ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հերթական Ժողով, Հերթական Բյուրո

Ամեն քննադատական խոսք ՀՅԴ-ում ընկալում են որպես անձնական, խորը ու աններելի վիրավորանք:

Արայիկ Մկրտումյան

Ավարտվեց ՀՅԴ 34-րդ Ընդհանուր Ժողովը: Հրապարակվեց նոր բյուրոյի կազմը: Ըստ էության ասելու ոչինչ չկա: Նայելով նորընտիր բյուրոյի կազմը, իրոք կարող ենք հիասթափված եզրակացնել, որ ՀՅԴ-ն ոչ միայն չի փորձում հետ նայել ինչ որ բան հասկանալու կամ վերարժեվորելու համար, այլև ամենաարագ թափով շարունակում է սլանալ դեպի ոչ մի տեղ: Այդպես չլիներ, գոնե ինչ որ բան կփոխվեր, բայց ոչ ամենևին էլ ոչ: Ընտրվեց հերթական բյուրոն հերթական Ընդհանուր Ժողովում:

Այստեղ մի քանի հարց է ծագում միայն: Հարցեր ուղղված ապագային, քանի որ արդեն պարզ է, որ ՀՅԴ-ն չի ցանկանում ու չի պատրաստվում հետ նայել ու ինչ որ բան փորձել հասկանալ: Սեփական անսխալականության սինդրոմի մոլուցքը զրկել է  տեսնելու ու գնահատելու կարողությունից, և հիմա միայն մի հարց կարող ենք տալ:

Ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ այս բյուրոն: Հարց բառի դաշնակցական իմաստով: Շարունակել աշխատել Քոչարյանի հետ, շարունակել դեմ լինել ներկայիս իշխանությանը, թե էլի ինչ որ բան, որը նկատելի չէ առաջին հայացքից: ԸԺ-ի մասնակիցներին հարց տալ չարժե, քանի որ բոլոր պատասխաններն ավելի քան ակնհատ են: Նոր բյուրոն պատասխանում է ցանկացած հարցի: Բայց ամեն դեպքում, ինչ է պատրաստվում անել նոր բյուրոն: Գուցե փնտրում են, թե էլ ում կարող են հեռացնել և նրա ուսերին բարդել բոլոր անհաջողությունները, գուցե փնտրում են ոչ այնքան հնազանդ ընկերոջ, որը պատասխանատվությունն կկրի ինչ-որ առասպելական մեղքերում:

Սովորաբար նոր ադմինիստրացիա՝ նոր կանոններ սկզբունքն աշխատում է ամեն տեղ, իսկ ՀՅԴ-ի առումով պետք չէ զարմանալ, եթե մոտ ապագայում հանկարծ կուսակցությունում «բացահայտվեն» որոշ դավաճաններ, գործակալներ ու ՀՅԴ-ն հայտարարի, որ «ինքնամաքրվում է»: Հերթական անգամ: Այս «ինքնամաքրումները» շատ տխուր հետևանքի կարող են հանգեցնել: Վերջում ՀՅԴ-ից կարող է մնալ միայն բյուրոն, որի ներկայացուցիչը կվտարի մյուս անդամներին և կմնա մեն-մենակ:

Բայց իրոք: Ի՞նչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն ապագայում:

Որքան էլ որ տխուր լինի, ստիպված ենք ընդունել, որ Արցախի հարցով հայերը կորցրել են վերահսկողությունը: Որքան էլ որ վատը լինի իշխանությունը, մարդիկ ՀՅԴ-ին չեն ընտրում: Հանուն Հայ Դատի պայքարում են ոչ միայն դաշնակցականները: Կոպիտ ասած ինչո՞վ է զբաղվելու ՀՅԴ-ն:

Մի այսպիսի իրավիճակ էր առաջացել օրինակ Ֆրանսիայում, երբ խաչակրաց արշավանքներից հետո Տաճարականների միաբանությունը, որ կոչված էր ուխտավորներին պաշտպանելու, կորցրեց իր գոյության անհրաժեշտությունը, որովհետև Սուրբ Երկիրն այլևս չկար, ուխտավորներ չկային:

Հիմա գանք ՀՅԴ-ին: Երկրորդ ինտերնացիոնալի ժամանակ ստեղծված սոցիալիստական կուսակցությունը, որ զբաղվեց ազգային գործունեությամբ, հետո հայտնվեց տարագրության մեջ, հետո վերադարձավ հայրենիք, կռվեց հանուն Արցախի, ինչ է պատրաստվում անել հիմա որպես ՀՅԴ: 

Սոցիալիզմը հիմա գեղեցիկ բառ է, հնչում է շատ շատ հրաշալի, բայց արդեն համարվում է իր դարն ապրած, վերջացած: ՀՅԴ-ի սոցիալիզմը մնացել է միայն թղթերի վրա: Մեծ ու միացյալ, անկախ Հայաստանի գաղափարն արդեն շատ մեծ կասկածի տակ է դրվում՝ հատկապես երբ ՀՅԴ-ի քաղաքական գործընկեր ու կոալիցիոն ղեկավար Ռ. Քոչարյանը կարծում է, որ Միութենական պետությունը վատ միտք չէ: Արցախը մենք կորցրել ենք խոշոր հաշվով: Հսյաստանը լավ-վատ՝ անկախ պետություն է, այնպես որ անկախության պայքար չկա այնպես ինչպես 120 տարի առաջ: Ու կրկին հարց՝ ինչով է զբաղվելու ՀՅԴ-ն: Ի՞նչ մարտավարություն է ընտրելու նոր բյուրոն, ինչպիսի պայքար է ընտրելու և ում դեմ է պայքարելու ընդհանրապես: 

ՀՅԴ-ն շատ լավ գիտե թշնամության գինը, գիտե նաև թե ինչ կործանարար է այդ: Հարյուր երեսուն տարուց ավել ՀՅԴ-ն տանել չի կարողանում Հնչակյան կուսակցությանը: Դա իհարկե փոխադարձ է, բայց ՀՅԴ-ն չի՞ ցանկանա արդյոք արդարացնել իր անվան մեջ տեղ գտած «դաշնակցական» բառը և փորձի եթե ոչ դաշնակից, գոնե թշնամի չլինել մյուսների հետ:

Ի վերջո, գալով ավելի առօրեական հարթակ՝ ինչպե՞ս է բյուրոն փորձելու կանգնեցնել ներկուսակցական կազմակերպական ճգնաժամը: Եթե բյուրոն հայտարարի, որ ամեն ինչ ուղղակի հրաշալի է, ամեն ինչ լավ է, իրենք ամեն ինչ ճիշտ են անում, արել ու անելու, ապա մնում է միայն հայտնի ֆիլմի նման շարժում սկսեն ասելով. «Վերև մի նայեք»: 

ՀՅԴ-ն ինչպե՞ս է փորձելու վերականգնել իր հեղինակությունը ժողովրդի աչքում:

ՀՅԴ-ն ինչպե՞ս է լուծելու իր ծերացման խնդիրը:

ՀՅԴ-ն ինչպե՞ս է իր երիտասարդ մտավոր ուժը հավաքելու համախմբելու:

ՀՅԴ-ն ինչպե՞ս է…

Մի խոսքով: Կարելի է անվերջ հարցեր թվել, որոնց պատասխան այդպես էլ չի հնչի: Որովհետև այդ հարցերը ոչ մի կերպ չեն հասնում սեփական անսխալականության մեջ նստած մարդկանց ականջներին: Որովհետև ամեն քննադատական խոսք ՀՅԴ-ում ընկալում են որպես անձնական, խորը ու աններելի վիրավորանք:

ՀՅԴ-ում երևի չեն նկատում, որ իրենց մոտ շատ բան է փոխվել: Հեղափոխական շարժումը, որ ստեղծվեց փտած ու նեխած համակարգի դեմ պայքարելու, հայ ազգին միավորելու համար, իր համար սկզբունքներ ընտրեց բողոքը, ընդվզումը…վերափոխվել է կոմկուսի: ՀՅԴ-ում այլև քննադատություններ չկան, ՀՅԴ-ում այլև ոչ մի բանի դեմ անհամաձայնություն չկա և չի կարող լինել, որովհետև ցանկացած դիմադիր խոսք դառնում է հանցանք, ցանկացած անհամաձայնություն դառնում է դավաճանություն, ցանկացած բողոք՝ դավադրություն…էլ ի՞նչ հեղափոխական դաշնակցական, որ անգամ բողոքելու ու չհամաձայնվելու իրավունք չունի:

Ու ի վերջո ամեն ինչ գնում է լավը աշխարհներից այս լավագույնում: Այս խոսքերով Վոլտերը ծաղրեց Լայբնիցնին: Հիմա ՀՅԴ-ն հրաժարվում է սխալ ընդունելու մտքից: Կանոնագիրը ոչ թե պահպանվում է որպես կուսակցական սահմանադրություն, այլ դարձել է մտրակ, որով կուսակցական ղեկավարությունը ձաղկում է ընդդիմադիրների մեջքը:

Այս է ահա արդեն հյդ-ական իրականությունը: Որքան էլ չընդունեն, միևնույն է չի փոխվի ոչինչ: Անկախ մեր կարծիքից ջուրը եռում է որոշակի ջերմաստիճանում ու կապ չունի մենք համաձայն ենք դրա հետ թե ոչ:

Ի՞նչ սպասել ապագայում: Այս պայմաններում ոչ մի լավ բան: 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *