ՄԵՐ ՈՒՂԻՆ

15 Տարի Անց

Խմբագրական

Հրանտ Դինքը հայոց ջահն էր վառ պահում Թուրքիայում և ձգտում էր լուսավորել նաև թուրքական խավարը:

Այսօր լրանում է Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցը: Այն որ Հրանտ Դինքին սպանել են հատուկ կազմակերպված ու կառավարական մակարդակով, վստահ են շատ շատերը:

Հրանտ Դինքին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Նրան գիտեն բոլորը, նրան ճանաչում են հատկապես թուրքերը: Նրանք գիտեին ով է Հրանտը, և գիտեին, թե ինչ հզոր դիալեկտիկական ուժ է: Հրանտի խոսքն ու գործը ավելին էր, քան հնարավոր է բառերով ասել կամ բացատրել: Հրանտ Դինքը մեր նորօրյա Գրիգոր Զոհրապն էր և որին նույնպես սպանեցին՝ ճշմարտության ձայնը լռեցնելու համար: Հրանտ Դինքի սպանությունը կրակոց էր ազատությանը, արդարությանը ու ճշմարտությանը:

Նման գործիչներ շատ քիչ են: Հրանտ Դինքը ոչ միայն պայքարում էր թուրք հանցագործ ռեժիմի դեմ, այլև պայքարում էր ժողովուրդների բարեկամության ու հաշտեցման համար: Նա գիտեր, որ 1915թ.-ը մեծ բիծ է ոչ միայն թուրք ժողովրդի, այլև թուրքական պետության վրա: Նա գիտեր, որ հենց այնպես նման բծերը չեն վերանում: Նա գիտեր, որ հայն ու թուրքը կսկսեն միասին խոսել, երբ թուրքն ընդունի իր արած հրեշային անմարդկայնությունը, երբ թուրքը փորձի աշխարհին նայել ոչ թե ամենակուլ ազգայնամոլության աչքերով, այլ մարդու: Պայքարելով հայ ժողովրդի համար, Դինքը նաև պայքարում էր թուրքերի համար: Նա ցանկանում էր թուրքերին ևս ուղղվելու հնարավորություն տալ: Նա թուրքերին հնարավորություն էր տալիս հասկանալու, գիտակցելու, ըմբռնելու…մաքրվելու: Նա հնարավորություն էր ընձեռնում, որ թուրքերը գաղափարապես վերափոխվեն, որ ձերբազատվեն իրենց դարավոր ագրեսիայից: 

Հրանտ Դինքը հայոց ջահն էր վառ պահում Թուրքիայում և ձգտում էր լուսավորել նաև թուրքական խավարը: Հրանտ Դինքը մեր ժամանակների այան համարձակներից էր, ով իր ուսերին էր վերցրել մի ծանրագույն բեռ՝ գաղափարապես աճ տալ բոլոր բոլորին:

Հրանտ Դինքը մեր ժամանակների մարդկային ոգու սրբերից է:

Նա իր մարդկայնության դիմաց ատելություն ստացավ, իր խաղաղասիրության դիմաց՝ թշնամություն, իր երկարած բարեկամական ձեռքին խփեցին և անսահման ներողամտությունը վարձատրվեց թիկունքին ստացած կրակոցով:

Հրանտի սպանությունը հակառակ ազդեցություն ունեցավ: Այնպես ինչպես փորձում էին ջրով հանգցնել հրաբուխը, բայց ջուրը գոլորշիացավ ու ավելի ուժեղ պայթեց: Ալեկոծվեց Թուրքիան: Թուրքերի մեջ ևս եղան շատերը, որ ի վերջո հասկացան, որ սա կրակոց է նաև իրենց վրա: 

Հրանտ Դինքը թուրքերի շանսն էր մարդանալու, մարդկանց մոտ մարդավարի ապրելու, կացինը մի կողմ դնելու և արյունը բերանից սրբելու համար:

Թուրքերը ուրիշ այլընտրանք չունեն: Եթե ուզում են ապրել այս աշխարհում որպես մարդ, ապա նրանք ստիպված են ընդունելու իրենց չարագործությունը աշխարհի ու հայերի առաջ: Ու երբ նրանք ճանաչեն հայոց ցեղասպանությունը և փորձեն աշխարհին նայել մարդու աչքերով, Հրանտ Դինքը պետք է դառնա հայոց ցեղասպանության վերջին զոհն ու թուրքերի մարդացման առաջին քայլը:

Հրանտ Դինքը մեր ժամանակների մարդկային սրբերից է:

Նյութը վերցված է m.bianet.com կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *