Հայաստան

Պարտությունից Մեկ Օր Առաջ

Մենք ըմպել ենք դառնության բաժակն ամբողջովին: Մենք վախենում էինք փոքր կրակից ու հայտնվեցինք հրդեհի մեջ, մենք վախենում էինք անձրևից ու հայտնվեցինք օվկիանոսում:

Արայիկ Մկրտումյան

Այսօր լրանում է չարաբաստիկ պայմանագրի մեկ տարին: Նոյեմբերի 9-ը մեզ համար դարձավ պատերազմի այնքան երազած վերջին օրը ու սկիզբ դրեց ծանր ու հալումաշ անող մի նոր ժամանակաշրջանի:

Անցյալ տարի այս օրը մենք դեռևս սպասում էինք, որ ինչ որ հրաշք է լինելու ու ինչ որ կերպ պարտությունը անցնելու է այնքան հանկարծակի, ինչ արագությամբ, որ գալիս էր:

1994թ. հետո այս նոյեմբերի 9-ը մոտենում էր անկասելի արագությամբ, բայց մենք չտեսանք, չհասկացանք, չըմբռնեցինք ու ունենք այն ինչ ունենք:

Այս գրառման մեջ ես չեմ անդրադառնա ռազմական թվերին, այս կամ այն պաշտոնյային: Բա՛վ է: Այսօր մենք բոլորս ենք գլուխներս կախում: Այսօր մենք բոլորս ենք պարտվել: Ու մենք մեկ տարի ունեինք պարտությունը հասկանալու համար, մենք մեկ տարի ունեինք, որպեսզի հասկանայինք պարտության ողջ էությունը, մանրամասները, ու նոր ճանապարհ մշակեինք:

Բայց դրա փոխարեն մենք ելանք մեկս մյուսի դեմ ու կարող եմ ցավով արձանագրել, որ արտաքին ճակատի պարտությունից հետո մենք հիմա մատնված ենք մեր ներքին պարտությանը, հոգեկան խռովքի ու զայրույթի մեկ տարվա ընթացքում:

Անցած մեկ տարին, որ պիտի մեզ համար հայտնության հարյուր հազար շեփորի դեր խաղար, մնաց անլսելի ու անհասկանալի:

Ու հիմնական պայքարը մեր մեջ ընթացավ, ու բոլորը մեղադրեցին ժողովրդին, այն ժողովրդին, որն արնաքամ եղավ անցած տարի ու շարունակում է տառապել հենց հիմա: Նոյեմբերի 9-ից հետո ոչ մի պաշտոնյա չընդունեց, որ ինքը ինչ որ բանում մեղավոր է, ո՜չ, բոլորը սկսեցին հիշել, թե ինչքան լավ բաներ են արել ժողովրդի համար ու սկսեցին հայհոյել, որ ժողովուրդը չի հասկանում:

Իսկ ի՞նչ պիտի հասկանար ժողովուրդը: Ի՞նչ պիտի աներ, որ չարեց: Ասում են ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը, բայց մի՞թե մեր ժողովուրդն արժանի էր այս պարտությանը, այս ցավին: Ի՞նչ աներ հասարակ ժողովուրդը, որն ապրում էր հարկերի ու օրվա հացի ցավով: Ի՞նչ պիտի աներ հասարակ կոշկակարը, որ չարեց, ի՞նչ պիտի աներ հացթուխը, վարորդը, բժիշկը…ի՞նչ աներ հարևանս, ում մի բուռ մոխիր տվին իր որդու փոխարեն, կամ ինչ պիտի աներ, բայց չարեց այն երիտասարդը, ով 19 տարեկան հասակում այլևս ձեռքեր չունի: Նրանք տվին ամենաթանկը, իսկ հիմա էլ նրանց հայհոյում են, որովհետև ընտրում են ուրիշին այլ ոչ իրենց:

Լևոնին գովեցին, Ռոբերտին գովեցին, Սերժին գովեցին, Նիկոլին գովեցին, իսկ ամեն ինչի մեղավորը եղավ ժողովուրդը:

Անցյալ տարի այս օրը դարձավ պատերազմի վերջին, բայց ոչ ցանկալի օրը: Որովհետև մենք չգիտեինք, չէինք ուզում գիտենալ, ինչ է լինելու հաջորդ օրը: Մենք ցանկանում ենք, որ ամեն հաջորդ օրը նոր հաղթանակ ունենանք, բայց հասկացանք, որ այդ անվերջանալի «վաղը» մի օր ավարտվում է:

Մենք ըմպել ենք դառնության բաժակն ամբողջովին: Մենք վախենում էինք փոքր կրակից ու հայտնվեցինք հրդեհի մեջ, մենք վախենում էինք անձրևից ու հայտնվեցինք օվկիանոսում:  Մենք վախենում էինք, որ Արցախի ստատուս-քվոն կարող է անցանկալի կերպով փոխվել, ու ահա, վերացավ ստատուս-քվո կոչվածն ընդհանրապես, մենք վախենում էինք մի զոհ ավել ունենալուց, մենք տվինք հազարավոր զոհեր, մենք վախենում էինք մեկ-երկու դիրք կորցնելուց, կորցրինք Արցախի 75 տոկոսը, մենք վախենում էինք ազատագրված տարածք կորցնելուց, կորցրինք նաև Շուշին: Մեր վախերն իրականացան տասնապատիկ ուժով, տասնապատիկ ծանրությամբ: Այդ է, որ պետք է հասկանանք այսօր՝ Նոյեմբերի 9-ին, որովհետև նոյեմբերի 10-ը պարտության օրն է: Մենք այս ամենը պիտի հասկանանք, որպեսզի հաջորդ նոյեմբերի 9-ը մեզ համար նոր պարտության սկիզբ չդառնա:

Իսկ մինչ այդ, կարելի է գոնե մի քանի ժամ լռել: Լռել ու միայն մեզ հասկանալի եզրահանգումներն անել այս մեկ տարվա դժոխքի մասին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *