Հայաստան

Նոյեմբերի 16-ի Հարձակում․ Պատճառներ, Անելիքներ

Էմիլ Օրդուխանյան

Դիմադրենք այս արտաքին ծանրագույն ճնշումներին ԱԶԳՈՎԻ` թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում։

Ինչու՞ տեղի ունեցավ նոյեմբերի 16-ի հարձակումը Հայաստանի սուվերեն տարածքի վրա

1. Նոյեմբերի սկզբին ռուսական աղբյուները շրջանառեցին տեղեկություն առաջիկայում եռակողմ նոր հանդիպման մասին։ Հետո տարածվեցին լուրեր այդ հանդիպման ընթացքում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու մասին։

2. Հայկական կողմը մի քանի անգամ հայտնեց, որ որևէ հանդիպում չի նախատեսվում։ Ըստ էության, դիվանագիտորեն մերժեց դրանք։

3. Դրանից հետո նոյեմբերի 9-ին Շուշիի մերձակայքում գնդակահարվեց հայ խաղաղ բնակիչը։ Սա նախազգուշական (պարտադրական) քայլ էր առ այն, որ Հայաստանի մերժումը հանդիպմանը մասնակցելու մասով ճիշտ մոտեցում չէ։

4. Դրանից հետո հայկական կողմն իր գործողություններով էլ ավելի պնդեց հանդիպումից հրաժարվելու իր դիրքորոշումը` դատապարտելով Շուշիի մերձակայքում տեղի ունեցածը, որին անատամ արձագանքեց հանդիպման նախաձեռնողը` ռուսական կողմը։

5. Մեր այս անզիջողական քայլին հետևեց նոյեմբերի 16-ի ռազմական հարձակումը, որին միայնակ դիմադրեց Հայկական բանակը, իսկ դաշնակից ներկայացող Ռուսաստանը միջամտեց միայն կրակը դադարեցնելու մասով, երբ թշնամին մեր սուվերեն տարածքում էր արդեն։

Ո՞րն էր իրականում ռուսական կողմի այսպիսի վարքագծի պատճառը։

1. ՌԴ-ն փաստացիորեն չի ուզում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերագործարկում։ Ավելին` Լավրովն ասում է, որ Մինսկի խումբը միայն մարդասիրական հարցերով պիտի զբաղվի։

2. ՌԴ-ն հետևողականորեն առաջ է մղում 3+3 ձևաչափը, որի առաջնային շահառուն թուրք-ադրբեջանական տանդեմին զուգահեռ նաև ինքն է, քանի որ Արևմուտքին տարածաշրջանից դուրս մղելու լավագույն առիթը ստեղծվել է հիմա, իսկ հնարավորությունը 3+3 է։

3. Հայաստանը դեռ չի ընդունել 3+3 ձևաչափը, որը պրոպագանդում է նրա ռազմավարական դաշնակիցը։ Սա ցույց է տալիս, որ այս հարցում Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում։

4. Եթե թուրք-ադրբեջանական տանդեմի համար 3+3 ձևաչափը Արցախի հարցի լուծման և միջանցքի բացման լավագույն տարբերակն է, ապա ՌԴ-ի համար բացի Արցախյան խնդրից, այն նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդրի լուծման լավագույն տարբերակն է, որը դուրս է թողնում Արևմուտքին։

Սա է պատճառը, որ Վրաստանը չի համաձայնում 3+3-ին։

5. Հիշենք, որ հարավ-կովկասյան տարածաշրջանի երեք կոնֆլիկտի գոտիներում տեղակայված են ռուսական զորքեր։

6. Միայն ռուսական կողմի միջնորդությամբ և սովետական (ՌԴ ԳՇ-ում պահվող) քարտեզներով սահմանազատումը և սահմանագծումը, եթե ադրբեջանական կողմի համար տարածքային հավակնությունները բավարարելու միջոց են, ապա ՌԴ-ի համար Մինսկի խումբը լիկվիդացնելու և Հայաստանը երկարատև սահմանային հարցի լուծման թնջուկում պահելու, հետևապես` պերմանենտ և կառավարելի անկայունությունը շարունակելու հնարավորություն։

Ահա այս շահերին հակադրվելու և իր այս թուլացած վիճակով դրանց դիմադրելու համար է Հայաստանը տուժում/պատժվում։ Եվ սա է գլխավոր պատճառը, որ ՌԴ-ն նոյեմբերի 16-ին չկատարեց Հայաստանի հանդեպ իր պայմանագրային պարտավորությունները։ Եվ նույնիսկ ծագումով հայ ամենառուսամետ ֆիգուրները սկսեցին քննադատել Ռուսաստանին նրա անհասկանալի վարքի համար։

Այս ամենը նշանակում է, որ Հայաստանի համար դժվարագույն ժամանակներ են, և մենք պետք է`

1. դիմադրենք այս արտաքին ծանրագույն ճնշումներին ԱԶԳՈՎԻ` թե՛ ներսում, թե՛ Սփյուռքում։

2. դիվանագիտորեն առաջ մղենք Մինսկի Խմբի ձևաչափը` պահանջելով և պնդելով նրա մասնակցությունը ոչ միայն Արցախյան խնդրի կարգավորմանը, այլև սահմանազատմանը և սահմանագծմանը, եթե դա դառնա անխուսափելի։

3. Հայաստանի սուվերենության, սուբյեկտության, կենսունակության ապահովման միակ հնարավորությունը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է թե՛ հաղորդուղիների, թե՛ կոնֆլիկտների, թե՛ սահմանորոշման գործընթացներում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *