Ազատ բեմ

Անմիտ Մտավորականներ

Եթե քաղաքական ղեկավարությունը փող է գողացել, ապա այդ «մտավորականները» գողացել են ժամանակը, գաղափարը, հոգին: Նրանք, հանուն իրենց մի քանի կոպեկի, զրնգուն մեդալի ու սերտիֆիկատի, հանգիստ խղճով ապականել են մի ողջ դարաշրջան և հիմա էլ կանգնել ու իրենց իսկ փչացրած ժողովրդին անվանում են ժեխ:

Արայիկ Մկրտումյան

Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական բախումների ու այդ ամենին ուղեկցվող ներքաղաքական քաոսի ֆոնին կրկին ակտիվացել են անհասցե մեղադրանքներն ու հայհոյախառը լուտանքները, որոնք որպես կանոն թափվում են ժողովրդի գլխին: Այսօր ուզում եմ անդրադառնալ այդ հայհոյողների մի հետաքրքիր հատվածին, ավելի կոնկրետ՝ մտավորականությանը: Նախ մի ճշտում, մտավորական բառը պետք չէ հասկանալ իր դասական ու մաքուր իմաստով, քանի որ Հայաստանում իրեն մտավորական է համարում ով ուզի, երբ ուզի: Անորակ սիթքոմի սցենարիստից ու տափակ սթենդ-ափերից սկսած մինչև անհասցե ու անանուն դերասան-երգիչ-հաղորդավար-բլոգեր, իրենց համարում են մտավորական: Չնայած զարմանալու բան չկա, եթե ռաբիզ երգիչները մեկը մյուսի հետևից դառնում էին ՀՀ վաստակավոր արտիստ, տրամաբանական է, որ «մեղանչելն» ու «ապաշխարելը» իրարից չտարբերողները պիտի դառնան մտավորական:

Ինչևէ:

Այդ «մտավորականները» նորից սկսել են իրենց սիրած զբաղմունքը, այսինքն հայհոյել ում հնարավոր է, ինչքան հնարավոր է և մեղադրել բոլորին, որ իրենց արածների հետևանքով երկիրը հասավ կործանման: Ամենաթունդ բաժինը ստանում են ՔՊ ընտրածները, որոնց արդեն կնքել են «ժեխ» մականունով և ամենաայլանդակ ածականներով մեղադրում են մոտ 680 հազար մարդու՝ ոչխար, անհայրենիք, ծախված, գեղցի, չտես…մի խոսքով, չեմ ուզում անցնել պատշաճի սահմանները:

Ենթադրենք, որ Փաշինյանը դավաճան է, Քոչարյանը՝ թալանչի, Սերժը՝ Խաղամոլ, Լևոնն էլ՝ ձեր ճաշակով որևէ բան, ասենք ջհուդ, կամ որ ավելի վատ է, թուրք-ջհուդ, իսկ որ շատ ավելի վատ է կեղծարար թուրք-ջհուդ, և նրանք հետևողականորեն, մտածված, չմտածված, մի խոսքով երկիրը բերին հասցրին կործանման ու դրա մեղավորը այն «անհայրենիք, ստոր տականքներն են», որոնք ընտրել են նրանց, քանի որ նրանց ընտրության հետևանքով են այդ չարիքի մարմնացումները եկել դարձել իշխանություն: Այսինքն անհայրենիք տականք է ողջ ժողովուրդը, քանի որ վերոհիշյալ չորս պարոններն էլ ընտրվել են մեծամասնության կողմից:

Մեն հասել ենք վերջին ժամանակների մեր ամենասիրած զբաղմունքին՝ մեղադրելուն:

Շատ կներեք, իսկ այդ «մտավորական էլիտան» ո՞ւր էր այսքան տարի: 1991թ. սկսած ո՞ւր էր մտավորական այդ զայրացած խումբը, որ հիմա էսպես ահեղամռունչ գոռգոռցով ու փրփուրը բերնին հարձակվել է մարդկանց վրա ու մեղադրում է ապուշ լինելու համար: Ընդհանրապես մտավորականությունը, կամ այն ինչ Հայաստանում փոխարինում է այդ երևույթին, պիտի դառնար կրթողը, զարգացնողն ու առաջ տանողը: Որ մարդիկ անգրագետ չմնան, որ հասկանան, թե ինչ է հայրենիքը, որ ըմբռնեն դրա կարևորությունը, որ երբեք հանուն փողի վատ բաներ չանեն: Իսկ այ Հայաստանում, մտավորականությունը զբաղված էր ոչնչով: Այո՛, այո՛, ոչնչով ու պետք չէ հիմա հոխորտալ, թե մենք գիտնական ենք, գրող ենք, մենք այս ենք արել, այն ենք արել: Գիտնակա՞ն եք, գրող, հրապարակախոս, երգիչ-դերասան ու Աստված գիտի էլ ի՞նչ: Ուրեմն բոլորդ այնքան անկարող աղբ եք, որ մի հասարակ ինսթագրամի հավելվածը հաղթեց ձեզ բոլորիդ, որ գողականի մասին ֆիլմը հաղթեց ձեզ բոլորիդ, որ թորքական կլկլոցը հաղթեց ձեզ բոլորիդ ու այլասերեց հասարակությանը:

Հա ի դեպ, իսկ չէ՞ որ հասարակությանն այլասերողների մի հսկա հատված եղել է հենց այդ վաստակավոր ու անվաստակ մտավորականների ու գործիչների պատկառելի զանգված:

Սերիալներ, տափակ գրքեր, ռաբիս, փողով տուշ, գողական պահվածք, էրոտիկա…շարունակե՞մ:

Ի՞նչ եք տվել ժողովրդին, որ հիմա պահանջում եք: Ի՞նչ եք արել, որ այս հետևանքից խուսափենք: Ասում եք ժեխ: Լավ, ասենք թե ժողովուրդը անհասկացող ժեխ է, իսկ ի՞նչ եք արել, որ մարդիկ ժեխ չդառնան: Ո՞րն է ձեր ներդրումը հայ հասարակության գիտակցության մեջ: Լալահառաչ ռաբիսը, քրեաօլիգարխիկ բիզնեսմենի կերպարը, կիսամերկ հոլովակներն ու գռեհիկ հումորները եկեղեցու, ընտանիքի, դպրոցի ու կուսության մասին: Իսկ ի՞նչ եք կարծում, նման կոնտենտով սնվող հում պատանին ի՞նչ արժեհամակարգով է ապրելու:

Ոչ ոք ժեխ ու դավաճան չի ծնվում, ոչ ոք: Ամեն մարդ ծնվում է անմեղ, նա հում խմոր է, որին ներարկում եք ձեր միջին որակական տաղանդն ու նրանից առասպելաբանական իմաստություն փնտրում:

Լավ տակտիկա է, գողը բոլորից բարձր է գոռում. «բռնեք գողին»:

Իսկ ո՞ւր էիք այսքան տարի, երբ հասարակությունն անդարձ այլասերվում էր, ո՞ւր էիք: Ասեմ, ձեր մի մասը իշխանական թեփշի էր լիզում, որ հերթական «վաստակավորի» կոչումը ստանա, հետն էլ տարբեր դրամական ու ֆինանսական բոնուսներ: Արդյունքում այս միջին որակները դարձել են «էլիտա» փչացրել ու աղավաղել ինչ հնարավոր է ու հիմա էլ մեծ-մեծ խոսում են այն հետևանքի դեմ, որ ձևավորվել է իրենց արածի կամ լռության հետևանքով:

Դե նրանք իրոք վստահ են, որ իրենք մեծություն են ու հասարակ ժողովրդին դիմելը, նրանց հոգսերով ապրելը, նրանց կրթելը չափից ավելի փոքր, մանր-մունր բան է, իրենք ինչ որ տիեզերական մեծության գործերով են զբաղված:

Այս դառը իրականության մեջ հիշում եմ հայոց պատմության երկու դրվագ, որ հաջորդել են մեկը մյուսին՝ 1915թ. արևմտյան Հայաստանում թուրքերի կողմից մտավորականության կազմակերպված ջարդը և 30-ականներին կոմունիստների կողմից արևելյան Հայաստանում մտավորականների աքսորն ու գնդակահարությունը:

Թե՛ թուրքերը, թե՛ բոլշևիկները այդ ամենն անում էին հստակ գիտակցումով՝ պետք է ժողովրդին զրկել մտածող մարդկանցից, պետք է սպանել բոլոր նրանց, ովքեր կարող են ազգային արժեք ստեղծել, պետք է փչացնել բոլոր այն կերպարները, որից հասարակ մարդը կարող է օրինակ վերցնել, պետք է մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր կարող են ժողովրդին կրթել, պետք է գնդակահարել բոլոր նրանց, ովքեր կարող են կայծ առաջացնել ժողովրդի մեջ ու պետք է ընդհանուր առմամբ գլխատել ժողովրդի մտավորականությանը՝  դպրոցի ուսուցչից մինչև կաթողիկոս, որ ջրիկացվի այդ ժողովուրդը, որ սկսի զբաղվել ոչ մի բանով, որ նրան կառավարեն ու կոտորեն այնպես, ինչպես իրենց է ձեռնտու, քշեն ինչպես ուզեն:

Թուրքերն ու բոլշևիկները շատ լավ հասան իրենց ուզածին: Առանց մտավորականության մնացած հայերին կոտորելը թուրքերի մոտ բավական հեշտ ստացվեց, իսկ արևելյան Հայաստանում առանց մտավորական մնացած միջին կարողության տեր քաղաքացին վախից գունատված գոռում էր Կեցցե՛ Ստալինը ու նրան փառք տալիս, որ երկրագունդը կլոր է ու գտնվում է արեգակնային համակարգի ամենահարմար մասում և դա անշուշտ «ժողովուրդների հոր», որին սիրում են «հորից առավել ու ով սիրում է իրենց հորից առավել»: Նախադասության վերջին հատվածը կատակ չէ, իրոք որ խորհրդային ռեժիմը մարդկանց հասցրել էր նման ողբերգական վիճակի:

Բայց վերադառնանք մեր օրեր: Մեր օրերում «մտավորականություն» կոչված թյուրիմացությունն արեց ավելի շատ, քան թուրքերին ու բոլշևիկները միանգամից, նրանք միանգամից սկսեցին մարդկանց փչացած սնունդ տալ ու ամեն կերպ խրախուսել այլասերումը՝ սկսած մի տուփ կոնֆետով դպրոցում բարձր գնահատական նշանակելուց, համալսարանում գումարով կամ ծուլանալուց, կամ էլ սեփական անգրագիտության հետևանքով ամեն ապուշի կարմիր դիպլոմ տալուց, այլանդակ ֆիլմեր ու սերիալներ նկարահանելուց ու դրանցում խաղալուց, թուրքական կլանչոցներն ու մուղամը մարդկանց մատուցելուց: Ապրեք, շատ ապրեք: Ձեզ գնդակահարելն էլ քիչ է. եթե քաղաքական ղեկավարությունը փող է գողացել, ապա այդ «մտավորականները» գողացել են ժամանակը, գաղափարը, հոգին: Նրանք, հանուն իրենց մի քանի կոպեկի, զրնգուն մեդալի ու սերտիֆիկատի, հանգիստ խղճով ապականել են մի ողջ դարաշրջան և հիմա էլ կանգնել ու իրենց իսկ փչացրած ժողովրդին անվանում են ժեխ:

Այդ «մտավորականության» մի մասն է կազմում համեմատաբար ավելի երիտասարդ ու լպիրշ հատվածը, որի լկտիությունն ուղիղ համեմատական է սեփական անգրագիտությանը և որոնք ամենակատաղիներն են: Այս վերջինները, որոնք իրենց համարում են ժամանակից ու տարածությունից դուրս, պատրաստ են ողջ մոլորակին անգամ խարույկի վրա դնել, միայն թե իրենց փչացած ու նեխած արժեհամակարգը գնահատվի որպես արվեստ և իհարկե չեն մոռանում սարսափելի բառապաշարով կրկին հայհոյախառն անդրադառնալ ժողովրդին՝ նրանց կոչելով ժեխ, ծաղրելով նրանց ծուռ ատամները, հին հագուստները կամ այն, որ այդ մարդիկ երբևէ Հյուսիսային պողոտայի թանկարժեք սրճարաններում նկարներ չեն արել ու այս դեպքում ժեխին ավելացնում են չտես-գեղցի վերջավորությունը:

Ու դա այն դեպքում, երբ այս երկիրն ապրել է այդ նույն հասարակ ժողովրդի շնորհիվ, որին թանալանել են և՛ գաղափարապես, և՛ նյութապես, որը 1991թ. սկսած պաշտպանել է սահմանները, անվերջ զոհվել այս տարիների ընթացքում, անցյալ տարի, երեկ չէ առաջին օրը…ու հանկարծ այս ամենի միջից դուրս է պրծնում 25-ամյակը հազիվ բոլորած որևէ խակ երիտասարդ ու ոգևորված սկսում հայ-հույ անել ու ինքն իր գոռգոռոցներով զմայլված՝ անեծքահարում է իր հետ համաձայն չլինողներին և նրանց ասում. «Սա ձեր ընտրությունն է, տեղն է ձեզ, դուք ազգ չեք»:

Այո՛, տգիտությունն է տիրել մեզ, տգիտությունն ու վախը և տգիտությունը վախ է բերում, իսկ վախը՝ սպանում է, սպանում է, եթե նույնիսկ դու ողջ ես:

Հայոց մտքի տիտաններից Րաֆֆին իր հոդվածում նշում է. «Բողոքում ենք, որ մարդիկ գիրք չեն կարդում, իսկ ի՞նչ ենք տալիս նրանց, որ կարդան՝ մի քանի եկեղեցական գիրք, որը մեր ձեռքբերումը չէ», իսկ Խաչատուր Աբովյանը ցավով ասում էր, որ Պղնձե քաղաքի պատմությունն ու Խիկար Իմաստունի խրատները տարածվում են, բայց հայկական համարժեքը չկա:

Այժմյան մտավորական համարվող միջակները, որ այսպես կոչված մշակութային մաքսանենգությամբ են զբաղված, այսօրվա խիկարներն են, այսօրվա իմաստակներն ու մշակույթ ջրիկացնողներն ու ազգային դեմք աղավաղողները: Այդպես էր տասը տարի առաջ , հինգ տարի առաջ ու հենց այսօր: Մտեք հայկական յութուբ, սերիալներ, երգեր ու սարսափեք այդ սպիտակ սպանդից:

Թուրքերին ու բոլշևիկներն իմանային այս մասին, այլևս կոպիտ սպանդ չէին կազմակերպի, այլ զուտ կթողնեին, որ  այդ մեդալի մեռածներն ու փողով գաղափարականները ծախեն սեփական մշակույթը, կեղծ-գիտնականները մարդկանց վրա «սաղացնեն» իրենց անգիտությունը և այդ ամենի համար վճարի ժողովուրդը՝ վճարի սեփական մշակույթի ու էության մոռացումով: Տեղին է հիշել Ռուբեն Հախվերդյանի երգերից մեկը, որում երգիչը դիպուկ նշում է.

«Մտավորական քրեականներ,

Կիսագողական ոստիկաններ,

Ղումարի նստած դասախոսներ

Ու նստած-ելած շատախոսներ»:

Ու երբ հերթական հիստերիկը, որ նոր-նոր է խիզախում կյանք մտնել, գոռում է ժե՜խ, ես ուզում եմ նրան հայելի տալ՝ ինքն իրեն ճանաչելու համար:

Ժողովուրդը ժեխ չէ, ժեխն այս կեղծ մտավորականներն են, որոնց մի մասը փողով, իսկ մյուս մասը հանցավոր լռությամբ հանդուրժեց հասարակական-ազգային այլասերումն ու մշակութային գաղթը:

Մեր այսօրվա վիճակի մեծագույն պատասխանատուն դուք եք, ժե՛խ:

Հ․գ․ Բոլոր այն մարդկանց, ում մենք երբևէ տեսել ենք, ամենավատը հիշում ենք մեզ։ Մենք ուսումնասիրում ենք դեմքերը միայն մարդկանց ճանաչելու համար, և եթե մեր դեմքը չի մնում մեր հիշողության մեջ, դա այն պատճառով է, որ մենք երբեք վտանգի չենք ենթարկվում ինքներս մեզ ուրիշի հետ կամ ուրիշին մեզ հետ շփոթելու համար։

Դենի Դիդրո «Նամակ կույրերի մասին, ի խրատ տեսնունակների»:

Չնայած դուք ուր, Դիդրոն ուր:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *