Հայաստան

Պետք է Դուրս Գալ Ռուսական Ազդեցության Միահեծանությունից։

Թուրքիան ոչ թե սպասել է, որ Ալիեւն ինչ որ քայլ անի եւ ինքն աջակցի, այլ ինքն է արել, եղել է նախաձեռնող, այլ կերպ ասած՝ մտել է Ադրբեջանում Ռուսաստանի հետ ազդեցության ուղիղ պայքարի:

Հակոբ Բադալյան

Այս օրերին, չեմ հիշում որտեղ, բայց հանդիպեցի մի գնահատականի, որ ի տարբերություն Հայաստանի, Ալիեւը կարողացավ պետական ուժային ինստիտուտներն ու հատուկ ծառայությունները այսպես ասած անկախացնել Ռուսաստանից, հանել ռուսական ազդեցությունից:

«Նոմինալ» իմաստով կարծես թե իրականություն արտացոլող գնահատական է, որը սակայն բաց է թողնում կարեւոր մի շերտ կամ հանգամանք՝ Թուրքիա: Այդ խնդիրը լուծել է ըստ էության ոչ թե Ալիեւը, այլ Թուրքիան: Թուրքիան էլ ոչ բացարձակ իմաստով, որովհետեւ Թոււրքիային էլ այդ խնդիրը լուծելու հարցում շահագրգիռ են եղել օգնել այլ խոշոր ու ռեգիոնալ խաղացողներ:

Բայց, հենց դրա շնորհիվ է լուծվել խնդիրը: Ընդ որում, իմ գնահատմամբ որն է այստեղ առանցքայինը. Թուրքիան ոչ թե սպասել է, որ Ալիեւն ինչ որ քայլ անի եւ ինքն աջակցի, այլ ինքն է արել, եղել է նախաձեռնող, այլ կերպ ասած՝ մտել է Ադրբեջանում Ռուսաստանի հետ ազդեցության ուղիղ պայքարի: Սա էլ իր հերթին, ինչպես նշեցի, հնարավոր է եղել միջավայրային մի շարք գործոնների բերումով, բայց դա է, որ լուծել է հարցը, ոչ թե Ալիեւը:

Հայաստանի պարագայում չի եղել դա: Որեւէ այլ երկիր Հայաստանի պարագայում չի դրել ուժային կամ հատուկ ծառայությունների բլոկում Ռուսաստանի ազդեցությունից Հայաստանը դուրս բերելու նախաձեռնողականության խնդիր: Եվ կարծում եմ դա նույնպես ռացիոնալ է: Որովհետեւ, այդպիսի խնդիր դնելու համար պետք է ունենալ կամ բավականին կայուն բազա, որեւէ հիմքով, կամ հակառակ դեպքում կնշանակի գնալ պարզապես ուղիղ բախման, ինչի հետեւանքը Հայաստանի համար կլիներ շատ ծանր:

Թուրքիան Ադրբեջանում ուներ նախաձեռնողականության սոցիալ-հոգեբանական եւ մենթալ հիմքը :Իսկ լուծել խնդիրը միայնակ, Հայաստանը չէր կարող օբյեկտիվորեն, որովհետեւ այդ խնդիրը թերթերում, հետո Ֆեյսբուքում կամ զանազան ասուլիսների սրահներում, հարցազրույցի տաղավարներում հնչող խրոխտ հռետորաբանությունը չէ, որ լուծելու էր:

Ի վերջո, կա մի կարեւոր հատկանիշ, որից թերեւս զուրկ է եւ զուրկ է եղել հայկական հասարակական-քաղաքական էլիտայի դիրքում գտնվող շրջանակների գերակշռող մասը. խրոխտ գնահատականների փոխարեն, բարդ խնդիրները լուծելու «մանրանկար» պատկերացումների եւ համբերատարության բացակայություն:

Կան խնդիրներ, որոնք լուծելու եթե հավակնում ես՝ լուծելու, կամ մեղմելու, չեզոքացնելու եւ այլն, հաշվարկելով ուժերի հարաբերակցությունը, հանուն լուծումների պետք է խուսափել այդ խնդիրները իրենց ամբողջ կոնտուրով բարձրաձայնելուց: Որովհետեւ բարձրաձայնելու դեպքում քեզ մնում է ուղիղ առճակատումով լուծելը, ինչը սակայն անհնարին է ուժերի անհամեմատելի անհավասարության պատճառով:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *