Փետրվարյան ապստամբությունը իրավական առումով չեզոքացրեց առանց այն էլ ապօրինի Մոսկվայի պայմանագիրը: Փաստացի Մոսկվայի պայմանագրի կնքման ժամանակ Հայաստանն անկախ պետություն էր և դա ևս մեկ կետ է ավելացնում այդ պայմանագրի անօրինական լինելու էությանը:
Արայիկ Մկրտումյան
1921թ. այս օրը սկսվեց Փետրվարյան ապստամբությունը: Այս զարմանալի երևույթի մասին բազմաթիվ հակասական կարծիքներ կան, թեև խորհրդային իշխանության տապալումից և անկախության վերականգնումից հետո պատմական տրամաբանությունը թեքվեց ավելի ճշմարտացի ուղղությամբ և առ այսօր փորձում են հասկանալ, թե իրականում ինչի համար էր այդ ապստամբությունն ընդհանրապես: Խորհրդային պատմագրությունը տրամադրված էր ներկայացնելու, որ ապստամբության հեղինակների նպատակն էր տապալելու խորհրդային իշխանությունը և վերականգնելու «դաշնակցական տեռորը», ինչպես անվանում էին բոլշևիկները ՀՅԴ գործունեությունը, ավելի չեզոք տեսաբանները տրամադրված են ասելու, որ այդ ապստամբությունը ավելի շատ փրկարար գործողություն էր, որի ընթացքում ապստամբության հեղինակները կարողացան մահապատժից ազատել շատ ականավոր գործիչների և այդ ընթացքում նաև փորձեցին միջազգային դրությունից օգտվելով վերականգնել առաջին հանրապետության կարգավիճակը: Ավելի ջերմեռանդ պաշպանները հակված են այն համարելու սուրբ պաշտպանություն և ազգային պայքար:
Ըստ իս, պետք է ավելի սառը դատել՝ փորձելու հասկանալ, թե Փետրվարյան ապստամբության կայացման կամ ձախողման համար ինչ նախադրյալներ կային: Կարևոր է նաև հասկանալ, թե ինչ ընթացք ունեցավ: Փորձենք էմոցիաները մի կողմ դնել և սկսել սկզբից:
Նախ երկու շատ կարևոր երևույթ: Ապստամբությունն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով, բայց հայերը ունեցան շատ մեծ երկու ձեռքբերում՝ առաջինը մահվանից ազատվեցին հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ՝ բազմաթիվ ռազմական ու մտավորական գործիչներ, որոնց անխուսափելի մահ էր սպառնում: Հիշեցնենք, որ մինչև ապստամբության սկիզբը բազմաթիվ հայորդիներ էին սպանվել բոլշևիկների կողմից, որոնք զինել էին նաև թուրք մսագործներին: Բավական է հիշել միայն Երևանի բանտերում կատարվող դեպքերը և Գյումրիում(Ալեքսանդրապոլ, հետո՝ Լենինական) Կազաչի Պոստում կատարվող արյունահեղությունները: Մյուսը՝ այդ պայքարի շնորհիվ Զանգեզուրը՝ Սյունիքի մարզը խուսափեց Արցախի ու Նախիջևանի ճակատագրից:
Եվ այսպես՝ 1921թ. փետրվարի 18-ից սկսված ապստամբության հետևանքով բոլշևիկները կորցրին իշխանությունը Հայաստանում: Այդ ընթացքում տեղի ունեցավ Մոսկվայի չարաբաստիկ պայմանագրի կնքումը ռուսների ու թուրքերի միջև 1921թ. մարտին: Կարող ենք համարձակորեն պնդել, որ Փետրվարյան ապստամբությունը իրավական առումով չեզոքացրեց առանց այն էլ ապօրինի պայմանագիրը: Փաստացի Մոսկվայի պայմանագրի կնքման ժամանակ Հայաստանն անկախ պետություն էր և դա ևս մեկ կետ է ավելացնում այդ պայմանագրի անօրինական լինելու էությանը: Գումարենք նաև այն, որ Լեռնահայաստանի պայքարի արդյունքում բոլշևիկները հրաժարվեցին նախապես ընտրված ծրագրից ու Սյունիքը թողեցին Հայաստանի կազմում: Հիշեցնենք, որ ադրբեջանական ախորժակը պահանջում էր նաև Սյունիքը, այսինքն Արցախ, Սյունիք, Նախիջևան մարզերը փորձ էր արվելու կցել Ադրբեջանին:
Ավելի ծայրահեղական մտածողները հակված են կարծելու, որ Սյունիքը մնաց հայկական բացառապես նժդեհյան պայքարի արդյունքում, ավելի զուսպ մարդիկ ավելի շատ ենթադրում են, որ Լեռնահայաստանի իրական անկախ վիճակը և թուրք-բոլշևիկյան ուժերի պարտությունները հասկացնել տվին խորհրդային լիդերներին մտադրությունը փոխել Սյունիքի հարցում, քանի որ եթե Սյունիքը միանար Ադրբեջանին, ապա Կ.Պոլսից մինչև միջինասիական թյուրքալեզու տարածքներ գիծն ազատվելու էր: Բոլշևիկները չէին կարող իրենց թույլ տալ, որ թուրքերն ավելի շատ ստանան, քան իրենք պատրաստ են զիջելու նրանց: Սյունիքը մնաց հայկական ու դա փրկեց հայ ժողովրդի կյանքի հետագա շարունակությունը: Չենք տարակուսում, որ Սյունիքի ադրբեջանականացման դեպքում տեղի էր ունենալու այն ինչ և տեղի ունեցավ Նախիջևանում՝ հայաթափում: Հայաթափման վտանգը այդքան չէր մտահոգում բոլշևիկներին, ինչքան թուրքականացումը: Առանց այն էլ թուրքերը հասկացրել էին, որ «հեղափոխությունը Ադրբեջանում» կատարվելու է միայն իրենց կանոններով: Թուրքերը թույլ տվին հեղափոխություն Ադրբեջանում, զիջեցին Բաթումը, բայց վերցրին Սուրմալուի գավառը, որ առաջին հայացքից նրանց ընդհանրապես պետք չէր: Անշուշտ Սուրմալուի գավառը շատ ավելի փոքր նշանակություն կարող էր ունենալ, քան Բաթումիի նավահանգիստը, բայց թուրքերը շատ ավելի հեռահար նպատակներ ունեին: Սուրմալուի գրավումը դեռևս հայ-թուրքական պատերազմի ընթացքում, արդեն իսկ նշան էր, որ թուրքերը ցանկանում են լայնացնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում: Դրան հաջորդեց Մոսկվայի աղետալի պայմանագիրը, որով թուրքական բնակչությանն էին նվիրվում Նախիջևանը և Արցախը: Նախիջևանին սահմանակից էր դառնում թուրքական Թուրքիան և միայն Սյւոնիքի նեղ պարանոցն էր մնում կարմի գիծ, որ առ այսօր խանգարում է թյուրքական աշխարհի միավորմանը: Պատահական չէ, որ ապստամբության ղեկավարները հենց Սյունիքն էին ընտրել որպես պայքարի հետագա շարունակություն: Թե՛ Սիմոն Վրացյանը, թե՛ Գարեգին Նժդեհը կիրթ ու փորձառու ռազմական ու քաղաքական գործիչներ էին և ստրատեգիական առումով շատ լավ էին պատկերացնում, թե ինչ է կատարվելու հայ ժողովրդի հետ մի քանի տասնամյակ անց, եթե Սյունիքը թուրքացվի: Արդյո՞ք նրանք հենց սկզբից նպատակ ունեին ապահովագրելու սյունյաց պահպանումը թե ոչ՝ դժվար է ասել: Ապստամբության ղեկավարները նաև հույս ունեին, որ բոլշևիկյան ուժերը գուցե և չկարողանան արագությամբ հաջողության հասնել Վրաստանում, ուստի սկսեցին ապստամբություն՝ օգնության ձեռք խնդրելով միջազգային հանրությունից և ինչքան էլ զարմանալի է՝ Թուրքիայից: Շատերն աշխատում են չխոսել այդ մասին, բայց ապստամբության ղեկավարները չափից ավելի պրագմատիկ էին և հասկանում էին, որ այդ պահին հարկավոր է հեռացնել կարմիր վտանգը, ունենալ թեկուզ և փոքր, բայց անկախ Հայաստան, որն ի վիճակի կլիներ սեփական ուղին ընտրելու:
Դժբախտաբար միջազգային հանրությունն արդեն կորցրել էր հետաքրքրությունը Անդրկովկասի նկատմամաբ: Անգլիան, Ֆրանսիան, ավելի շատ զբաղված էին գերմանական ժառանգությունը կիսելու և սեփական վերքերը բուժելու հարցերով: ԱՄՆ-ը ցավոք այնքան ուժեղ չէր ինչպես հիմա, որպեսզի կարողանար որևէ կերպ ազդել այդ ամենի վրա: Թուրքիան արդեն Ռուսաստանի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ էր, իսկ Պարսկաստանը չափից ավելի թույլ էր, որ կարողանար որևէ օգնություն ցույց տալ ապստամբած Հայաստանին: Ապստամբները միայնակ էին մնացել ռուս-թուրքական ագրեսիայի առջև: Հարկավոր էր սկսած գործը հասցնել տրամաբանական ավարտին՝ այսինքն դուրս գալ նվազագույն կորուստներով և փորձել առավելագույն հայամետ որոշուներ պոկել բոլշևիկներից:
Կարող ենք ասել, որ ապստամբության մեծագույն հաղթանակը Սյունիքի հայկականություն պահելն էր: ՈՒ հենց այդտեղ էլ դրսևորվեց այն հերոսական պայքարը, որ մղեցին հայերը՝ թուրքա-ռուսական ուժերի դեմ:
Ինչ վերաբերում է ապստամբության պատճառներին, այդտեղ ամեն ինչ լիովին պարզ է: Բոլշևիկյան իշխանություններն ավելի անզուսպ էին քան երիտթուրքերը: Եթե երիտթուրքերը կոտորածներ սկսեցին մի քանի ամիս անց միայն, ապա դեկտեմբերի 2-ին իշխանությունը վերցրած բոլշևիկները թալան ու ձերբակալություններ սկսեցին հենց հաջորդ օրվանից: Փոքր ինչ նրանց կարողանում էր զսպել Դրոն, բայց դա շուտով ավարտվեց ու մեծ տեռորն անցավ գործի: Այդ ամենի մասին հրաշալի անդրադարձ է կատարել Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում, որտեղ մանրամասն ներկայացված է ապստամբության սկիզբը, ընթացքը, թե քանի հոգու են կարողացել փրկել, բոլշևիկների կողմից պետական գանձարանի թալանը, նաև թե ինչքան գույք և դրամական միջոցներ են կարողացել ազատել(գրքում մանրամասն ցուցակագրած է այդ ամենը:
Ի վերջո միայն մեկ հարց է մնում, թե արդյո՞ք ՀՅԴ-ն կապ ուներ ապստամբության հետ: Այդ հարցն իրոք կա, որը հետևանք է տարրական անգրագիտության և կոմունիստական քարոզչության: ՀՅԴ-ն այդ պահին Հայաստանում ամենաուժեղ և կայացած կառույցն էր և բնականաբար դաշնակցականները գլխավորեցին ապստամբությունը: Դա անհերքելի փաստ է և քննարկման ենթակա չէ: Անիմաստ են այն վեճերը, որտեղ փորձում են ներկայացնել, որ այդ ամենը ՀՅԴ կողմից կազմակերպված էր անգլիական հրամաններով ու սեփական կուսակցական շահերով: Բոլշևիկներից դժգոհ էին բոլորը, նրանց ռազմական սպառնալիքները, տնտեսական ու ֆինանասկան ծանր չարաշահումները ընդամենը մեկ ամսում ողջ երկիրը կանգնեցրին հուզումների առջև:
Բայց ապստամբությունը պարտվեց նաև այն պատճառով, որ ֆինանսական ու տնտեսական առումով քայքայված Հայաստանը չէր կարող երկու ճակատով պայքարել թուրքերի ու ռուսների դեմ միաժամանակ: Մնում էր միայն փրկել հնարավորը, որն այդպես էլ եղավ: Հիշեցնենք, որ ձերբակալված հազարավոր սպաներ նաև աքսորից վերադարձվեցին մայիսին հենց ապստամբության շնորհիվ:
Ապստամբությունն ունեցավ նաև հոգևոր-բարոյական խոշոր ազդեցություն: Հայաստանը տապալված համարող բոլշևիկները հասկացան, որ Հայաստանը կենսունակ է և ամեն դեպքում պետք է չափից ավելի զգույշ լինել Հայաստանի հետ, որ հնարավոր չէ միանգամից և կոպիտ կերպով մասնատում իրականացնել:
Փետրվարյան ապստամբությունը կարելի է համարել քաղաքական ու ռազմական փրկակար գործողություն, որի ընթացքում հնարավոր եղավ փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր, ապահովել Սյունիքի գոյությունը Հայաստանի կազմում, նոր ուժ ու եռանդ տալ հայ ժողովրդին, զգուշացնել բոլշևիկներին և կապել ադրբեջանցիների ախորժակը:
Փետրվարյան ապստամբությունը եղավ Հայաստանի առաջին Հանրապետության վերջին հերոսական քաղաքական ու ռազմական ակտը: