Հայաստանը պետք է իրեն պահի որպես լիարժեք պետություն, այլ ոչ թե որպես որևէ ուժային կենտրոնի ծայրամաս։ Միջազգային տարբեր առաջնորդների այցելությունները Հայաստան և Հայաստանի ղեկավարության ակտիվ միջազգային շփումները վկայում են երկրի միջազգային հեղինակության աճի մասին։
Նիկոլ Փաշինյան
Պետրոս Ղազարյանը զրուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրույցի ընթացքում Փաշինյանն ամփոփում է իր նախընտրական քարոզարշավը՝ ներկայացնելով խաղաղության հաստատման ռազմավարությունը և Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Նա մանրամասնում է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման կարևորությունը, որը ենթադրում է տնտեսական և անվտանգային կախվածության նվազեցում մեկ կենտրոնից՝ հօգուտ նոր շուկաների և միջազգային գործընկերության։ Խոսույթի առանցքում են նաև ինստիտուցիոնալ բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը և վերջին տարիների տնտեսական ձեռքբերումները, որոնք Փաշինյանը դիտարկում է որպես երկիրը պատերազմի թակարդից դուրս բերելու միջոց։ Ի վերջո, նա կոչ է անում քաղաքացիներին տեր կանգնել իրենց քվեին՝ շեշտելով, որ ժողովրդավարական ընտրությունները պետության հզորացման և ապագա կայունության միակ հավաստիքն են։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտրարշավի վերջին հանրահավաքը շատ հուզիչ էր իր և քաղաքական թիմի համար, քանի որ կրկին տեսան հեղափոխական Հանրապետության հրապարակը։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցել էին հանրահավաքին կամ աջակցել էին իրենց։
Վարչապետի թեկնածուն անդրադարձավ խաղաղության թեմային՝ նշելով, որ երբեք չի ասել, թե բոլոր վտանգները վերացել են։ Նրա խոսքով՝ խաղաղությունը հաստատված է, սակայն այն մշտական խնամքի և կառավարման կարիք ունի։ Փաշինյանը դիտարկեց, որ սպառնալիքներ կան թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում գործող տարբեր ուժերից, և անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են երկու երկրների ներքին ու արտաքին խոսույթները փոխազդում միմյանց վրա։
Նա կարծում է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և ադրբեջանցիների վերադարձի մասին խոսույթը պետք է կառավարել նույն կերպ, ինչպես հայկական կողմը պետք է պատասխանատվությամբ մոտենա Ղարաբաղի թեմային վերաբերող հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ երկու կողմերում էլ կան ուժեր, որոնք իրենց հայտարարություններով նպաստում են լարվածության պահպանմանը։
Վարչապետը շեշտեց, որ իր պատկերացրած խաղաղության մոդելը հիմնված է այն սկզբունքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և «ուղղակի հանգիստ թողնեն իրար»։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տարբերակն ու սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը դրա հիմքն են։
Փաշինյանը նշեց, որ երբեք բանակցային գործընթացում չի քննարկվել ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի տարածք։ Նրա խոսքով՝ նման թեմա չի եղել ո՛չ պաշտոնական բանակցություններում, ո՛չ էլ Ալիևի հետ հանդիպումների ընթացքում։ Նա ընդգծեց, որ այդ թեման քաղաքական օրակարգ են դարձնում որոշ հայաստանյան ուժեր։

Վարչապետի թեկնածուն նաև խոսեց տեղանունների խնդրի մասին՝ նշելով, որ երկու կողմերն էլ դժգոհում են միմյանց կողմից կիրառվող անվանումներից։ Նրա խոսքով՝ քննարկվում է տարբերակ, ըստ որի կողմերը կարող են օգտագործել ՄԱԿ‑ի աշխարհագրական ռեեստրերում ամրագրված պաշտոնական անվանումները։ Փաշինյանը սա ներկայացրեց որպես խաղաղության ինստիտուցիոնալացման բարդ, բայց կարևոր բաղադրիչ։
Նիկոլ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանական երաժշտության հնչեցումը Հանրապետության հրապարակում՝ այն համարելով բոլոր չափերի անցում։ Միաժամանակ նա պնդեց, որ հասարակությունը պետք է հասկանա հակամարտության նրբությունները և չսահմանափակվի միայն հուզական արձագանքներով։
Անդրադառնալով խաղաղության համաձայնագրի երաշխավորների թեմային՝ վարչապետի թեկնածուն նշեց, որ չի կիսում այն մոտեցումը, թե երրորդ երկրները պետք է երաշխավորեն հայ-ադրբեջանական խաղաղությունը։ Նրա կարծիքով՝ երաշխավորությունը ենթադրում է ինքնիշխանության սահմանափակում և կախվածություն արտաքին դերակատարներից։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանը նախկինում ունեցել է անվտանգության երաշխավորներ, սակայն այդ համակարգը, իր գնահատմամբ, չի արդարացրել սպասումները։
Նա նշեց, որ տարածաշրջանի կայունության լավագույն երաշխիքը տնտեսական փոխկապվածությունն է։ Քաղաքական գործչի խոսքով՝ եթե տարածաշրջանի երկրները համատեղ տնտեսական նախագծեր իրականացնեն, ներդրումներ ներգրավեն և շահագրգռված լինեն միմյանց կայունությամբ, պատերազմի հավանականությունը կտրուկ կնվազի։

Փաշինյանը քննադատեց ընդդիմության այն առաջարկները, որոնք նախատեսում են ներգրավել տարբեր գերտերությունների որպես անվտանգության երաշխավորներ։ Նրա կարծիքով՝ հակադիր շահեր ունեցող երկրների ներգրավումը կարող է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի նպատակը ոչ թե հարաբերությունների սրումն է, այլ անկախության ամրապնդումը։ Նա իր քաղաքական բանաձևը ձևակերպեց հետևյալ կերպ․անկախությունը նշանակում է քչերիցկախվածությունը փոխարինել շատերիցկախվածությամբ։ Հայաստանը փորձում է դիվերսիֆիկացնել իր տնտեսական և քաղաքական կապերը՝ զարգացնելով հարաբերությունները Եվրամիության, Չինաստանի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին դեպի Եվրամիություն և Չինաստան արտահանումը կրկնապատկվել է, իսկ դեպի Հնդկաստան աճել է շուրջ 87 տոկոսով։Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նպատակ ունի ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանի քաղաքացիների և տնտեսության համար։ Նա կարևորեց նաև վիզաների ազատականացման գործընթացը՝ այն համարելով քաղաքացիների ազատ տեղաշարժի կարևոր գործիք։
Հայաստանը պետք է իրեն պահի որպես լիարժեք պետություն, այլ ոչ թե որպես որևէ ուժային կենտրոնի ծայրամաս։ Նրա խոսքով՝ միջազգային տարբեր առաջնորդների այցելությունները Հայաստան և Հայաստանի ղեկավարության ակտիվ միջազգային շփումները վկայում են երկրի միջազգային հեղինակության աճի մասին։
Նիկոլ Փաշինյանը իր գլխավոր ձեռքբերումը համարեց այն, որ, իր համոզմամբ, Հայաստանը դուրս է բերվել պատերազմի և հակամարտության «թակարդից»։ Նա նշեց, որ Ղարաբաղյան շարժումը ժամանակի ընթացքում վերածվել էր նման թակարդի, և Հայաստանը վճարել է այդ գործընթացի ծանր գինը։
Նա կտրականապես մերժեց այն պնդումները, թե ինքը չի սիրում ղարաբաղցիներին։ Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Ղարաբաղում ծնված ու մեծացած մարդիկ են, իսկ իր կառավարության տարիներին Ղարաբաղը ստացել է աննախադեպ ֆինանսական աջակցություն։ Իր պաշտոնավարման ընթացքում Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձրացվել են Հայաստանի բյուջեի միջոցներով, և երբեք չի եղել դեպք, երբ Ղարաբաղի կարիքների համար պահանջված ֆինանսավորումը մերժված լինի։
Նիկոլ Փաշինյանը թվարկեց նաև սոցիալ-տնտեսական ձեռքբերումները։ Նրա խոսքով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկվել է, ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ, իրականացվում են հարյուրավոր դպրոցների ու մանկապարտեզների կառուցման ծրագրեր, կառուցվել են հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ։ Նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամից հասել է 46 հազար դրամի, իսկ պետական բյուջեն զգալիորեն աճել է։ Նա նաև ընդգծեց առողջության ապահովագրության համակարգի ներդրումը, նոր բանակի ձևավորումը և արհեստական բանականության ոլորտում իրականացվող ծրագրերը։
Փաշինյանը կարևորեց նաև բնակարանաշինության, հիփոթեքային աջակցության, գյուղատնտեսության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերը։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին քաղաքացիներին տարբեր ծրագրերով վերադարձվել են միլիարդավոր դոլարների չափով միջոցներ։
Անդրադառնալով իրավապահ համակարգի գործունեությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրակաշառք բաժանողներն ու ընտրական հանցագործություններ կատարողները պետք է ենթարկվեն ամենախիստ պատասխանատվության։ Նա շնորհակալություն հայտնեց հակակոռուպցիոն կոմիտեին, դատախազությանը, քննչական կոմիտեին, ոստիկանությանը և ազգային անվտանգության ծառայությանը՝ կատարած աշխատանքի համար։

Փաշինյանը նշեց, որ ինստիտուցիոնալ պետություն կառուցելու համար տարիներ շարունակ մեծ միջոցներ են ներդրվել իրավապահ մարմինների կարողությունների զարգացման մեջ։ Նրա կարծիքով՝ ընտրակեղծարարների նկատմամբ կոշտ արձագանքը պետության բնական պարտականությունն է։
Խոսելով դատական համակարգի մասին՝ նաընդունեց, որ ոլորտում լուրջ խնդիրներ կան։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որպեսզի հնարավոր լինի իրականացնել համակարգային բարեփոխումներ և բարձրացնել դատական իշխանության արդյունավետությունը։
Ապագայի ծրագրերի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշեց խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, սահմանազատման գործընթացի շարունակությունը, «TRIPP» նախագծի իրականացումը, ենթակառուցվածքների զարգացումը, ջրային խնդիրների լուծումը, թվայնացումը, կրթական ծրագրերի ընդլայնումը և տնտեսական աճի խթանումը։ Նախատեսվում է բարձրացնել միկրոբիզնեսի շրջանառության շեմը՝ 24 միլիոն դրամից հասցնելով առնվազն 50 միլիոնի։
Անդրադառնալով հետընտրական զարգացումների հնարավորությանը՝ Փաշինյանը պնդեց, որ եթե ընտրությունների արդյունքները չկեղծվեն, ապա հետընտրական ճգնաժամի հիմք չի կարող լինել։ Նրա խոսքով՝ ինքը երբեք չի միջամտի քաղաքացիների քվեին և չի թույլ տա ընտրությունների արդյունքների կեղծում։

Վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, գնալ ընտրատեղամասեր և սեփական քվեով որոշել երկրի ապագան։ Նրա խոսքով՝ ընտրողները պետք է պաշտպանեն պետությունը, խաղաղությունը, անկախությունն ու ապագան։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
