1991թ. սկսած տապալումների գլխավոր պատճառը ոչ պրոֆեսիոնալիզմն էր:
Հայաստանում ամենաակտուալ, այսպես կոչված ամենամասսայական հարցերից մեկն անցյալ տարվա պատերազմն էր: Բացի մեղադրանքներից, որ իրար հասցեին ուղարկում են իշխանականներն ու ընդդիմությունը, մարդկանց հետաքրքրում է նաև մի այսպիսի հարց՝ իսկ պատերազմից խուսափել հնարավո՞ր էր: Ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով: Ու եթե պատերազմը հնարավոր լիներ շրջանցել, այն լինելու էր հարցի լուծման ուղղությամբ արված աշխատանքներ, թե կրկին անորոշ հետաձգում էր ենթադրում:
– Պատերազմից հնարավոր էր խուսափել, եթե անցած 26 տարիների ընթացքում կառուցեինք ժողովրդավարական քաղաքական համակարգ, արդյունավետ պետություն՝ իր համակարգերով, հզոր տնտեսություն եւ հզոր բանակ, այլ ոչ թե տրվեինք «հաղթածի» մեծամիտ ինքնագոհությանը: Այլ հարց է, թե որքանով էր հնարավոր դա անել ունեցած մարդկային ռեսուրսներով, որոնք 1991թ.-ին վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունում համակված էին «հոմո սովետիկուսի» որակներով: Նման շանս երեւաց 1999-ին, սակայն հոկտեմբերի 27-ով ոչնչացվեց նաեւ այդ հնարավորությունը եւ Հայաստանն ամբողջությամբ անցավ արտաքին կառավարման ներքո: 2001թ.-ից այդ արտաքին կառավարումը իրականացնում էր Կրեմլը: Արդյունքում ոչնչացվեցին անգամ այն ծիլերը, որոնք կային ռազմական արդյունաբերության ոլորտում, տնտեսական ասպարեզում: Արտաքին տնտեսական բարենպաստ կոնյուկտուրայի արդյունքում 2001-2018թթ. երկիր մուտք գործած շուրջ 30 մլրդ դոլարի մեծ մասը դուրս բերվեց երկրից, մսխվեց, մնացածն էլ գրպանվեցին ու ծառայեցին հիմնականում մի քանի հազար հոգու ճոխ կյանքի, պճնանքի առարկաների, մոլախաղերի եւ թմրանյութերի վրա:
Ինչպե՞ս եք գնահատում պատերազմից առաջ և հետո ՀՀ արտաքին քաղաքականությունը: Ի՞նչ ռեալ փոփոխություններ կան այդ ասպարեզում:
–Պատերազմից հետո նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը դարձավ մի կողմից ավելի խոհեմ, սակայն նաեւ ավելի վախվորած: Թեեւ պատերազմում պարտության հետեւանքով անխուսափելիորեն մեծացավ Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանը, սակայն տեսանելի են ՀՀ կառավարության ջանքերը որոշ դիվերսիֆիկացիայի ենթարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Մեզ մոտ սկսել է տարածվել, այսպես կոչված «ՄԱԿ-ին դիմելու» թեզը: Շատ քաղաքական գործիչներ պնդում են (հատկապես, երբ իրավիճակի սրացում է լինում), որ պետք է ուղղակի գրավոր դիմել ՄԱԿ անվտանգության խորհուրդ: Դա հնարավո՞ր բան է, թե այն պարզապես ռուսներին «հասկացնելու» համար արվող դեմարշ է:
–Ոչ միայն հնարավոր է, այլեւ իրապես կարեւոր քայլ կլիներ Հայաստանի անվտանգային միջավայրը բարելավվելու ու Ռուսաստանից կախվածությումը նվազեցնելու ուղղությամբ, քանի որ Արեւմուտքին նոր լծակ կտար տարածաշրջան մուտք գործելու ու ռուս-թուրքական ալյանսին հակակշռելու համար: Պատահական չէ, որ մայիսի 12-ի ադրբեջանական ներխուժումից հետո Հայաստանի կողմից ՄԱԿ ԱԽ-ին դիմելուն խոչընդոտել է հենց Ռուսաստանը՝ սպառնալով ՀՀ իշխանություններին վատ հետեւանքներով՝ այդ քայլն անելու դեպքում: Մինչդեռ դա ընդամենը սպառնալիք էր, որից պետք չէր վախենալ:
Հայաստանն ապագա ունի՞ ԵԱՏՄ-ՀԱՊԿ շրջանակներում:
–Ոչ: Հայաստանի ապագան Եվրամիությունում է եւ ՆԱՏՕ-ում:
Խոսելով կորոնավիրուսի, պատերազմի ու դրանց հետևանքների մասին, հարց է առաջանում, թե իշխանության տապալումներն այդ ուղղությամբ ի՞նչ կատեգորիա ունեն: Որակումները տարբեր են՝ ոչ պրոֆեսիոնալիզմից մինչև ազգային դավաճանություն: Ո՞րն է իշխանությունների ամենամեծ բացթողումը:
–Ոչ պրոֆեսիոնալիզմը:
Ներկայիս քաղաքական երկբևեռվածության պայմաններում, ավելի ու ավելի հաճախ է հնչում այն կարծիքը, որ մեզ «Երրորդ ուժ» է անհրաժեշտ: Ի՞նչ նկատի ունեն մարդիկ ընդհանրապես: Խոսքը նոր դեմքերի մասի՞ն է, թե ավելի շատ գաղափարաբանական երևույթ նկատի ունեն:
–Մարդիկ դժգոհ են գործող իշխանությունների կարողությունների ցածր մակարդակից, սխալ կադրային քաղաքականությունից, բարեփոխումների դանդաղ ընթացքից, հատկապես՝ դատական համակարգում: Մյուս կողմից՝ ժողովուրդը, ինչպես արդեն ցույց տվեց հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ, չի հանդուրժի նախկինների վերադարձ որեւէ ձեւով: Այստեղից էլ գալիս է երրորդ տարբերակի պահանջարկը: Սակայն ոչ նախկին-ոչ ներկա լինելը բավարար չէ որպես իրական այլընտրանք հանդես գալու համար: Դրա համար պետք է ապացուցես, որ ավելի պրոֆեսիոնալ ես քան գործողները, պատրաստ ես մի կողմ դնել անձնական ամբիցիաներդ հանուն երկրին միասնական այլընտրանք ներկայացնելու եւ մյուս կողմից էլ՝ կապ չունես նախկինների հետ: Հունիսի 20-ին այլընտրանք դառնալ հավակնող ուժերը չկարողացան ներկայանալ հասարակությանը որպես այդպիսին:
Իշխանությունը կամ ընդդիմությունը կարո՞ղ են այնքան կտրուկ փոխել իրենց պահվածքն ու մոտեցումը, որ հասարակությունը նրանց մեջ տեսնի «Երրորդ ուժ»:
–Իշխանությունը ունի հասարակության կողմից տրված, սակայն մեծապես մսխած վստահությունը վերականգնելու հնարավորություն: Եթե արագացնի ռեֆորմները, ավելի արագ մաքրի կոռումպացված չինովնիկներին, հատկապես՝ դատական համակարգից, ավելի խոհեմ կադրային քաղաքականություն վարի, ավելի արագ դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքականությունը, ռազմական համագործակցություն հաստատի ավելի մեծ թվով արեւմտյան երկրների եւ Իրանի ու Հնդկաստանի հետ, սկսի ավելի աչալուրջ լինել քաղաքացիական հասարակությունից հնչող ձայներին, առաջարկություններին եւ քննադատություններին:
Կան նաև կարծիքներ, որ «Երրորդ Ուժ» առայժմ չկա, և չի կարող լինել, քանի որ ՀՀ-ում հասարակական ու քաղաքական խմբերի մեջ բացակայում է վստահությունը, նրանք մշակութորեն չեն ճանաչում միմյանց և նախ պետք է ընդհանուր հիմք ձևավորել: Արդյո՞ք մենք ունենք այդքան ժամանակ:
–Ես համամիտ եմ այդ կարծիքների հետ: Եւ իհարկե շատ ժամանակ չունենք, սակայն այդ հանգամանքը Ձեր նշած ախտորոշման վրա, ցավոք, առանձնապես չի ազդում:
Հասարակությունը դեռևս պատրա՞ստ է Արցախի ու Ցեղասպանության ճանաչման համար պայքարել այնպես, ինչպես տրամադրված էր առաջ: Ի՞նչ փոփոխություններ են եղել հասարակական տրամադրության ու մոտիվացիայի մեջ:
–Ցավոք, հասարակության մեջ պատերազմից հետո առաջացած դեպրեսիան, ընկճախտը, հիմնականում դեռ հաղթահարված չէ: Ուստի, անհրաժեշտ է նախ լուրջ աշխատանք տանել այս վիճակը հաղթահարելու համար, ապա խելամիտ եւ իրատեսական կարճաժամկետ խնդիրներ դնել հասարակության եւ պետության առջեւ: Միաժամանակ, չմոռանալով հեռահար նպատակների մասին: Սեփական պատմությունից դասեր այդպես էլ չքաղեցինք՝ գոնե մեր հակառակորդների նորագույն պատմությունից սովորենք:
Եթե Երրորդ ուժի ձևավորումը երկարի, մենք ինչքանո՞վ ենք պատրաստ դիմակայել ՀՀ առջև ծառացած մարտահրավերներին:
–Եթե նկատի ունեք քաղաքական մեծ միավոր, ապա չեմ կարծում, թե պետք է սպասել դրա ձեւավորմանը: Կարող ուժերը պետք է անմիջականորեն աշխատեն հասարակության, ժողովրդի հետ, հանդես գան հասարակական նախաձեռնություններով, կարողանալով համոզել կամ ստիպել իշխանություններին աջակցել դրանց կյանքի կոչմանը: Ու քանի որ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանությունները դավաճաններ են, կարծում եմ, որ ճիշտ մոտեցման դեպքում դա հնարավոր կլինի անել:
Ո՞րն է Ձեր կարծիքով ամենահրատապ հարցը, որի լուծումը կենսական նշանակություն ունի մեզ համար:
–Պետական բոլոր համակարգերը, հատկապես՝ ուժային մարմինները եւ դատական համակարգը օտարերկրյա, այն է՝ հիմնականում ռուսական գործակալական ցանցերից մաքրելը: Մի բան, որ գործող իշխանությունը անում է, սակայն, կրկին, չափազանց ու անթույլատրելիորեն դանդաղ: