Հայաստան

Էթիկա, Իրավունք, Կարծիք

Պատկերացրեք, որ Վիկտոր Հյուգոն հանկարծ սկսեր գոռալ, որ մարդիկ իր գիրքը վաճառելու, այն քննարկելու իրավունք չունեն ու սկսեր վիրավորել իր ընթերցողներին, ասելով որ նրանք ապուշ են և սխալ են մեկնաբանում իր գիրքը, ինքը այլ բան նկատի ուներ:

Արայիկ Մկրտումյան

Ժամանակակից աշխարհում գնալով ավելի ու ավելի մեծ խնդիր է դառնում ինտելեկտուալ սեփականության, այսինքն հեղինակային իրավունքի հարցը: Դրան գումարվում է նաև լրագրողական էթիկայի, վարքագծի կանոնները: Խնդիրը բարդանում է այնքանով, որ կանոններ ասվածի մի մասն իրականում գոյություն ունի միայն բարոյական հարթության վրա և շատ դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում համարձակությունը և սկսվում լպիրշությունը: Քանի որ հիմա ամենմեծ արագությամբ շրջանառվող լուրն է միայն կարողանում ապահովել առաջինը լինելու պատիվը և ըստ դրա ունենալու իր իրավունքը այս լրատվական քաոսի մեջ, ապա լրագրողներից շատերը փորձում են որքան հնարավոր է օրիգինալ և սուր հարցադրումներով հանդես գալ, ինչը շատ հաճախ ոչ թե սուր է, այլ պարզապես գռեհիկ:

Մի կողմ թողնելով ոչ պրոֆեսիոնալ պահվածքը լրատվական աշխարհում, պետք է շեշտել ևս մեկ ոչ պակաս խնդիր՝ հրապարակումների թույլտվություն, մեկնաբանության ազատություն և ընդհանուր առմամբ խոսքի իրավունք:

Այս ամենն իհարկե նորմալի սահմաններում: Խոսքի ազատություն ասելով պետք է հասկանալ ոչ թե վիրավորելու և զրպարտելու, այլ ցանկացած թեմայի մասին սեփական տեսակետի ու մեկնաբանության իրավունք: 

Արդեն մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու լրագրողական էթիկայի մասին ընդհանրապես, իսկ հիմա ուզում եմ անդրադառնալ նյութ մեկնաբանելու, նյութ տարածելու և կարծիք հայտնելու մասին: Այս ամենը որպես սկզբունք:

Հայաստանում մասնավորապես մարդիկ շատ խանդոտ են վերաբերվում իրենց ինտելեկտուալ սեփականությանը և փորձում են ամեն կերպ պաշտպանել այդ: Երբեմն վիճակը հասնում է մարազմի ու ըստ էության առաջանում է հարց, թե օրինակ սոցիալական հարթակներում կատարված գրառումները ինչ դասակարգում ունեն և ով ինչ իրավունքներ ունի դրա նկատմամբ:

Առաջին հերթին իհարկե հաստատ է այն, որ գրառումը պատկանում է հեղինակին և միայն նա իրավունք ունի դա օգտագործել որպես սեփական ինտելեկտուալ սեփականություն: Բայց դա չի նշանակում իհարկե որ մեկ ուրիշը չի կարող մեկնաբանել ու իր կարծիքը հայտնել այդ նյութի վերաբերյալ: Այդ կարող է լինել քննադատություն կամ քաջալերանք: Ինչքան որ հեղինակն իրավունք ունի իր նյութը տնօրինել իր ցանկացածի պես, այնպես էլ ցանկացած մարդ իրավունք ունի տարածել այդ նյութը, մեկնաբանել ու իր կարծիքը հայտնել: Այլ կերպ անհնար է: Եթե այդ իրավունքը հանվի, ապա որևէ նյութ ստեղծելու անհրաժեշտությունն անհետանում է: Այս առումով նյութ տարածողն ու մեկնաբանողը միայն երկու բանի ուշադրություն պիտի դարձնի՝ պահպանել այդ նյութի հեղինակային իրավունքը և բարեկրթության կանոնները: 

Փորձեմ օրինակով անդրադառնալ այդ ամենին:

Ենթադրենք պարոն Ա-ն ֆեյսբուքում գրում է նյութ այն մասին, որ եռացրած ջուր խմելն օգտակար է երեկոյան, իսկ սառը ջուրը՝ առավոտյան: Պարոն Բ-ն կարդում է այդ նյութը և այն տեղադրում իր էջում՝ նյութի վերջում ավելացնելով իհարկե պարոն Ա-ի անունը որպես հեղինակ: Պարոն Բ-ն այդ նյութն իր էջում տեղադրելիս իր կողմից ավելացնում է, որ պարոն Ա-ի գրած նյութից ինքը եզրակացնում է, որ եռացրած ջուրն ունի այս կամ այն հատկությունը, իսկ սառը ջուրը՝ մեկ այլ բան: Նա գրում է իր մեկնաբանությունը, իր կարծիքը: 

Պարոն Գ-ն կարդալով այդ նյութն ու մեկնաբանությունը, իր կողմից տարածում է այդ նյութը՝ ասելով, որ լիովին համամիտ է հեղինակի հետ: Պարոն Դ-ն, ընդհակառակը իր էջում դնում է պարոն Ա-ի նյութը և կասկած հայտնում, որ եռացրած ջուրն աելի լավ է կեսօրին խմել, քան երեկոյան: Պարոն Զ-ն ևս իր էջում դնում է այդ նյութը և իր կողմից կարծիք հայտնում, որ եռացրաց ջուր ընդհանրապես պետք չէ խմել, այլ միայն սառը ջուր: Հետո պարոնայք Ե-ն, Զ-ն ու այդպես շարունակ բազմաթիվ պարոններ տարածում են այդ նյութը և ամեն մեկը հայտնում է իր կարծիքը տվյալ նյութի ու նյութում գրված երևույթների մասին: Նրանք բոլորը շեշտում են, որ նյութի հեղինակը պարոն Ա-ն է, իսկ այն ինչ իրենք ասել են՝ իրենց կարծիքն է: Իրենք այդ կարծիքն ունեն և նման կերպ են մեկնաբանում: 

Եվ հանկարծ պարոն Ա-ն, տեսնելով այդ ամենը, սկսում է զայրացած գոռալ, որ այդ մարդիկ սրիկաներ են, սխալ են մեկնաբանում, գողացել են իր նյութը, որ նրանց հովանավորում են իր թշնամիները, նրանք ապուշներ են և ոչինչ չեն հասկանում այդ թեմայից և որ իրավունք չունեն ձեռք տալ իր գրառմանը: Ըստ էության պարոն Ա-ն չի ցանկանում, որ մյուսները կարծիք հայտնեն կամ մեկնաբանեն:

Առաջանում է կոնֆլիկտ: Պարոն Ա-ն այդ նյութը գրել և դրել է հանրային վայրում և մյուսներն այդ հասկանում են տարբեր կերպ, բայց նրանք չեն ասում, որ նյութի հեղինակն ապուշ է կամ հիստերիկի մեկը: Նրանք պարզապես ասում են, թե իրենք ինչ են հասկացել այդ նյութից: Բայց պարոն Ա-ն չի հանգստանում, նա միանգամից սկսում է վիրավորել՝ պնդելով, որ նրանք այդ ամենն անելու իրավունք չունեին:

Պարոն Ա-ն ըստ էության արգելում է մարդկանց սեփական կարծիքն ու մեկնաբանությունն ունենալ:

Պատկերացրեք, որ աշխարհահռչակ գրող Վիկտոր Հյուգոն հանկարծ սկսեր գոռալ, որ մարդիկ իր գիրքը վաճառելու, այն քննարկելու իրավունք չունեն ու սկսեր վիրավորել իր ընթերցողներին, ասելով որ նրանք ապուշ են և սխալ են մեկնաբանում իր գիրքը, ինքը այլ բան նկատի ուներ: Կամ պատմաբան Յուվալ Նոյ Հարարին սկսեր հայհոյել բոլոր նրանց, ում կարծիքն ու մեկնաբանությունն իր գրքի մասին չի հավանել:

Այ եթե ընթերցողներից մեկը Հարարիի գիրքը տարածեր, բայց ասեր, որ դա իր գիրքն է, Հարարին կարող է դատի տալ, քանի որ այդ գիրքն ինքն է գրել: Բայց Հարարին չի կարող դատի տալ, եթե 1-ին ընթերցողն ասի, որ իր գիրքը կատարյալ տխմարություն է: Ուշադրություն դարձրեք այն բանին, որ ընթերցողը Հարարիին չի անվանում տխմար, այլ նրա ստեղծագործությունը: Պատկերացրեք, որ Հարարին ասեր, որ իր գիրքը ուրիշ կերպ հասկացողները անասուններ են ու հովանավորվում են իրեն չսիրող կոլեգաների կողմից: Ընթերցողները շատ արագ կհիասթափվեին Հարարիից և գուցե զարմանային, որ նման լուրջ թեմայով գրած պրոֆեսորն իրեն պահում է բացարձակ անադեկվատ ու անհասկանալի:

Եթե դու ինչ որ բան ես գրում, երգում, նկարում, նվագում և այդ ամենը մատուցում ես մարդկանց, ապա մարդիկ լիովին իրավունք ունեն սիրելու կամ չսիրելու քո ստեղծագործությունը, մեկնաբանելու այնպես, ինչպես իրենք են հասկացել և իրավունք ունեն այդ ստեղծագործությունը տարածել ամեն տեղ, ուր կցանկանան, իհարկե ամեն տեղ ասելով, որ դրա հեղինակը դու ես: Նրանք պարտավոր չեն համաձայնվել քեզ հետ, նրանք պարտավոր չեն սիրել ու ընդունել: Հակառակ դեպքում այդ դառնում է խտրականություն, արգելում է խոսքի ազատությունը, արգելում ու խախտում է մարդու հիմնարար իրավուքները:

Գանք լրատվական դաշտ: Ես ֆեյսբուքում անդրադարձել եմ անձի հոգեբանությանը և նշել, թե գովազդն ինչ հետևանք է ունենում մարդու վրա, ինչ ազդեցություն ունի տեխնոլոգիան ու կրոնը: Այդ նյութը տարածել են մի քանի տասնյակ մարդիկ և նրանցից ամեն մեկն իր կարծիքն ու մեկնաբանությունն է արել: Ես չեմ կարող ստիպել, որ ուրիշները համաձայնվեն ինձ հետ և չեմ կարող վիրավորել բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն ինձ հետ: 

Հենց դա է ազատությունը, կամքի, խոսքի, խղճի ու մտքի ազատությունը: Հենց դա է ազատ խոսքի, մտքի պարկեշտության պահպանման երաշխիքը: Որովհետև դու ապրում ես հազարավոր այլ մարդկանց մոտ, որոնցից յուրաքանչուրն ունի իր անձնական սեփական տեսակետը: Որովհետև ամեն մարդ իր կյանքում գոնե մեկ երգ լսում է, մեկ ֆիլմ դիտում կամ մեկ գիրք կարդում: Եվ արտահայտում իր տեսակետը թե՛ այդ ստեղծագործության, թե՛ այնտեղ ներկայացված երևույթների մասին: 

Տարածել որևէ նյութ, չի նշանակում հովանավորել, չի նշանակում աղավաղել, չի նշանակում գողանալ: 

Արգելել մեկնաբանությունը, կարծիք հայտնելը՝ նշանակում է արգելել ազատ կամքը, նշանակում է նորից հետ գնալ ցարական ժամանակներ, երբ ոստիկանները ձերբակալում էին մարդկանց խոսելու համար, երբ իշխանությունները արգելում էին կարծիք հայտնել և ստիպում էին միայն համաձայնվել, այլապես հետապնդում էին մարդուն: 

21-րդ դարի առանձնահատկություններից մեկը հենց տոտալ ազատությունն է, երբեմն վնասող, երբեմն կոպիտ, բայց ազատ: Հակառակը բռնություն է:

Իսկ լրատվականները նաև նրանով են լրատվական, որ կարծիք են հայտնում, որ տեսակետ են ձևավորում, հնարավորություն են տալիս բազմաժանրություն և բազմակարծություն մտցնել: Հենց լրատվությունն է իրազեկում և հնարավորություն տալիս կարդալու, մեկնաբանելու և կարծիք հայտնելու:

Ինչո՞ւ խորացա այս թեմայով, որովհետև մեր հասարակությունը դեռևս բազմաթիվ հոգեբանական կապանքների մեջ է գտնվում և շատ հաճախ ամենապարզ ճշմարտությունն ընդունվում է որպես անձնական վիրավորանք: 

Եթե չլինի խոսքի, կամքի, խղճի ու մտքի ազատություն, ապա մենք կկորցնենք այն ձեռքբերումները, որ շատ ծանր գնով մեզ փոխանցել են աշխարհի ու մարդկային ազատության համար նահատակված հեղափոխականները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *