն, բանաստեղծական կարոտ և դարավոր երազանքի բավարարման մի կարճ պահ: Որովհետև սեպտեմբերի 22-ին Հայաստանն էլի դարձել է սեպտեմբերի 20-ի երկիրը՝ նույն խնդիրներով ու վրիպումներով: 1991թ. սկսած արժեզրկվել է ոչ միայն սեպտեմբերի 21-ը, այլև ընդհանրապես պետական խորհրդանիշները, տոները, սկզբունքները: Ու երբ հիմա մարդիկ արդարացի զայրույթով գոռում են, որ սա անկախություն չէ և վաղն էլ նշելու ոչինչ չկա, ես նրանց հասկանում եմ: Տարիներով անկախությունը եղել է աբստրակտ արժեք, իսկ Հայաստանը «անկախ եղել է միայն սեպտեմբերի 21-ին»: Ու հանկարծ անցյալ տարի մենք սարսափով հասկացանք այդ անկախության ծանր գինը: Տեսանք, որ անկախությունը ոչ միայն դրոշ ու մեծ-մեծ խոսքեր է ենթադրում, այլ արյուն, շատ շատ արյուն ու հազարավոր անմեղ մարդկանց կյանքեր: Ու հիմա հասկանալի է, որ երբ անկախությունը մեզ վրա անցյալ տարի այսքան ծանր նստեց, մենք նոր սկսեցինք հասկանալ, թե ինչ ենք տոնել նախորդ տարիներին: Մի՞թե 2008 կամ 2018թ. Հայաստանում համերգով նշված սեպտեմբերի 21-ը իրական անկախության տոնն էր: Դժվար է ասել: Այդ օրը Հայաստանում ավելի շատ են խոսել անկախության մասին, ավելի շատ են երգել: Սեպտեմբերի 22-ին հայերը կրկին վերադառնում էին սեպտեմբերի 20-ի Հայաստան: Ու հիմա հասարակությունը հասկանում է, որ անցյալ տարիների սեպտեմբերի 21-ը եղել է մի գեղեցիկ միրաժ, որը ցրելու համար մեզ հազարավոր զոհեր ու Արցախի մի մեծ մասի կորուստը պետք եկավ:

Բայց մենք հիմա մի շատ մեծ շանս ունենք: Վաղը՝ սեպտեմբերի 21-ին մենք չպետք է թեթևամտորեն ծափ տանք ու ասենք կեցցե Հայաստանը, այլ պետք է հասկանանք, թե ինչ արժե անկախությունը: Հասկանանք, թե մենք ի՞նչ ենք պատրաստ տալ այդ անկախությանը: Հասկանանք, որ անկախության օրը պիտի դառնա մեզ միավորող ոչ թե բաժանող, դառնա մեր նոր արժեհամակարգի սյուներից մեկը, ոչ թե մնա պարզապես անվճար համերգի ևս մեկ օր:

Վաղը՝ սեպտեմբերի 21-ին մենք պետք է մուտք գործենք նոր Հայաստան: Այն Հայաստան, որն իր անկախությունը պահել է մի քանի հազար մարդու կյանքի գնով, այն Հայաստան, որտեղ ամեն ինչ անելու են, որ այլևս երբեք նման բան չկրկնվի, այն Հայաստան, որտեղ ամեն հաջորդ սեպտեմբերի 21-ը լինելու է նոր հաղթանակի օր, այն Հայաստան, որտեղ սեպտեբերի 21-ին մենք ծանրացած սրտով շնորհակալություն ենք հայտնելու այն տասնինամյա պատանուն, ով դեմ էր ելել դժոխային մեքենաներին: Հասկանո՞ւմ եք: Վաղը մենք պիտի նոր արժեք ու նոր շունչ տանք և՛ Հայաստանին և՛ սեպտեմբերի 21-ին: Վաղը մենք չպիտի ուրախանանք այնպես, ասես ոչինչ չի եղել, վաղը մենք պիտի ոգեկոչման ու վրեժի օր հայտարարենք, խոստում տանք ինքներս մեզ, ևս մեկ անգամ երախտագետ լինենք հայոց անկախության պահապան հայ զինվորին ու գնահատենք, թե ինչ է նշանակում անկախություն: Հասկանանք, որ անկախությունը շատ ավելի խորն ու կարևոր արժեք է, քան պարզապես հրավառությունն ու հերթական «քեֆը»: Ու եթե մենք դա հասկանում ենք ու ընդունում, մենք նաև պիտի ավելի զուսպ կենցաղ ունենանք: Գուցե և անհատապես «չտժժանք» ակումբներում, իսկ հետո մեղադրենք մեր դիմացինին, որ նա բավարար չափով հայրենասեր չէ:

Վաղը մենք հնարավորություն ունենք անկախության օրը դարձնելու նաև միավորման օր:

Վաղը քաղաքական դիվիդենտներ հավաքելու օր չէ: Վաղը մեծ լռության ու մեծ գիտակցման օր է: Վաղը Հայաստանի օրն է՝ իր հաղթանակներով ու պարտություններով, նվաճումներով ու կորուստներով, իր սխալներով ու ճշմարտություններով: Այն Հայաստանի, որին անցյալ տարի փորձեցին խեղդել ու ոչնչացնել, այն Հայաստանի, որը ողջ է մնացել բացառապես իր զավակների արյան ու հերոսության շնորհիվ: Վաղը մենք պիտի արթնանանք նոր գիտակցությամբ ու նոր արժեհամակարգով: Վաղը մենք պիտի արթնանանք նոր ու իրական Հայաստանում: Ափսոս միայն, որ անկախությունից միայն 30 տարի անց մենք սկսեցինք հասկանալ անկախության ու ազատության ծանրությունն ու գինը:

Շնորհակալ ենք ձեզ բոլորիդ տղե՛րք: Մենք ողջ ենք ձեր շնորհիվ ու Հայաստանն ասօր ապրում է ձեր մեծ զոհողությամբ: Եթե կարող եք, ներեցեք, որ այս ծանրությունը ձեր ուսերին ընկավ: Իսկ անհատապես, ամեն հայ թող ամեն օր դիմի ձեզ, որպես իր ազատության պաշտպանների ու գործի այնպես, որ այլևս երբեք ազատությունն ու անկախությունը այսքան ծանր ու դառնահամ չլինեն:

Շնորհավո՛ր 30 ամյակդ Հայաստանի Հանրապետություն:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *