Հայաստան

Կազմակերպվել Ինքնուրույն Եւ Սովորել

Այն ժողովուրդը որը ինքնուրույն հերթ կազմել չգիտի և հերթի կանգնելիս մտնում է դիմացինի քթի մեջ, կամ հերթը թողնում գնում է մի իր ևս գնելու, հետո գալիս ու կես ժամ առաջ զբաղեցրած տեղն է նորից մտնում, ասելով «բայց ես այստեղ էի կանգնած , սա ի՛մ տեղն է», այդ ժողովուրդը տուն էլ կկորցնի, սահման էլ, հարստություն էլ, արժանապատվություն էլ, հարգանք էլ, երազանք էլ, և նաև կյանքից ամենալավ պատառը քաղելու ԻՐ ՀԵՐԹԸ…Ու կմնա սպասող, սպասող, հավե՛րժ սպասող…

Նուշիկ Միքայելյան

Վերացականության ազգ ենք։ Եթե վերածվենք նկարի՝ ամբողջովին մի աբստրակտ կտավ կտեսնենք, որտեղ որևէ հստակ բան չկա և գուցե հետաքրքիր է դիտվում, գուցե վառ գույներ ունի, գուցե նույնիսկ գլուխ գործոց է, սակայն կտավի մեկ ծայրից՝ մյուսը, վերացականությունն է տիրում։ Չկա՛ն հստակ թեմաներ, չկա՛ն հստակ կերպարներ, չկա՛ հստակ ասելիք և ամեն ոք իր ուզածն է տեսնում այնտեղ և ոչ մեկի տեսածը մյուսի տեսածին չի համընկնում։

Վերացականության մեջ չափազանց հեշտ է սխալներ գործել, այդ սխալները վերագրելով ոճի՛ն… Որ կողմ ուզես տար վրձինդ և ինչ գույն ուզես խառնիր…Եվ եթե հանկարծ համարձակվեն «կտավդ» չհասկանալ կամ չսիրել, կհայտարարես դարի և մարդկանց մանրության մասին և գոնե ինքդ քեզ կհամոզես որ այնուամենայնիվ դո՛ւ ես հանճարը և այդ քե՛զ է, որ դարը լավ չի հասկանում։

Վերացական չե՞ն մեր երազանքները, որոնց շուրջ մենք պտտվում ենք խիստ հեռվից։ Երազանքին մոտենալը հստակ քայլ է՝ ձեռքդ երկարելու և այն շոշափելու փորձ, մի բան, որն առնվազն ինչ-որ շարժո՛ւմ է պահանջում։ Իսկ մենք, մեր բնական ալարկոտության մեջ մնալ ենք գերադասում, չսիրելով հայերիս համար անբնական համարվող աշխատանքի տեմպը։ Այդպիսով՝ մի քարով մի քանի թռչուն «որսացած»ի միամտությամբ հավատում ենք, որ այսպիսով, թե՛ պահպանվում է մեր երազանքը, թե՛ երազանքին ձգտողի մեր շինծու կերպարը, որի արհեստականությունն արդեն արվեստի՛ վերածած, արդեն քանի-քանի դար ապրում ենք անկատարի մեջ։

Ազգային վերացականությունն էլ հենց դա՛ է երևի։ Սիրել անկատարը և անկատարը ներկայացնել որպես եզակիություն, որպես առանձնահատկություն, որպես համ ու հոտ, որը պարզապես աշխարհի քիմքի «բանը չէ» և հետևաբար՝ ի սկզբանե էր մեր համն ու հոտը և ոչ թե աշխարհը։

Ազգային վերացականության ոճից՝ հաճախ ցատկել ենք ուզում դեպի ազգային ռեալիզմ, և հենց փորձում ենք այդ ոճով նկարել, հասկանում ենք, որ դա մեր ունակություններից դուրս է և մենք այն վարպետը չենք…

Իսկ ի՞նչը կարող է մեզ օգնել վարպետորեն նկարել ցանկացա՛ծ ոճով… Մեր սպիտակած մազերն ու տարիքը հաշվի չառնելով՝ նկարել սովորելը։ (Այստեղ հիմա շատերը կմռվյլվեն, որովհետև սովորելն արդեն հստակ քայլ է, իսկ մենք դա անել չենք սիրում)… Եվ գուցե մինչև սովորելը անպայման անել մի բան էլ՝ փորձել ցանկացած առիթով՝ ցանկացած հայկական անկազմակերպ հերթ՝ լինի դա խանութում, բանկում, համերգասրահում թե հիվանդանոցում, ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՆՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ։

Այն ժողովուրդը որը ինքնուրույն հերթ կազմել չգիտի և հերթի կանգնելիս մտնում է դիմացինի քթի մեջ, կամ հերթը թողնում գնում է մի իր ևս գնելու, հետո գալիս ու կես ժամ առաջ զբաղեցրած տեղն է նորից մտնում, ասելով «բայց ես այստեղ էի կանգնած , սա ի՛մ տեղն է», այդ ժողովուրդը տուն էլ կկորցնի, սահման էլ, հարստություն էլ, արժանապատվություն էլ, հարգանք էլ, երազանք էլ, և նաև կյանքից ամենալավ պատառը քաղելու ԻՐ ՀԵՐԹԸ…Ու կմնա սպասող, սպասող, հավե՛րժ սպասող…

Կազմակերպվել ինքնուրույն + սովորել։ Այդ երկու հատկանիշներին հազարամյակներ է որ չենք հասնում և արդեն քանի՛ հազարամյակ, պտտվում ենք երազանքների շուրջ՝ խի՛ստ հեռվից…Շա՛տ հեռվից.

Գրությունը վերցված է Նուշիկ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *