Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ Մաս 2

Կարելի է օրինակ  բերել հնչակյանների կողմից Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ կիրառած մահափորձը կամ դաշնակցականների կողմից Բաքվի նահանգապետ, հայկական ջարդերի հեղինակներից Նակաշիձեի սպանությունը:

Հրանտ Տէր- Աբրահամյան

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան, «Մարտական Եղբայրություն» միաբանության համահիմնադիր Հրանտ Տէր-Աբրահամյանի հաղորդաշարի մեկնաբանությունը:

Ինչպես հիշում ենք, նախորդ հատվածներում ռուս-թուրքական հարաբերությունների քննարկման ժամանակ նշվեց ռուս-թուրքական մի քանի պատերազմների և մասնավորապես 1877-88թթ. պատերազմն ու դրան հաջորդող դեպքերը ու հայկական հարցը մասնավորապես: Իրադարձությունների ընթացքը այս նյութում հիմնականում սկսվում է, կարելի է ասել 1900-ականների սկզբից և առավելապես 1908թ. թուրքական հեղափոխությունից և ընդգրկում մինչև 1914-ականները՝ մինչև առաջին համաշխարհային պատերազմը:

Ամենից առաջ Հրանտ Տէր-Աբրահամյանը համեմատական անցկացրեց, թե ինչ վիճակում էին գտնվում ռուսական ու թուրքական պետությունները ներքին առումով: Բավական հետաքրքիր էր այն, որ այդ համատեքստում ավելի ցայտուն էին դառնում հայ-ռուսական և հայ-թուրքական հարաբերությունները:

Երկու երկրներում էլ ընթանում էր ներքին քաղաքական և տնտեսական ճգնաժամ և դրանցից ամեն մեկն իրեն դրսևորեց հատուկ ձևով: Ռուսաստանում հասունանում էր ներքին ու արտաքին կոնֆլիկտ: Այդ ամենը երևաց ռուս-ճապոնական պատերազմով՝ արտաքին ճակատում և ռուսական չստացված հեղափոխությամբ, որի ժամանակ ցարական արքունիքը կիրառեց բաժանելու և տիրելու քաղաքականություն: Ինչպես հայտնի է ռուս-ճապոնական պատերազմում Ռուսաստանը բավական ծանր պարտություն կրեց, հարված հասցվեց նաև նրա միջազգային հեղինակությանը: Այդ տարիներին նաև տեղի ունեցան ազգային տրամադրությունների բորբոքում, ինչը երևաց հատկապես 1905-07թթ. հայ-թաթարական կռիվներում: Ռուսական քաղաքականությունը բավական խիստ ու ծանր հսկողության տակ էր պահում հայկական լրագրությունն ու քաղաքական կուսակցություններին, որոնք արդեն իրենցից բավական լուրջ կազմակերպական ուժ էին ներկայացնում: Հենց այդ տարիներին իրենց բավական ուժեղ կողմերից ցուցադրեցին ՀՅԴ-ն և ՍԴՀԿ-ն: Ինչպես հայտնի է այս երկու կուսակցությունները ոչ միայն զինված պայքարի էին մասնակցում, այլ իրականացրին քաղաքական սպանությունների ու ահաբեկումների մի շարք, որով պատժիչ գործունեություն իրականացրին բազմաթիվ հակահայ պաշտոնյաների նկատմամբ: Կարելի է օրինակ  բերել հնչակյանների կողմից Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ կիրառած մահափորձը կամ դաշնակցականների կողմից Բաքվի նահանգապետ, հայկական ջարդերի հեղինակներից Նակաշիձեի սպանությունը: Մի խոսքով Ռուսաստանում բավական լարված և ոչ այնքան բարեկամական հարաբերություններ էին հայերի ու ռուսների միջև:

Միաժամանակ բավական հետաքրքիր էին զարգանում հայ-թուրքական հարաբերությունները: Հատկապես այն բանից հետո, երբ Թուրքիայում 1908թ. տեղի ունեցավ հեղափոխություն և հայերը մասնակցեցին դրան: Ինչպես հայտնի է Աբդուլ Համիդը գահընկեց արվեց և իշխանության եկան երիտասարդ թուրքերը: Դրան հաջորդեց այն, որ սկզբնական շրջանում հայերի նկատմամբ դրսևորվեց բացառիկ լավ ու բարեկամական վերաբերմունք, հայերն անգամ իրենց պատգամավորներն ունեցան թուրքական պառլամենտում և հատկանշական էր այն, որ հայկական կուսակցությունները ջերմորեն էին ընդունվում նաև թուրքերի կողմից:

Իհարկե պետք է շեշտել, որ այդ ամենն արվեց ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, այլ զուտ այն պատճառով, որ հայերն իրենցից ռազմական ու գաղափարական ուժեղ կողմ էին ներկայացնում:

Հրանտ Տէր-Աբրահամյանը մանրամասն և հակիրճ ներկայացրեց ընդհանուր միջազգային դրությունը, որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչ կոնտեքստում էին կատարվում իրադարձությունները: 

Հրանտ Տէր-Աբրահամյանը ներկայացրեց ընդհանուր վիճակը և՛ Անդրկովկասում, և՛ Բալկաններում: Հատկանշական է, որ ռուս-թուրքական հարաբերությունների բավական զարմանալի օրինակներ արձանագրվեցին այդ ժամանակ: Խոսքը գնում է առավելապես առաջին և երկրորդ բալկանյան պատերազմների, ռուսական քարոզչության և այսպես կոչված սլավոնական դաշինքի մասին, թե ինչպես ռուսները հակաթուրքական դաշինք կազմակերպեցին բալկանյան սլավոնների և Հունաստանի միջև: Այդ ամենը հանգեցրեց նրան, որ բուլղարացիները ջարդեցին թուրքերին և պատրաստվում էին գրավել Կոստանդնուպոլիսը, եթե նրանց չփրկեին ռուսները, որոնք խճճվել էին իրենց իսկ լարած թակարդում: Ըստ պլանի՝ թուրքերը պիտի նեղեին բալկանյան սլավոններին, իսկ ռուսները գային և փրկեին նրանց, բայց այն բանից հետո, երբ բուլղարական բանակը Ադրիանապոլիսը գրավելուց հետո շարժվեց դեպի Կոստանդնուպոլիս, ռուսական ողջ օգնությունն ու փրկարար օպերացիան դառնում էր ավելորդ ու անհեթեթ մի բան: Ռուսները ներքին կարգով քանդեցին իրենց իսկ ստեղծած սլավոնական դաշինքը և այնպես արին, որ դաշինքն իր ուժերն ուղղի ոչ թե Թուրքիայի դեմ, այլ իրենցից մեկի՝ Բուլղարիայի: Ընդ որում դրան միացավ նաև Թուրքիան: Ռուսաստանը մշտապես մեծ խանդով է վերաբերվել Կ.Պոլսին և ամեն անգամ երբ նրան ոչ ռուսական վտանգ է սպառնացել, թուրքերին փրկել է ռուսական գործոնը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը ներկայացրեց, որ իր հարցերը կարգավորեցլուց հետո ռուսները կրկին առաջնային պլան բերեցին հայկական հարցը, որով կարողանաին իրար խառնել միջազգային դրությունն ու հարցերը Թուրքիայում:

Հայ-թուրքական հարցերում բավական կտրուկ լարվածություն զգացվեց հատկապես այն բանից հետո, երբ ՀՅԴ Պոլսի կոմիտեն ինքնագլուխ կերպով որոշեց աշխատել ռուսների հետ: Հանդիպումներ էին տեղի ունենում Պոլսում՝ ռուսական դեսպանատանը:

Այս իրավիճակում համընդհանուր հուզմունքին զուգահեռ, դրան դեմ էին արտահայտվում Տարոնի ու Վանի կոմիտեությունները, բայց այլևս հնարավոր չէր կանգնեցնել դեպքերի ընթացքը: Ամեն ինչ գուցե այլ լիներ, եթե չբռնկվեր համաշխարհային պատերազմը, որի ժամանակ հայերի համար հնարավոր ու անհնար սցենարներից իրագործվեց ամենից վատթարն ու դժոխայինը:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *