Հայաստան

Ռուսական Խաղը եւ Հայկական Փակուղին

Բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնամի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտածողությունը սահմանափակելով լոկ այդ պրիզմայի շրջանակում, հայկական պետականությունը միջազգային իրավա-քաղաքական սուբյեկտի հեռանկարի փոխարեն ստանում է ռուսական հավերժ ֆորպոստի կարգավիճակ: Անգամ «Դաշնային սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի:

Հակոբ Բադալյան

Երկրորդ առանցքային հարցը, որ իմ սուբյեկտիվ գնահատմամբ առանձնացրի վարչապետ Փաշինյանի ասուլիսից, ինչի մասին խոսել էի նախօրեին` որ կանդրադառնամ առանձին գրառումով: Դա «թշնամի Թուրքիայի» թեման է: Այն, թե ինչ նկրտումներ ու մոտեցումներ ունի Թուրքիան Հայաստանի հանդեպ, երեւի չունի ավելորդ նկարագրությունների կարիք: Մյուս կողմից, մեզանում՝ մեր հանրային, պետական դիսկուրսում այս հարցը տասնամյակներով պարզունակացվել է «թշնամության» հռչակագրի մակարդակի:

Ընդ որում, այստեղ իհարկե թե’ «ակադեմիական», թե’ «սրճարանա-ժամանցային» հռչակագրեր են՝ եւ հիմնականում Երեւանում «ուրբանիզացված», ու գործնականում ոչ մի քաղաքական լուծում՝ լինի տակտիկական, թե ստրատեգիական: Այդ «թշնամության հռչակագիրը» քաղաքական լայն տակտիկա-ստրատեգիական լուծում է եղել ու մնում մեկ երկրի համար՝ Ռուսաստանի:

Ու բանն այստեղ այն չէ, որ Թուրքիան թշնամի չէ: Բանն այն է, որ հայ ժողովրդի մտածողությունը սահմանափակելով լոկ այդ պրիզմայի շրջանակում, հայկական պետականությունը միջազգային իրավա-քաղաքական սուբյեկտի հեռանկարի փոխարեն ստանում է ռուսական հավերժ ֆորպոստի կարգավիճակ: Անգամ «Դաշնային սուբյեկտի» էլ չէ, այլ ֆորպոստի:

Իսկ ֆորպոստը մշտապես լինելու է պատերազմների մեջ՝ դրանից բխող ծանր հետեւանքներով, իհարկե ոչ միայն պարտությունների՝ այլ նաեւ հաղթանակների դրվագներով, բայց բոլոր դեպքերում հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհերով: Ֆորպոստը հենց դրա համար է, որ պատերազմը իր ծանր հետեւանքով որքան հնարավոր է հեռու լինի «Դաշնային սուբյեկտների» սահմաններից:

Որն է ելքը: Այդ հարցը չունի միարժեք կամ կարճ, արագ պատասխան: Բայց ելքը հաստատ բանալ հակառուսականությունը չէ: Ավելին, այդ բանալ հակառուսականությունը խորացնում է ճգնաժամը, որովհետեւ տիրապետելով շատ ավելի մեծ ու լայն, բազմազան ազդեցության եւ ռեսուրսների, Ռուսաստանը կարողանում է հենց իր համար օգտագործել այդ «բանալ գործիքը», հաճախ կամ շատ դեպքերում հենց ինքն էլ դրած լինելով դա հայ ժողովրդի «ձեռքում»՝ հակառուսականություն եւ հակաթուրքականություն, հայկական միտքն ու քաղաքական բովանդակությունը կամա, թե ակամա սեղմող միեւնույն «հարթաշուրթի» (պլասկագուպցի) երկու «ծնոտը»:

Ելքը ոչ թե մյուս կողմից էլ Ռուսաստանը թշնամի հռչակելն է՝ ինչը Ռուսաստանը, ինչպես նշեցի, ինքն էլ հենց նաեւ հմտորեն խթաննում եւ հետո վերածում է մեր դեմ բումերանգի, այլ այս՝ հայկական պետականության ճակատագրի համար թուրքական խնդրին առնչվող հարցերը «թշնամության» ստանդարտ «պրիզմայից» դուրս բերելը:

Որպեսզի դրանով նաեւ կարողանանք Ռուսաստանին թույլ չտալ ստանալ բումերանգի էֆեկտ, ու նաեւ դուրս բերենք Հայաստանի հանդեպ իր ավանդական կամ ստանդարտ գնահատումների պրիզմայից:

Սա էլ մյուս բավականին խորը ճգնաժամն ու փակուղին է հայկական պետականության ճանապարհին, որի հաղթահարումը անշուշտ ենթադրում է շատ բարդ աշխատանք թե երկրի ներսում, թե արտաքին դաշտում: Որովհետեւ, ի վերջո, այդ խնդիրը լուծելու համար էլ Հայաստանը պետք է ամեն օր ուժեղանա ներքին կարողությունների առումով: Բայց, նաեւ պետք է ամեն օր փոխվի ռազմավարական խնդիրները դիտարկելու եւ լուծումներ գտնելու մեր մտածողությունը, մեթոդաբանությունը, մաղելով դրանից պաթետիկ զգայականությունն ու մեծախոս կենացականությունը, եվ, մեկ էլ՝ աշխարհը չարերի ու բարիների բաժանելու հեքիաթականությունը:

Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *