26.4 C
Yerevan

Դեկտեմբե­րի 7- Չհասկացված աղետ

Մարդիկ իրենց տունը պահե­լու համար քանդում են ուրի­շի տունը:

Արա­յիկ Մկրտումյան

Այսօր լրա­նում է ավե­րիչ երկրա­շարժի 33-ամյա­կը: Տասնյակ հազար մարդու կյանք խլած և Հայաստա­նին տնտե­սա­պես մահվան դատա­պարտած այդ երկրա­շարժը, որն ահա­վոր և սոսկա­լի լինե­լով, նաև աղե­տա­լի հետև­անքներ ունե­ցավ հայ ժողովրդի համար,  նույն կերպ ցավեցնում է մինչև այսօր:

Բայց հիմա մեկ ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել:

Երկրա­շարժից մնա­ցած ավե­րակնե­րին նայե­լով մարդիկ ոչ միայն տեսան սարսա­փե­լի և ավե­րիչ ուժի հետքեր, այլև մի շատ զայրացնող և քաջ ծանոթ մի երև­ույթ: Գողութուն: Մարդիկ տեսան, թե ինչ անո­րակ շինություններ էին ու նայե­լով հասկանցան, որ զոհե­րը շատ ավե­լի քիչ կարող էին լինել, եթե միայն մի փոքր ավե­լի որակյալ շինություններ լինեին: Այսինքն չգո­ղա­նա­յին շինա­րա­րա­կան նյութե­րը, այդպես այլանդա­կո­րեն չթա­լա­նեին: Որովհետև շենքե­րից շատերն այն տեսքն ունեին, որ նկարնե­րին նայե­լով հասկա­նում ես, որ երկա­թե ձողե­րը տասնա­պա­տիկ ավե­լի քիչ էին, որ շինանյութը շատ քիչ էր ու անո­րակ և նման ավե­րա­ծություն եղավ նաև այդ պատճա­ռով: Ու դա անսպա­սե­լի չէր, ցավոք անսպա­սե­լի չէր, որովհետև ԽՍՀՄ-ում գողությունը տարածված հասա­րա­կա­կան ու սոցիա­լա­կան պահվածք էր և դրա համար էլ շինա­րարնե­րը, որոնք կառուցել էին աղե­տի գոտու շենքե­րը, հանգիստ խղճով թալա­նել էին ամեն ինչ, որովհետև ըստ ընդունված տեսա­կետնե­րի՝ «մարդիկ տուն են պահում»: Որովհետև մարդիկ իրենց տունը պահե­լու համար քանդում են ուրի­շի տունը, որովհետև ամեն ինչ սխալ հիմքե­րի վրա էր դրված: Որովհետև այդ ամե­նը դեռևս շարունակվում է: Այդ անպա­տասխա­նա­տու և աննորմալ պահվածքը շարունակվում է մինչև հիմա:

Ճապո­նա­կան ասացվածքն ասում է. «Մի սխալ խփած պայտի պատճա­ռով կարե­լի է պատե­րազմը տանուլ տալ»: Ու այն սկզբունքով, որ այդ սխալ խփած պայտը կարող է լինել այն ձիու վրա, որը պիտի կարև­որ  լուր կամ հրա­ման տեղ հասցներ, բայց քանի որ պայտի պատճա­ռով ձին տեղ չհա­սավ, ապա լուրը կամ հրա­մա­նը տեղ չհա­սավ, զորքը ուշա­ցավ, գործը չարվեց և պատե­րազմը կարող է պարտվել հենց այդ ուշա­ցումնե­րի պատճա­ռով: Եվ մարդկանց մտքով գուցե չանցնի էլ, որ մի փոքրիկ մեխը կարող է նման հետև­անքնե­րի հանգեցնել և մարդիկ մոռա­նում են, որ ամեն մեխ իր տեղն ու դերն ունի և այդ տեղն ու դերը ունի իր հետև­անքնե­րը: Ուստի հասկա­նա­լի է, որ մի մեխի պատճա­ռով կարե­լի է մի ողջ ճակա­տա­մարտ կամ պատե­րազմ պարտվել: Բայց ինչու այդ միտքը մենք չհասկա­ցանք: Ինչու չհասկա­ցանք, որ պակաս մեխը մի ողջ ճակա­տա­մարտի ու պատե­րազմի կորցման պատճառ կարող է դառնալ:

Ինչու չհասկա­ցանք, որ մեկ կիլոգրամ պակաս ցեմենտը կարող է շենք քանդել, իսկ այդ շենքում մարդիկ են ապրում, նաև երե­խա­ներ: Ապրում է վաղվա սերունդը, վաղվա ապա­գան, երկրի հիմքն ու հույսը: Մի՞թե կարե­լի էր մի քանի ռուբլի ավել ունե­նա­լու, մի քանի կիլոգրամ երշիկ ավել ուտե­լու կամ մեկ տաբատ ավել ունե­նա­լու համար կործանման մատնել տասնյակ մարդկանց կյանքեր:

Այո՛, այդ շինա­րարնե­րը չգի­տեին, որ երկրա­շարժ է լինե­լու, բայց մի՞թե պետք էր իմա­նալ:

Ու հիմա, հենց հիմա մենք շարունա­կում ենք այդ ամե­նը: Շարունա­կում ենք հենց հիմա: Մենք անընդհատ խփում ենք պայտը վատ, գողա­նում ենք «արմա­տուրան» շարունա­կում ենք քանդել, ավե­րել մեր շրջա­պատն ու շրջա­կայքը, ավե­րել մեր երկիրն ու մեր ապա­գան:

Մենք պարտվել ենք պատե­րազմում, ու անհա­շիվ են խոսակցություննե­րը բանա­կում կատարվող գողություննե­րը: Ու մեր մտքով չի անցնում, որ գողացված ամեն տուփ պահա­ծոն նշա­նա­կում է ևս մեկ քաղցած զինվոր, ամեն վաճառված փամփուշտ նշա­նա­կում է ևս մեկ տեղի չունե­ցած կրա­կոց, ամեն գողացված զրա­հա­բաճկոն նշա­նա­կում է ևս մեկ չպաշտպանված զինվոր, ամեն գողացված կոշիկ՝ ևս մեկ չքայլող զինվոր:

Ու այդպես ամեն ոլորտում, ամե­նուր: Մենք դադա­րում ենք հասկա­նալ ամե­նա­հա­սա­րակ ու պարզ բանե­րը: Մենք չենք ուզում հասկա­նալ դոմի­նո­յի էֆե­կեկտի առկա­յությունը: Մենք չենք հասկա­նում, որ ամեն մի մանր սրի­կա­յություն իր հետև­ից բերում է ևս մի նոր սրի­կա­յություն: Ու մենք չենք պատժում, չենք պատժում ոչ ոքի, բացարձա­կա­պես ոչ ոքի:

Ինչպես պատժես, եթե ինքդ ես դա անո­ղը:

Մենք կամ իրոք այնքան անհասկա­ցող ենք, որ չենք կարո­ղա­նում ու չենք ուզում ըմբռնել այդ պարզ ճշմարտությունը, կամ ավե­լի վատ՝ գիտենք, հասկա­նում ենք և անում ենք: Որովհետև մենք «տուն ենք պահում», որովհետև մենք այնքան շատ «տուն պահե­ցինք», որ ուրիշնե­րի որդի­նե­րը տուն գնա­լու փոխա­րեն հայտնվե­ցին գերեզմա­նո­ցում, որովհետև մեր արժե­քը զինվորն ու հայրե­նի­քը չեն այլ ևս մեկ ափսե խոզի խորո­վա­ծը, թանկ մեքե­նան ու զարդե­րը:

Ու դեռ այսքա­նից հետո շատե­րը զարմա­նում են, թե ինչու է Աստված թույլ տալիս այս ամե­նը: Իսկ ի՞նչ անի Աստված, եթե մենք մեր ձեռքով էնպես էնք թալա­նել ու լափել, որ վաղը մեր սերուդնե­րին սա էլ չի մնա:

Եվ այո, 1988թ. դեկտեմբե­րի 7‑ին հազա­րա­վոր մարդիկ կարող էին ողջ մնալ, եթե շենքներն ու մնա­ցած կառույցներն ավե­լի ամուր լինեին: Նայում ես նկարնե­րին, հիշում ես ակա­նա­տեսնե­րի պատմա­ծը և հասկա­նում, որ շենքը չի քանդվե, չի ընկել կողքի, այն պարզա­պես ճզմվել ու փլվել է՝ դառնա­լով մի կույտ ողբերգություն:

Ահա սա էր երկրա­շարժի գլխա­վոր դասը, որ մենք չսո­վո­րե­ցինք: Սա էր, որ շարունա­կե­ցինք նույն սկզբունքով ու էլ ավե­լի մեծ ագա­հությամբ գողա­նալ, գողա­նալ ինչ հնա­րա­վոր է, որովհետև սա մեր երկի­րը չէ, ու զինվորն էլ մերը չէ: Մերն է միայն մեր ստա­մոքսն ու գրպա­նը, իսկ մնա­ցած ամեն ինչը գեղե­ցիկ բառերն են, որի հետև­ում ոչինչ չկա:

Երկրա­շարժը մեզ պիտի սովո­րեցներ, իսկ մենք չսո­վո­րե­ցինք: 2020թ. մեզ պիտի սովո­րեցներ, իսկ մենք չսո­վո­րե­ցինք ու համա­ռո­րեն շարունա­կում ենք փնտրել միայն մեկ մեղա­վո­րի:

Մի ողջ հատոր չէր բավա­րա­րի այս նյութը վերջացնե­լու համար, բայց ստիպված եմ այստեղ դադար տալ: Որովհետև, բարե­բախտա­բար, բոլորն այդպես չեն: Ազնիվ մարդիկ դեռ կան ու շարունա­կում են իրենց ուսե­րին պահել հսկա­յա­կան բեռ:

Խաղա­ղություն անմեղ զոհե­րի հոգի­նե­րին և անեծք նրանց մահվան ակա­մա մեղա­վոր գողե­րին ու առևտրա­կաննե­րին:

Եվ որպես ավարտ, հիշենք դիպուկ տողեր Սևա­կի «Ատում եմ» բանաստեղծությունից.

Ատում եմ…

Ովքեր ուրի­շի շեն տունն են քանդում՝ 

Իրենց պետք եկած գերա­նի համար, 

Ովքեր ուրի­շի ծառերն են ջարդում՝ 

Մի բուռ չհա­սած ծիրա­նի համար, 

Ովքեր համայնքի ծովից են խոսում, 

Բայց դեպի իրենց լճակն են հոսում…

Առնչվող Հոդվածներ