26.1 C
Yerevan

Հովհաննես Քաջազնունու Նամակն Իր Կնոջը.(Մաս Բ)

Ծայրա­հեղ թշվա­ռությունը այն աստի­ճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնա­հա­տե­լու արդեն կատարված իրո­ղությունը և հավա­նա­կան հեռանկարնե­րը:

Մեր կառա­վա­րա­կան կազմի միջից կորցրինք ամե­նաուժեղ անդա­մը՝ Խաչիկ Կարճիկյա­նին, որը գուցե միակ պետա­կան մարդն էր մեր մեջ: Նրա­նից հետո դաշնակցա­կաննե­րից մնում է միայն Արա­մը, Ալեքսանդր Խատիսյա­նը եւ Սիրա­կան Տիգրանյա­նը: Արա­մը ուժեղ, եռանդուն, գործունյա, մասսա­նե­րի մեջ ազդե­ցիկ մարդ է: Բայց նրան պակա­սում է պետա­կան ըմբռնո­ղություն, լայն հայացք, օրի­նա­կա­նության զգացմունք, հետո նրան չեն կարող տանել բոլոր կուսակցություննե­րը, բացի դաշնակցությունից, նույնիսկ դաշնակցության մի խոշոր թեւ բացա­սա­բար է վերա­բերվում, սա շատ է դժվա­րացնում թե՜ իր դրությունը, թե՜ կառա­վա­րության դրությունը, բայց ուրիշ մարդ չկա, որ կարո­ղա­նար փոխա­րի­նել նրան: Ալեքսանդր Խատիսյա­նը անսպառ եռանդի եւ աշխա­տե­լու տարօ­րի­նակ ընդունա­կության տեր մարդ է, կարող է օրե­կան 18 ժամ աշխա­տել առանց հոգնե­լու, ունի ձեռնե­րե­ցություն (ինի­ցիա­տի­վա), պինդ ջղեր, շուտ ըմբռնում է հարցե­րը, վարչա­կան մեծ փորձա­ռություն ունի, կարո­ղա­նում է հարմարվել եւ գտնել միջին գիծը … Իմ այսօրվա կաբի­նե­տի մեջ ամե­նից գնա­հա­տե­լի անդա­մը նա է, դժբախտա­բար բարո­յա­կան հեղի­նա­կություն չունի, չի ներշնչում հավատ եւ վստա­հություն դեպի իր անձնա­վո­րությունը, եւ սա շատ է խանգա­րում գործունեությա­նը: Չորրոդ դաշնակցա­կա­նը իմ կաբի­նե­տի մեջ Սիրա­կան Տիգրանյանն է (արտա­քին գործե­րի մինիստր, նախկին անդամ Ռուսա­կան Պետա­կան դումա­յի եւ փոխնա­խա­գահ Անդրկովկասյան Սեյմի), բավա­կա­նին պատրաստված, դատե­լու ընդունակ, բայց միա­ժա­մա­նակ աբստրակտ, անպտուղ եւ ապի­կար մտքի տեր մարդ է, լավ դիրեկտոր կանցելյա­րի կլի­ներ, եւ ոչ արտա­քին գործե­րի վարիչ, բայց նրա­նից լավը չկա: 

Հայ ժողովրդա­կան կուսակցությա­նը պատկա­նող մինիստրնե­րից ամե­նից գնա­հա­տե­լին Արտա­շես Էնֆիաճյանն է (ծխա­խո­տի գործա­րա­նա­տե­րը), անկեղծ ու շիտակ մարդ է, խելքը գլխին, գործը հասկա­ցող (ֆինանսնե­րի մինիստր է), բարեխղճո­րեն աշխա­տում է,  բայց քաղա­քա­կան կյանքի մեջ նոր մարդ է, դժվար է կողմնո­րոշվում: Դրան հակա­ռակ, Սամսոն Հարությունյա­նը (արդա­րա­դա­տության մինիստր) երկար տարի­նե­րի ընթացքում եղել է հասա­րա­կա­կան կյանքի մեջ, փորձա­ռություն եւ եռանդ ունի, բայց աղքատ է թե՜ մտքով եւ  թե՜ հոգով, մանր մարդ է, որ հաջո­ղությամբ կարող է վարել մանր գործեր, բայց պետա­կան մասշտա­բը վեր է իր ընդունա­կություննե­րից: Ի լրումն ամե­նայնի, խորա­մանկ է եւ ինտրի­գան: Լեւոն Ղուլյա­նը (պարե­նա­վորման մինիստր) գործնա­կա­նա­պես խելա­ցի, շատ ճարպիկ եւ ընդունակ մարդ է, բայց անվստա­հե­լի, իրեն թունդ հայ է ձեւացնում, բայց իրոք մի Աստված ունի միայն՝ իր սեփա­կան շահը: Չորրորդը՝ Գեւորգ Մելիք-Ղարագյոզյա­նը (լուսա­վո­րության մինիստրը)՝ մեծա­միտ, ինքնա­հա­վան, բայց ներքուստ դատարկ ու սնանկ մարդ է: Ունենք նաեւ պետա­կան կոնտրոլյոր՝ Մինաս Բերբերյա­նը՝ բավա­կա­նին խելա­ցի եւ հասկա­ցող մարդ է, հասա­րա­կա­կան ջիղ ունի, ունի եւ փորձա­ռություն, բայց … բանկիր է՝ այդ տիպին հատուկ գծե­րով: 

Ահա մեր մինիստրնե­րը: Դրանց վրա ավե­լացրու ինձ, որ ամե­նեւին չեմ համա­պա­տասխա­նում իմ բարձր եւ պատասխա­նա­տու կոչմա­նը: Ո՜չ իմ գիտությունով եւ պատրաստությունով, ո՜չ իմ խելքով եւ ընդունա­կություննե­րով, ո՜չ եռանդով եւ կամքի ուժով չեմ կարող վարել կառա­վա­րա­կան ղեկը, այն էլ այսպի­սի դժո­խա­յին պայմաննե­րի մեջ: Այդ ես շատ լավ գիտեի հենց սկզբից, բայց ես չէի կարող մերժել ինձ առա­ջարկած պաշտո­նը, որովհե­տեւ տեսնում էի, որ ուրիշ ելք չկա: Այդ անե­լա­նե­լի դրությունը շարունակվում է մինչեւ այսօր: Մարդ չկա, որ ինձ փոխա­րի­նի. ահա իրո­ղությունը: Որքան էլ թույլ, հոգնած ու անընդունակ եմ ես, այնուա­մե­նայնիվ, այսօր ես միակ մարդն եմ, որ կարող է կազմի եւ պահպա­նի մի կառա­վա­րություն: Եթե ես չլի­նեմ, ամեն բան կքանդվի, եթե այդ վախը չունե­նա­յի, ոչ մի րոպե չէի մնա տեղս: Հասկանո՞ւմ ես արդյոք, որ քաշե­լով ինձ վրա դրած անա­սե­լի ծանր լուծը, ես ամե­նա­մեծ անձնա­զո­հությունն եմ անում: Պարտա­կա­նության զգացմունքը եւ մեծ սերը դեպի վերածնվող հայրե­նի­քը եւ հայ ժողո­վուրդը‘ ահա թե ինչն է պահում ինձ իմ տեղը: Որքա՜ն երջա­նիկ կլի­նեմ այն օրը, երբ հանգիստ խղճով կարո­ղա­նամ քաշվել մի անկյուն, նվիրվել իմ համեստ գործին եւ իբրեւ շարքա­յին, իբրեւ մեկը հազարնե­րից, իմ փոքրիկ գործը կատա­րեմ նույն հայրե­նի­քի համար: 

Լինում են ժամեր, երբ հուսա­հա­տությունը կլա­նում է ինձ ամբողջո­վին: Լինում են ժամեր, երբ ուզում եմ բղա­վել՝ այլեւս չեմ կարող … բայց իսկույն սթափվում եմ: Տես մեր այսօրվա կացությունը հենց մինիստրա­կան կազմի մեջ: Լ. Ղուլյա­նը 5 շաբաթ առաջ գնաց Թիֆլիս կառա­վա­րա­կան գործե­րով, որ մի քանի օր պիտի տեւեր միայն, բայց մինչեւ այսօր չի վերա­դարձել, մնում է արգելված Թիֆլի­սում: Նրա­նից առաջ գնաց իմ անմի­ջա­կան օգնա­կա­նը, մինիստրա­կան գործե­րի կառա­վա­րիչ Գեւորգ Խատիսյա­նը, որ իսկույն պիտի վերա­դառնար, բայց որը նույնպես մինչեւ այսօր մնում է արգելված Թիֆլի­սում: Ներքին գործե­րի մինիստր Արա­մը երկու շաբաթ է, որ պառկած է հիվանդ բծա­վոր տիֆով, շատ ծանր հիվանդ է, վաղը սպասվում է կրի­զի­սը, եթե դիմա­նա էլ կրի­զի­սին, մի ամիս անընդունակ կլի­նի աշխա­տանքի: Արտա­քին գործե­րի մինիստր Ս. Տիգրանյա­նը բացա­կա է, գնա­ցել է Կարս գործե­րով: Պետա­կան կոնտրոլյոր Մ. Բերբերյա­նը մերձի­մահ հիվանդ է բծա­վոր տիֆով: Մարդիկ չկան, բացա­կա­յում են, հիվանդ են: Իսկ գործե­րը օր-օրի վրա ավե­լա­նում ու բարդա­նում են եւ ամե­նից ծանրը այս րոպեիս այն է, որ դրամ չունենք, պետա­կան սնդուկը դատարկ է … մեր փողե­րը մնա­ցել են Թիֆլիս, վրա­ցի­նե­րի ձեռքում, իսկ որբե­րին պետք է պահել, քաղցածնե­րին պետք է հաց բաժա­նել, հիվանդնե­րին պետք է բժշկել, ծառա­յողնե­րին պետք է ռոճիկ տալ, պետք է, բայց որտե՞ղից տանք … 

Որ մտա­ծում եմ, գլուխս պտույտ է գալիս: Գիտե՞ս ինչից է, որ կարո­ղա­նում եմ այսքան երկար նամակ գրել: Երրորդ օրն է, որ իմ ընկերնե­րը արգե­լում են ինձ գործ անել, պահանջում են, որ հանգստա­նամ, եւ ահա 3 օր տանը նստած … հանգստա­նում եմ: Բոլո­րո­վին ուժասպառ եմ եղել: Այս վերջին 6 ամսվա շարունակ լարված դրությունը, ծանր հոգսե­րը, անվերջ մտածմունքնե­րը ինձ հալից գցել են: Մի քանի օր է, որ գլուխս սկսել է սաստիկ ցավել, մի բան, որ ինձ համար միանգա­մայն անծա­նոթ էր: Չեմ կարող ուշադրություն կենտրո­նացնել մի բանի վրա, չեմ կարող արդյունա­վետ կերպով մտա­ծել, լսել, հասկա­նալ, կարգադրել … բժիշկնե­րը անվա­նում են սուր գերհոգնա­ծություն եւ պահանջում են, որ հանգստա­նամ: Բայց ինչպե՞ս, ահա 3 օր է, որ նստած եմ տանը, բայց ոչ մի թեթեւություն չեմ զգում: Գլուխս շարունա­կում է ճաքել ցավից: Գործ չեմ անում, ճի՜շտ է, բայց ինչպե՞ս հանեմ մտքիցս մտածմունքնե­րը, ինչպե՞ս ազատվեմ այն մտքից, որ պատասխա­նա­տու եմ իմ ամբողջ ժողովրդի առաջ, թե իմ սխալ քայլից կարող եմ վտանգվել այդ ժողովրդի ներկան եւ ապա­գան: Ես իրա­վունք չունեմ տկար եւ հիվանդ լինե­լու, ես իրա­վունք չունեմ հանգստա­նա­լու, ես պետք է դիմա­նամ — ահա թե ինչ եմ ասում ինձ ամեն օր, ամեն ժամ, պետք է դիմա­նամ, ինչպես դիմա­նում է այս մեռնող ժողո­վուրդը: 

Մի մեծ լույս, հավատ կա հոգուս խորքում մեխված, որ արշա­լույսը մոտ է: Պետք է միայն դիմա­նալ, պետք է հավա­քել ուժե­րի ամբողջ մնա­ցորդը, պետք է վերջին ճիգը անել եւ ոտքե­րի վրա կանգնած մնալ: Ասում եմ այսքան զոհ տվել ենք արդեն, այսքան արյուն եւ արցունք թափել, այսքան տներ ավի­րել, այսքան վառ օջախներ հանգցրել, պետք է, որ այս բոլո­րը գտնի իր վարձատրությունը: Ոչ մեզ համար, այլ մեր որդկե­րանց համար, թեկուզ էլի 10 հազար մարդ կոտորվի, ես էլ նրանց հետ, բայց գոնե նրանք, որոնք ողջ կմնան, մի օր տեսնեն, ազատ շունչ քաշեն, մարդա­վա­յել կյանքով ապրեն: Եվ այդ կլի­նի, այդ մոտ է լինե­լու: 

Ծայրա­հեղ թշվա­ռությունը այն աստի­ճան խեղել է մեզ, որ անընդունակ ենք դառել գնա­հա­տե­լու արդեն կատարված իրո­ղությունը եւ հավա­նա­կան հեռա­նա­կարնե­րը: Հինգ տարի առաջ Հայաստա­նը լոկ աշխարհագրա­կան տերմին էր, իսկ իբրեւ քաղա­քա­կան միա­վոր‘ հեռա­վոր երազ էր, որի մասին ամե­նա­հանդուգն մտքերն անգամ չէին համարձակվում բարձր խոսել: Այսօր Հայաստա­նի Հանրա­պե­տությունը փաստ է արդեն: Թող որ այդ հանրա­պե­տությունը փոքր ու աղքատ լինի, թող ժողո­վուրդը ենթարկված լինի սովի ու համա­ճա­րա­կի, դա անցո­ղա­կի բան է: Փաստը արդեն կատարվել է, եւ չկա աշխարհիս երե­սին այն ուժը, որ կարո­ղա­նա բնա­ջինջ անել պատմության էջե­րից կատարված փաստը: 500 տարի ստրուկ լինե­լուց հետո, մի ժողո­վուրդ վերածնվում է ազատ եւ ինքնուրույն կյանքի համար: Եթե ես նայում եմ մեր խղճուկ խորհրդին (պառլա­մենտին), կառա­վա­րությա­նը, մեր պաշտոնյա­նե­րին, մեր վարչա­կան կազմին, ուզում եմ բոռալ հուսա­հա­տությունից: Բայց հետո մտա­ծում եմ‘ չէ՞ որ սա այնուա­մե­նայնիվ ազատ Հայաստա­նի պառլա­մենտն է, չէ՞ որ սա Հայկա­կան կառա­վա­րությունն է … երբ տեսնում եմ մեր զորքե­րը, որ անցնում են փողոցնե­րով իրենց ցնցո­տի­նե­րի մեջ, ասում եմ‘ չէ՞ որ սա հայկա­կան զորք է: Մեծ սիմվո­լը արդեն իրա­կա­նա­ցել է, դարա­վոր անեծքը վերա­ցել, մնա­ցա­ծը կգա իր կարգին: Երկու-երեք ամիս առաջ հաղթա­նա­կող Տաճկաստա­նը չոքել էր մեր կրծքին ու խեղդում էր: Մեր երկրի մեծ մասը տաճկի ոտի տակն էր: Ամբողջ Ախալքա­լա­կը, Ալեքսանդրա­պո­լի, Էջմիածնի ու Երեւա­նի գավառնե­րի մի մասը, ամբողջ Սուրմա­լուն, Ղարսը, Կաղզվա­նը, Կողբը թուրքա­կան էին: Թուրքը նստած էր Լոռի, Ջալա­լօղլի եւ Ղարա­քի­լի­սա, ծածանվում էր տաճկա­կան նզովյալ դրո­շա­կը: Երեւա­նից 6–7 վերստ հեռա­վո­րության վրա կանգնած էր տաճկա­կան բանա­կը իր թնդա­նոթնե­րով: Ո՞ւր է այժմ տաճի­կը: Չքա­ցավ, ինչպես չքա­նում է ջուրը անա­պա­տի ավազնե­րի մեջ: Արա­գությամբ եկան ու հեղե­ղե­ցին մեր երկի­րը, այսօր ավե­լի մեծ արա­գությամբ քաշվում են իրենց բնա­կան սահմաննե­րը: Ալեքսանդրա­պո­լը, Էջմիա­ծի­նը, Երեւա­նը, Դարա­լագյա­զը, Սուրմա­լուն արդեն ամբողջո­վին մերն են, վաղվա­նից կսկսենք մտնել Ղարսի շրջա­նը, երկու շաբա­թից հետո արդեն Ղարսում նստած կլի­նենք, կանցնի դարձյալ երկու շաբաթ եւ մենք կլի­նենք արդեն Սարի­ղա­մի­շում եւ Ղարաուրգա­նում … երա՞զ է սա: 

Մեծ պետություննե­րը ճանա­չել են մեզ իբրեւ պատե­րազմող կողմ եւ տեղ են տվել մեր պատվի­րակնե­րին համաշխարհա­յին  կոնգրե­սի մեջ: Մեծ տերություննե­րը պաշտո­նա­կան հարա­բե­րություննե­րի մեջ են մեզ հետ, մեզ մոտ ներկա­յա­ցուցիչներ են ուղարկում, մեզ թղթեր են գրում՝ ուղղված ՙՀա­յաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությա­նը, մինիստր-նախա­գա­հին, արտա­քին գործե­րի մինիստրին՚ … երա՞զ է սա, եթե երազ է, ուրեմն թող մեռնենք այս երա­զի մեջ, առանց արթնա­նա­լու: 

Նամակս ընդհա­տում եմ, որովհե­տեւ մի անգլիա­կան սպա ուղեւորվում է այսօր Թիֆլիս եւ հնա­րա­վո­րություն կա ուղարկել նրա հետ: Արտ. Էնֆիաճյա­նը նույն մարդու հետ գնում է Թիֆլիս, որ իր գործա­րա­նից քեզ հասցնեն 1500 ռուբլի, եթե ստա­ցար այդ փողը, տեղե­կացրու ինձ: Եթե Արա­մի մասին որեւէ նոր տեղե­կություն ունես, գրի՜ր: Գրի՜ր նույնպես, թե վրաց կառա­վա­րության կողմից որեւէ նեղություն չի՞ տրվում քեզ: Գուցե խուզարկե՞լ են կամ մի նման բան: 


Բարեւներս եւ համբույրներս բոլո­րիդ, քո Օհաննես: 

1919 թ., հունվար

Առնչվող Հոդվածներ