20 C
Yerevan

Մեղրին Տալի՞ս Էին

Վերջին օրե­րում սահմա­նա­յին միջա­դե­պե­րը կրկին շատա­ցել են ու նորից ինֆորմա­ցիոն քաոս է Հայաստա­նում: Մի կողմից ադրբե­ջա­նա­կան ինչ որ վիդեո­ներ են, որով նրանք ցույց են տալիս, թե ինչ որ հայկա­կան դիրքեր են վերցրել, իսկ ՊՆ‑ն ինչպես միշտ հերքում է, նորից քաղա­քա­կան դաշտում կես անկա­յուն, կես քաո­տիկ իրա­վի­ճակ է ու այդ ամե­նի ֆոնին, մանա­վանդ, որ ավե­լի ու ավե­լի են ուժե­ղա­նում այն թեմա­նե­րը, թե Սյունիքն ի վերջո հանձնվե­լու է թուրքե­րին, մենք մի հետաքրքիր գրառման ենք ուզում անդրա­դառնալ:

Գրառման հեղի­նա­կը Անա­հիտ Քնարյանն է, մեզ հասած տեղե­կություննե­րով Գրողնե­րի Միության նախկին անդամ, ներկա­յումս բնակվում է ԱՄՆ-ում:

Ինչո՞վ է հետաքրքիր այդ գրա­ռումը: Նախ այն թեմա­յով, որ այդ գրառման մեջ խոսվում է մի շատ ցավա­լի թեմա­յի՝ Հայաստա­նի ու Արցա­խի սահմաննե­րի մասին: Թերևս հեղի­նա­կը չէր կարող ենթադրել, թե ինչ ողբերգա­կան հետև­անքներ էր ունե­նա­լու այդ ամե­նը, թերևս շատ քչե­րը կարող էին ենթադրել, թե ինչ է տեղի ունե­նա­լու հետո:

Գրառման մեջ խոսվում է ըստ էության հերթա­կան ԳՄ նիստի մասին, որտեղ նոր նախա­գահ պիտի ընտրվեր, Հրանտ Մաթև­ոսյանն արդեն պիտի հեռա­նար և ընթա­նում էր նոր նախա­գա­հի ընտրություն:

Անա­հիտ Քնարյա­նը շեշտում է, որ մարդկանց հիշո­ղություննե­րի մեջ դեռ շատ թարմ էր «Հոկտեմբե­րի 27‑ը», օդը լի էր տագնա­պով և չարա­գուշակ խոսակցություններ այն մասին, որ Մեղրին հանձնում են թուրքե­րին, ճիշտ ինչպես հիմա: Միայն թե այն տարբե­րությամբ, որ այս գրա­ռումը  վերա­բերվում է 2001թ.-ին երբ վտանգը կարծեցյալ էր և այնքան էլ հավա­նա­կան չէր թվում, ավե­լի շուտ մարդիկ չէին կարող թեկուզ մտքում հավա­տալ դրան:

Քնարյա­նը նշում է, որ տեղի ունե­ցած ժողո­վի ժամա­նակ քանի դեռ բուռն քննարկում էր գնում նախա­գա­հի ընտրության շուրջ, ինքը ձայն է խնդրել և մի կողմ դնե­լով այդ աթո­ռակռվա­յին տրա­մա­բա­նությունը, խոսել կարև­ո­րի մասին: Խոսել Արցա­խի ու Հայաստա­նի սահմաննե­րի մասին, խոսել հոկտեմբե­րի 27‑ի, հրա­ժա­րա­կաննե­րի և օրվա հրա­տա­պության մասին, պահանջել, որ որո­շում ընդունվի այն մասին, որ Հայաստա­նի ու Արցա­խի սահմաններն անբե­կա­նե­լի են ու որևէ պետության կողմից ենթա­կա չեն քննարկման: Որո­շումն ընդունվել է միա­ձայն, իսկ Զորի Բալա­յանն էլ հավաստիացրել, որ Հայաստա­նի ղեկա­վարնե­րը ոչ մի դեպքում թույլ չեն տա նման ընթացք և նույնիսկ խոստա­ցել, որ ինքնասպան կլի­նի, եթե նման բան տեղի ունե­նա: Դառը հեգնանք միայն…

Դրա­նից հետո ինչ որ մեկը Քնարյա­նին խնդրել է այդ արձա­նագրությունն իրեն տալ, որպեսզի հրա­պա­րակվի և ինչպես կարե­լի է գուշա­կել, անլսե­լի է մնա­ցել օրվա մանր հոգսե­րի ու մնա­ցած ճղճիմ պահանջնե­րի աղմուկի մեջ:

Ես ինքս էլ առա­ջին անգամ եմ տեղե­կա­նում, որ նման բան է եղել և հիասթա­փությունն ու բարկությունը խառնվում է իրար: Ինչո՞ւ է միայն մի կին խոսել այդ հարցի մասին, ինչո՞ւ ԳՄ‑ն այսքան տարի ոչ մի տեսա­նե­լի քայլ, հանրա­յին շարժում կամ որևէ նման բան չի արել, ո՞ւր են մեր գրողնե­րը, ո՞ւր է մտա­վո­րա­կա­նությունը: 2001թ. այնտեղ նստած մարդկանց այս թեման չի հետաքրքրե՞լ, թե չափա­զանց ապի­կար են եղել, որ կարո­ղա­նան այդ թեման հասցնել մարդկանց ու իշխա­նության ականջնե­րին: Ո՞ւր է կորել արձա­նագրությունը:

Որովհետև 2020թ. հասկա­ցանք, որ Հայաստա­նի ու  Արցա­խի սահմաննե­րը բեկա­նե­լի են, որովհետև Արցախն էլ չկա…բայց կա գրողնե­րի միությունը, այդ գրե­թե անօ­գուտ ու զառա­մած միությունը, որը բացի ոչինչ անե­լուց, այլևս ոչինչ չի անում: Հրանտ Մաթև­ոսյա­նը գնաց և նրա հետ էլ վերա­ցավ հայկա­կան գրողնե­րի միության ողջ ազդե­ցությունն ու էֆեկտը: Գրողնե­րը ավե­լի լուռ մնա­ցին քան եկե­ղե­ցին, լռե­ցին, լռե­ցին, ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն:

Ինչո՞վ էին զբաղված այսքան տարի: Հանճա­րեղ գործե՞ր էին ստեղծում, որ ժամա­նակ չգտան, թե լռում էին, որ սեփա­կան դատարկությունը ցույց չտան: Բայց չէ, ոչ մի հանճա­րեղ, ոչինչ էլ չի ստեղծվել, ոչ մի էական բան: Մենք գիտենք հանճարնե­րի ճակա­տա­գի­րը, մենք գիտենք Թումանյան ու Շիրազ, որ և՛ հանճա­րեղ էին, և՛ ամե­նուր իրենց ձայնն էին բարձրացնում: Մենք գիտեք Վիկտոր Համբարձումյա­նին, որ հացա­դուլ էր անում, գիտենք Չարենցին ու Բակունցին, որոնց սպա­նե­ցին հայրե­նա­սի­րության համար, գիտենք, որ Շիրա­զին ամեն ապրի­լի 24‑ի տնա­յին կալանքի էին ենթարկում ԽՍՀՄ ՊԱԿ աշխա­տա­կիցնե­րը: Ու մենք ծանոթ ենք նրանց գործե­րին՝ հանճա­րեղ, աննման, չկրկնվող և հրա­շա­լի:

Իսկ ովքե՞ր էին այդ դահլի­ճում հավաքված գրող-մտա­վո­րա­կան կոչվածնե­րը, որոնց մենք այդպես էլ չճա­նա­չե­ցինք: Ո՞ւր էին նրանք, երբ ամե­նա­մեծ ու ամե­նա­կործան այլա­սե­րում էր ընթա­նում, երբ անկա­յությունը դարձել էր օրվա սովո­րա­կան մաս, երբ նույնիսկ անզեն աչքով երև­ում էր, որ այս ամե­նը սարսա­փե­լի հետև­անքնե­րի է բերե­լու ու հիմա, մի՞թե մենք չենք կարող նրանց նույնքան մեղսա­կից համա­րել այդ ամե­նին, ինչքան որ իշխա­նություննե­րին ու նրանց խամա­ճիկ կուսակցություննե­րին, որոնք հետև­ո­ղա­կա­նո­րեն քանդե­ցին ամեն ինչ՝ հանուն իրենց խմբա­յին հայրե­նա­սի­րության ու շահի:

Եվ նաև մի հարց: Ո՞ւր էր ՀՅԴ‑ն, որի անդամն այդ մասին խոսեց ԳՄ-ում, բայց մնաց ըստ էության անպա­տասխան: Ո՞ւր էր ՀՅԴ‑ն այսքան տարի­նե­րի ընթացքում, երբ ամեն ինչ գնա­լով ավե­լի ու ավե­լի էր ավերվում: Ինչո՞ւ ՀՅԴ‑ն մնաց կեսբե­րան «ոչմի­թի­զա­կա­նության» կարգա­խո­սի տակ ու հայտա­րա­րություննե­րից բացի ոչինչ չարեց: Ու մի՞թե ՀՅԴ‑ն առա­վել քան որևէ այլ կուսակցություն, պատասխա­նա­տու չէ այսօրվա սարսափնե­րի համար: Ու եթե ՀՅԴ‑ն ավե­լի սկզբունքա­յին և  կամա­յին լիներ, գուցե և Քոչարյանն ու Սարգսյա­նը աղետ չդառնա­յին պետության գլխին և այդ ուռուցքից չծնվեր Նիկոլ Փաշինյա­նը՝ որպես հետև­անք, և ում այսօր մեղադրում է ՀՅԴ‑ն:

Մի խոսք կա, որ չեզոք ու լուռ մնա­ցողնե­րին ավե­լի խիստ պատիժ պիտի տրվի, քան հանցա­գործին, որովհետև կարող էին խոսել ու չխո­սե­ցին, կարող էին գործել, բայց ոչինչ չարե­ցին: Այս ժամա­նա­կա­կից պիղա­տոսնե­րը, որ մշտա­պես լուռ մնա­ցին ու ձեռքե­րը լվա­ցին մեն ինչից ու գոռա­ցին միայն չնչին ինչ որ շահի համար:

Ո՞ւր կորան մեր գրողնե­րը:

Անա­հիտ Քնարյա­նի գրա­ռումը ևս մի մասն է մեր համընդհա­նուր ողբերգության:

Գրա­ռումն ամբողջությամբ՝

ՄԵՂՐԻՆ ՏԱԼԻՍ ԵՆ ԹՈՒՐՔԵՐՒՆ

«Հոկտեմբե­րի 27-ից» առաջ և հետո այս լուրն էր պտտվում Հայաստա­նում, Սփյուռքում ամե­նուրեք, երբ 2001թվականի գարնա­նը տեղի էր ունե­նում Հայաստա­նի Գրողնե­րի միության հերթա­կան՝ 13-րդ համա­գումա­րը: Համա­գումա­րին ես ներկա եղա միայն վերջին օրը, որն ընթա­նում էր ՀԳՄ դահլի­ճում: Մասնա­կիցնե­րի պակաս չկար. Հրանտ Մաթև­ոսյա­նը հեռա­նում էր և պետք է կայա­նար նոր նախա­գա­հի ընտրություն: Ինչպես նախորդ օրե­րի մասին էին պատմում, այդ օրը նույնպես, ինչպես հաճախ, գրողնե­րի թեժ ելույթնե­րը պտտվում էին գրող-գրա­կա­նություն շրջագծում՝ չխնա­յե­լով իրար, երբեմն հասնե­լով մինչև անձնա­կան տիրույթ:

Այդպի­սիք են գրողնե­րը, երբ միա­սին են՝ կռվա­զան, անհաշտ են իրենք իրենց, միմյանց ու աշխարհի հանդեպ և դա բնա­կան է ու հետաքրքիր: Միայն թե այս համա­գումա­րում գրողնե­րի մտա­հո­գության կաթսա­յում աշխարհն ասես չկար: Հարթա­կից թե դահլի­ճից նրանք՝ մեկը մյուսին ընդհա­տե­լով, բորբոքված բարձրա­ձայնում էին իրենց փաստարկներն ու որա­կումներն ընտրվող նոր նախա­գա­հի «լավ ուվատ, վատ ու ավե­լի վատ» թեկնա­ծունե­րի շուրջ և ուրիշ ոչինչ:

…Բեմա­հարթա­կի մի կողմում լուռ նստած էր Հրանտ Մաթև­ոսյա­նը: Իր խոր տարածքում փակված, մտա­հոգ ու հեռունե­րը նայող հայացքով ասես համր ֆիլմ էր դիտում՝ ինքն իրեն հարցնե­լով. «Ինչի մասին և ինչի համար է այս աղմուկը»:

… Վերջին ելույթից հետո ես ձայն խնդրե­ցի: 1984թ. ԳՄ անդամկցությունից ի վեր դա իմ առա­ջին և վերջին ելույթն էր (պարզա­պես նման ցանկություն երբևէ չէի ունե­ցել):

…Առա­ջին շարքում օրվա իշխա­նության աջ ձեռքը՝ դաշնակցա­կան գրողներն էին: Խոսքիս կեսին ներս մտավ նրանց քաղա­քա­կան հայացքնե­րի առա­ջա­տար գրչընկե­րուհին (թերևս բարձրացված թեմա­յի մասին լուրը արագ տեղ էր հասել և նա անե­լիք ուներ):

Ես նախ վրդովմունքս հայտնե­ցի, որ ՀԳՄ 12–13-րդ համա­գումարնե­րի միջև ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում Հայաստա­նի Պետա­կա­նության հիմքե­րը խարխլող ողբերգա­կան իրա­դարձություննե­րը՝ լցված անդառնա­լի կորուստնե­րով, համա­գումա­րում չդարձան գրողնե­րի մտա­հո­գության ԹԵՄԱ, քննարկում, առա­ջարկ:

Խոսե­ցի մասնա­վո­րա­պես՝ Նախա­գահ Լևոն Տեր-Պետրոսյա­նի անսպա­սե­լի և անցանկա­լի հրա­ժա­րա­կա­նի, 98‑ի Նախա­գա­հա­կան ընտրություննե­րում ժողովրդի սիրե­լի Կարեն Դեմիրճյա­նի բացարձակ հաղթա­նա­կի բռնա­զավթման, դավա­դիր «Հոկտեմբե­րի 27‑ի» կործա­նա­րար հետև­անքնե­րի՝ երկրում տիրող անի­րա­վություննե­րի, պետության ունեցվածքի անբռնազբոս յուրացման և աննա­խա­դեպ արտա­գաղթի մասին: Խոր տագնապս արտա­հայտե­ցի նաև Արցա­խի ազա­տագրված տարածքնե­րի վերա­դարձի շուրջ շարունա­կա­կան խոսակցություննե­րի և գրե­թե երեք տարի չդա­դա­րող, չմա­րող ԳՈՒՅԺԻ հանդեպ, թե՝ Ռոբերտ Քոչարյա­նը Մեղրին տալիս է թուրքե­րին Լաչի­նի միջանցքի դիմաց:

Ավարտե­լով խոսքս առա­ջարկե­ցի ՀԳՄ համա­գումա­րում քվեարկությամբ որո­շում կայացնել առ այն, որ «Հայաստա­նի Հանրա­պե­տության և Արցա­խի սահմաննե­րը անձեռնմխե­լի են և երբևէ, որևէ պետության կամ իշխա­նության կողմից ենթա­կա չեն քննարկման»: Քվեարկությունը տեղի ունե­ցավ և որո­շումն ընդունվեց միա­ձայն:

Ինձա­նից հետո հարթակ բարձրա­ցավ Զորի Բալա­յա­նը: Ցանկա­նա­լով փարա­տել ներկա­նե­րի մտա­հո­գությունը կապված արծարծվող հարցի հետ՝ նա ասաց հետևյա­լը, որ ինքը մոտի­կից, անձնա­պես ճանա­չե­լով Հայաստա­նի թե Արցա­խի իր հայրե­նա­կից առաջնորդնե­րին՝ կարող է և նրանց անունից երդվել բոլոր սրբություննե­րով, որ նրանք ավե­լի շուտ վերջ կտան իրենց կյանքին, քան Արցա­խից կամ Հայաստա­նից տարածքներ կհաձնեն թշնա­մուն: Ապա խոսքը վերջացնե­լով ասաց բառա­ցիո­րեն հետևյա­լով.

- Իսկ եթե պատա­հի աներև­ա­կա­յե­լին, և ես տեսնեմ, որ խաբված եմ ապրել՝ կգնամ հորս ու մորս գերեզմա­նին ներո­ղություն կխնդրեմ և ինքնասպան կլի­նեմ…

Այս նոտա­յով էլ ավարտվեց համա­գումա­րը: Ես վերցրե­ցի Տարածքնե­րի անձեռնմխե­լիության մասին որոշման աձա­նագրությունը և այն անձամբ լրատվա­մի­ջոցնե­րին հանձնե­լու համար շտա­պե­ցի դուրս գալ: Դեռ ելքի դռնե­րին չհա­սած՝ ճանա­պարհս ուղղա­կիո­րեն կտրեց մի կին, ում երբեմն տեսնում էի գրողնե­րի տան միջանցքնե­րում, դիմեց ինձ և մի տեսակ անժպիտ ժպի­տը դեմքին խնդրեց, որ որոշման արձա­նագրությունը հանձնեմ իրեն:

Տեսնե­լով զարմանքս ու տարա­կուսանքս՝ նա ներկա­յա­ցավ իր անուն ազգա­նունով և ասաց, որ գրող-թարգմա­նիչ է և աշխա­տում է Գրա­կան Թերթում, միա­ժա­մա­նակ ապա­հո­վում է Գրողնե­րի միության կապը այլ լրատվա­մի­ջոցնե­րի հետ, վերջիննե­րիս տրա­մադրե­լով նաև ԳՄ կազմա­կերպած տարա­տե­սակ միջո­ցա­ռումնե­րի մասին պատմող նյութեր: Հավե­լեց նաև, որ ինքն արցախցի է և շնորհա­կալ է ելույթիս համար:

Իմ հարցին, թե՝ համա­գումա­րի քարտուղա­րությունը տեղյա՞կ է, որ ինքն է ապա­հո­վե­լու որոշման տարծումը՝ պատասխա­նեց, թե դա այն թեման չէ, որ ինքնագլուխ գործի: Ես չվստա­հե­լու պատճառ չտեսնե­լով՝ նրան հանձնե­ցի որոշման արձա­նագրությունը և դուրս եկա:

Թեև ամե­նուրեք փթթուն գարուն էր, մայիս, սակայն օդում տակա­վին քարա­ցած էր «Հոկտեմբե­րի 27‑ը»: …Իսկ Հայաստա­նի Գրողնե­րի միության 13-րդ համա­գումա­րում «Հայաստա­նի Հանրա­պե­տության և Արցա­խի տարածքա­յին ամբողջա­կա­նության ու անձեռնմխե­լիության մասին» միա­ձայն վավե­րացված որո­շումը այդպես էլ չհա­ղորդվեց կամ չ տ պ ա գ ր վ ե ց , ոչ հանրա­պե­տա­կան որևէ լրատվա­կան կայքում, և ոչ իսկ ՀԳՄ պաշտո­նա­թերթ «Գրա­կան Թերթում»: Այն պարզա­պես ա ն հ ե տ ա ց ա վ օրվա իշխա­նության աղբա­մա­նում:

«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐ» շարքից

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Զորի Բալա­յա­նը մասամբ ճիշտ էր՝ Հայաստա­նի արցախցի և Արցա­խի նախկին առաջնորդնե­րը (ինչպես ամեն մի խմբա­պետ դեռ Զորա­վար չէ, այնպես ամեն մի առաջնորդ դեռ Նախա­գահ չէ) Արցա­խը հանձնե­ցին թշնա­մուն ոչ իրենց ձեռքով…

«Հոկտեմբե­րի 27-ից» 22 տարի անց «Մեղրիի միջանցքի» հայա­կործան ծրա­գի­րը շարունա­կում է արտա­քին ու ներքին նույն ուժե­րի կողմից մնալ «բանակցա­յին սեղա­նին» և շարունա­կում է նույն տագնա­պով ալե­կո­ծել հայ ժողովրդին:

ՀԳՄ վերո­հիշյալ համա­գումա­րից 20 տարի անց «Մեղրիի միջանցքի» գաղտնա­դավ ծրա­գի­րը կրկին կյանքի կոչե­լու հանգա­մանքը հասկա­նա­լի է դարձնում, թե ինչու «Հոկտեմբե­րի 27-ից» հետո պետք էր այդ մասին լռել, չբարձրա­ձայնել, մինչև կգար պ ա տ ե հ պ ա հ ը՝ Հայաստա­նը մինչև արմատնե­րը «մաշե­լու», մահա­մերձ հյուծվա­ծության հասցնե­լու պահը:

Անա­հիտ Քնարյան

Առնչվող Հոդվածներ