16.5 C
Yerevan

Ո՞ւր է Նոր Տարին

Այս անցնող տարին շատ ավե­լի ծանր էր, քան նույնիսկ 2020‑ը: 2020‑ը մեզ համար աղե­տի էպի­կենտրոնն էր, իսկ 2021‑ը՝ գիտակցման անխուսա­փե­լիությունը: Եթե 2020-ին մենք պայքա­րում էինք, 2021-ին սկսե­ցինք հասկա­նալ, գիտակցել: Բայց արդյո՞ք հասկա­ցանք:

Արա­յիկ Մկրտումյան

Խանութնե­րում կատարվող անսո­վոր եռուզե­ռը միայն մի բան է հուշում՝ ամա­նորյա գնումներ: Ամա­նորյա խառնաշփոթ, որին պիտի հաջորդեն դեկտեմբե­րի 31‑ի կեսգի­շե­րի շնորհա­վո­րանքներ, կենացներ և մաղթանքներ, որ այս եկող 2022թ‑ը ավե­լի լավը լինի. առողջություն, հաջո­ղություն, աշխարհին խաղաղություն…ու էլի նման մի քանի բաներ: Աչքին‘ հաճե­լի, սրտին՝ օգտա­կար: Ճիշտ է, օգուտ չունի, բայց ականջ է շոյում: Կենացնե­րից բացի հորոսկոպ, թե ինչ առանձնա­հատկություններ ունի եկող վագրի տարին, ու թե որ կենդա­նա­կերպի ներկա­յա­ցուցչին ինչ է սպասվում  (հուսամ կենդա­նա­կերպը վիրա­վո­րանք չի ընդունվի, խոսքը հորոսկո­պի մասին է): Նաև աստղա­գուշա­կություն:

Այս ամե­նի մեջ մի բան կա, որ կարմիր գծի նման անցնում է վերը հիշա­տակված երև­ույթնե­րի միջով; Սպա­սում: Անգործություն: Մաղթանք և սպա­սում: Սպա­սում, որ վագրի տարին հաջո­ղություն կբե­րի, սպա­սում, որ աշխարհը խաղաղ կլի­նի, քովի­դը կանցնի, մի խոսքով լավ կլի­նի:

Եվ դա ասում ենք մենք՝ պրագմա­տիկ ու հաշվենկատ մարդիկս, որոնք մինչև վերջին կոպե­կը հաշվում են, խնա­յում, ծանրակշիռ ընտրում ամեն բառն ու տառը, զգուշո­րեն կարիե­րա կառուցում: Ու մենք միամտո­րեն հավա­տում ենք, որ ուղղա­կի լավ է լինե­լու: Լավ կլի­նի:

1995թ. սկսած մինչև 2020թ. մենք անընդհատ կենաց ենք խմել, որ աշխարհին խաղա­ղություն լինի: Չեղավ: Խմել ենք, որ առողջություն լինի: Խնդրեմ, համաշխարհա­յին պանդե­միա: Որ գործներս հաջող գնա: Վայե­լե­լեք 30 տոկոս աղքա­տություն և այլն: Մի բան այն չէ: Մենք կամ սխալ կենացներ ենք խմում, կամ սխալ ենք անում, որ միայն խմում ենք: Քանի դեռ մենք շարունա­կում ենք 30–50 գրա­մա­նոց օղու և գինու բաժակներ դատարկել և միս ուտել՝ հուսա­լով, որ դա մեզ հաջո­ղություն կբե­րի, հաջո­ղությունը երես է թեքում մեզնից: Մեր եղբայրնե­րը հազարնե­րով զոհվում են պատե­րազմում, մենք կորցնում ենք ձեռք բերած հաղթա­նակնե­րը, պլյուսը դառնում է մինուս:

Այս անցնող տարին շատ ավե­լի ծանր էր, քան նույնիսկ 2020‑ը: 2020‑ը մեզ համար աղե­տի էպի­կենտրոնն էր, իսկ 2021‑ը՝ գիտակցման անխուսա­փե­լիությունը: Եթե 2020-ին մենք պայքա­րում էինք, 2021-ին սկսե­ցինք հասկա­նալ, գիտակցել: Բայց արդյո՞ք հասկա­ցանք:

Րաֆֆին գրում  է, որ Փայա­ջի­կում ակա­նա­տես է եղել, թե ինչպես հայ գյուղա­ցի­նե­րը հրա­ցաննե­րով հանկարծ սկսում են կրա­կել: Ի պատասխան Րաֆֆու հարցին, թե ինչ է կատարվում, պատասխա­նում են, որ քշում են հին տարին և դիմա­վո­րում նոր տարին:

«Քանի՜֊քանի՜ հազա­րա­վոր այսպի­սի դեկտեմբերներ յուրյանց հրա­ցաննե­րով արտաքսել են հայոց ռամիկնե­րը, քանի՜֊քանի՜ նոր տարիք սիրով ու ուրա­խությամբ ընդունել են նոքա։ Բայց նոցա­նից և ոչ մինը չէ բերել նոցա համար մի նոր բախտ։ Արդարև, հոլո­վա­կան տարի­քը ոչինչ չեն ներգործում հայե­րի տխուր և տրտում վիճա­կի վերա։ Պատճառն, որ թեպետ բնության նախա­սահմանյալ օրենքնե­րին համա­ձայն տարի­քը փոփոխվում են֊ գնում է հինը, գալիս է նորը, բայց հայե­րը, անդարդ կենա­լով յուրյանց գերեզմա­նա­կան անշարժության մեջ, երբեք չեն մտա­ծում փոխել յուրյանց մեռե­լա­յին դրությունը։ Հայե­րը յուրյանց կյանքը չեն չեն համա­ձայնեցնում տարի­նե­րի ընթացքի հետ, և ժամա­նա­կի պիտույքնե­րի հետ։ Հայե­րի համար թե՛ անցյա­լը, թե՛ ներկան, և թե՛ ապառնին ունեն միևնույն  կորստա­բեր նշա­նա­կությունը։ Միով բանիվ, հայե­րի համար չկա «Նոր տարի»։

Րաֆֆի

Րաֆֆին շատ կարճ ձևա­կերպել է այն, ինչ մենք տարի­նե­րով փորձում ենք բացատրել միմյանց: Նույն Րաֆֆին նաև ասում է, որ կա հույսի երկու տեսակ՝ մեկը նախանձախնդրությունն է, որ մարդուն մղում է գործե­լու, կառուցե­լու և գերա­զանցե­լու, մյուսը պարապ հույսն է, որ մի օր գանձ կգտնենք: Այդ վերջի­նը ծույլի հույսն է, որ չի ցանկա­նում աշխա­տել կամ ստեղծել, նա ցանկա­նում է գտնել: Րաֆֆին բնո­րո­շում է, որ այդ տեսակ հույսը գժի երազ է, հոգե­կան հիվանդության նման մի բան, և առա­ջարկում քննել որևէ ծույլ կամ ստրկացված ժողովրդի հեքիաթնե­րը,  և կհա­մոզվենք, որ հեքիաթնե­րի մեծ մասը թաքնված գանձ գտնե­լու մասին է:

Բայց չէ՞ որ մենք այն ժողո­վուրդն ենք, որ ապրել է ամե­նա­լա­վից մինչև ամե­նա­վատ օրե­րը, եղել ենք անչափ հարուստ և անչափ աղքատ, ստեղծել ենք կայսրություն, ենթարկվել ցեղասպա­նության, մեզնից խլել են մեր ամեն ինչը, բայց մենք վերա­դարձրել և շարունա­կում ենք վերա­դարձնել մեզնից գողացվա­ծը: Մենք մի պահ կորցրել ենք զգաստությունը և այդ մի պահը փարձա­քար է դարձել մեզ համար:

Մենք դարե­րով երգել ու երա­զել ենք անկա­խություն, արյունով նվա­ճել այն ու շպրտել մի կողմ, մենք պայքա­րել ենք մեր պետությունն ունե­նա­լու համար և մեր իսկ ձեռքե­րով այն թալա­նել ու թուլացրել, հասցրել քայքայման:

Ինձ թվում է՝ մենք ծերա­ցել ենք: Մենք չենք ուզում ընդունել, որ դեռևս մեզ տրված չէ ուղղա­կի ուրա­խա­նալ այնպես ինչպես ամե­րի­կա­ցուն կամ գերմա­նա­ցուն: Որովհետև մենք դեռևս կիսատ թողած գործեր շատ ունենք: Մենք հիմա չենք կարող ուղղա­կի նամակ ուղարկել Ձմեռ Պապին և նրա­նից ամա­նորյա հրաշք խնդրել և թեթև սրտով երգել: Միայն թե ոչ հիմա: Մենք պիտի հասկա­նանք, որ ընդա­մե­նը երկու օրից  վերսկսվե­լու է աշխա­տանքա­յին շաբա­թը, և մենք նորից անհանգստա­նա­լու և տագնա­պե­լու բազմա­թիվ պատճառներ ենք ունե­նա­լու հայ-թուրքա­կան հարցե­րի, սահմա­նա­զատման ու մնա­ցած հարցե­րի շուրջ:

Այո՛, դառն է ընդունել այդ ամե­նի իրա­կան ծանրությունը, բայց ի վերջո  մենք պիտի ուշքի գանք, թե՞ոչ: Մենք պիտի հասկա­նանք, որ դեկտեմբե­րից անցում  հունվար չի նշա­նա­կում ինչ որ կախարդա­կան ու լավ բան: Ի վերջո մի քանի  հազար տարի է, որ նոր տարին մենք այդ օրե­րին ենք նշում: Նշել ենք նաև  օգոստո­սի 11-ին: Նույն տրա­մա­բա­նությամբ չինա­ցի­նե­րը պիտի հույս ունե­նան, որ  հենց այնպես տնտե­սությունը կվե­րա­կանգնվի կամ նման մի բան: Ծիծա­ղե­լի էր  մտա­ծել, որ 2021‑ը ավե­լի լավը կլի­ներ, եթե մենք կենացնե­րից այն կողմ չգնանք:  Իրոք ծիծա­ղե­լի ու նունիսկ տխուր: Բայց մենք նորից նույն բանն արե­ցինք ու հիմա էլ պատրաստվում ենք 2022-ից ինչ-որ բաներ ուզել:

Եվ մնում է միայն նորից ու նորից դառնա­նալ, որ «հայե­րի համար չկա Նոր  տարի», որովհետև մենք մի կաթիլ անգամ պրագմա­տիզմ չունե­ցանք, ու այնպես  ինչպես սպա­սում էինք, որ մեզ ինչ որ մեկը պիտի գա փրկե­լու, այնպես էլ  սպա­սում ենք, որ դեկտեմբե­րից հունվար անցումը մեզ համար հրաշք կատա­րի: Նոր տարի չկա և չի կարող լինել: Մեզ ոչ ոք այն չի նվի­րե­լու, մենք  ինքներս պետք է այն ստեղծենք ու բերենք, և այնժամ, երբ ի վիճա­կի կլի­նենք  խոսքից գործի անցնել ու զգանք, տեսնենք, հասկա­նանք մեր արա­ծի հետև­անքն ու  արդյունքը, տարվա ցանկա­ցած օր կարող ենք ասել. «Շնորհա­վոր Նոր Տարի», իսկ  մինչ այդ, մեզ գործել է պետք, միայն և միայն գործել, հակա­ռակ դեպքում «Նոր  տարին երբեք չի գա»:

Ես շնորհա­վո­րում եմ գալիք Ամա­նո­րը և ցանկա­նում, որ մենք 2022-ին հասնենք սթա­փության նոր մակարդա­կի, տարբե­րենք կարև­որն անկարև­ո­րից, իրա­կա­նը‘ կեղծից, գոնե մի պահ մի կողմ թողնենք մեր փոքրիկ հպարտություններն ու անդա­դար «ես» ասե­լու փոխա­րեն ասենք «Մենք»: Որ չհիասթափվենք Հայաստա­նից ու հայոց հարցե­րից: Այդ հարցե­րը լուծե­լու ուժն ու դառնությունը մեզ, միայն մեզ է տրված: Եթե ուրիշնե­րը կարո­ղա­նա­յին, ապա վաղուց լուծած կլի­նեին: Բայց ոչ ոք չի կարո­ղա­ցել, ու միայն մենք ենք, որ մեր հարցե­րը պիտի լուծենք, միայն մենք ենք, որ կարող ենք ու պիտի մեզ համար Նոր տարի, նոր օր և նոր գաղա­փար: Ու երբ մենք նորո­վի ու նորա­ցած փոխենք մեզ ու հասնենք նոր հաղթա­նա­կի, նոր սկիզբ տանք, այդ ժամա­նակ մեզ կարող ենք թույլ տալ մի պահ հանգստա­ցած նստել, խաղաղ նայել ու ասել‘ շնորհա­վոր Նոր տարի:

Առնչվող Հոդվածներ