26.5 C
Yerevan

Հարցազրույց Ռուբեն Մեհրաբյա­նի Հետ

« Մեր Ուղին»ը զրուցել է «Հանուն Հանրա­պե­տության» կուսակցության փոխնա­խա­գահ Ռուբեն Մեհրաբյա­նի հետ։

-Պարոն Մեհրաբյան, Ինչպե՞ս եք գնա­հա­տում ՀՀ ներքին քաղա­քա­կան որա­կը, եթե համե­մա­տենք 2020 և 2017թթ. հետ: Որո՞նք են հիմնա­կան որա­կա­կան տարբե­րություննե­րը:

- Նախ, Ձեր պարբե­րա­կա­նին առա­ջին հարցազրույցիս առի­թով ուզում եմ ողջունել Ձեր խմբագրա­կազմին եւ լսա­րա­նին, շնորհա­կա­լությունս հայտնել նման հնա­րա­վո­րության համար։ Անցնե­լով բուն հարցի էությա­նը, պետք է ասել, որ որա­կի առումով մեծ փոփո­խություններ կան 2020 և 2017թթ իրա­վի­ճակնե­րի միջեւ, եւ ըստ էության, չէր էլ կարող այդպես չլի­նել, քանզի քաղա­քա­կան դասը Հայաստա­նում 2018‑ի հեղա­փո­խության բերումով ենթարկվում է մասշտա­բա­յին քաղա­քա­կան սերնդա­փո­խության։ Դա իր հետ բերում է միանգա­մայն այլ շարժա­ռիթնե­րի մի ընդհանրություն, որը որա­կա­պես տարբերվում է անցյա­լից։ Ներկա­յիս քաղա­քա­կան դասը միտված է կյանքի բոլոր ոլորտնե­րի արմա­տա­կան բարե­փո­խումնե­րի, կա կոնսենսուս, որ առկա իրե­րի դրությունը երկրի զարգացման համար խոչընդոտ է, եւ այն պետք է փոխվի, արդիա­կա­նացվի։ Այլ է հարցը, որ միայն ցանկություն կամ շարժա­ռիթ ունե­նա­լը բավա­րար չէ խնդի­րը լուծե­լու համար, անհրա­ժեշտ են գիտե­լիքներ, փորձ, անհա­տա­կան տվյալներ, քաղա­քա­կան կամք, հետեւո­ղա­կա­նություն, համա­կարգա­յին մոտե­ցում եւ մտա­ծո­ղություն։ Ահա այդտեղ մենք ունենք լրջա­գույն չլուծված խնդիր։

- Ընդհա­նուր առմամբ կարող ենք ասել, որ ներկա­յիս ԱԺ-ում բազմա­թիվ խնդիրներ կան՝ սկսած իրար հետ խոսե­լու կուլտուրա­յի բացա­կա­յությունից մինչև հանձնա­ժո­ղո­վի նախա­գա­հի տեղա­կալ ընտրել, նիստ հրա­վի­րել և այլն: ԱԺ-ում հիմա իրար ավե­լի շատ են ծեծում ու հայհո­յում, քան առաջ: Ո՞րն է դրա խորքա­յին պատճա­ռը:

- Հեռու եմ այն մտքից, որ պետք է բոլոր խնդիրներն, այդ թվում Ձեր կողմից նշված՝ դիտարկել «մեկ զամբյուղում», առանց դրա հիմնա­կան պատճա­ռա-հետեւանքա­յին կապե­րը նշե­լու։ Այստեղ մենք ունենք երկու կողմ, որոնք գալիս են խորհրդա­րան միանգա­մայն հակա­ռակ շարժա­ռիթնե­րով եւ նպա­տակնե­րով։ Եթե իշխա­նա­կան կողմը շահագրգռված է խնդիրնե­րին արդյունա­վե­տո­րեն եւ աստի­ճա­նա­բար լուծում տալ, ապա մյուս՝ այսպես կոչված «ընդդի­մա­դիր» կազմն առաջնորդվում է «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով, ինչը բացա­ռում է որեւէ ընդհանրություններ, որոնք անհրա­ժեշտ են համա­տեղ աշխա­տանքի համար։ Արդյունքում մենք ունենք մի կողմից սադրիչ պահվածք, մյուս կողմից էլ, ինչպես տեսնում ենք՝ շատ դեպքե­րում նյարդե­րը տեղի են տալիս։ Անշուշտ, քաղա­քա­ցին ակա­նա­տեսն է դառնում ուրվագծվող պատկե­րին ամբողջությամբ, եւ հաճախ խորա­մուխ չի լինում տարբեր պատճա­ռա-հետեւանքա­յին կապե­րի մեջ, ստա­նա­լով ընդհա­նուր տպա­վո­րություն, որը, հասկա­նա­լիո­րեն, հեռու է դրա­կա­նից։ Այո՛, մենք ունե­նա­լու ենք նման պատկեր, քանի խորհրդա­րա­նում առկա են ուժեր եւ տարրեր, առե­րեւույթ արտա­քին՝ ոչ բարե­կա­մա­կան սուբյեկտնե­րի հետ փոխկա­պակցված, որոնք կապ չունեն մեր պետության եւ հասա­րա­կության շահե­րի հետ, ավե­լին, գործում են նրանց դեմ։ Նրանք տարի­նե­րով պարա­զի­տա­նում էին մեր պետության եւ բանա­կի՝ 1990–94 թթ հաջո­ղություննե­րի վրա, իսկ հիմա նրանք հավակնում են պարա­զի­տա­նալ նրանց՝ 2020թ անհա­ջո­ղության վրա, որի «ճարտա­րա­պետն» ու «կնքա­հայրը» եւս նրանք են։ Ավա՜ղ, նախադրյալներ չեմ տեսնում, որ պատկե­րը կփոխվի մինչեւ նոր ընտրություններ, լինեն դրանք հերթա­կան թե արտա­հերթ։

- Ներքա­ղա­քա­կան այս վիճա­կը հաշվի առնե­լով ինչպե՞ս եք գնա­հա­տում արտա­քին մարտահրա­վերնե­րին դիմա­կա­յե­լու հնա­րա­վո­րություննե­րը:

- Մեր անկա­խության հռչա­կումից երե­սուն տարի անց մեր պետա­կա­նությունը բախվում է գոյա­բա­նա­կան մակարդա­կի մարտահրա­վերնե­րի հետ, եւ իրա­վի­ճա­կը ծանրա­նում է մի քանի հավելյալ հանգա­մանքնե­րով։ Նախ, պիտի արձա­նագրենք, որ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում աշխարհա­կարգը դեգրա­դացվում է եւ այլա­սերվում, տեղ բացե­լով տարբեր կիսագրա­գետ, հավակնոտ եւ խավա­րա­միտ բռնա­պե­տե­րի ռեժիմնե­րի, նրանց լկտիացման համար։ Եվ որպես կանոն, դա տեղի է ունե­նում ժողովրդա­վա­րություննե­րի կամքի կաթվա­ծի, ազա­տա­կան ժողովրդա­վա­րության շարունակվող՝ գլո­բալ ճգնա­ժա­մի ուղեկցությամբ, տալով այդ ռեժիմնե­րին անպատժե­լիության պատրանք։ Դրա հետ մեկտեղ, մենք ապրում ենք մի ժամա­նա­կաշրջան, երբ պատմության աղբա­նո­ցում հայտնված Ռուսա­կան եւ Օսմանյան կայսրության ժառանգորդ պետություննե­րում ռուսա­կան եւ թուրքա­կան շովի­նիզմը դրսեւորվում է առա­վել հոռի եւ այլանդակ ձեւե­րով, ստա­նա­լով պետա­կան քաղա­քա­կա­նության կարգա­վի­ճակ։ Արդյունքում, մեր երկի­րը հայտնվել է «ռուսա­կան աշխարհ» եւ «թյուրքա­կան աշխարհ»՝ իրենց էությամբ հետա­դի­մա­կան, հակա­քա­ղա­քակրթա­կան, մարդու էությա­նը դեմ՝ նեո­կայսե­րա­պաշտա­կան դոկտրիննե­րով պայմա­նա­վորված հետաքրքրություննե­րի եւ այդ հենքով՝ նրանց հանցա­վոր համա­գործակցության թիրա­խում։ Հայաստա­նի անկա­խության շրջա­նի քաղա­քա­կան վերնա­խա­վե­րը, ցավոք, անցած տարի­նե­րի ընթացքում դրսեւո­րել են դրա­մա­տիկ կարճա­տե­սություն, մսխե­լով մեր ներքին կարո­ղություննե­րը, կարճա­ժամկետ եւ կասկա­ծե­լի «օգուտնե­րի» դիմաց այդ ներուժը նվի­րա­բե­րե­լով Ռուսաստա­նին եւ անունը դնե­լով «դարա­վոր բարե­կա­մություն»։ Մեր ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կը, որին անդրա­դարձանք քիչ վերեւում, զգա­լիո­րեն պայմա­նա­վորված է հենց այս իրո­ղություննե­րով, եւ դա լրջա­գույն խնդիր է, քանզի անգամ եղած ներուժը գործարկե­լու մեծ դժվա­րություններ է ստեղծում։ Այս հարցի լուծման բանա­լին, անշուշտ, ե՛ւս մեր ներսում է, սա մշտա­կան պայքար է՝ հանուն քաղա­քակրթության եւ բարո­յա­կա­նության, որի ընթացքը եւ արդյունքն է մեծա­պես կանխո­րո­շե­լու մեր վաղվա օրը։

- Ադրբե­ջանցի­նե­րը մեր իշխա­նության և ընդդի­մության ցանկա­ցած խոսք միանգա­մից օգտա­գործում են սեփա­կան քարոզչա­կան նպա­տակնե­րով, ինչն ավե­լի է խորացնում հասա­րա­կա­կան լարվա­ծությունը: Ինչպե՞ս կարե­լի է դադա­րեցնել այդ ամե­նը:

- Հարցն ինքնին՝ հետեւանք է, նաեւ ածանցյալ՝ այն հարա­բե­րություննե­րի, որոնք կան Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, ուստի Ալիեւի ռեժի­մի նման պահվածքը ոչ միայն զարմա­նա­լի չէ, այլեւ թվում է միանգա­մայն օրի­նա­չա­փա­կան։ Այլ է հարցը, թե ինչո՞ւ է հայկա­կան մեդիա­յի մի բավա­կա­նին պատկա­ռե­լի սեգմենտ միտումնա­վոր կերպով դրսեւո­րում նման «բարձր ընկա­լունա­կություն» Ալիեւյան պրո­պա­գանդա­յի հանդեպ եւ այդ վնա­սա­կար խոսույթնե­րը հետ ներմուծում հայկա­կան մեդիա­դաշտ։ Կարծում եմ, սա մեր հասա­րա­կա­կան եւ պետա­կան ինստի­տուտնե­րի թերի կայացվա­ծության արդյունք է, ինչպես նաեւ՝ մեր իրա­վա­բաննե­րի, մեր իրա­վա­պահ մարմիննե­րի։ Սա խոսքի ազա­տության եւ ժողովրդա­վա­րության մասին չէ։ Օրի­նակ, դժվար է պատկե­րացնել, որ, ասենք, 1942 թվա­կա­նին ժողովրդա­վա­րա­կան Բրի­տա­նիա­յում BBC-ին կհե­ռարձա­կեր գեբելսյան պրո­պա­գանդա­յի տեքստեր, կամ բրի­տա­նա­կան ինչ-որ պարբե­րա­կան, նույնիսկ խիստ ընդդի­մա­դիր, հենվե­լով այդ թունա­վոր նառա­տիվնե­րի վրա՝ կսկսեր թիրա­խա­վո­րել բրի­տա­նա­կան կառա­վա­րությա­նը։ Նման լրատվա­մի­ջո­ցը ուղղա­կի կգամվեր անարգանքի սյունին, նման պարբե­րա­կա­նի «լրագրողնե­րին» կվտա­րեին բոլոր մասնա­գի­տա­կան համքա­րություննե­րից, նրանց հետ նույն տարածքում ոչ ոք չէր գտնվի, նրանց չէին էլ բարեւի։ Իրա­կա­նում, նման դեպքեր եղել են նույնիսկ Բրի­տա­նիա­յում․․․ Ինչեւէ։ Ասել կուզեմ, որ Ալիեւը չի դադա­րե­լու իր արտա­նե­տումնե­րը, եկեք դրա մասին մոռա­նանք։ Դա մենք պետք է իմունի­տետ ձեռք բերենք դրա հանդեպ եւ շարժվենք առաջ։ 

- Մենք ամեն օր ավե­լի ու ավե­լի ենք համոզվում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի միա­կողմա­նիության մեջ: Եթե առաջ լայն մասսա­նե­րի համար շատ տեսա­նե­լի չէր ռուսա­կան գործո­ղություննե­րի որո­շա­կի հատված, հիմա շատ-շատե­րը ռուսնե­րին ոչ միայն դաշնա­կից չեն համա­րում, այլև ռուսնե­րի գործո­ղություննե­րը որակվում են հակա­հայկա­կան: Արդյո՞ք պետք էր Արցախյան պատե­րազմն ու իր հետև­անքնե­րը, դա հասկա­նա­լու համար, թե մեր «հակա­ռուսա­կան» տրա­մադրություննե­րը պահի տակ արտա­հայտված հուզմունք են:

- Ռուսաստա­նը որպես պետություն, որը որպես «մեր դարա­վոր բարե­կամ» է հորջորջվում, բռնա­զավթված է կազմա­կերպված հանցա­վոր խմբա­վորման կողմից եւ վերածված է իր քաղա­քա­ցի­նե­րի՝ ռուսաստանցի­նե­րի դեմ սերիա­կան հանցա­գործություննե­րի գործի­քի։ Այդ պետությունն իր բնույթով բարե­կամ չէ նույնիսկ ի՛ր ժողովրդին, ուր մնաց բարե­կամ լինի մեզ։ Դրան գումա­րած, արձա­նագրված է, թե ինչպի­սի հանցանքներ է այն գործել Ուկրաի­նա­յի, Վրաստա­նի, Սիրիա­յի, Հյուսի­սա­յին Կովկա­սի ժողո­վուրդնե­րի դեմ։ Եվ Արեւմուտքի հետ այսօրվա «գաղա­փա­րա­կան» դիմա­կա­յության հիմքում հենց այդ ռեժի­մի ինքնա­պահպանման հրա­մա­յա­կանն է, իրա­կա­նում այստեղ գաղա­փա­րա­կան ոչինչ էլ չկա, նրանք համոզված շովի­նիստներ էլ չեն, ըստ էության։ Սակայն, այո՛, նրանք խոսում են հայ ժողո­վուրդի հետ դարա­վոր բարե­կա­մության մասին, բայց նրանք ատում են մեր անկախ եւ ինքնիշխան պետա­կա­նության գոյության փաստն իսկ, եւ ռուսա­կան ժողովրդա­վա­րությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մեր պետա­կա­նությունը։ Մեր անկա­խության տարի­նե­րին ոչ մի երկիր, նույնիսկ Ադրբե­ջա­նը, մեր ներսից այդ աստի­ճան եւ այդ ծավա­լի չի հյուծել մեր ներուժը եւ արտա­քին հարա­բե­րություննե­րում չի խափա­նել մեր պետության դիրքե­րը, ոնց որ Ռուսաստանն է դա արել եւ շարունա­կում է անել։ Նրանք ուզում են մինչեւ վերջին հայը «բարե­կա­մություն» անել մեզ հետ, իսկ Ադրբե­ջա­նի Ալիեւյան ռեժիմն օգտա­գործել որպես ծանթ եւ բութ առարկա՝ մեր գլխին խփե­լու համար, ահա սա է ցավա­լի իրա­կա­նությունը։ Բայց եւ այնպես, Ռուսաստա­նը չափա­զանց ազդե­ցիկ իրո­ղություն է մեր իրա­կա­նության մեջ, որպեսզի այն արհա­մարվի, պետք է հաշվի նստել այդ իրո­ղության հետ եւ սեփա­կան շահե­րը պաշտպա­նել այդ հարա­բե­րություննե­րում։

- Շատ քաղա­քա­կան կուսակցություններ ու նախա­ձեռնություններ համա­ձայն լինե­լով հանդերձ, որ ռուսնե­րից օր առաջ ազատվել է պետք, գտնում են, որ այս պահին դա անհնար է՝ պայմա­նա­վորված բազմա­թիվ հայտնի գործոննե­րով: Դա իրո՞ք այդպես է, թե ռուսնե­րից մնա­ցած «ահի» հոգե­բա­նա­կան մնա­ցորդներն են:

- Մեր հասա­րա­կության տարբեր շերտե­րում շրջա­նառվում են տարբեր, որոշ դեպքե­րում նաեւ հակա­մետ խոսույթներ/դիսկուրսներ, ինչը հայկա­կան քաղա­քա­կան մտքի հարստությունն է, եւ դա պետք է գնա­հա­տել, անկախ նրա­նից, թե ինչի հետ ենք մենք համա­ձայն կամ ոչ։ Ձեր նշված հարցադրումը եւս կա, եւ այն ուժգնա­ցել է 44-օրյա պատե­րազմից հետո։ Այդ հարա­բե­րություններն անամպ չէին սկսած անկա­խության առա­ջին օրե­րից, երբ ռուսա­կան բանակն էր, որն Էլչի­բե­յի բանդա­նե­րի հետ միա­սին՝ 1992‑ի հուլիս-օգոստո­սին ներխուժեց եւ գրա­վեց Շահումյա­նի շրջա­նը եւ Մարտա­կերտի շրջա­նի մեծ մասը, էլ չեմ խոսում մինչ այդ, «սովե­տի» վերջին ամիսնե­րին Արցա­խում հաստատված՝ ռուս գենե­րալ Սաֆո­նո­վի հակա­հայ, հանցա­գործ, ահա­բեկչա­կան ռեժի­մը, «Կոլցո» օպե­րա­ցիա­նե­րը սովե­տա­կան Ադրբե­ջա­նի տարածքում՝ ադրբե­ջա­նա­կան քրեա­կան խաժա­մուժի հետ միա­սին։ Հայ հասա­րա­կության մեջ հարցե­րը հստա­կեցվե­ցին արդեն 2013-ից, երբ Հայաստա­նը «բերման ենթարկվեց» ԵԱՏՄ կոչված հակա­քա­ղա­քակրթա­կան ախո­ռը, որտեղ չկա ոչ Եվրո­պա, ոչ Ասիա, ոչ տնտե­սություն, ոչ էլ միություն, այլ կա միջնա­դարյան Մոնղո­լա­կան հորդա­յին բնո­րոշ՝ Չինգիսխա­նի «յասա»-յով առաջնորդվող մի ժողո­վուրդնե­րի բանտ։ Այդ նվաստա­ցումն էր, որ ճանա­պարհ բացեց Քառօրյա ապրիլյան պատե­րազմին, նաեւ այն ընկալմա­նը, որ մեզ պատած այս արա­տա­վոր շրջա­նը պետք է կտրել, այս ճահճի միջից, որի մեջ մենք թաթախվել ենք, պետք է դուրս գալ դեպի քաղա­քակրթության լուսա­վոր ճանա­պարհ։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ թաթախվելն այնքան խորն է, հարա­կից հանգա­մանքներն այնքան զորեղ, որ միայն ցանկությունը բավա­րար չէ։ Իսկ 44-օրյա պատե­րազմը, որը մեզ դրեց վատթա­րա­գույն վիճա­կի մեջ նաեւ այս համա­տեքստում՝ էլ ավե­լի է ընդգծում այդ իրո­ղությունը, որ, նախ, մեզ իրա­տե­սությունը չպետք է դավա­ճա­նի եւ, դրան զուգա­հեռ, չպետք է առաջնորդի վախը, լինի դա թուրքե­րի, թե ռուսնե­րի նկատմամբ։ Եվ շատ կարեւոր է, որ իշխա­նա­կան պաշտոնյա­նե­րի՝ հասկա­նա­լի կաշկանդվա­ծության պայմաննե­րում հասա­րա­կության մեջ գտնվել է այնքան ուժ, որպեսզի իրե­րը կոչվեն իրենց անուննե­րով։ Նաեւ, մեզ չպետք է լքի իդեա­լիզմը (չշփո­թել ռոմանտիզմի հետ), որը համադրվե­լով իրա­տե­սության հետ՝ մեր առաջ կհարթի մեր ճանա­պարհը։ Համե­նայն դեպս, համոզված եմ, որ դա միանգա­մայն հնա­րա­վոր է, ես հավա­տում եմ Հայ ժողովրդի ներուժին։ Սա հետեւո­ղա­կան, հույսով եւ հավա­տով լցված աշխա­տանք է, որը պետք է կատարվի։

- Երբ մենք խոսում ենք արտա­քին քաղա­քա­կա­նության մասին, շատ է խոսվում ՀԱՊԿ-ԵԱՏՄ-ից պոկվե­լու և ՆԱՏՕ-ԵՄ գնա­լու մասին: Հայա­սա­տանն ունի՞ այդ հնա­րա­վո­րությունը, և եթե այո, մեզ վրա ի՞նչ կնստի այդ ամե­նը:

- Բացարձա­կա­պես ակնհայտ է, որ միայն Հայաստա­նի ցանկությունը, նույնիսկ եթե այն արտա­հայտվի պետա­կան մակարդա­կով՝ բավա­րար չէ դրան հասնե­լու համար, այս «փողո­ցը» երկկողմա­նի երթեւե­կությամբ է։ Օրի­նա­կը՝ Վրաստա­նը եւ Ուկրաի­նան։ Ակնհայտ է նաեւ, որ ՆԱՏՕ‑ն իր ամբողջության մեջ պատրաստ չէ իր շարքերն ընդունել հետխորհրդա­յին երկրնե­րին, նույնիսկ նրանց, ովքեր պետա­կա­նո­րեն ուղղա­կի նվիրված են Դաշինքի գաղա­փա­րին եւ սկզբունքնե­րի, քանզի նրանք պատրաստ չեն առճա­կատվե­լու Մոսկվա­յի հետ, որն, ինչպես տեսնում ենք, պատրաստ է ամե­նա­կոշտ միջոցնե­րով դրան խանգա­րել։ Մյուս կողմից, հաշվի առնե­լով այդ իրո­ղությունը, ՆԱՏՕ‑ն եւ դրան անդա­մակցող երկրնե­րը միանշա­նա­կո­րեն դեմ են, որպեսզի Մոսկվան օրի­նա­կա­նացնի եւ լեգի­տի­մացնի իր կողմից միջամտության «իրա­վունքը» հետխորհրդա­յին երկրնե­րում։ Հետեւա­բար, այսօր հնա­րա­վո­րություննե­րի «միջանցքը» դա է։ Երբ վաղը իրո­ղություննե­րը կփոխվեն, այդժամ էլ կխո­սենք նոր հնա­րա­վո­րություննե­րի մասին։ Սակայն այսօր տեսնում եմ բոլոր հնա­րա­վո­րություննե­րը, որպեսզի Հայաստա­նը դիվերսիֆիկացնի/բազմազանեցնի իր բոլոր քաղա­քա­կա­նություննե­րը՝ արտա­քին, անվտանգության, արտա­քին տնտե­սա­կան, պաշտպա­նա­կան, միջազգա­յին ռազմա­տեխնի­կա­կա­կան համա­գործակցության ճարտա­րա­պե­տությունը եւ բալանսա­վո­րի իր՝ ծանրա­ցած միա­կողմա­նի կախվա­ծությունը «դարա­վոր բարե­կա­մից»։ Բայց նախանշաններ չեմ տեսնում, թե նման քաղա­քա­կան որո­շում է ընդունված։ Իսկ սա, նախ եւ առաջ, մեր իշխա­նության գլխա­վոր առաջնա­հերթություննե­րի շարքում պետք է լինի։

- Մի քանի տարի հետո լրա­նում է ռուս խաղա­ղա­պահնե­րի Արցա­խում մնա­լու ժամկե­տը: Եթե Ադրբե­ջա­նը նոր գին պահանջի ռուսնե­րից, նրանք ինչքա՞ն են պատրաստ զիջե­լու Հայաստա­նի հաշվին: Ո՞րը պիտի լինի մեր գործո­ղությունն այսօր այդ առևտրում չճզմվե­լու համար:

- Անշուշտ, չորս տարուց պակաս ժամա­նա­կա­հատվա­ծը պատմա­կա­նո­րեն չնչին է, սակայն, հաշվի առնե­լով, թե ինչ արա­գություննե­րով է ամեն ինչ փոխվում եւ դեռ կարող է փոխվել, դժվար է, գուցեեւ անի­մաստ՝ ընկնել կանխա­տե­սումնե­րի գիրկը։ Սակայն, բացարձա­կա­պես ակնհայտ է, որ մեր վարքն այդ «իքս» պահին պայմա­նա­վորված է լինե­լու նրա­նով, թե մենք մեր ներքին՝ տնա­յին աշխա­տանքը երկրի ներսում ինչպես ենք կատա­րել։ Քանզի դրա­նով է պայմա­նա­վորված լինե­լու մեր դիմադրո­ղա­կա­նությունը եւ սեփա­կան շահե­րը հետապնդե­լու կարո­ղություննե­րը։ Բաքուն չի էլ թաքցնում, որ ցանկա­նում է օր առաջ նախկին սովե­տա­կան Ադրբե­ջա­նի տարածքում «վերջնա­կա­նա­պես լուծել Հայկա­կան հարցը», այնպես, ինչպես դա արե­ցին նացիստնե­րը հրեա­նե­րի նկատմամբ Գերմա­նիա­յում (ի դեպ, եզրույթը նրանցն է), այնպես, ինչպես դա տեղի ունե­ցավ ողջ Ադրբե­ջա­նում, եւ այն, ինչ մնա­ցել է Արցա­խից՝ միակ բացա­ռությունն է։ Ակնհայտ է, որ ռուսա­կան զորքը դիտարկվում է որպես դրա թիվ մեկ խոչընդոտ։ Ուստի մենք պետք է առա­վել արդյունա­վե­տությամբ այդ ժամա­նա­կա­հատվածն օգտա­գործենք՝ հավելյալ երաշխիքներ ձեւա­վո­րե­լով Արցա­խի համար։

- Ի՞նչ կասեք անընդհատ շրջա­նառվող 3+3, այնուհետև 3+2‑ի մասին, հատկա­պես, որ օրերս Վրաստա­նի պահվածքը բավա­կան մեծ հավա­նության է արժա­նա­ցել մեր հասա­րա­կության կողմից:

- Դա մի դեռեւս չձեւա­վորված հարթակ է, որն իբր կոչված է տարա­ծաշրջա­նա­յին հարցե­րով բանա­վե­ճե­րը հանգուցա­լուծման տանե­լու համար, իր ձեւա­չա­փով դա նույն՝ Կարսի եւ Մոսկվա­յի հանցա­վոր պայմա­նագրե­րին է կրկնում, եւ իրա­կա­նում կոչված է Արեւմուտքին տարա­ծաշրջա­նա­յին գործընթացնե­րից դուրս թողնե­լուն, Հայաստա­նի եւ Վրաստա­նի ինքնիշխա­նությունը սահմա­նա­փա­կե­լուն եւ Հարա­վա­յին Կովկա­սում Ադրբե­ջա­նի անվե­րա­պահ գերա­կա­յությունը՝ ռուս-թուրքա­կան «տանի­քի» ներքո ապա­հո­վե­լուն։ Բնա­կա­նա­բար, միանգա­մայն հասկա­նա­լի է, որ Վրաստանն, ունե­նա­լով առանձնաշնորհյալ հարա­բե­րություններ ԱՄՆ‑ի հետ՝ պետք է մերժեր այդ անպարկեշտ առա­ջարկությունը, ինչն անվե­րա­պահ հավա­նության պետք է արժա­նա­նար հայ հասա­րա­կության քաղա­քա­կա­նացված սեգմենտում։ Միեւնույն ժամա­նակ, պաշտո­նա­կան Երեւա­նը, դուռը չշրխկացնե­լով, այնուա­մե­նայնիվ, հայտա­րա­րել է, որ չի քննարկե­լու այդ ձեւա­չա­փում հարցեր, որոնց քննարկե­լու տեղն այլ ձեւա­չա­փեր են։ Անշուշտ, դա իր մեջ որո­շա­կի դժվա­րություններ է պարունա­կե­լու, հաշվի առնե­լով ցինիզմի այն ծավա­լը, որն առկա է Անկա­րա­յում եւ Մոսկվա­յում, այնուա­մե­նայնիվ, կարծում եմ, որ Հայաստանն ի վիճա­կի է տեր կանգնել իր իսկ որդեգրած սկզբունքին եւ իր իսկ համար հավելյալ դժվա­րություններ ապա­գա­յի համար չստեղծել։

- Ինչպես հայտնի է ռուսնե­րը պատրաստա­կամ են օգնե­լու թուրքե­րին TF‑X հինգե­րորդ սերնդի կործա­նիչ ստեղծե­լու հարցում, ինչպես նաև շարունա­կե­լու են վաճա­ռել հակաօ­դա­յին C‑400 համա­կարգեր ու նաև դրանց համար նախա­տեսված պաշտպա­նա­կան լրա­կազմեր: Միևնույն ժամա­նակ ռուսնե­րից զենք գնե­լու պատճա­ռով F‑35‑ի ծրագրից դուրս մնա­ցած թուրքերն ամեն դեպքում օգտվում են ամե­րիկյան աջակցությունից, որոնք հայտա­րա­րել են, որ Թուրքիա­յի սահմա­նը՝ ՆԱՏՕ‑ի սահմանն է ու պատրաստա­կամ են արդիա­կա­նացնել թուրքա­կան ողջ ավիա­ցիան: Մենք ի՞նչ պահվածք պիտի դրսև­ո­րենք այս պարա­գա­յում:

- Իհարկե, մենք չէ, որ պետք է Վաշինգթո­նին եւ Անկա­րա­յին, նաեւ Մոսկվա­յին բացատրենք, թե ո՞րն է իրենց շահը։ Ակնհայտ է, որ գնում է մեծ առեւտուր, որտեղ խաղադրույքնե­րը չափա­զանց բարձր են։ Բնա­կա­նա­բար, մեր շահե­րից է բխում, որպեսզի Թուրքիան մնա ԱՄՆ‑ի ուղեծրում, քանզի դա ամե­նավճռա­կան զսպող գործոնն է, որն Անկա­րա­յի նկատմամբ կարող է գոյություն ունե­նալ։ Եւ իհարկե, ռուս-թուրքա­կան այս տեւա­կան եւ խորը գնա­ցող սիրա­խա­ղը խիստ վտանգա­վոր է մեզ համար։ Սրան համարժեք պահվածքը տեսնում եմ, կրկին, նրա­նում, որ Հայաստանն օր առաջ դիվերսիֆի­կացնի իր բոլոր քաղա­քա­կա­նություննե­րը, առա­ջին հերթին՝ խորացնի հարա­բե­րություններն ԱՄՆ‑ի հետ ընդհա­նուր արժե­քա­յին հենքի վրա, «Ռազմա­վա­րա­կան երկխո­սություն» կոչվող ձեւա­չա­փով Հայաստան-ԱՄՆ հարա­բե­րություննե­րին օժտի ռազմա­վա­րա­կան բովանդա­կությամբ։

- Սահմա­նա­զատման ու ապա­ռազմա­կա­նացման խոսե­լիս, մարդկանց ամե­նից շատ մտա­հո­գում է միջանցք/ճանապարհ կոչվածն ու դրա հետև­անքնե­րը: Մեր հասա­րա­կությունը չի վստա­հում այդ միջանցք/ճանապարհին և առ ոչինչ է համա­րում Ադրբե­ջա­նի տարածքով Ռուսաստա­նին կապվե­լու ապա­գան: Ստացվում է, որ թուրքե­րը օգտա­գործե­լու են իրենց հնա­րա­վո­րությունը, իսկ մենք՝ ոչ: Ինչպե՞ս է դասա­վորվե­լու մեր ծրագրե­րը այդ հարցի շուրջ:

- Պաշտո­նա­կան Երեւանն այստեղ որդեգրել է միանշա­նակ եւ սկզբունքա­յին դիրքո­րո­շում, ըստ որի՝ որեւէ լուծում, որը ենթադրում է հայկա­կան ինքնիշխա­նության որեւէ սահմա­նա­փա­կում որեւէ հայկա­կան տարածքում՝ անընդունե­լի է։ Միեւնույն ժամա­նակ, Հայաստա­նը համոզված կերպով միտված է փոխա­դարձության սկզբունքով բոլոր հաղորդակցություննե­րի, առա­ջին հերթին՝ երկա­թուղու ապաշրջա­փակմա­նը։ Այստեղ, բնա­կա­նա­բար, տեղ չունեն մերկա­պա­րա­նոց հռչա­կագրե­րը կամ դատարկ խոստումնե­րը, եւ փոխա­դարձ պարտա­վո­րություննե­րը պետք է փաստաթղթա­վորվեն եւ ֆիքսվեն այնպես, որ տարընթերցումնե­րի հնա­րա­վո­րություն իսկ չմնա։ Համոզված եմ, որ այս որո­շումը բխում է եւ Հայաստա­նի, եւ Ադրբե­ջա­նի շահե­րից, ուստի կան բոլոր հիմքե­րը համա­րե­լու, որ հաջո­ղության նախադրյալներն առկա են։

- Ո՞րն է լինե­լու մեր տրա­մա­բա­նությունը Արցա­խի հետա­գա ճակա­տագրի հետ կապված:

- Այստեղ հակիրճ կլի­նեմ։ Արցա­խը պետք է լինի, մնա եւ շարունա­կի զարգա­նալ, որպես հայկա­կան տարածք, որտեղ պետք է լինի հայկա­կան, ժողովրդա­վա­րա­կան ճանա­պարհով ընտրված իշխա­նություն։ Մնա­ցած հարցերն ածանցվում են այս տեսլա­կա­նից։

- Ո՞րն եք համա­րում այս պահին ամե­նա­մեծ խնդի­րը, որը քանի դեռ լուծված չէ, թույլ չի տալու մյուս խնդիրնե­րը ևս լուծել:

- Լինե­լով համոզված ինստի­տուցիո­նա­լիստ, պետք է շեշտեմ, որ գլխա­վոր խնդի­րը՝ մեր պետա­կան եւ հասա­րա­կա­կան ինստի­տուտնե­րի կայա­ցած չլի­նելն է։ Այո՛, երե­սուն տարին, ինչպես պարզվում է, բավա­րար չէ լիարժեք հասա­րա­կա­կան-պետա­կան կյանքը լավ պատկե­րացնող հասա­րա­կություն ունե­նա­լու համար։ Մեր կրթա­կան համա­կարգը ե՛ւս դեռ ունակ չէ այդ խնդի­րը լուծել պատշաճ կերպով։ Այո՛, խնդի­րը՝ հասա­րա­կա­կան-պետա­կան կյանքին պատրաստ քաղա­քա­ցին է, որոնք կան, բայց դեռ քիչ են։ Առանց այդ խնդի­րը լուծե­լու՝ մնացյալ խոսակցություննե­րը դառնում են անի­մաստ, իսկ տարրա­կան հարցե­րի լուծումնե­րը չարդա­րացված չափով մեծ ջանք եւ ռեսուրս են խլե­լու մեզա­նից։ Ահա՛ դրա­նից պետք է սկսել, եւ այդ առումով կրթա­կան համա­կարգի բարե­փո­խումնե­րի մասին որո­շումնե­րը համա­րում եմ ռազմա­վա­րա­կան կարեւո­րության, ոչ պակաս, քան մեր զինված ուժե­րի­նը կամ այլ ոլորտի։

Առնչվող Հոդվածներ