Հայաստան

Հայալեզու, Բայց Ոչ Հայամետ

Ի՞նչ են անելու հայկակական հեռուսատալիքները:

Պատմաբան, լրագրող Արմեն Չիբուխչյանը դեռևս հունվարի 17-ին բավական հետաքրքիր տեսաուղերձով հանդես եկավ և խոսեց խիստ կարևոր և մտահոգիչ երևույթների մասին: Խոսքը վերաբերվում է հեռուստաալիքներին: Արմեն Չիբուխչյանը նախ անդրադարձավ համազգային ինքնախաբեության տարածված սովորույթին, այն բանին, որ ապագան անորոշ է, լավատեսության հիմքերն արդարացված չեն, բայց շատերն այդ ֆոնին ոչ թե ուզում են սթափվել, այլ շարունակում են «լավ բաներ լսելու» սովորույթով ապրել, լսել ինչ որ չեղած հաղթանակների մասին: Իսկ դա, սարսափելի է: Իրականությունից կտրված լինելը աղետալի հետևանքներ է թողնում, որը և մենք տեսանք 44- օրյա պատերազմում:

Արմեն Չիբուխչյանն այս ամենից հրաժարվելու երկու ելքի մասին խոսեց՝

1.       Ազգովի հրաժարվել այդ ինքնախաբեությունից, համազգային մեծ ուժեերի գերագույն ջանքերի գնով դուրս պրծնել այդ հոգեբանական մորֆիի ազդեցությունից:

2.       Նստել ու հրաշքի սպասել, որ մի օր ամեն ինչ լավ կլինի: Հենց այնպես, աշխարհը այնպես կդառնա, որ հայերի համար լավ կլինի:

Հասկանալի է, որ երկուսն էլ հիմա չկան, չեն աշխատում ու մենք ուշքի չենք գալիս, իսկ պարապ երազանքը ոչ միայն անօգուտ է, այլև խիստ վտանգավոր: Չիբուխչյանը նշեց, որ մենք միշտ անհիմն վստահություն ենք ունեցել, չարդարացված անհոգություն և ուրիշ ոչինչ: Եվ այն հարցին, թե ովքե՞ր են մեղավոր, Չիբուխչյանն ասաց, որ մեղավոր է ոչ միայն օրենսդիր, գործադիր ու դատական, այլև չորրորդ իշխանությունը՝ մամուլը, հատկապես հեռուստադաշտը: Մեղավոր են այն բանում, որ սթափության և իրականության փոխարեն մշտապես քնաբեր ու քաղցր նյութեր են տվել հասարակությանը, իրականությունից հեռացրել մարդկանց, այլասերել ու այլանդակել նրանց մտածողությունն ու մտածողության պրիզման: Արմեն Չիբուխչյանը համեմատություն արեց, ասելով, որ նույնն է, թե բժիշկն առանց հետազոտելու, հենց այնպես հեռացնի հիվանդի կույրաղիքը, բայց նրան, ոչ թե պատժեն՝ այլ վճարեն ու պարգևատրեն:

ՀՌԱ-ն ձախողված վիճակում է: Հաջորդ յոթ տարվա համար մենք ունենք հեռուստակայաններ, որոնք սպասարկելու են ռուսական շահերը, հասարակության մտածողությունը ձևավորելու են ռուսական ձևով, հեռացնելու են իրականությունից:

Երեք համապետական սփռման հեռուստաալիք հանձնվել է ՌԴ-ին: Մարզերի բնակիչներն ու սահմանային գյուղերի բնակիչները լսելու են ու դիտելու են ռուսական իբրև թե վերլուծությունները, նրանք սկսելու են և շարունակելու են մտածել ու աշխարհի, հայ-ռուսական հարաբերությունների մասին մտածել այնպես, ինչպես ռուսներն են ուզում, ինչպես իրենց է ձեռք տալիս: Մեզ միշտ համոզել են, որ հայերին միայն ռուսները կպաշտպանեն, որ հայերի ապագան ռուսալեզու է: Իսկ ի՞նչ ենք հակադրել մենք դրան: Մենք չափից ավելի թանկ ենք վճարել ու վճարում այդ ամենի համար: Արմեն Չիբուխչյանը շատ տեղին հարց շոշափեց՝ արդյո՞ք Երկիր Մեդիան, Կենտրոնը, ATV-ն, Արմենիան կարողանալու են ներկայացնել Հայաստանի իրական շահերը: Խոսելո՞ւ են այն մասին, թե օրինակ, ի՞նչ է պահանջելու Բաքուն Մոսկվայից, որ ռուս խաղաղպահները ևս 5 տարի մնան այստեղ: Իսկ եթե այդ գինը Մեղրին լինի: Խոսելո՞ւ են այն մասին, որ ռուսները ոչ ուժ, ոչ ցանկություն, ոչ էլ հեղինակություն ունեն, որ անեն այն ամենն ինչ իբր պիտի անեին մեզ համար:

Ի՞նչ է լինելու հետո: Ի՞նչ են անելու հայկակական հեռուսատալիքները: Համարձակություն ունենալո՞ւ են խոսելու կարևորի մասին և փորձելու բացել մարդկանց աչքերը, թե շարունակելու են սպասարկել բոլորի շահերը, բացի՝ հայկականից:

Արմեն Չիբուխչյանն այն համոզումը հայտնեց, որ ռուսներն ամեն կերպ արգելակելու են ցանկացած հայանպաստ ու հայկական ալիք, կամ ուժ, իսկ այն ալիքները որ մնացել են, շարունակելու են մնալ հայալեզու, բայց ոչ հայամետ:

Աշխարհով մեկ սփռված հայությունը շատ մեծ գործ ունի անելու՝ ռիսկային, վտանգավոր, բայց այլընտրանքը՝ պարապ նստելն է, իսկ դրա հետևանքը մենք արդեն տեսանք:

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել Արմեն Չիբուխչյան ի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղմամբ` Ո՞ւմ շահերն է սպասարկում Հայաստանի 4-րդ իշխանությունը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *