Հայաստան

Պարապ Վախտի Խաղալիք

ԱԺ իշխանությունն ու ընդդիմությունն իրար այնքան են ատում, որ պատրաստ են նույնիսկ կռվել, թե ճիշտը 6 ասելն է թե 9-ը, ուր մնաց նման կարևոր հարցում իրար զիջեն:

Արայիկ Մկրտումյան

Մի անգամ, մի շատ խելացի մարդ, ում անվանում էին Ալբերտ Էյնշտեյն, ասաց, որ երկու անվերջանալի երևույթ կա՝ տիեզերքն ու մարդկային հիմարությունը, ընդ որում կասկածներ ունի տիեզերքի հաշվով: Այդ նուրբ հումորով Էյնշտեյնը ցանկացավ ընդգծել, որ մարդկային հիմարությունը սահմաններ չի ճանաչում և կարող է ձգտել դեպի անվերջության: Բայց Էյնշտեյնն իր ողջ խորաթափանցությամբ հանդերձ չէր կարող գուշակել, որ աշխարհում կգումարվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ժողովը, այլապես նա կասեր, որ «Աշխարհում երեք անվերջանալի բան կա՝ տիեզերքը, մարդկային հիմարությունն ու Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի տեղակալի պաշտոնում առաջադրելն ու չընտրելը»:

Ծիծաղելի ոչինչ չկա:

Այն տպավորությունն է, որ ՀՀ ԱԺ-ում որոշել են հաստատել Էյնշտեյնի ասույթը՝ տիեզերքի պահով չէ իհարկե: Այլապես անհասկանալի է այս էժանագին թատրոնը, որ տեսնում ենք արդեն որերորդ ամիս: Արթուր Ղազինյանին առաջադրեցին ու չընտրեցին առաջին, անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ, հինգերորդ անգամ…սա արդեն դառնում էր հետաքրքիր, երբ տասներորդ անգամ չընտրվելուց հետո հանկարծ վրա հասավ դառը հիասթափությունը (հասարակ մարդկանց մոտ իհարկե, քանի որ ԱԺ-ում այդ թատրոնը շարունակվում է) ու մենք հասկացանք, որ այս 30 տարիները ոչ ոքի ոչինչ չեն սովորեցրել: 30 տարի, հասկանո՞ւմ եք: 30 տարի մենք պարապ ու ալարկոտ շարժումներով կառավարման իմիտացիա արեցինք, իսկ հետո պայթեց Արցախյան երկրորդ պատերազմը և մենք, տեսնելով հանդերձ, թե ինչ աղետալի հետևանքներ ունի անլրջությունը, շարունակում ենք նույն կերպ: Ինչո՞ւ եմ ասում մենք, ոչ թե միայն ԱԺ-ն, որովհետև այդ հիմարությամբ զբաղված ԱԺ-ն ձևավորվել է հենց մեր՝ ժողովրդի քվեարկության հետևանքով: Նույնիսկ ինքս ինձ չեմ առաձնացնում ժողովրդից, թեև քվեարկել էի լրիվ ուրիշ ուժի:

Արթուր Ղազինյանը երեկ չընտրվեց արդեն 14-րդ անգամ, իսկ թվերը, հայտնի բան է, որ անվերջ են…հաշվի առնելով ԱԺ մակարդակն ու լրջությունը` բոլորովին չեմ զարմանա եթե Արթուր Ղազինյանին չընտրեն 15-րդ կամ 20-րդ անգամ: Ինչևէ: Ասում են ինչ-որ օրենք պիտի ընդունեն, որով արգելվի նույն մարդուն մի քանի տասնյակ անգամ առաջադրել-չառաջադրելը: ԱԺ մտքով այդ հանճարեղ օրենքն անցավ, երբ Արթուր Ղազինյանին արդեն հասցրել էին 10 անգամ չընտրել, բայց միևնույն է, շարունակում են նույն բանն անել: Որովհետև ԱԺ իշխանությունն ու ընդդիմությունն իրար այնքան են ատում, որ պատրաստ են նույնիսկ կռվել, թե ճիշտը 6 ասելն է թե 9-ը, ուր մնաց նման կարևոր հարցում իրար զիջեն: Նրանք երևի մոռանում են, որ ՀՀ ԱԺ-ը գարեջրատուն չէ, ուր կարելի է հավաքվել ու անվերջ վիճել հետևողական մատերիալիզմի կամ դիալեկտիկայի մասին: Ու ամեն ինչ շարունակվում է նորից, իսկ Հայաստանի խնդիրները մնում են խորացված ու չլուծված:

Բայց ԱԺ-ն չի հանձնվում և իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են իրենց հերոսական պայքարը միմյանց դեմ: Երեկ, քննարկվում էր շատ կարևոր, անչափ կարևոր, տիեզերական, համամոլորակային աստիճանի կարևոր մի հարց՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի արտասանած «շինել» բառը հայհոյանք է թե ոչ: Եվ այդ անլուծելի դիլեման հասավ այնպիսի թեժ քննարկումների, որ նույնիսկ Լայբնիցն ու Վոլտերը նման հակադրության մեջ չէին մտել: Քննարկումները հասան նույնիսկ նրան, որ իշխանականներից մեկը լրջորեն խոսում էր լեզվի փոխառությունների, դրա հետևանքով լեզվակրության մեջ տեղ գտած տրանսֆորմացիաների մասին, ընդ որում ասելով, որ այդ հետևանքով փոփոխվում է բառի և՛ գոյաբանական արժեքը, և՛ ընկալման մոտեցումները: Նման տերմիններ իհարկե չկիրառեց, բայց ասածը մոտավորապես դա էր նշանակում: Ընդդիմադիրները չհամոզվեցին և ուրախ-զվարթ շարունակում էին միմյանց լեզվագիտական դասեր տալ: Էրիխ Ֆրոմը, ով իր «Ունենալ, թե լինել» աշխատության մեջ անդրադարձել էր հենց էթնոլեզվական հարցերին, կամ կնախանձեր մեր ԱԺ-ին կամ էլ բարկացած կպատռեր իր գիրքը:

Իսկ քանի դեռ ԱԺ-ն շարունակում է իր ուլտրա-սուպեր-մեգա պարապությունը, լուրեր տարածվեցին նաև, որ հակառակորդը, ներողություն, թշնամին, հետ է քաշվել Իշխանասարի հատվածից: Աբսուրդն այն էր, որ համայնքապետը ասում էր, որ գնացել են, ՊՆ-ը հորդորում էր հետևել միայն պաշտոնական հաղորդագրությանը: Իսկ պաշտոնական հաղորդագրություն չկա: ՊՆ-ը ո՛չ հերքում էր, ո՛չ էլ հաստատում: ՊՆ-ը հորդորում է, հորդորում է անընդհատ ու անընդմեջ: ՊՆ-ը ինձ հիշեցնում է բլոգ, որտեղ մշտապես սկանդալային նյութեր են հերքվում ու հաստատվում:

Այո՛: Հայաստանում արդեն տևական ժամանակ է չկա ոչ մի բան: Ինչ ասես, կհերքեն: Ձյուն էլ գա, ոչ կհաստատեն, ոչ կհերքեն: Հայաստանը դարձել մի տեսակ հարաբերականության հանրապետություն, որտեղ ամեն ինչ մեկնաբանության հարց է:

Մեծ հայ Թումանյանն իր բալլադներից մեկում այսպես է գրում.

«Լինում է, թե չէ, ո՞վ գիտե հաստատ,

Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վրա,

Աշխարքում միայն մի բան կա մենակ,

Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»:

Առաջարկում եմ ՊՆ-ն միանգամից այս քառատողը դնի որպես մեկնաբանություն ցանկացած նյութի համար՝ համ մարդիկ Թումանյան կկարդան, համ փիլիսոփայորեն կմոտենան այս հարցին, համ էլ գուցե այն ամեն ինչի նախարարությունը, որը նաև կրթության համար է պատասխանատու, վերջապես փորձի տեղից շարժվել:

Ի դեպ, ԱԺ-ին ոչ մի կերպ հնարավոր չէ համոզել, որ զբաղվեն ասենք, ասեք Վարչաիրավախախտումների մասին օրենքով, որտեղ հոդվածներում 2021թ. դեռևս շարունակում են շողշողալ ԽՍՀՄ, Գերագույն Խորհուրդ, Սոցիալիստական բառերը: Այդ պարոնները միայն մի բան են կարողանում անել՝ հակաճառել իրար: Դե քանի նրանք շարունակում են հայհոյանք քննարկել, առաջադրել ու չընտրել 14 անգամ, ես հիշեցի, որ տարիներ առաջ Հրայր Թովմասյանն իր խոսքում ասաց, որ ինչ որ մարդիկ ինչ որ բանում «ղալաթ» կանեն, որից հետո լեզվագիտական հմտություններով ապացուցեց, որ «ղալաթ» ամենևին էլ վատ բառ չի նշանակում: Դրանից հետո Արմեն Ռուստամյանը հիշեց, որ ինքն էլ լեզվագիտական հմտություններ ունի և ասաց «չատլախ» և իհարկե միանգամից էլ բացատրեց, թե իր ասած բառը, որի համար երիտասարդները սովորաբար պատրաստ են դանակով միմյանց թոք ծակել, այն չէ ինչ երևում է: Դե իսկ Փաշինյանի ասած «շինել»  բառը կարծեմ բացատրում էին, որ դա ոչ թե այն է,  ինչ միանգամից անցավ ձեր մտքով, այլ շինել, այսինքն կառուցել…չգիտես լաս թե խնդաս: Լավ է չեն ասում, որ ցարական ժամանակներում երկարափեշ վերարկուին շինել էին ասում և Փաշինյանը շինել ասելով նկատի ուներ տեքստիլ գործարան հիմնելու ծրագրեր, թեև ով գիտե, ԱԺ-ում բավական վառ երևակայության տեր մարդիկ կան:

Իսկ Արթուր Ղազինյանին ընտրել թե չընտրել շեքսպիրյան դրաման Պարույր Սևակի հետևյալ տողերն են հիշեցնում.

«Գարունը անցավ՝ ես քեզ չտեսա,

Ամառը անցավ՝ ես քեզ չտեսա,

Աշունը անցավ՝ ես քեզ չտեսա,

Ձմեռն էլ կանցնի՝ չեսմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը…մի՞թե չի գալու»

Մնում է միայն գլուխը թափ տալ այս ողջ անհեթեթության վրա ու հուսալ, անվերջ հուսալ, որ մի օր լավ է լինելու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *