Չգիտեմ ավելի շատ ինչ զգացողություն է հերոս ընկեր կորցնելը` հպարտության, թե ափսոսանքի։
Սիրանուշ Ասատրյան
Բարև եղբայր, մեկ տարի է երկրային կյանքում չկաս։Հնարավորութան դեպքում կհարցնեի, թե ոնց ես, բայց գիտեմ` հնար չկա։ Մեծ հաշվով պատասխանն էլ գիտեմ` առանց հարցնելու։
Մենք էս կյանքում շատ բաներ ենք կիսել` սովորական հացից, մինչև մեծ գաղափարներ, խարույկներ ենք կիսել ու հայրենասիրական երգեր։Մենք շատ պատմություններ ենք կիսել հերոսների, պայքարների ու հայրենիքի մասին, բայց երբեք չեմ էլ մտածել, որ մի օր պիտի մեծ պատասխանատվությամբ մեր հիշողություններով, քո տեսակով ու անսահման բարությամբ բոլորի հետ կիսվեմ։
Վատ օրեր են` թևաթափ ու հիասթափված, էս ամենի մեջ մի քիչ ապրեցնող քո տեսակն է, որ լցնում է կյանքով ու ստիպում պայքարել։ Հաճախ թվում է թե մոռացել եմ պայքարի ձևը, բայց ինչ որ անասելի ուժ ինձ դնում է պայքարի ուղու վրա ու ստիպում շարժվել։
Այսօր եկել էի քեզ մոտ. դժվար է լսել քո մասին, երբ արդեն չկաս, բայց չգիտեմ ավելի շատ հպարտությամբ, թե տխրությունով են իմ սիրտը լցնում քո մասին ասված խոսքերը։
Ու չգիտեմ ավելի շատ ինչ զգացողություն է հերոս ընկեր կորցնելը` հպարտության թե ափսոսանքի։
Կներես ինձ ու մեզ, շատ թույլ ենք պայքարում, շատ անկարող ենք, չպետք է այսպես լինեինք։
Որոշել եմ` էլ թևաթափ չեմ լինելու, պիտի հասցնեմ քո տեսակը փոխանցել` սովորեցնելու համար ինչպիսին պետք է լինի հայը։Խոստանում եմ անել առավելագույնը նրա` ինչ չհասցրիր։Լավ մնա էդտեղ` վերևում։
Կհանդիպենք, երկնայի՛ն եղբայր։
Կհանդիպենք, Մռովի Արծիվ։