Առաջինն աշխարհում հենց հայերն են ունեցել կին դիվանագիտական ներկայացուցիչ, մի բան, որ աշխարհում շատ տեղեր դեռ չեն կարողանում ու չի ստացվում:
Արայիկ Մկրտումյան
Այսօր մարտի ութն է՝ կանանց միջազգային օրը: Այսօր բոլոր կանաց շնորհավորում են, ծաղիկներ նվիրում և հաճոյախոսություններ անում: Կատակով ասում են, որ կանանց օրը չպիտի սկսկվի և ավարտվի նույն օրը, այլ պիտի լինի ողջ տարին ու դրան ի պատասխան հնչում է պատասխան կատակ, որում ասվում է, որ եթե ամեն օր ծաղիկն այդքան թանկ լինի, աշխարհում բոլոր տղամարդիկ կսնանկանան:
Այսօր մարտի ութն է, իսկ սա շատ լավ պատճառ է, որ մենք այսօր ևս մեկ անգամ վերհիշենք ու կարևորենք կնոջ դերը մեր կյանքում:
Մենք՝ 21-րդ դարի մարդիկս, ում համար կարևոր է մարդու իրավունքն ու ազատությունը, առավելապես պիտի կարողանանք գնահատել, թե իրականում ինչ կարևոր է կնոջ դերը: Ու այստեղ պետք է ոչ թե կնոջը գերագնահատել, այլ ընդունել կնոջն այնպես, ինչպես որ տղամարդուն՝ այսինքն կյանքից օգտվելու և ապրելու համահավասար իրավունքների սկզբունքով: Եվ այդ հավասարությունը պետք է տարբերել ֆեմինիզմից և այլ շահարկվող կրկնություններից:
Ես շատ կցանկանայի, որ այսօրը՝ մարտի 8-ը ոչ թե պարզապես լիներ ծաղիկ նվիրելու օր կամ հաճոյախոսելու լրացուցիչ առիթ, այլ՝ հստակ արտահայտված սոցիալական ու ֆիզիակական համերաշխության ապացույց: Որովհետև կինն իր տեղն ու դերն ունի, իսկ տղամարդը՝ իր: Եվ այդ տեղերն ու դերերը չպիտի իրար խառնվեն:
Հայոց պատմությունը հիանալի օրինակ է հասկանալու համար, թե ինչքան կարևոր դեր է ունեցել և ունի կինը: Ողջ պատմությունը լի է կանանց կերպարներով, որոնք ամենավճռական պահերին ամենակարևոր դերն են կատարել: Ինչեր արժեն թեկուզ հայ ազգային ինքնապաշտպանական մարտերն ու կռիվները և այնտեղ հայ կանանց սխրագործությունները, զեյթունցի կանայք, Սոսե մայրիկը:
Երբ այսօր արևմտյան երկրները կոչ են անում պահպանել կնոջ իրավուքները, ես միայն մի թեթև ժպտում եմ, քանի որ հիշում եմ, որ առաջինն աշխարհում հենց հայերն են ունեցել կին դիվանագիտական ներկայացուցիչ, մի բան, որ աշխարհում շատ տեղեր դեռ չեն կարողանում ու չի ստացվում: Եվ նրանք մեզ փորձում են դասեր տալ, թե կինն ինչքան կարևոր է:
Ընդհանրապես կանացն դերն անգնահատելի է մեր կյանքում: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում ուժեղ կին և հիանում ենք նրանցով: Այո, դեռևս առկա են բազմաթիվ դպքեր, երբ հանդիպում ենք խտրականության ու անհավասարության, բայց կարող ենք շտկել այդ ամենը, թույլ չտալ, որ ոչ տղամարդը նեղացնի կնոջը և ոչ էլ միջավայրն ու պայմաններն արգելակեն կնոջը:
Ի վերջո ամեն կին որևէ մեկի երազանքի թագուհին է:
Չկա որևէ ասպարեզ, չկա որևէ տեղ կամ ոլորտ, որտեղ կինը չկարողանա զարմացնել իր անկրկնելիությամբ և յուրահատկությամբ: Եվ հայ մարդու կյանքում կնոջ դերն առավել քան կարևոր ու ներկայանալի է, որովհետև հայի ճակատագաիրն այնպիսին է, որ առանց կնոջ օգնությամբ նա երբեք չէր կարողանա դիմադրել ու դիմագրավել իր կյանքի չարիքներին:
Ինչպես ասում են, ամեն հաջողակ տղամարդու թիկունքում ուժեղ և հավատարիմ կին է կանգնած: Դրանք ուղղակի բառեր չեն: Կինը կարող է տղամարդուն հասցնել ամպերին և ցած գլորել անդունդը:
Հետաքրքիր արտահայտություն կա, որ երբեմն սխալ են մեկնաբանում, բայց ըստ իս այն շատ դիպուկ է. «Կնոջը պետք է վերաբերվել այնպես, ինչպես լուցկուն՝ լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր»:
Այսօր ոչ թե ուղղակի տոն է, այլ շատ կարևոր սկզբունքների պահպանման օր, սոցիալական իրավահավասարության, գիտակցության շատ բարձր մակարդակի
Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին և մաղթում, որ նրանց կյանքում ամեն օրը լցված լինի գիտակցությամբ, հարգանքով ու սիրով: