ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀՅԴ Շարքերը Համակերպվեցին…

2001թ. ապրիլի 16-ին ՀՅԴ շարքերին ուղղված թիվ 55 շրջաբերականը բավական զարմանալի և հետաքրքիր իրականություն է ներկայացնում, որն առավել կարևոր է այս օրերին ընթերցելու համար, քանի որ արդեն շատ բան անվերադարձ կորած է:

Իսկ ինչի մասին էր թիվ 55 շրջաբերականը:

Ի թիվս այլ, ներկուսակցական հարցերի, որոնք այդքան էլ հետաքրքիր չեն, այնտեղ խոսվում էր շատ կարևոր մի երևույթի՝ արցախյան հարցի մասին: Ըստ շրջաբերականի,  հիմնական մտահոգությունն այն է, որ Քի Վեսթի ձևաչափով բանակցությունները հասել են մի վիճակի, որտեղ Մինսկի խմբի համանախագահների կողմից հունիսի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին պիտի առաջարկվի հարցի լուծման հետևյալ տարբերակը՝ Արցախը Լաչինի միջանցքով մաս պիտի կազմեր Հայաստանին, ազատագրված շրջանները հանձնվելու են Ադրբեջանին: Ադրբեջանը հնարավորություն է ունենալու Սյունիքի վրայով կապվելու Նախիջևանին: Առաջիկայում նախատեսվում է, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանի տարածքով պիտի դեպի Ռուսաստան ճանապարհ ունենալ:

Շրջաբերականում որպես տեղեկատվություն հիմնականում նշվում է սա, որից հետո գալիս է այդ տարբերակին կողմ և դեմ լինելու էությունն ու իմաստը:

Այնտեղ հստակ նշված է, որ այդ տարբերակն ազգայնորեն ընդունելի չէ, նախ այն պատճառով, որ Ադրբեջանին հանձնվելիք տարածքները պատմականորեն հայկական հողեր են, ապա այն, որ Սյունիքի վրայով ճանապարհ տալն Ադրբեջանին նշանակում է բացել թուրանական ճանապարհն ու ազատ ելումուտ անել ողջ թուրքական աշխարհով, դրա գումարած դեռևս անհայտ որոշ մանրամասներ դաշտային Մարտակերտի, Շահումյանի մասին:

Հիմնական մտահոգությունն այն է, որ այդ պարագայում գուցե և առաջանան բազմաթիվ խնդիրներ Հայաստանի հարավային մասի ապահովության և հայ ժողովրդի կենսագործունեության հետ կապված ընդհանրապես: Մտահոգություն կա, որ այդ գործելաոճը կտանի ավելի հեռուն և ի վերջո ինչ բարոյական իրավունք ունեն հողեր զիջել թշնամուն: Եվ բացի դրանից նաև մի այլ հարց՝ արդյո՞ք ժողովուրդը չի դատապարտի ՀՅԴ-ին, որ վերջինս հարմարավետ տեղավորվել է նախարարական աթոռներին և կորցրել իր դեմքը, չի պայքարում:

Եվ բացի այս ամենից, խոսվում է նաև այդ տարբերակը մերժելու մասին:

Այստեղ առաջ են քաշվում մտահոգություններ ոչ պակաս և ըստ էության ավելի ծանր հետևանքների մասին, որոնք հավանական են՝ այդ առաջարկը մերժելու տարբերակում:

Հիմնական մտահոգություններն այն են, որ դրա մերժումը հանգեցնելու է մի շարք խոշոր խնդիրների: Մասնավորապես, որ ՀՅԴ-ին շարունակելու են համարել ծայրահեղական և ահաբեկչական կառույց, որ ՀՅԴ-ն այդ պայքարում կարող է միայնակ մնալ, որ սոցիալապես անմխիթար վիճակում գտնվող ժողովուրդը գուցե և չկարողանա հավուր պատշաճի պատրաստվել ապագային: Եվ այդ շրջաբերականում միանգամայն տեղին հարց է առաջնում, թե արդյո՞ք կարողանալու են այնպիսի պայմաններ ապահովել, որ Հայաստանը պատրաստ լինի ապագայում այդ հարցը լուծել, պատրաստ լինել և՛ ներքին, և՛ արտաքին ճակատում: Ինչպես նաև պատրաստ լինել տնտեսապես, ռազմապես: Որովհետև չհամաձայնվելու դեպքում, շատ մեծ վտանգ կա, որ ապագայում կլինի արհեստական մի ծանր պատերազմ և ի վերջո կլինի այնպես ինչպես հիմա է առաջարկվում, բայց արդեն ռազմապես պարտված, և ըստ դրա ավելի ծանր հետևանքներով և ավելի քիչ արդյունքներով: Մեջբերում. «Իսկ համաձայնութեան ձախողութեան գործում յաջողութիւն ունենալու պարագայինհնարաւոր չե՞նք դարձնելու արուեստական պատերազմի հաւանականութիւնըորի արդիւնքը լաւագոյն դէպքում լինելու է այն՝ ինչ լինելու է այս նոր տարբերակում նշուածըբայց արդէն իսկ որպէս ներկայ պատերազմում պարտուած կողմի պարտադրուած պայմաններ։»

Եվ հետո շարունակվում է նոր մտահոգությունների ցանկ՝ սկսած նրանից, որ ՀՅԴ-ի նկատմամբ հնարավոր է, որ հալածանքներ լինեն, նոր արգելակումներ և շատ ավելի ծանր, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Եվ ի վերջո հնչում է գլխավոր հարցը, եթե մերժել այս տարբերակը, ապա ի՞նչ այլընտրանք և ի՞նչ առաջարկ կա: Նույնիսկ նշվում է, որ այդ առաջարկված փաթեթը պարտություն չի նշանակում:

Այնուհետև նշնում է, որ կուսակցությունն ունի այդ փաթեթի, թե կողմ և թե դեմ լինելու գործընթացների վրա ազդելու հնարավորություն, բայց հարկավոր է աչալուրջ լինել և զգալ պահի կարևորությունը:

Հիմա գանք մեր օրեր: Անցած տարվա պատերազմից հետո նոյեմբերի 9-ը եկավ հաստատելու, որ այդ առաջարկը մերժելու հետևանքով առաջացած հետևանքը ավելի ծանր է, քան նույնիսկ կանխագուշակածը: Բաց թողնելով էմոցիան և մնացած այլ ճնշող զգացումները, երկու հարց է միայն առաջանում:

1.       Դուք մերժեցիք այդ առաջարկը, առաջ քաշելով ոչմիթիզականությունը: Այդ դեպքում ինչո՞ւ չկառուցեցիք այն երկիրը, որը պատրաստ լիներ հարցին նոր մոտեցում  ցույց տալու: Ինչո՞ւ:

2.       Եթե դուք գիտեիք, հասկանում էիք, թե ինչերի է հանգեցնելու այդ մերժումը և հասկանում էիք, որ չեք կարողանալու ապահովել այն, որ Հայաստանը պատրաստ լինի ապագայի ձեր իսկ կանխատեսած պատերազմին, ապա ինչո՞ւ մերժեցիք: Ինչո՞ւ հենց այն ժամանակ վճռական չեղաք, որովհետև հիմա շատ ավելի վատ է, հիմա մենք չունենք Հայաստանի մաս կազմող Արցախ, չունենք Հադրութ, չունենք Շուշի, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կործաներ, գերիներ և քաղաքական անկայուն վիճակ, տնտեսապես՝ սարսափելի վիճակ: Ի վերջո 2001թ. էր: Կարող էիք և՛ կողմ լինել առաջարկված փաթեթին ու ազատել ժողովրդին ապագայի սպանդից, որ ինքներդ էիք գուշակում: Կամ էլ մերժելուց հետո  միանգամից, կայծակի արագությամբ ոտքի կանգնեցնել երկիրը: Ունեիք մոտ 20 տարի: 

Ո՞վ է պատասխան տալու այսքան տարիների անգործության ու ի վերջո բռնկված պատերազմի հետևանքների համար:

Ի՞նչ է այս ամենը, հանցավոր միտումնավորություն, թե հանցավոր անխոհեմություն:

Ինչպես գիտենք, բոլոր առաջարկները մերժվեցին, չեղան, չաշխատեցին:

Բայց այս ամենից բացի կա նաև մի շատ կարևոր և ըստ դրա՝ էլ ավելի անհասկանալի մի կետ: Բոլոր նրանք, ովքեր չգիտեն, ՀՅԴ-ում, ըստ կանոնադրության՝ միանձնյա որոշումներ չեն կայացվում, այլ լինում են համընդհանուր, այսինքն կոլլեգիալ: Իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ում մեկ մարդ չէր կարող ասել համաձայն ենք, կամ համաձայն չենք: Ավելին: Այդ նյութը, որի մասին խոսվեց, շրջաբերական է, այսինքն բոլոր անդամներին ուղղված: Դա էլ նշանակում է, որ բացառապես բոլոր դաշնակցականները(ովքեր մեկուսացված կամ այլ պատճառով անմասն չէին մնացել ընդհանուր գործունեությունից) պիտի ծանոթանային այդ նյութի բովանդակությանը և հստակ դիրքորոշում հայտնեին: Ու այստեղ առաջանում են ևս մի քանի հարցեր: Շարքերն ընդհանրապես ծանոթացե՞լ են այս փաստաթղթին, գիտե՞ն դրա մասին թե ոչ: Եթե ծանոթ չեն, չեն իմացել, ուրեմն ՀՅԴ-ում տեղի է ունեցել աղաղակող անարդարություն, կանոնադրության, բոլոր օրենքների կոպիտ խախտում: Շարքերին արհամարհել են, թքած ունեցել նրանց կարծիքի վրա: Բայց դա մի քիչ անհավանական է, որովհետև շրջաբերականում հստակ նշված է, որ դաշնակցականները պիտի ծանոթանան այդ փաստաթղթին, քննարկեն և մարմին առ մարմին, հստակ քվեարկությամբ արտահայտեն իրենց կարծիքն ու որոշումը:

Դե իսկ եթե նրանք ծանոթացել են այդ փաստաթղթին, ուրեմն մնում է եզրակացնել, որ կամ շարքերն այնքան անհեռատես են եղել, որ ոչինչ էլ չեն ձեռնարկել, կամ մի ողջ կուսակցություն սխալվել է հրեշավոր կերպով, կամ էլ շարքերի կարծիքն ուղղակի հաշվի չեն առնվել:

Առավել հավանական է այն, որ կամ այդ շրջաբերականը շարքերին չի հասել, կամ էլ նրանց կարծիքն ուղղակի հաշվի չի առնվել:

 Բոլոր տարբերակները շատ վատն են: Մենք կարող ենք միայն ենթադրել, ոչ ավելին: Բայց փաստը մնում է փաստ:

Նյութն ամբողջապես՝ Aravot.am կայքէջում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *