Պետական մարդիկ չունենք, սկսած ինձանից, որ պետության գլուխն եմ կանգնած:
Սիրելի՜ս, անձնապես եւ նյութապես ես ոչինչ զրկանք չեմ կրում, ունեմ բնակարան, սնունդ, շոր, ծխախոտ, նույնիսկ շաքար: Շատ հաճախ, (համարյա ամեն օր) ճաշի նստելիս ձեզ եմ հիշում: Գիտեմ, թե ինչ նեղության մեջ պիտի լինեք դուք, գիտեմ, որ ամեն մի պատառ հացը, ամեն մի կտոր միսը, ամեն մի կտոր փայտը հաշվով եւ խնայողաբար եք գործածում: Գիտեմ, որ սենյակներդ ցուրտ է, սնունդներդ պակաս, շորերդ պակաս ու գիտեմ, թե անձնապես դու որքան հոգնած պիտի լինես շուկա գնալուց, խոհանոցում աշխատելուց, լվացք անելուց: Ես ստանում եմ 1300 ռ. ռոճիկ եւ 500 ռ.՝ «ներկայացուցչության» համար: Այդ «ներկայացուցչություն» գլխավորապես՝ ստորագրություններ հօգուտ որբերին ու որբանոցներին, գաղթականներին, զինվորներին, հաշմանդամներին եւ այլն, եւ այլն: Հավանական է, որ հունվարից սկսած բոլոր պետական ծառայողների ռոճիկը ավելացվի 30 տոկոսով. եթե այդ օրենքը ընդունվի խորհրդի կողմից, ես կստանամ 1733 ռ. … Հիշում եմ Հրաչյային, Արամին, ապա հիշում եմ` ոչ չեմ հիշում, այլ աչքերիս առաջը տեսնում եմ այն ժողովուրդը, այն հարյուր հազարավոր մարդիկ, որոնց կառավարելը ինձ է վիճակված – հիշում եմ, մտածում եւ խելագարվում եմ ցավից ու կսկիծից:
Չգիտեմ, արդյոք երբեւիցե, որեւէ ժողովուրդ եղե՞լ է այն օրհասական, այն անելանելի կացության մեջ, որ ապրում է այսօր հայ ժողովուրդը, տեղեկություն չունեմ, թե ի՞նչ դրության մեջ են մեր փախստականները Հյուսիսային Կովկասում, Վրաստանում, Ազրբեյջանում, բայց մեր հանրապետության սահմաններում ժողովուրդը հասել է ծայր աստիճան թշվառության, ժողովուրդը հոգեւարքի մեջ է, հաց չունենք ուտելու, անոթի ենք, տուն չունենք ապրելու, մեր գյուղերը քանդված ու ավերված են, այս ձմեռ ժամանակ մնացել ենք բացօդյա, փլատակների եւ քարերի տակ, շոր չունենք հագնելու, մերկ ենք, սառում ենք ցնցոտիների մեջ, ուժասպառ ենք, հիվանդ, մահամերձ հիվանդ: Բծավոր տիֆը այնպիսի ծավալ է ստացել, որ ստատիստիկան չի հիշում անցյալներում: Երեւան քաղաքում, որ ունի 60-65 հազար ազգաբնակչություն, այսօր ավելի քան 2000 հիվանդ կա, 30 մարդուց մեկը պառկած է՝ հիվանդ բծավոր տիֆով: Բժիշկներ չունենք, ֆելդշերներ չունենք, եղածներից կեսը հիվանդ պառկած է կամ մեռած, հիվանդանոցներ չունենք, դեզինֆեկցիայի միջոցներ չունենք, վառելիք չունենք, որ բաղնիքները տաքացնենք, մարդկանց լողացնենք, ոջիլներից ազատենք, սապոն չունենք, որ լվացք անենք (ֆունտը 15-20 ռուբլի է), փող չունենք, մեր փողերը վրացիք ձերբակալել են Թիֆլիսում, հաղորդակցության միջոցներ չունենք, երկաթուղային գիծը ավերված է, չունենք նյութ եւ միջոցներ, որ վերականգնենք, չունենք շոգեկառքեր եւ վագոնններ, եղածները քայքայված են, եւ չենք կարող նորոգել, որովհետեւ արհեստանոցներ չունենք, չկա նավթ, որ տաքացնենք շոգեկառքերը, ֆուրգոններ եւ սայլեր չենք կարող բանեցնել, որովհետեւ ձիերը սատկում են անոթությունից, իսկ եզները մորթում են ուտելու համար
…
Այդ է մեր կացությունը: Միայն հայի անսահման տոկունությունն է, որ կարող է դեռեւս դիմանալ: Մեր զորքերը, որ Լոռիում այդպես քշեցին վրացիներին, մերկ են եւ քաղցած: Պետական որբանոցներում տասը հազարից ավելի որբ ունենք, որոնց կիսաքաղց գոյությունը պահպանելու համար օրական 100 ռուբլի է պահանջվում, մոտ 300 հազար տնավեր գաղթականություն ունենք, որոնք մեռնում են մեր աչքի առաջ եւ որոնց ոչ մի օգնություն չենք կարող անել: Պետական մեխանիզմը չենք կարող կարգի բերել, որովհետեւ միջոց չունենք վարձատրելու: Ընդհանուր թշվառության վրա ավելանում է նաեւ կաշառակերություն, գողություն, թալան, ավազակություն, շանտաժ, որոնց դեմ հնար չունենք կռվելու:
Հետո – արտաքին բարդությունները: Վրաստանը իր անվերջ լրբություններով մեզ ստիպեց պատերազմի դիմել, մի բան, որից ամեն կերպ աշխատում էինք մենք խույս տալ: Այժմ բարդություններ կարող են ծագել թուրքերի հետ Ղազախում, Շարուրում, Նախիջեւանում: Մի կողմից, մենք չենք կարող ամեն տեղ զիջել, ամենքի առաջ խոնարհվել, համբերել ու ետ նահանջել, որովհետեւ դրանով մեծապես վտանգում ենք մեր պետության ապագան, մեր քաղաքական դրությունը, մեր ինքնուրույնությունը, մեր ազատությունը – այն ամենը, որի համար այդքան ահռելի զոհեր ենք տվել, այդքան գերմարդկային ճիգեր ենք թափել, դարերով եւ սերունդներով ապրել ենք, մյուս կողմից ուժասպառ ենք այն աստիճան, որ ի վիճակի չենք շարունակել կռիվը, դիմադրել, դիմանալ, նոր զոհաբերություններ անել, իսկ արտաքին օգնությունը (Ամերիկայի կամ Անգլիայի կողմից), որի վրա դրել ենք մեր ամբողջ հույսը, դանդաղում է, չի արտահայտում իրեն շոշափելի ձեւով:
Այդ է մեր դրության տրագեդիան: Կառավարությունը լարում է բոլոր ուժերը՝ մի ելք գտնելու, բայց անզոր է: Անզոր է եւ արտաքին պայմանների շնորհիվ, եւ ներքին գիտության, փորձառության եւ տաղանդների պակասության պատճառով: Պետական մարդիկ չունենք, սկսած ինձանից, որ պետության գլուխն եմ կանգնած: Մինչեւ հիմա չենք կարողացել կազմակերպել կենտրոնական վարչությունը՝ մինիստրությունները եւ մինիստրների խորհուրդը: Իմ նախկին կաբինետը, որ կազմված էր դաշնակցականներից (Արամ, Կարճիկյան) եւ չեզոքներից (գեն. Հախվերդյան, Պետրոսյան), չդիմացավ, որովհետեւ մեծամասնություն չուներ իր ետեւը՝ խորհրդի (պառլամենտի) մեջ: Ստիպված եղա նոր կաբինետ կազմել հայ ժողովրդական կուսակցության մասնակցությամբ: Սրանով մի մեքենայական մեծամասնություն ստեղծվեց խորհրդի մեջ (24 ձայն 43-ից), բայց ներքուստ անհամաձայնությունը, անվստահությունը, անտագոնիզմը, նույնիսկ փոխադարձ ատելությունը չվերացվեց:
Որքա՜ն աշխատանք, որքա՜ն լարված ուշադրություն, որքա՜ն կոմպրոմիսներ պահանջվում է ինձանից, որպեսզի կարողանամ գոնե միաժամանակ, գոնե արտաքուստ պահել համաձայնությունը: Ամեն օր սպասում եմ կատաստրոֆայի, ամեն օր կարող է պայթել թե՜ պառլամենտը, թե՜ կառավարությունը, եւ այն ժամանակ ամեն բան տակնուվրա կլինի, կսկսվի մի անարխիա, որ վերջնականապես կխորտակի մեր մանուկ պետությունը:
[շարունակելի]