Ինչո՞ւ այս մեկ տարում դուք գոնե մի անգամ չխոսեցիք, որ գուցե պետք է արգելել որոշակի սերիալներ ու տափակաբանություններ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ երբեք չխոսեցիք, որ 11-րդ դարի վանք Շահմուրադը մերթ ընդ մերթ գոմի է վերածվում, մի գմբեթը չկա, իսկ մյուսից խաչն է բացակայում
Արայիկ Մկրտումյան
Պատերազմից հետո մեկ տարի է անցել, ավելի ճիշտ հենց այս պահից անցնում է, որովհետև անցյալ տարի այս օրերին պատերազմի թեժ օրերն էին, իսկ Հայաստանում արթնացման ոչ մի նշան չկա, չհաշված քաղաքական ուժերի՝ արդեն ձանձրացրած նույն բառակռիվը: Չնայած մեղադրելու էլ չէ, խեղճ մարդիկ ինչ գիտեն, այն էլ անում են, թե չէ հնարավոր չէ, որ աշխատել կարողանային, ու չաշխատեին, հո պորտաբո՞ւյծ չեն, որ չաշխատեն ու փող ստանան: Թեև…լավ, քաղաքականներին դեռ կվերադառնանք, բայց կա մի հարց, որ ավելի վրդովեցուցիչ է, քան շշակռիվներն ու նույն մարդուն 9-րդ անգամ չընտրել ու նորից առաջադրելը: Խոսքը վերաբերվում է հեռուստատեսային ու այսպես կոչված ժամանցային ու ինչ որ չափով մշակութային կյանքին: Իհարկե շատ շատերը թքած ունեն դրա վրա, քանի, որ մշակույթը համարում են պարապ մարդու գործ, բայց այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ավելի քան զզվելի է:
Սիթքոմներ, սերիալներ, հեռուստատեսային հաղորդումներ, սթենդ-ափեր, նարգիլեանոցներ, գիշերային ակումբներ, բուքմեյքերներ…ամեն ինչ կա, լավ էլ աշխատում է:
Հայաստանին ծանրագույն հարված հասցված պատերազմից մեկ տարի անց հեռուստատեսային ալիքները շարունակում են իրենց անդարդ կյանքը, ասես ոչինչ էլ չի եղել, ասես անցած տարվա եղածը պատերազմ չէր, այլ թեթև բանավեճ, բան էր՝ անցավ գնաց:
Այն ինչ կար պատերազմից առաջ, կա նաև հիմա, բացակայում են միայն մեր մի քանի հազար տղերքը, իսկ մի քանի տասնյակն էլ դեռևս տառապում են Բաքվի բանտերում՝ հայ լինելու համար:
Հեռուստատեսային ալիքները շարունակում են նորանոր ուրախ, զվարթ ու տափակ սիթքոմներ նկարել: Ու ցո՛ւյց տալ այդ ամենը: Ամեն օր, ամեն անցնող օրը ամենաքիչը 50-80 նահատակի մահվան տարելիցն է լրանում, իսկ սրանք սիթքոմ ու վուլգար հումորներ են ցույց տալիս, եթերը լցնում իրենց էժանագին դրամաներով: Հասկանո՞ւմ եք: Անցյալ տարի այս օրերին ամեն օր կարդում էինք, որ այսօր զոհվել են 50, 60 կամ 100 հայորդիներ: Իսկ հիմա, երբ այդ նահատակների մահվան տարելիցն է, ընդ որում ամեն օր, հեռուստատեսությունը լի է մի այնպիսի անասնական անտարբերությամբ, որ ակամա սարսռում ես:
Գիշերային ակումբներ, կազինոներ, տարբեր տեսակի խաղադրույքների կետեր…խաղում են և՛ օնլայն, և՛ հենց տեղում: Իսկ գիշերային ակումբներում, ուր մեղմ ասած ոչ բարոյական բարձր մակարդակ է, ազատ տեղ չեք գտնի: Ու հենց նման բաների մասին խոսում ես, միանգամից վրա են տալիս: Բիզնեսը պիտի աշխատի, մարդիկ պետությանը հարկ են մուծում: Դե եթե կարևորը հարկն է այլ ոչ թե այն, թե ինչ գնով է էդ հարկը մուծվում, միանգամից մի բան առաջարկում՝ եկեք վերականգենք մարդավաճառությունը, մարդկային ներքին օրգանների առևտուրն ու ստրկատիրությունը՝ պայմանով, որ հարկերը վճարվեն: Չէ՞, դուրներդ չեկա՞վ: Ախ հա, օրենքն արգելում է մարդ սպանել, բայց օրենքը թույլ է տալիս մարդուն բարոյապես կործանել, հոգեպես կոտրել ու շպրտել հոգեբանական սպանդանոց:
Ամեն օր հարյուրավոր երիտասարդներ գումար են տանուլ տալիս խաղային սարքավորումներով, օնլայն խաղադրույքներով: Սա ոչ ոքի չի՞ մտահոգում: Թե՞ պետք չի, որ մտահոգի, որովհետև մարդիկ հարկ են վճարում:
Նույնը վերաբերվում է նաև հեռուստատեսային աղբին: Հենց խոսում ես, ստանում ես միևնույն հիմար պատասխանը՝ մարդիկ տուն են պահում, մարդիկ հարկ են մուծում: Չեմ հասկանում, էս երկրում միայն դերասաններն ու երգիչնե՞րն են տուն պահում ու հարկ մուծում: Իսկ ներքինի մասին ո՞վ պիտի մտածի: Մշակութային ու հոգեբանական դեգրադացիայի մասին ո՞վ պիտի մտածի: Եթե պատերազմից առաջ կարելի էր ասել, որ այդ ամենը տասնյակ տարիների թմրածության հետևանք է, բա հիմա՞ ինչ ասես: Հայ ժողովրդի թեկուզ մի սերունդ չկա, որ պատերազմ չտեսնի: Անցյալ տարի աշխարհը փուլ եկավ գլխներիս, շարունակում է փլվել հենց հիմա, աշխարհաքաղաքական անտանելի սրացումներ են գնում, հսկաները սպառնում են հսկաներին, Իրանը հայտարարում է, որ եթե պետք եղավ ինքը զորք կմտցնի Հայաստան, իսկ մեր մասսայական քարոզչական ամենահզոր գործիքերով՝ եթերով հերթական տհաճ կատակն է ու հերթական կիսագողական-կիսադեդեկտիվ սերիալը: Ամեն անգամ, նույն դերասանները, նույն պահվածքով:
Հիմա անդրադառնամ քաղաքական երեսնամյա իմպոտենցիային Հայաստանում: Ով ինչ չի կարողանում անել, շրջվում և սկսում է շշպռել ժողովրդին, հայհոյել ու նախատել: 1991թ. սկսած իշխանությունների ու ընդդիմության ու ընդհանրապես քաղաքականների գլուխը չի մտնում մի պարզ ճշմարտություն, որ եթե ուզում եք հարաբերվել հասարակության ու ժողովրդի հետ, ապա պետք է բացատել, հասկացնել, պետք լինի տասը անգամ բացատրել, այլ ոչ թե սպառնալ, վախեցնել, մեղադրել ու հայհոյել: Դեռևս 1890-ականներին ֆրանսիացի պատմաբան և սոցիոլոգ Գյուստավ լե Բոնը բացատրում էր, թե ինչպես է պետք շփվել մասսաների հետ: Գիրքը խանութներում կա, պարոնա՛յք քաղաքականներ, գնեք ու կարդացեք, ամոթ է, ամենատարրական բաները չեն հասկանում, բայց հայհոյելուց առաջին տեղում են: Պատվաստման հա՞րց է, ուրեմն վախեցնում են, այս կամ այն ուժին ընտրեցի՞ր, ուրեմն թուրք ես: Թուրքը դուք եք ու ձեր գրպանային մտածելակերպը, երբ կարող եք հենց այնպես մի ողջ ժողովրդի մեղադրել ինքնադավաճանման մեջ զուտ այն պատճառով, որ դուք չափից ավելի թույլ եք այդ ժողովրդի հետ համագործակցելու համար:
Հիմա մի բան նշեմ: Երեկ ԱԺ պատգամավորներից մեկն ասում էր, որ իհարկե ոչ ոք չի պնդում, թե 30 տարվա ընթացքում խնդիր չի եղել, եղել են, բայց հասարակությանը սև ու սպիտակի բաժանելու նման բան չի եղել: Մոտավորապես նման մի բան:
Ա՜խ, ողորմած պարոն, դուք նույնիսկ չեք էլ հասկանում, թե Հայաստանում վերջին 30 տարում ինչ խնդիրներ են ձևավորվել ու սրացել: Դուք չեք էլ հասկանում, որ 1991թ. սկսված տնտեսական ցեղասպանությունն ու մշակութային դեգրադացիան ինչ հրեշավոր հարված հասցրին, առանց այն էլ հազար տարուց ավելի մի կերպ դիմացող ժողովրդին: Դուք ուղղակի չեք ուզում հասկանալ, որ 1991թ. Հայաստանը անվերադարձ լքած 1 մլն մարդկանցից ոչ ոք թուրքից չփախավ, այլ գնաց մի կտոր հացի հետևից: Դուք չեք ուզում, ու չեք էլ կարող հասկանալ, որովհետև դուք միշտ կուշտ եք եղել, իսկ հայրենիքը ձեր դեպքում նախընտրելի է սիրել տաք սուրճով ու թանկ սիգարետով, երեկոյան զով ժամի, մի որևէ թանկարժեք սրճարանում: Ինչ վատ է, որ, ես էլ դեմ չէի լինի: Կարծում եմ, ոչ ոք դեմ չէր լինի: Ու դուք ու ձեր ավագ չհասկացողները կարծես խլացել ու կուրացել էին, երբ Հայաստանի գյուղերը դատարկվում էին, իսկ դպրոցները՝ վերածվում աղքատության ու թշվառության սիմվոլի: Հենց նույն Սյունիքի գյուղերը, հենց այն նույն Հայաստանի ողնաշարի, որի համար հիմա կոկորդ եք պատռում, իսկ ժամանակին այնպես էլ անտարբերության մատնել, որ որոշ գյուղերում ընդհանրապես մարդ չի ապրում:
Դուք չեք ուզում հասկանալ, որ Հայաստանում մշակույթը ու հասարակական առողջ հոգեբանության պահպանումը կարևոր մի բան էր, ձեր համար անկարևոր ու անհասկանալի; Ու հենց այդ պատճառով էլ դուք չեք հասկանում, թե ժողովուրդն ինչու է պասիվ, ինչու չի մասնակցում ու երբ իրո՛ք չի մասնակցում կամ համաձայն չի, սկսվում է դավաճան, զոմբի, հացի մեռած, ու էլի նման կեղտոտ բառեր, որով քաղաքական ուժերը փորձում են վստահություն շահել:
Բա ի՞նչ էիք կարծում: Էսքան տարի ազգային շերտից ու մթնոլորտից զուրկ երկրում պիտի մեծանա ազգային հզոր ու գաղափարական ու՞ժ: Իսկ չեք ուզում ընդունե՞լ, որ ժողովուրդը այսօր այսքան թքած ունի ամեն ինչի վրա, որովհետև ոչ թե կապիտուլյանտ է ու զոմբի, այլ ուղղակի ճանաչում է ձեզ ու հասկանում, որ ձեզ ընտրելը նշանակում է ընտրել ոչ մի բան: Ու էլի եմ կրկնում, ինչպես և գրեթե ամեն գրառման մեջ, խոսքը անհատապես ո՛չ Փաշինյանին է վերաբերվում, ո՛չ էլ Քոչարյանին:
Դուք որ էսօր էսպես ապշած ասում եք, որ ժողովուրդը չի հասկանում, ժողովուրդն էսպես, ժողովուրդն էնպես…դուք լո՞ւրջ եք ասում: Անցյալ տարի զոհվածները ժողովրդից չէի՞ն: Կամավորները, որ գնացին ու չեկան, ժողովրդի՞ց չէին: Էսքան տարի ժամկետային զինծառայողները, որ գնացել ու ապահովել են Հայաստանի անվտանգությունը, ժողովրդի՞ց չէին: Էսքան գիտնականները, արվեստ ու մշակույթ պահողները, որ հաց ու թեյով են ապրել, իսկ շաքարը պարտքով վերցրել, ժողովրդի՞ց չէին: Բոլորը ժողովրդից էին: Բոլորը: Մի երկրում, որ դարձել էր ձեր անհատական ցանկությունների կատարման ջրհորը, ուր ամեն մեկս գլխներիս տասը տեր ունեինք, էլի ժողովուրդն էր ապրում, գոհանում չնչին քանակությամբ: Հենց այդ նույն ժողովուրդը, որի գիտակցությունը քիչ քիչ թունավորել են արտասահմանյան էժանագին պոռնոգրաֆիայով, քրեական մտածելակերպով, գողանալու ու կոռուպցիայի միտքը ներդնելով: Ու հիմա, ինչ որ մեկը զարմանում է, թե ինչու մարդիկ ամեն օր ցույց չեն անում:
Իսկ դուք իրո՞ք չեք հասկանում, որ 30 տարի շարունակ մարդկանց քթից բռած ման տալն ու աղքատ, վախեցած դարձնելը իր հետ ծանր հետևանքներ էր բերելու: Դուք իրո՞ք չեք հասկանում, թե ուղղակի ձեզ այդպես է պետք:
Եթե ձեզ հայհոյեմ, վախեցնեմ, սպառնամ, երբեմն էլ ծեծել տամ, դուք ինձ կսիրեք ու կհարգե՞ք: Դուք ինձ կվստահե՞ք: Ու հիմա դեռ զարմանում եք, թե ինչու մարդիկ ձեզ չեն վստահում:
30 տարի շարունակ հեռուսատույցով, իսկ հիմա էլ ինտերնետով բոլորը հնարավորություն են ունեցել փչացած կոնտենտ ընդունելու: Լավ չի, բայց տրամաբանական է, որ հասարակության շատ մեծ մասշտաբ հանկարծ կարող է զզվել ձեզնից ու հայրենիքի մասին չանհանգստանալ այնպես, ինչպես որ պետք է:
Դուք երբևէ համացանցը ԱԺ-ում քննարկած կա՞ք: Երբևէ ԱԺ մակարդակով մտահոգվել եք, որ դեռահասները կարող է փչանան ամեն տեսակ աղբ դիտելուց ու դա կրկնօրինակելուց: Ինչո՞ւ այս մեկ տարում դուք գոնե մի անգամ չխոսեցիք, որ գուցե պետք է արգելել որոշակի սերիալներ ու տափակաբանություններ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ երբեք չխոսեցիք, որ 11-րդ դարի վանք Շահմուրադը մերթ ընդ մերթ գոմի է վերածվում, մի գմբեթը չկա, իսկ մյուսից խաչն է բացակայում, բայց հիստերիա բարձրացրիք Շուշիի 19-րդ Ղազանչեցոցի համար: Շահմուրդը լավ վանք չի՞, թե ինչ ու ուրիշ հարցեր կան:
Որովետև թքած ունեք Շուշիի վրա էլ, Ղազանչեցոցի վրա էլ, Շահմուրադի վրա էլ, Ամբերդի, Մաթոսավանքի վրա էլ: Ուղղակի մեկը քաղաքական բրենդավորման օբյեկտ է իսկ մյուսը՝ ոչ:
Այսքան տարի ինչո՞ւ որևէ նոր թանգարանի մասին չխոսեցիք, ինչո՞ւ ազգային մակարդակով չքննարկեցիք, որ մեզ նոր ֆիլմեր են պետք, նոր մուլտիպլիկացիա, մեզ նոր գրականություն է պետք: Եթե իրո՛ք չեք հասկացել դրանց կարևորությունը, ապա դուք վտանգավոր մարդիկ եք: Դուք երբևէ մտածե՞լ եք, որ TOEFL-ը, որ պարտադիր է մեզ բոլորիս համար անգլերենի մակարդակ ապահովելու առումով, ոչ միայն ու այնքան անգլերեն է սովորեցնում, որքան անգլիացիներին ձեռնտու լեզվամտածողություն: Չէ, երևի դուք ավելի շատ զբաղված եք կռվելով, թե ով է ավելի քիչ դավաճան, կամ ում օրոք ով ինչ է կերել:
Մանրախնդիր եք ու մանր: Իսկ ժողովրդին չհամարձակվեք հայհոյել կամ նվաստացնել: Դուք ժողովրդի կամքով եք հայտնվել այդ աթոռներին, նրա կամքով էլ դուրս կթռչեք:
Հ.գ. ի դեպ, դուք որպես մասնագետ էլ բանի պետք չեք, լավը լինեիք, ձեր ոլորտից չէիք փախչի, ինչպես որ շատ մասնագետներ են շարունակում աշխատել իրենց ոլորտում՝ զգալով դրա կարևորությունն ու արժեքը: Շշերով իրար ծեծելն էլ չեմ ասում: