Հայաստան

Մենք Բոլորս Մի Նավի Մեջ Ենք

Իրական խնդիրը մոռացած մենք զբաղված ենք ժամանակ վատնելով:

Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Սպուտնիկի տաղավարում և ամփոփել անցնող տարին, ինչպես նաև պատասխանել հարցերին:

Էդմոն Մարուքյանն այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց այն, որ քաղաքական ուժերն ի վերջո եկան արտահերթ խորհրդարանական ընտրության: Այդ ընտրությունները միջոց էին լեգիտիմորեն փոխելու ինչ որ բան և քաոսի չտանելու երկիրը: Բայց ընտրությունները դժբախտաբար չանցան նման մթնոլորտում: Սև ու սպիտակ եղավ ու ձևավորվեց միանգամայն անառողջ մթնոլորտ: Մարուքյանը շեշտեց, որ իրենք ընտրության գնացել են համերաշխության քարոզով՝ շատ լավ իմանալով, որ նման քաղաքականությունը իրենց թույլ չի տա հավասար պայքարի մեջ մտնել «մուրճի» ու « մանգաղի» հետ, բայց դա աարել են գիտակցաբար, քանի որ երկրի պետական շահն ավելի կարևոր է:

Ինչ վերաբերվում է գլխավոր թերությանը, Մարուքյանը հստակ նշեց, որ իր կարծիքով ամենամեծ բացթողումն այն է, որ այդպես էլ չի ձևակերպվել մեր նպատակը, թե ինչ ենք ուզում: Անցնում ենք բոլոր սահմանները, չունենք կարմիր գծեր: Ի տարբերություն մեզ՝ ադրբեջանցիները շատ լավ գիտեն ինչ են ուզում, իսկ մենք ավելի շատ զբաղված ենք անորոշ ձևակերպումներով: Մարուքյանը նշեց, որ միշտ է այդպես եղել: Նույնիսկ Ցեղասպանության ճանաչման հարցով մենք մի կոնկրետ միասնական ձևակերպում չունենք, թե ինչ ենք պահանջում՝ փող, հող, ներողություն, անվտանգության երաշխիք: Մեզ մոտ գերակշռում է անորոշությունը և հենց այդ անորոշությունն էլ թույլ չի տալիս հստակ քաղաքականություն վարելու:

Հիմա նույնն է Արցախի հարցով: Փոխանակ հստակ ուշքի գալու և պարզ հասկանալու, թե ինչ է լինելու հետո, մենք ավելի շատ անպտուղ մեղադրանքներով ենք զբաղված, որոնք սակայն ոչինչ չեն փոխում… Իրական խնդիրը մոռացած մենք զբաղված ենք ժամանակ վատնելով: Ու միայն իշխանությունը չէ, որ պիտի հարցի լուծմամբ զբաղվի այլ ողջ հասարակությունը, բայց քանի դեռ նման պառակտված վիճակ է, մենք համազգային համերաշխություն ունենալ չենք կարող որևէ հաջողության հասնելու մասին խոսել:

Ներքաղաքական իրավիճակում ամեն ինչ շարունակում է մնալ բացառիկ անառողջ վիճակում: Նույնիսկ հիմա, երբ մենք պիտի հասկանանք ու տարբերենք իրական պետական շահն ու նեղ անձնականը:

Էդմոն Մարուքյանը նաև օրինակ բերեց, որ ինքը ևս քաշքշուկի մեջ եղել է խորհրդարանում, բայց իրենք անձնական քննարկումը երբեք ավելի բարձր չեն դասել քան պետական շահը:

Մենք պետք է հասկանանք, որ ընդհանուր մի նավի մեջ ենք:

Ամբողջական տեսանյութը` Էդմոն Մարուքյան ի ֆեյսբուքյան էջում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *