Հայաստան

Տխմարությունն Ընդդեմ Բացբերանության

ԱԺ նախագահը չափազանց ուշադիր պետք է լինի, թե որտեղ ինչ է խոսում, ինչ թեմայից եւ ինչ բառամթերքով:

Հակոբ Բադալյան

ԱԺ նախագահին կամ իշխանությանն ընդհանրապես հարվածելու համար այդ բովանդակ տեսանյութը տարածելը հարված է Հայաստանի Հանրապետությանը: Եվ էստեղ նախ կարող է հարց առաջանալ, արդյո՞ք պատահական է այդ տեսանյութի տարածումը Ալիեւի «միջանցքային» հոխորտանքին զուգահեռ, Հայաստանի հանդեպ ճնշման ակնառու փորձին զուգահեռ:

Միեւնույն ժամանակ, դա որեւէ կերպ չի արդարացնում ԱԺ նախագահի «բացբերանությունը»: Այդ բնորոշումը թող չհնչի կոպիտ: Դա նույնիսկ մեղմ բնորոշում է: Այդ կարգի չափազանց զգայուն քաղաքական թեմաների այդօրինակ արծարծումը նվազագույնը «բացբերանություն» է: ԱԺ նախագահը չափազանց ուշադիր պետք է լինի, թե որտեղ ինչ է խոսում, ինչ թեմայից եւ ինչ բառամթերքով: Եվ դա ոչ միայն ԱԺ նախագահը, այլ ցանկացած պետական եւ քաղաքական գործիչ:  

Ինչ վերաբերում է բովանդակությանը, իմաստային մասին, ապա այստեղ իհարկե վիճարկելու բան կարծում եմ չկա այն առումով, որ չի կարող պետական քաղաքականությունը եւ պետական շահը լինել գերիների հարցի պատանդ: Որովհետեւ դրանից գերիների հարցը չի շահելու, փոխարենը նորանոր խնդիրներ կունենա պետական քաղաքականությունը:

Բայց, կրկնեմ, ինչպես տեսանյութի տարածման տխմարությունը կամ ստորությունը չի կարող արդարացնել ԱԺ նախագահի այդբովանդակ զրույցը, այդպես էլ արդարացում չի կարող լինել այն, որ ճիշտ է ասվածի ընդհանուր տրամաբանությունը՝ մեր գերիների վերադարձը մեզ համար անբեկանելի առաջնահերթություն է, բայց այն չի կարող տեղի ունենալ պետական շահի եւ անվտանգության հաշվին, որքան էլ մարդկային առումով սա կարող է հնչել ցավալի:

Բայց, ավելորդ չեմ համարում կրկնել՝ չպետք է պետական գործչի շուրթերից հնչեն այդօրինակ զրույցներ, որոնք կարող են հետագայում դառնալ խնդիր ոչ միայն այդ գործչի, այլ առաջին հերթին պետության համար:

Նյութը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *