ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ո՞ւր է Նոր Տարին

Այս անցնող տարին շատ ավելի ծանր էր, քան նույնիսկ 2020-ը: 2020-ը մեզ համար աղետի էպիկենտրոնն էր, իսկ 2021-ը՝ գիտակցման անխուսափելիությունը: Եթե 2020-ին մենք պայքարում էինք, 2021-ին սկսեցինք հասկանալ, գիտակցել: Բայց արդյո՞ք հասկացանք:

Արայիկ Մկրտումյան

Խանութներում կատարվող անսովոր եռուզեռը միայն մի բան է հուշում՝ ամանորյա գնումներ: Ամանորյա խառնաշփոթ, որին պիտի հաջորդեն դեկտեմբերի 31-ի կեսգիշերի շնորհավորանքներ, կենացներ և մաղթանքներ, որ այս եկող 2022թ-ը ավելի լավը լինի. առողջություն, հաջողություն, աշխարհին խաղաղություն…ու էլի նման մի քանի բաներ: Աչքին` հաճելի, սրտին՝ օգտակար: Ճիշտ է, օգուտ չունի, բայց ականջ է շոյում: Կենացներից բացի հորոսկոպ, թե ինչ առանձնահատկություններ ունի եկող վագրի տարին, ու թե որ կենդանակերպի ներկայացուցչին ինչ է սպասվում  (հուսամ կենդանակերպը վիրավորանք չի ընդունվի, խոսքը հորոսկոպի մասին է): Նաև աստղագուշակություն:

Այս ամենի մեջ մի բան կա, որ կարմիր գծի նման անցնում է վերը հիշատակված երևույթների միջով; Սպասում: Անգործություն: Մաղթանք և սպասում: Սպասում, որ վագրի տարին հաջողություն կբերի, սպասում, որ աշխարհը խաղաղ կլինի, քովիդը կանցնի, մի խոսքով լավ կլինի:

Եվ դա ասում ենք մենք՝ պրագմատիկ ու հաշվենկատ մարդիկս, որոնք մինչև վերջին կոպեկը հաշվում են, խնայում, ծանրակշիռ ընտրում ամեն բառն ու տառը, զգուշորեն կարիերա կառուցում: Ու մենք միամտորեն հավատում ենք, որ ուղղակի լավ է լինելու: Լավ կլինի:

1995թ. սկսած մինչև 2020թ. մենք անընդհատ կենաց ենք խմել, որ աշխարհին խաղաղություն լինի: Չեղավ: Խմել ենք, որ առողջություն լինի: Խնդրեմ, համաշխարհային պանդեմիա: Որ գործներս հաջող գնա: Վայելելեք 30 տոկոս աղքատություն և այլն: Մի բան այն չէ: Մենք կամ սխալ կենացներ ենք խմում, կամ սխալ ենք անում, որ միայն խմում ենք: Քանի դեռ մենք շարունակում ենք 30-50 գրամանոց օղու և գինու բաժակներ դատարկել և միս ուտել՝ հուսալով, որ դա մեզ հաջողություն կբերի, հաջողությունը երես է թեքում մեզնից: Մեր եղբայրները հազարներով զոհվում են պատերազմում, մենք կորցնում ենք ձեռք բերած հաղթանակները, պլյուսը դառնում է մինուս:

Այս անցնող տարին շատ ավելի ծանր էր, քան նույնիսկ 2020-ը: 2020-ը մեզ համար աղետի էպիկենտրոնն էր, իսկ 2021-ը՝ գիտակցման անխուսափելիությունը: Եթե 2020-ին մենք պայքարում էինք, 2021-ին սկսեցինք հասկանալ, գիտակցել: Բայց արդյո՞ք հասկացանք:

Րաֆֆին գրում  է, որ Փայաջիկում ականատես է եղել, թե ինչպես հայ գյուղացիները հրացաններով հանկարծ սկսում են կրակել: Ի պատասխան Րաֆֆու հարցին, թե ինչ է կատարվում, պատասխանում են, որ քշում են հին տարին և դիմավորում նոր տարին:

«Քանի՜֊քանի՜ հազարավոր այսպիսի դեկտեմբերներ յուրյանց հրացաններով արտաքսել են հայոց ռամիկները, քանի՜֊քանի՜ նոր տարիք սիրով ու ուրախությամբ ընդունել են նոքա։ Բայց նոցանից և ոչ մինը չէ բերել նոցա համար մի նոր բախտ։ Արդարև, հոլովական տարիքը ոչինչ չեն ներգործում հայերի տխուր և տրտում վիճակի վերա։ Պատճառն, որ թեպետ բնության նախասահմանյալ օրենքներին համաձայն տարիքը փոփոխվում են֊ գնում է հինը, գալիս է նորը, բայց հայերը, անդարդ կենալով յուրյանց գերեզմանական անշարժության մեջ, երբեք չեն մտածում փոխել յուրյանց մեռելային դրությունը։ Հայերը յուրյանց կյանքը չեն չեն համաձայնեցնում տարիների ընթացքի հետ, և ժամանակի պիտույքների հետ։ Հայերի համար թե՛ անցյալը, թե՛ ներկան, և թե՛ ապառնին ունեն միևնույն  կորստաբեր նշանակությունը։ Միով բանիվ, հայերի համար չկա «Նոր տարի»։

Րաֆֆի

Րաֆֆին շատ կարճ ձևակերպել է այն, ինչ մենք տարիներով փորձում ենք բացատրել միմյանց: Նույն Րաֆֆին նաև ասում է, որ կա հույսի երկու տեսակ՝ մեկը նախանձախնդրությունն է, որ մարդուն մղում է գործելու, կառուցելու և գերազանցելու, մյուսը պարապ հույսն է, որ մի օր գանձ կգտնենք: Այդ վերջինը ծույլի հույսն է, որ չի ցանկանում աշխատել կամ ստեղծել, նա ցանկանում է գտնել: Րաֆֆին բնորոշում է, որ այդ տեսակ հույսը գժի երազ է, հոգեկան հիվանդության նման մի բան, և առաջարկում քննել որևէ ծույլ կամ ստրկացված ժողովրդի հեքիաթները,  և կհամոզվենք, որ հեքիաթների մեծ մասը թաքնված գանձ գտնելու մասին է:

Բայց չէ՞ որ մենք այն ժողովուրդն ենք, որ ապրել է ամենալավից մինչև ամենավատ օրերը, եղել ենք անչափ հարուստ և անչափ աղքատ, ստեղծել ենք կայսրություն, ենթարկվել ցեղասպանության, մեզնից խլել են մեր ամեն ինչը, բայց մենք վերադարձրել և շարունակում ենք վերադարձնել մեզնից գողացվածը: Մենք մի պահ կորցրել ենք զգաստությունը և այդ մի պահը փարձաքար է դարձել մեզ համար:

Մենք դարերով երգել ու երազել ենք անկախություն, արյունով նվաճել այն ու շպրտել մի կողմ, մենք պայքարել ենք մեր պետությունն ունենալու համար և մեր իսկ ձեռքերով այն թալանել ու թուլացրել, հասցրել քայքայման:

Ինձ թվում է՝ մենք ծերացել ենք: Մենք չենք ուզում ընդունել, որ դեռևս մեզ տրված չէ ուղղակի ուրախանալ այնպես ինչպես ամերիկացուն կամ գերմանացուն: Որովհետև մենք դեռևս կիսատ թողած գործեր շատ ունենք: Մենք հիմա չենք կարող ուղղակի նամակ ուղարկել Ձմեռ Պապին և նրանից ամանորյա հրաշք խնդրել և թեթև սրտով երգել: Միայն թե ոչ հիմա: Մենք պիտի հասկանանք, որ ընդամենը երկու օրից  վերսկսվելու է աշխատանքային շաբաթը, և մենք նորից անհանգստանալու և տագնապելու բազմաթիվ պատճառներ ենք ունենալու հայ-թուրքական հարցերի, սահմանազատման ու մնացած հարցերի շուրջ:

Այո՛, դառն է ընդունել այդ ամենի իրական ծանրությունը, բայց ի վերջո  մենք պիտի ուշքի գանք, թե՞ոչ: Մենք պիտի հասկանանք, որ դեկտեմբերից անցում  հունվար չի նշանակում ինչ որ կախարդական ու լավ բան: Ի վերջո մի քանի  հազար տարի է, որ նոր տարին մենք այդ օրերին ենք նշում: Նշել ենք նաև  օգոստոսի 11-ին: Նույն տրամաբանությամբ չինացիները պիտի հույս ունենան, որ  հենց այնպես տնտեսությունը կվերականգնվի կամ նման մի բան: Ծիծաղելի էր  մտածել, որ 2021-ը ավելի լավը կլիներ, եթե մենք կենացներից այն կողմ չգնանք:  Իրոք ծիծաղելի ու նունիսկ տխուր: Բայց մենք նորից նույն բանն արեցինք ու հիմա էլ պատրաստվում ենք 2022-ից ինչ-որ բաներ ուզել:

Եվ մնում է միայն նորից ու նորից դառնանալ, որ «հայերի համար չկա Նոր  տարի», որովհետև մենք մի կաթիլ անգամ պրագմատիզմ չունեցանք, ու այնպես  ինչպես սպասում էինք, որ մեզ ինչ որ մեկը պիտի գա փրկելու, այնպես էլ  սպասում ենք, որ դեկտեմբերից հունվար անցումը մեզ համար հրաշք կատարի: Նոր տարի չկա և չի կարող լինել: Մեզ ոչ ոք այն չի նվիրելու, մենք  ինքներս պետք է այն ստեղծենք ու բերենք, և այնժամ, երբ ի վիճակի կլինենք  խոսքից գործի անցնել ու զգանք, տեսնենք, հասկանանք մեր արածի հետևանքն ու  արդյունքը, տարվա ցանկացած օր կարող ենք ասել. «Շնորհավոր Նոր Տարի», իսկ  մինչ այդ, մեզ գործել է պետք, միայն և միայն գործել, հակառակ դեպքում «Նոր  տարին երբեք չի գա»:

Ես շնորհավորում եմ գալիք Ամանորը և ցանկանում, որ մենք 2022-ին հասնենք սթափության նոր մակարդակի, տարբերենք կարևորն անկարևորից, իրականը` կեղծից, գոնե մի պահ մի կողմ թողնենք մեր փոքրիկ հպարտություններն ու անդադար «ես» ասելու փոխարեն ասենք «Մենք»: Որ չհիասթափվենք Հայաստանից ու հայոց հարցերից: Այդ հարցերը լուծելու ուժն ու դառնությունը մեզ, միայն մեզ է տրված: Եթե ուրիշները կարողանային, ապա վաղուց լուծած կլինեին: Բայց ոչ ոք չի կարողացել, ու միայն մենք ենք, որ մեր հարցերը պիտի լուծենք, միայն մենք ենք, որ կարող ենք ու պիտի մեզ համար Նոր տարի, նոր օր և նոր գաղափար: Ու երբ մենք նորովի ու նորացած փոխենք մեզ ու հասնենք նոր հաղթանակի, նոր սկիզբ տանք, այդ ժամանակ մեզ կարող ենք թույլ տալ մի պահ հանգստացած նստել, խաղաղ նայել ու ասել` շնորհավոր Նոր տարի:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *