Մենք իսկապես պետք է կարողանանք լուծել մեր տղերքի անվտանգության հարցը։
Հակոբ Բադալյան
Ցավագին նոր կորուստ սահմանին: Բոլորն արդարացիորեն հարցնում են, թե երբ պետք է ավարտվի այդ ամենը: Որպես ավարտի տարբերակ շատ է նշվում «պատժի» մասին, որ ամեն զոհի դիմաց պետք է նույն կերպ խոստորեն պատժենք թշնամուն ու էլ չի անի:
Պետք է պատժենք եւ սա նույնիսկ ռազմական գործի աքսիոմ է: Այստեղ թերեւս քննարկելու հարց էլ չկա:
Հարցը առաջանում է այնտեղ, երբ այդ պատժելու հանգամանքը ներկայացվում է որպես նոր զոհերից խուսափելու լուծում: Այսինքն, թերեւս հարց էլ չի առաջանում, այլ մեծ հակասություն, որովհետեւ պատիժ ասածը հենց ինքնին նշանակելու է նոր զոհերի բարձր հավանականություն: Կա դրա առնվազն երկու պատճառ: Նախ, ուժերի հարաբերակցությունը մեղմ ասած այնպիսին չէ, որ Ադրբեջանն էլ իրեն «չվերապահի» պատժի իրավունք: Եվ երկրորդ, ու թերեւս այդ առումով առանցքայինը՝ Ալիեւի նպատակը հենց այդ «փակ շրջանի» պահպանումն է, որ նա ձեւավորեց վերջին նվազագույնը տասնամյակում՝ ակտիվորեն կիրառելով մարդասպան շանտաժի գործիքը: Ու, եթե սրան էլ գումարենք այն, որ նա ինքն էլ այսօր գործիք է ավելի խոշոր խաղացողների համար՝ նվազագույնը իր այսպես ասած հաղթանակի պարտատերերի համար, ապա «փակ շրջանը» դառնում է ակնառու:
Ալիեւն իր այդ քաղաքականության համար ապահովել է փակ հասարակություն եւ թնդանոթի մեծ քանակի «միս»: «Մսի» հարցում նաեւ նրան օգնել է Էրդողանը՝ վարձկաններով: Նա հենց սպասում է «պատժի», որ ավելի լավ աշխատեցնի իր ակնկալած «փակ շրջանը»:
Ըստ այդմ, մենք իսկապես պետք է կարողանանք լուծել մեր տղերքի կյանքի անվտանգության հարցը, եւ դա բնականաբար սպառազինության ու ինժեներական ամրության դաշտում է: Իսկ ավելի լայն իմաստով «փակ շրջանի» հարցի լուծումը քաղաքական տիրույթում է: Ո՞րն է: Սա ամենաբարդն է, բայց հենց այդ ամենաբարդի հնարավոր օպտիմալ, ռացիոնալ, շահավետ տարբերակների վրա է, որ պետք է աշխատվի Հայաստանում: Բայց խոսքը խորքային, կոնցեպտուալ աշխատանքի մասին է, ոչ թե այս օրերին նկատվող, պայմանական՝ «բա ուր է ՀԱՊԿ»-ը, բա որ ասում եմ ճիշտը ՆԱՏՕ-ն» տրամաբանության:
Է հասկացանք, չկա, չի լինելու, նորություն է՞: Եվ պարզ է չէ, որ քաղաքական, անգամ աշխարհաքաղաքական առումով այնպիսի վիճակ է, որ այդօրինակ կատեգորիաներով լուծումներ պատկերացնելը ուղղակի քաղաքական աննհամարժեքություն է, երբ տեսնում ես ինչպես են միմյանց վերջնագրեր ներկայացնում Արեւմուտքից Արեւելք ու Հարավից Հյուսիս: Հիմա ամեն առիթով հինգ հազարերորդ անգամ էդ մասին խոսելիս լայքերի քանակից բացի, որեւէ բան փոխվում է՞:
Ալիեւը պետք է քաղաքական խնդիրներ ունենա իր մարդասպան քաղաքականության հետեւանքով, որպեսզի հրաժարվի այդ քաղաքականությունից: Հիմա այդ հարցի խորքային պատասխաններ մշակելը պետք է լինի մեր զբաղվունքը՝ կրկնեմ, ռազմական առումով թշնամուն «հասանելիքը» ապահովելուն զուգահեռ, որովհետեւ մարդասպան շանտաժին տեղի տալն էլ ընդամենը բացում է նոր շանտաժի ճանապարհ:
Գրությունը վերցված է Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից: