⚙️

Հոկտեմբերի 27 ՝ Չարժեվորված Ոճիր

Հայաստանը հաղթեց 1994թ․ ադրբեջանական ճակատում, բայց պարտվեց 1999թ․-ին՝ ԱԺ-ում։ Հայաստանը պարտվեց իր ներսում, սա է ողբերգություններից մեծագույնը։

Արայիկ Մկրտումյան

Հոկտեմբերի 27-ը հայերի համար նույնն է, ինչ տաճարական ասպետների համար հոկտեմբերի ուրբաթ 13-ը։  Առաջին հայացքից զարմանալի համեմատություն, բայց շատ-շատ նման է ու առաջին հերթին երկու շատ մեծ պատճառով։

Տաճարական ասպետների ձերբակալումն ու տանջամահ անելը ծնկի բերեց Ֆրանսիային, որպես ազնվական ռազմականություն, այսինքն Ֆիլիպ թագավորը իր ձեռքով ոչնչացրեց մի ուժ, որից զգուշանում էր ողջ Եվրոպան։ Հիմա շատ չեմ քննարկի այդ թեման, սա միայն աբստրակտ համեմատություն է, ցույց տալու համար, թե իրականում հոկտեմբերի 27-ը ինչ նշանակությւոն ունեցավ:

Այն հարված էր Հայաստանին, հայոց պետականությանը, օրենքին, ապագային։ Ու հարցը այն չէ, թե ինչ կլիներ, եթե ֆիզիկապես Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը ողջ մնային։ Արդյո՞ք երկիրն ավելի լավ ապագա կունենար, թե ոչ, հարցն այն է, որ հոկտեմբերի 27-ը վերահաստատեց մի կեղտոտ երևույթ՝ ավազակության հաղթանակը օրենքի նկատմամբ։ Հոկտեմբերի 27-ը առաջին հերթին հարձակում էր պետության, հետո օրենսդիր մարմնի, և նոր միայն անձամբ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուսների նկատմամբ։

Հոկտեմբերի 27-ը առաջին հերթին հարված էր ՀՀ-ի ինքնավարությանն ու ինքնուրույնությանը։ Վազգեն Սարգսյանի փոխարեն լիներ մեկ ուրիշը, իսկ Նայիրի Հունանյանի փոխարեն մեկ ուրիշը, դա ոչինչ չէր փոխում։ Երևույթը որպես այդպիսին պետք է որակել որպես ահաբեկչություն պետության նկատմամբ։ Իսկ ո՞վ է օգտվում դրանից՝ թշնամին, հակառակորդը, կեղծ բարեկամը։ Հոկտեմբերի 27-ը, որպես երևույթ, ամրապնդեց հանցավորության տեղը հասարակության մեջ, ցույց տվեց, որ կարելի է նույնիսկ վարչապետին ու ԱԺ նախագահին օրը ցերեկով մտնել սպանել, ցույց տվեց, որ ՀՀ-ում իշխանությունը ոչ թե ամրապնդված է օրենքով, այլ գիշատիչ զենքի ուժով։ Ու զարմանալի չէ, որ դրանից հետո արդեն ամեն մի փողոցային խուժան իրեն թույլ տվեց ժողովրդի ճակատագրի հետ խաղալ, զարմանալի չէ, որ հանցագործը դարձավ նախարար ու պատգամավոր, զարմանալի չէ, որ քաղաքային բակերում երիտասարդները իրենց պահում էին քրեականների նման, զարմանալի չէ, որ բանակից շատերը խուսափում էին ոչ թե դժվար ծառայության պատճառով, այլ քրեական պատկերացումների զոհ դարձած միջավայրում ապրելու վախից, զարմանալի չէր, որ ոստիկանության շատ աշխատակիցներ ուսադիրներով հանցագործներ էին։

-Իսկ ինչո՞ւ, – կհարցնի ոչ այնքան ծանոթ մարդը,- մի՞թե հայ ժողովրդի էությանը այդքան մոտ է քրեական ու հանցավոր աշխարհը։

Իհարկե ոչ։ Բայց ԽՍՀՄ-ից մնացած այդ այլանդակ երևույթը ամրապնդվեց հոկտեմբերի 27-ով, երբ ըստ էության հայտարարվեց, որ այստեղ ով ուժեղ է, անում է ամեն ինչ, իսկ թույլը՝ ոչինչ է։ Հոկտեմբերի 27-ը վերցրեց երկրի ժողովրդավարական քողը՝ ապացուցելու համար, որ Հայաստանն այդ պահին ջունգլի է։

Ու գլխատվեց Հայաստանի ապագան էլ, օրենքն էլ, ամեն ինչն էլ։ Մի երկիր, որտեղ կարելի է գնդակահարել ԱԺ-ն, սովորական մարդը մատնվում է լուռ սարսափի և աշխատում է ավել-պակաս չխոսել, քանի դեռ իրեն էլ չեն սպանել։ Որովհետև ո՞վ է իրեն պաշտպանելու։ Ո՞վ է պաշտպանելու հասարակ մարդուն, երբ նույնիսկ վարչապետին կարելի է սպանել։

Եվ ահա անցել է այսքան տարի, իսկ գործը բացահայտված չէ։ Այն կրկեսը, որ ներկայացրին հասարակությանը, որպես դատավարություն, կարելի էր նույնիսկ չանել ու մարդկանց պարզապես ասել, որ ինչ արել ենք լավ ենք արել, լռեք, քանի հերթը ձեզ չի հասել։ Դատվեցին մի քանի հոգի, սպանությունների շարժառիթը այդպես էլ անհասկանալի մնաց, հետո իրար հետևից սկսեցին հանկարծամահ ու ինքնասպան լինել Հոկտեմբերի 27-ի անմիջական իրագործողները։

Բայց երեխային էլ պարզ է, որ Նայիրի Հունանյանը հենց այնպես չէ, որ մտավ խորհրդարան ու սկսեց կրակել։ Հասկանալի է, որ նա ունեցել է պատվիրատուներ կամ գաղափարակիցներ, նրան ինչ որ կերպ օգնել են։ Խորհրդարանը թերթի կրպակ չէ, որ քացով խփես ու մտնես ներս։ Այստեղ շատ ավելի լուրջ ու չերևացող թելեր կան, որոնք տանում են դեպի ․․․

Մինչև հիմա Հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ, նորմալ արձագանքներ չկան։ Ու հարց է առաջանում, եթե մենք ի վիճակի չենք մեր օրերում կատարված նման աղմկահարույց գործը բացահայտել, ապա ինչպե՞ս ենք աշխատելու շատ ավելի կարևոր երևույթների հետ, ինչպես օրինակ 1918 կամ 1921թ․ քարտեզների, ադրբեջանական ֆաշիստական պահվածքի ու ընդհանրապես արտաքին վտանգների պարագայում։

Երբ ասում ենք, որ հոկտեմբերի 27-ը սպանեց Հայաստանի ապագան, դա չափազանցություն չէ, դա շարունակությունն է այն ողջ խայտառակության, որը սկսվել էր 1991թ.-ից, երբ նորանկախ երկիրը մի քանի օրում հայտնվեց ինչ որ ագահ մարդկանց ձեռքում, որոնք այսօր ամեն կերպ փորձում են հետին թվով մարգարեի դեր տանել։

Հոկտեմբերի 27-ը ոչնչացրեց նաև 1994թ․ հաղթանակն այն քաղաքական առումով, որ ծանր պատերազմում հաղթեց, բայց տնտեսապես կոլապսի մեջ գտնվող երկիրը ոչ թե զբաղվեց այդ խնդիրների լուծմամբ, այլ ծնկեց սեփական տեռորի ահից։

1994թ․ Հայաստանը հաղթեց ադրբեջանական ճակատում, բայց պարտվեց 1999թ․-ին՝ ԱԺ-ում։ Հայաստանը պարտվեց իր ներսում, սա է ողբերգություններից մեծագույնը։

Հոկտեմբերի 27-ը բերեց վախի մթնոլորտ, հասկացրեց, որ այստեղ մի քանիսն են որոշում բոլորի ճակատագիրը, հասկացրեց, որ ժողովրդից վերցված է իշխանությունը և պատկանում է ինչ որ մարդկանց։

Հոկտեմբերի 27-ը առայժմ մաքրված չէ հայ ժողովրդի ճակատից։ Այն շարունակում է մնալ պետության ու օրինականության բացը, ամոթը, խարանը։

Կարելի է անվերջ խոսել, դատապարտել, բարկանալ, հուզվել, բայց նաև կարելի է էմոցիաները մի կողմ դնել ու ընդունել, որ հոկտեմբերի 27-ը թաղեց Հայաստանը հանցանքի ու անօրինականության ցեխում՝ դրան տալով պետական մասշտաբ ու ծավալներ։ Հոկտեմբերի 27-ը կրակոց էր հայ ժողովրդի մտածողության վրա, ուղի էր դեպի հետընթաց, ճանապարհ՝ ոչ մի տեղ։

Իհարկե բոլորս էլ լսել ենք այն բարձրաստիճան պաշտոնյաների անունը, որոնք անուղղակիորեն համարվում են այդ ամենի կազմակերպիչ ու հեղինակ, բայց ինչպես ասում են՝ անմեղության կանխավարկած գոյություն ունի։

Միայն թե ափսոս, որ հոկտեմբերի 27-ին, փոխանակ մենք ամրապնդեիքն 1994թ․ ձեռք բերված ինչ որ նոր հաղթանակ, ոչնչացրինք մեր իսկ ձեռքով։

Ու արդեն կարևոր էլ չի դառնում, թե կոնկրետ ով հրամայեց ու ով կրակեց։ Կանցնեն տարիներ ու այդ մարդիկ այլևս չեն լինի, բայց նրանց արած ոճրի հետևանքները գուցե դեռ զգացվելիս լինեն։

Ու ինչպե՞ս ենք պայքարելու, որ այլևս նոր հոկտեմբերիօ 27-եր չլինեն։ Հասկանո՞ւմ ենք արդյոք, որ դրա դեմ կարող է պայքարել միայն օրենքը, օրինական ու ժողովրդավար պետությունը։ Հոկտեմբերի 27-ը անհատականացված ազգային բիծ է և ազգային մակարդակով էլ պիտի պայքար մղվի դրա դեմ որպես երևույթ ու սկզբունք։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *