14.7 C
Yerevan

Երրորդ Ուժի Բացառման Օրենքը

Մեր ժողովրդի ու նրա ղեկա­վարնե­րի մի զգա­լի մասի քաղա­քա­կան մտա­ծո­ղությունը, խոստո­վա­նենք, իրոք, պարզունակ է եղել։

Ռաֆա­յել Իշխանյան

Լեզվա­բան Ռաֆա­յել Իշխանյա­նի 1989‑ի հոդվա­ծը, որտեղ նա մտո­րում է ազա­տագրա­կան պայքա­րի ուղի­նե­րի մասին

Կարծում եմ՝ կյանքում մարդու գլխա­վոր նպա­տա­կը կատա­րե­լա­գործվելն է։ Բարե­լավվե­լը։ Վատից դեպի լավը գնա­լը։ Այլ խոսքով՝ փոխվե­լը դեպի կատարյա­լը։ Այն կարծի­քին եմ, որ ամեն մի ազգի նպա­տակն էլ դա պետք է լինի։ Մանա­վանդ մեր հայ ազգի­նը։ Մեր անցյա­լի սխալնե­րը գիտակցել և ավե­լի ու ավե­լի անսխալ դառնալ։

Ասում են Ստե­փան Զորյա­նի վերջին խոսքը մահվա­նից առաջ եղել է իր ժողովրդին նրա տված գնա­հա­տա­կա­նը «պրի­մի­տիվ ազգ»։

Մեր ժողովրդի ու նրա ղեկա­վարնե­րի մի զգա­լի մասի քաղա­քա­կան մտա­ծո­ղությունը, խոստո­վա­նենք, իրոք, պարզունակ է եղել։ Օրի­նակ, մեզա­նում հայրե­նա­սի­րություն է համարվում մահմե­դա­կաննե­րին, մասնա­վո­րա­պես թուրքե­րին հայհո­յե­լը, եղեռնի մասին շատ խոսե­լը, թուրքե­րի վայրագ լինելն անընդհատ հիշեցնե­լը։ Անցյա­լի գործիչնե­րից ամե­նա­հայրե­նա­սերներն են համարվում թուրքե­րին շատ հայհո­յածնե­րը, թուրք սպա­նողնե­րը։ Նորա­գույն շրջա­նի հայրե­նա­սերներն են համարվում Եվրո­պա­յում թուրքա­կան դեսպաննե­րի ահա­բե­կիչնե­րը։ Անշուշտ, բոլոր հայե­րը չէ, որ այսպես են մտա­ծում, բայց սա մեր մեջ իշխող մի տրա­մադրություն է։ Սա հոգե­բա­նա­կան ձող է, որի մյուս ծայրը եվրո­պա­մո­լությունն է եղել։ Համալսա­րա­նի նախկին կուսքարտուղա­րը 1985 թ. ասաց, «Հայե­րի հայրե­նա­սի­րություն նշա­նա­կում է ռուսա­սի­րություն և թուրքատյա­ցություն»։

Մեր պատմության վերջին շրջա­նում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայե­րիս Թուրքիա­յի տված ահա­վոր վնասնե­րը ներկա­յացնե­լով, թուրքե­րին հայհո­յե­լով փառա­բա­նում էին ռուսնե­րին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործե­րի հեղի­նակ Հ․ Շիրա­զը Սևա­նա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենա­ցը։ Նման տրա­մադրություններ արտա­հայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշո­յա­նը, Ս․ Կապուտիկյա­նը, Ս. Խանզադյա­նը, Հ․ Սահյա­նը և այլն, Ռուսա­բա­նությունը հայ գրա­կա­նության մեջ գալիս է Խ․ Աբովյա­նից (գուցե ավե­լի վաղ շրջա­նից)։ Ինչո՞ւ եմ գրա­կա­նությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմա­կան մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղա­քա­կան ղեկա­վարնե­րից շատե­րը եղել են և են գրողներ։ Գեղարվեստա­կան գրա­կա­նությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահա­րոնյան և այլն) շատ կողմե­րով մեզ համար եղել է քաղա­քա­կա­նություն, քաղա­քա­կան ծրա­գիր։ Սա իրոք, դժբախտության է։

Զ․ Բալա­յա­նը, որ հայե­րեն չի գրում (նրա հայե­րեն տպված բռլոր գրքե­րը թարգմա­նություն են ռուսե­րե­նից), ամեն առի­թով բացա­կանչում է՝ «Մահ թուրքե­րին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսնե­րին հաճո­յա­նա­լուն, նրանց պանիսլա­միզմով վախեցնե­լուն և թուրքե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին հայհո­յե­լուն․ «ճակա­տա­գի­րը մեզ պարգև­ել է մեր հյուսի­սա­յին հարև­ա­նին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակա­տա­գի­րը մեզ ժպտա­ցել է նաև նրա­նով, որ Հոկտեմբերյան մեծ հեղա­փո­խության շնորհիվ փրկվեց Արև­ելյան Հայաստա­նը․․․ Երկու ժողո­վուրդներն էլ (ռուսներն ու հայե­րը ― Ռ. Ի.) ունե­ցել են մեկ ընդհա­նուր թշնա­մի։ Թշնա­մի, որն իր հանգիստն է կորցրել Արև­ելյան Հայաստա­նը Ռուսաստա­նի հետ միա­նա­լու պահից» և այլն։

Վերջերս հակա­թուրքա­կան մարտա­կան հոդվածնե­րը շատա­ցել են մեր մամուլում՝ Հայաստա­նի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատե­րի ուղե­ղում մեխված է «Թուրքիան մեր մշտա­կան թշնա­մին է, Ռուսաստա­նը՝ մշտա­կան բարե­կա­մը» բանաձևը։

Պարզ է, հոգե­բա­նո­րեն մեր հակա­թուրքա­կան մարտա­կան կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսա­կան հզո­րության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբե­ջանցի­նե­րը (եթե հաշվի առնենք նաև հարա­վա­յին Ադրբե­ջա­նը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամե­նա­շա­տը 7 միլիոն։ Թուրքիա­յի բանա­կը ըստ ռազմա­կան տեղե­կա­տունե­րի ամե­նահզորն է եվրո­պա­կան ոչ կոմունիստա­կան երկրնե­րի բանակնե­րի մեջ, մենք՝ հայերս բանակ առհա­սա­րակ չունենք, Թուրքիան կազմա­կերպված պետություն է, իսկ մենք իսկա­կան իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքե­րի դեմ բռունցք ենք թափա­հա­րում, ո՞րն է մեր հենա­րա­նը։ Պարզ է՝ Ռուսաստա­նը, մասամբ էլ Արևմուտքը։

Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարև­աններն են։ Երբ ուշա­դիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայե­րիս քաղա­քա­կան պատմությա­նը, տեսնում ենք, որ գրե­թե միշտ (մեկ, երկու բացա­ռությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապա­վի­նե­լու գաղա­փա­րի վրա։ Այն, ինչ այսօր անվա­նում ենք Հայ ազգա­յին ազա­տագրա­կան շարժում, մեծ մասամբ ապա­վի­նել է երրորդ ուժին։ Մենք մեր ազա­տագրա­կան ծրագրե­րը կազմե­լիս գլխա­վոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստա­նին։

Դեռ 16-րդ դարում Միքա­յել կաթո­ղի­կո­սի հանձնա­րա­րությամբ Աբգար Թոխա­թե­ցին մեկնեց Իտա­լիա։ Նա Վենե­տի­կի դոժի և Հռո­մի պապի հետ բանակցություններ էր վարում հույս ունե­նա­լով, որ Հռո­մը կամ Վենե­տի­կը կազա­տեն «Սուրբ Սիո­նը» (Հայաստա­նը) «անօ­րեննե­րից»։ Հռո­մը հայե­րին առա­ջարկեց կաթո­լի­կություն ընդունել։ Աբգարն ու իր որդին ընդունե­ցին և խոստա­ցան, որ հայերն առհա­սա­րակ կընդունեն։ Իհարկե, Հռո­մը, Վենե­տի­կը ոչ մի օգնություն էլ ցույց չտվե­ցին Հայաստա­նին և ինչո՞ւ պետք է ցույց տային ու մանա­վանդ չէին էլ կարող ցույց տալ։ Աբգար Դպի­րի այդ «ազա­տագրա­կան» առա­քե­լությունը մի տղա­յա­կան ձեռնարկում էր, քաղա­քա­կան անգրա­գի­տություն։

Բայց, իհարկե, ամե­նաբնո­րո­շը Իսրա­յել Օրին է (1659 —1711)։ Գերմա­նիա­յում նա համո­զում էր մի փոքրիկ իշխա­նության (Պֆալցի) տիրա­կա­լին իր զորքով գալ Հայաստան, պատե­րազմել Պարսկաստա­նի, նաև Թուրքիա­յի դեմ, Հայաստանն ազա­տագրել ու վերա­կանգնել հայոց թագա­վո­րությունը։ Ուրեմն, Հռե­նո­սի ափից գերմա­նա­ցի իշխա­նը իր փոքրա­թիվ զորքով (ջոկա­տով) պիտի անցներ Եվրո­պա­յի կեսը, Ռուսաստա­նը, Կովկա­սը, հասներ պարսից սահմա­նը, կռվեր Պարսկաստա­նի դեմ, հաղթեր նրան, Հայաստա­նի թագա­վո­րությունը վերա­կանգներ ու նորից գնար Գերմա­նիա։ Այսքան ծիծա­ղե­լի է եղել երրորդ ուժին ապա­վի­նե­լու սկզբնա­կան շրջա­նի մեր քաղա­քա­կան գործունեության փառա­բանված դրվագնե­րից մեկը։ Եվ այսօր կան պատմա­բաններ, որ Իսրա­յել Օրուն մեծ քաղա­քա­կան գործիչ են հռչա­կում։

Այդ Օրին, երբ տեսավ, որ Պֆալցի իշխա­նից բան չի դուրս գալիս, սկսեց քծնել Ռուսաստա­նի կայսր Պետրոս Առա­ջի­նին։ Այս անգամ էլ Օրին ռուսնե­րին էր կանչում, որ գան Պարսկաստա­նին ու Թուրքիա­յին ջախջա­խեն, հայոց թագա­վո­րությունը վերա­կանգնեն։ Պարզ է, որ Պետրո­սը Իսրա­յել Օրիի կամ նման մի ուրի­շի խոսքով չէ, որ պետք է գործ սկսեր։ Ռուսա­կան պետությունն ուներ իր շահե­րը, իր նվա­ճո­ղա­կան ծրագրե­րը։ Այն ժամա­նակ Հարա­վա­յին Կովկա­սի ու Հայաստա­նի հերթը դեռ չէր հասել և Օրիի ասա­ծով չէ, որ Ռուսաստանն իր ծրագրե­րը պետք է փոխեր։ Իսրա­յել Օրիի ամբողջ գործունեության արդյունքն այն եղավ, որ նա իր երկու զավակնե­րին տարավ Պետերբուրգ, ռուսա­կան կրթության տվեց, և այդպես նրանք ռուսա­ցան։

Զարմա­նում ես Օրիի և ոչ միայն նրա միամտության վրա, ինչո՞ւ պետք է Ռուսաստա­նը պատե­րազմի, արյուն թափի հայոց թագա­վո­րությունը վերա­կանգնե­լու համար։

Կարդա­ցել եմ, որ Պետրոս Առա­ջի­նի քաղա­քա­կան կտա­կում կա այսպի­սի միտք հայե­րին պետք է ոչնչացնել մահմե­դա­կաննե­րի միջո­ցով։ Արդյո՞ք Իսրա­յել Օրին չի ներշնչել ռուս կայսրին այս միտքը, հայոց թագա­վո­րության վերա­կանգնման մասին խոսե­լով, պարզ է, որ աշխարհի նվա­ճումն սկսած Ռուսաստա­նին բնավ պետք չէր իր ճանա­պարհին ունե­նալ ինչ-որ խանգա­րիչ հայոց թագա­վո­րություն։ Նա Արև­ելքը իր համար էր նվա­ճում և ոչ թե հայե­րի կամ մեկ ուրի­շի։

Այսպես սկսվեց հայե­րի ռուսա­կան կողմնո­րո­շումը, ավե­լի ստույգ՝ հայե­րի քաղա­քա­կան կյանքում Ռուսաստա­նը իբրև գլխա­վոր երրորդ ուժ ճանա­չե­լը։ Իհարկե, Արևմտյան Եվրո­պան, առհա­սա­րակ Արևմուտքը հայե­րիս պատկե­րա­ցումնե­րում նույնպես երրորդ ուժի մասն էր կազմում, բայց գլխա­վո­րը դարձավ Ռուսաստա­նը։ Այն աստի­ճան, որ հայ լրագրության արքան՝ Գրի­գոր Արծրունին հայտա­րա­րեց. «Մենք՝ հայերս քաղա­քա­կա­նա­պես ռուս ենք»։ Օրիի ժամա­նակնե­րում էր Դավիթ-Բեկը։ Սա մեզ ներկա­յա­նում է որպես այն ժամա­նա­կի համար հասուն քաղա­քա­կան գործիչ, նա դաշնակցեց Վրաստա­նի և Պ արսկաստա­նի հետ, բայց չապա­վի­նեց նրանց որպես երրորդ ուժի։ Դավիթ Բեկի գործունեությունը առհա­սա­րակ բացա­ռիկ է և ավե­լի մեծ ուշադրության արժա­նի։

18-րդ դարի 70֊ական թվա­կաննե­րին հնդկա­հայ գործիչնե­րը (հատկա­պես Շահա­միրյաննե­րը) հայե­րի ազա­տագրության համար որպես երրորդ ուժ առա­ջարկում էին Վրաց թագա­վո­րությունը։ Բայց սա ակնթարթա­յին պահ էր։ Երրորդ ուժի մեջ գլխա­վոր դերը մնաց Ռոլսաստա­նին։ Անցյալ դարասկզբին Ռուսաստա­նի հայոց առաջնորդ Հովսեփ Արղությա­նը Հարա­վա­յին Կովկաս մտնող ռուսա­կան զորքի առա­ջա­պա­հիկն էր, նույն դերը 1827— 28 թթ, ռուս ֊պարսկա­կան պատե­րազմի ժամա­նակ կատա­րում էր Ներսես Աշտա­րա­կե­ցին։ Այդ ժամա­նակ էլ սկսե­ցին հայ կամա­վո­րա­կան ջոկատներ կազմա­կերպել ռուսա­կան բանա­կի համար և դրա­նից հետո ամեն անգամ, երբ Ռուսաստա­նը կռվի մեջ էր մտնում մահմե­դա­կան պետություննե­րի դեմ, հայ կամա­վո­րա­կան խմբեր էին կազմվում և կցվում ռուսա­կան բանա­կին։ Ներսե­սը սկզբում այնքան միա­միտ էր, որ հույս ուներ, թե Ռուսաստա­նը պետք է վերա­կանգնի հայոց պետա­կա­նությունը։ Այդ հույսն ունեին շատ հայեր, նաև՝ Խ. Աբովյա­նը։ Ռուսաստա­նը Երև­ա­նը գրա­վե­լուց հետո ձևի համար ստեղծեց Հայկա­կան մարզ, հետո մի երկու տարուց վերացրեց, Ներսե­սին աքսո­րեց։ Տեսնե­լով, որ Ռուսաստա­նը հայոց պետա­կա­նության մասին լսել չի ուզում, Ներսես Աշտա­րա­կե­ցին սկսեց քծնել ռուսնե­րին և դարձավ կաթո­ղի­կոս։ Իսկ Երև­ա­նը նվա­ճած Պասկև­ի­չը ռուսաց թագա­վո­րին նամա­կով բացատրում էր, թե ինչպես պետք է խեղճացնել հայե­րին։

Խ. Աբովյա­նը օրհնեց «էն սհա­թը, որ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ»։

1878 թ, Սան֊Ստեֆանոյի պայմա­նագրի 16֊րդ հողվա­ծը նախա­տե­սում էր երրորդ ուժի միջամտություն Թուրքիա­յի գործե­րին, իբր հանուն հայե­րի։ Նման մի բան էր Բեռլի­նի վեհա­ժո­ղո­վի սահմա­նած 61-րդ հոդվա­ծը։ Այդպես սկիզբ առավ Հայկա­կան հարցը, որի էությունը երրորդ ուժի միջամտությունն էր Թուրքիա­յի գործե­րին իբր հանուն հայե­րի և որի վախճա­նը եղավ Արևմտա­հա­յաստա­նի լիա­կա­տար հայազրկումը։

Հայ հեղա­փո­խա­կան կուսակցություններն էլ իրենց հույսը, ապա­վե­նը դնում էին երրորդ ուժի՝ Ռուսաստա­նի և Եվրո­պա­յի վրա։ Անգամ իրենց անուննե­րը նրանք ռուսե­րե­նից էին ընդօ­րի­նա­կում։ Հնչա­կը Գերցե­նի ռուսե­րեն «Կոլո­կոլ» թերթի անվան հայե­րեն թարգմա­նությունն է, Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցություն անունը ռուսա­կան «Սոյուզ ռուսկիխ ռևոլյուցիո­նե­րով» կազմա­կերպության բառա­ցի թարգմա­նությունն է։

Այս կուսակցություննե­րի գործունեության գլխա­վոր նպա­տա­կը Թուրքիա­յում հայկա­կան զինված շարժումներ կազմա­կերպելն էր հայե­րի կոտո­րածնե­րով՝ Եվրո­պա­յի ուշադրությունը դեպի Հայաստան դարձնե­լու նպա­տա­կով։ Այսինքն նրանց խելքն ու միտքը երրորդ ուժի հրա­վի­րումն էր։

Մեզա­նում երրորդ ուժին ապա­վի­նե­լու մտայնությունը զուգորդվում էր նույնքան տղա­յա­միտ ծրագրե­րով։ Գրա­վում են Թուրքիա­յի բանկը, սպառնում պայթեցնել, ռումբ են պատրաստում, որ Թուրքիա­յի սուլթա­նին սպա­նեն և նման բաներ։ Ամեն կերպ ուզում են երրորդ ուժի ուշադրությունը հրա­վի­րել հայե­րի վրա։

Իհարկե, կային մարդիկ, ովքեր երրորդ ուժին ապա­վի­նե­լով, Թուրքիա­յի դեմ գործո­ղություններ կատա­րե­լը հայե­րի համար կործա­նա­րար էին համա­րում։ Օրի­նակ, Մ. Օրմանյա­նը, որի միրուքը փետե­ցին երրորդ ուժի սիրա­հար հեղա­փո­խա­կաննե­րը։ Ավ. Իսա­հակյանն իր հուշե­րում գրում է, որ երրորդ ուժին ապա­վի­նած հայ հեղա­փո­խա­կան շարժմա­նը դեմ է եղել նաև Ղ․ Ալի­շա­նը. «Պետք չէ գրգռել թուրքե­րի մոնղո­լա­կան արյունը»։ Բայց սրանք անհատներ էին, որոնց արհա­մարհում էր ամբո­խը որպես թուրքա­սերնե­րի։

Երբ երրորդ ուժը կամ նրա բաղադրիչնե­րից որևէ մեկը մեզ ոչնչով չէր օգնում և հայոց հարցը օգտա­գործում էր միայն իր շահե­րի համար, զայրա­նում էինք, հայհո­յում Եվրո­պա­յին էլ, Ռուսաստա­նին էլ, բայց դարձյալ հույսներս դնում միայն նրանց վրա։ Ուրիշ կերպ Հայաստա­նի ազա­տագրում չէինք պատկե­րացնում։ նույնիսկ Բուլղա­րիա­յին էլ ենք ապա­վի­նել իբրև երրորդ ուժի։

Դաշնակցությունը տեսնե­լով, որ ցարիզմից օգուտ չկա, մի ժամա­նակ խռո­վեց Ռուսաստա­նից, հակա­ցա­րա­կան ու հակա­ռուսա­կան կեցվածք ընդունեց, թուրքե­րի հետ բարե­կա­մա­նա­լու փորձեր արեց, իսկ 1914 թ. Թուրքիա­յին ասպե­տա­կան խոսք տվեց ռուս֊թուրքական պատե­րազմի դեպքում մնալ չեզոք։ Բայց բավա­կան էր, որ ռուս֊թուրքական սահմաննե­րում սկսեին որո­տալ թնդա­նոթնե­րը, նույն դաշնակցությունը հոգով և մարմնով կրկին լծվեց ռուսա­կան կայսրության սայլին։

1914 թ, երկրորդ կեսին հայությունը ցնծում էր, ասում էին. «Ռուսաստա­նը արագ կհաղթի մահա­մերձ Թուրքիա­յին մեր դարա­վոր թշնա­մուն և հայոց հարցը կլուծվի»։ Այդ երգչախմբին մասնակցում էին գրե­թե բոլոր հայ մտա­վո­րա­կաննե­րը, նույնիսկ այնպի­սի մարդիկ, ինչպի­սիք են Հ. Թումանյա­նը, Ա. Շիրվանզա­դեն։

Այդ ժամա­նակ էլ կային լուրջ գործիչներ, որոնք կտրա­կա­նա­պես դեմ էին ռուսա­կան բանա­կի կազմում հայ կամա­վո­րա­կան խմբեր կազմե­լու գաղա­փա­րին։ Դրանցից էր Արամ Մանուկյա­նը և առհա­սա­րակ դաշնակցության Վանի խումբը։ Բայց նրանց խոսքն էլ մնաց անա­պա­տում հնչող ձայն։ Հ. Քաջազնունին Վանից վերա­դառնա­լով Թիֆլիս, դաշնակցա­կան բյուրո­յում հայտնեց, որ Վանի խումբը դեմ է կամա­վո­րա­կան շարժմա­նը, ինքն էլ կտրա­կա­նա­պես դեմ էր արտա­հայտվում, որ հայե­րը Ռուսաստա­նի կողմից հատուկ ջոկատնե­րով կռվեն Թուրքիա­յի դեմ։ Նա ընդհարվեց բժիշկ Զավրիևի հետ, որը երրորդ ուժին ոտով-գլխով ապա­վի­նե­լու մեծա­գույն ասպետն էր։ Բայց հետո ինքը՝ Քաջազնունին էլ դարձավ կամա­վո­րա­կան խմբե­րի եռանդուն կազմա­կերպիչնե­րից մեկը։

Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմի ժամա­նակ երրորդ ուժին մեր ապա­վի­նե­լը իր գագաթնա­կե­տին հասավ, և մեր կորուստներն էլ իրենց գագաթնա­կե­տին հասան, մոտե­ցանք լիո­վին բնաջնջվե­լու եզրին։

Այս կտոր Հայաստանն էլ փրկեց մեկը, որ հեռա­տե­սո­րեն բացա­ռում էր երրորդ ուժին ապա­վի­նե­լը և այս կտոր հողը պահեց ու հայոց նոր պետություն ստեղծեց առանց որևէ երրորդ ուժի։

Խոսքն, անշուշտ, Արամ Մանուկյա­նի մասին է։

Այսօր, երբ անդրա­դառնում ենք այն օրե­րի դեպքե­րին, նկա­տում ենք, որ դեռ 1915 թվից, գուցե ավե­լի առաջ հայոց քաղա­քա­կան կյանքում գծագրվում էին երկու հարկա­դիր ուղղություններ, մեկը երրորդ ուժին, գլխա­վո­րա­պես Ռուսաստա­նին անվե­րա­պա­հո­րեն ապա­վի­նելն էր՝ Թուրքիան մշտա­կան թշնա­մի ճանա­չե­լով, սա կարե­լի է կոչել զավրիևյան կամ անդրա­նիկյան գիծ (հիշենք, որ Անդրա­նի­կը նույնիսկ չընդունեց առանց Ռուսաստա­նի ստեղծված Հայաստա­նի հանրա­պե­տությունը), մյուսը երրորդ ուժը բացա­ռող և սեփա­կան ուժե­րը հաշվի առնե­լով հարև­աննե­րի հետ երկխո­սության մեջ մտնե­լու մտայնությունն էր, սա էլ գուցե կարե­լի է անվա­նել արամյան գիծ։

Իհարկե, այս վերջին գիծը չէր մերժում արտա­քին որևէ օգնություն, եթե լիներ այդպի­սին։ Արա­մը նույնիսկ բոլշև­իկյան Մոսկվա­յից որևէ օգնություն ստա­նա­լու դեմ չէր, բայց չէր ապա­վի­նում որևէ արտա­քին ուժի, իր ծրագրե­րը կազմում էր միայն հայոց ազգա­յին ուժը նկա­տի ունե­նա­լով «ինչ որ է, սա է» սկզբունքով։ Հիշեցնեմ երրորդ ուժին չապա­վի­նե­լու մասին Արա­մի հայտնի ասույթնե­րից մեկը. «Հայե­րով ոչ ոք չի հետաքրքրվում՝ շոշա­փե­լի օգնություն հասցնե­լու մտքով։ Դրա հակա­ռա­կը, կա դավադրա­կան վերա­բերմունք։ Մենակ ենք եւ պետք է ապա­վի­նենք միայն մեր ուժե­րին»։

Հայե­րիս մեջ այն ժամա­նակ էլ, հիմա էլ բացարձա­կո­րեն գերիշխո­ղը եղել է զավրիևա֊անդրանիկյան գիծը։ 1918 թ. մայի­սին Թուրքիան Կովկասյան երեք ազգե­րից պահանջում էր անջա­տում Ռուսաստա­նից և անկախ պետություննե­րի հռչա­կում։ Վրա­ցի­ներն ու ադրբե­ջանցի­նե­րը համա­ձայն էին, հայե­րը (նաև դաշնակցությունը) կտրա­կա­նա­պես դեմ էին՝ սեյմում հակա­ռակ վրա­ցի­նե­րի և ադրբե­ջանցի­նե­րի քվեարկե­ցին Ռուսաստա­նից անջատվե­լու և անկախ դառնա­լու դեմ։ Սա հայտնի փաստ է։ Ինչո՞ւ։ Որովհետև հայերն իրենց չէին պատկե­րացնում երրորդ ուժից, տվյալ դեպքում Ռուսաստա­նից անջատ։ Հայոց արյան մեջ էր մտել երրորդ ուժին ապա­վի­նե­լու բնազդը։ Այդպի­սին էին և դաշնակցա­կան Թիֆլի­սի բյուրոն, և նույն քաղա­քում նստած Հայոց ազգա­յին խորհուրդը։ Նրանք անգամ իրենց նստա­վայրը Հայաստա­նը չէին ընտրել՝ այն աստիճն չէին վստա­հում հայոց ազգա­յին ուժին։ Դրա մի ներկա­յա­ցուցիչն էլ զորա­վար Թ. Նազարբե­կովն էր, որ ռուսա­կան բանա­կում եղած ժամա­նակ միշտ հարձակման հրա­մաններ էր տալիս, հայկա­կա­կան բանա­կի հրա­մա­նա­տար դառնա­լով՝ անընդհատ նահանջի հրա­մաններ էր տալիս։ Եթե Թիֆլի­սի ազգա­յին խորհրդին և Անդրա­նի­կի ու Նազարբե­կո­վի նմաննե­րին մնար, թուրքե­րը Երեւանն էլ կգրա­վեին և Հայաստանն առհա­սա­րակ կջնջվեր երկրի երե­սից։

Բայց Երև­ա­նում արդեն կար հայոց անկախ պետություն Արամ Մանուկյա­նի գլխա­վո­րությամբ։ Նա էլ հակա­ռակ ազգա­յին խորհրդի ու Նազարբե­կո­վի շտա­բի որոշման՝ միայն հայկա­կան ուժե­րով Սարդա­րա­պա­տում և Ապա­րա­նում հանճա­րե­ղո­րեն կազմա­կերպեց արդեն գոյություն ունե­ցող հայոց նոր պետության պաշտպա­նությունը և ապա բանակցություննե­րի մեջ մտավ թուրքե­րի հետ։ Եվ անընդհատ կոտորվող ու անվերջ փախչող հայե­րը վերջա­պես հաղթե­ցին։ Առա­ջին անգամ հայե­րի առաջ նահանջեց թուրքա­կան զորքը (բայց հայե­րը մոռա­ցել են մեր այդ առա­քին ու բախտո­րոշ հաղթա­նա­կը կազմա­կերպո­ղին, մեծա­րում են պարտվածնե­րին)։ Այսպես, հայե­րի այս մեծա­գույն հաղթա­նա­կը եղավ առանց երրորդ ուժի։ Ահա մեր դասը։ Երբ Վրաստանն ու Ադրբե­ջա­նը մայի­սի 26֊ին ու 27-ին Թիֆլի­սում ու Բաքվում անկա­խություն հռչա­կե­ցին, Հայոց ազգա­յին խորհուրդն էլ ուղղա­կի ստիպված իր պորտը կտրեց երրորդ ուժից (Ռուսաստա­նից) ու թեկուզ Հայաստա­նից դուրս՝ Թիֆլի­սում հռչա­կեց Հայաստա­նի անկա­խությունը։ Դա մայի­սի 28֊ն էր։ Դաշնակցա­կաննե­րը ( երևի ոչ բոլոր) հետո հասկա­ցան այդ օրվա ճակա­տագրա­կա­նո­րեն կարև­որ լինե­լը հայոց կյանքում։ Թեև նախքան այդ Երև­ա­նում հայոց պետություն կար, բայց մայի­սի 28֊ը դա վավե­րացրեց, մանա­վանդ այդ օրը հայ ղեկա­վարնե­րը վերջա­պես ազատվե­ցին երրորդ ուժին ապա­վի­նե­լու հայկա­կան բնազդից, իրենց մենակ զգա­ցին մեր հարև­աննե­րի, հատկա­պես Թուրքիա­յի դեմ հանդի­ման։

Ս. Վրացյանն իր հուշե­րում գրում է, որ դեռ 1917 թ. փետրվա­րին հեղա­փո­խության ժամա­նակ հայե­րը անկա­խության պատրաստ չէին։ Վրա­ցի­նե­րը լիո­վին պատրաստ էին, ադրբե­ջանցի­նե­րը պատրաստ էին մասամբ, հայե­րը՝ բոլո­րո­վին։ Մենք անկա­խության պատրաստ չէինք նաև 1917 թ. վերջին ու 18‑ի սկզբնե­րին, երբ ռուսա­կան բանա­կը լքում էր թուրքա­կան ռազմա­ճա­կա­տը, հեռա­նում Հայաստա­նից։ Կովկա­սի ռուսա­կան փոխարքա Վորոնցով-Դաշկո­վի պնակնե­րը լիզած և հայոց կամա­վո­րա­կան շարժումը կազմա­կերպած պարոննե­րը, բժիշկ Զավրիևի գլխա­վո­րությամբ շշմել էին՝ ռուսնե­րը գնում են, ի՞նչ պիտի անենք։

Նախքան այդ՝ 1915 թ. ռուսա­կան բանա­կի և հայ կամա­վո­րա­կան գնդե­րի աչքի առաջ արևմտա­հա­յությունը մորթվեց։ Մեկ– երկու քուրդ հայկա­կան մի ամբողջ գյուղ էին կոտո­րում։ Ռուսա­կան հզոր բանա­կը և զինա­վառ հայ կամա­վորնե­րը ռուսա­կան քայլերգեր էին երգում ու խորո­ված էին անուշ անում և մատը մատին չխփե­ցին բռնա­բարվող ու մորթվող հայությունը փրկե­լու համար։ Ո՞ւր էիք, հայ ֆիդա­յի­ներ, ո՞ւր էիր, քաջ Անդրա­նիկ, ո՞ւր էիք հերոս կամա­վորներ։ Այդ կողմե­րում թուրքա­կան բանակ չկար, 1914‑ի դեկտեմբե­րին Սարի­ղա­մի­շի մոտ ջախջախված էր, եթե հայ զորագնդե­րը գնա­յին հայե­րին օգնե­լու, շատ շատե­րը կփրկվեին։ Տեղից չշարժվե­ցին, քանի որ առանց երրորդ ուժի, այսինքն ռուսա­կան բանա­կի, իրենց չէին պատկե­րացնում։ Իսկ ցարա­կան բանա­կը սպա­սում էր, որ Հայաստա­նը դառնա առանց հայե­րի, ինչպես և ծրագրել էին։

Ո՞ւր էիր, բժիշկ Զավրիև, ցարի պնա­կա­լեզ, հայ կամա­վո­րության հեղի­նակ, թուրքե­րի դեմ հոխորտա­ցող, թուրքե­րի գրգռիչ։ Ռուսա­խոս դաշնակցա­կաննե­րի մեջ երրորդ ուժին ոտող– գլխով նվիրվե­լու խոշո­րա­գույն դեմքն այդ Զավրիևն էր, որի նմաննե­րը հիմա էլ կան մեր մեջ։

1918 թ. մայի­սի 28-ից հետո հայոց ազգա­յին խորհուրդը վերջա­պես բարե­հա­ճեց Երև­ան գալ։ Դաշնակցությունը դարձավ պետա­կան կուսակցություն։ Եվ կարծես սկսեց հասկա­նալ երրորդ աժի բացառման օրենքի փրկա­րար դերը։ Բայց դա տևեց մինչև Սեւրի դաշնագրի ժամա­նակնե­րը։ 1920 թ. ամռա­նը հնա­րա­վո­րություն կար քեմա­լա­կան Թուրքիա­յի հետ հարա­բե­րություննե­րի մեջ մտնել, Քեմա­լին դա շատ էր պետք, քանի որ տեղը նեղ էր։ Քեմա­լը համա­ձայն էր Կարսի մարզը չպա­հանջել և Վանի վիլա­յե­թից էլ ինչ-որ բան տալ Հայաստա­նին։ Բայց երրորդ ուժին ապա­վի­նե­լու ցավը դարձյալ մտել էր հայ ղեկա­վարնե­րի մեջ։ Հայաստա­նի վարչա­պետ բժիշկ Համո Օհանջանյա­նը Սևրի դաշնա­գիրն էր ձեռքին թափա­հա­րում, դրա սահմաննե­րով Հայաստան պահանջում Թուրքիա­յից։ Այս անգամ հույսը Արևմուտքի վրա էր։ Չնա­յած Անգլիան ասում էր, որ իր նավե­րը Արա­րատ բարձրա­նալ չեն կարող, Ֆրանսիան իր գործե­րով էր զբաղված (որպեսզի հետո դավադրա­բար Կիլի­կիան Թուրքիա­յին նվի­րի), հայ ղեկա­վարնե­րը հույսը դրած այդ պետություննե­րի վրա, չէին հասկա­նում, որ Սևրի դաշնա­գի­րը հայե­րիս համար մի թղթի կտոր է։

Արա­մը չկար։ Քեմա­լը, Հայաստա­նի կողմից արձա­գանք չգտնե­լով, դաշնակցեց բոլշև­իկյան Ռուսաստա­նի հետ, և այդ երկուսը Հայաստա­նը իրար մեջ բաժա­նե­ցին, Հայաստա­նի հանրա­պե­տությունը մեռավ։ Արևմտյան երկրնե­րը մատը մատին չխփե­ցին։ Իսկ Լոզա­նի ժողո­վում հայե­րի պատգա­մա­վո­րությունը բռնա­բարված ու արձակված բողո­քարկու կնոջ էր նման։ Ոչ մի պաշտպան չուներ։ Սա էլ երրորդ ուժին ապա­վի­նե­լու արդյունքնե­րից մի ուրիշն էր։

Պարտություն բառը վատ բառ է, ոչ ոք չի սիրում։ Երբ ես ասում եմ, որ մեր ազա­տագրա­կան շարժումը պարտվեց, դա իմ բարե­կամնե­րին դուր չի գալիս։ Ինձ էլ դուր չի դալիս։ Բայց դա բացարձակ փաստ է։ Մենք պարտվե­ցինք։

19-րդ դարի երկրորդ կեսին սկսված հայոց ազգային֊ազատագրական շարժման նպա­տակն էր ազա­տագրել Արևմտա­հա­յաստա­նը, ավե­լի ստույգ Թուրքիա­յի հայա­շատ վեց վիլա­յեթնե­րում բարե­փո­խումներ անել, հաստա­տել հայկա­կան ինքնա­վա­րություն։ Այս նպա­տա­կը չկա­տարվեց։ Ավե­լին, Արևմտա­հա­յաստա­նը կամ հայա­շատ վեց վիլա­յեթնե­րը լիո­վին զրկվե­ցին հայությունից, Կիլի­կիան, Փոքր Հայքը և Թուրքիա­յի իշխա­նության տակ գտնվող հայկա­կան այլ վայրերն էլ հայազրկվե­ցին, Ռուսաստա­նի իշխա­նության տակ գտնվող Սուրմա­լուն և Կարսի մարզն էլ անցան Թուրքիա­յին և նույնպես հայազրկվե­ցին։

Սա պարտություն է, այն էլ խայտա­ռակ պարտություն։ Եվ այդ պարտության գլխա­վոր պատճա­ռը երրորդ ուժին մեր ապա­վի­նելն էր։ Եթե մենք բացա­ռեինք ամեն տեսակ երրորդ ուժ և մեր ծրագրե­րը կառուցեինք հայ ազգա­յին եղած ուժը հաշվի առնե­լով ու ըստ այդ ուժի շարժվե­լով, մենք այսպի­սի խայտա­ռակ պարտություն չէինք կրի։

Մեր պատմա­բաննե­րը, որոնց հիմնա­կան գործը այս 70 տարում եղել է ստա­խո­սությունը, լռում են մեր այս ահա­վոր պարտության մասին։ Իսկ սա շատ վնա­սա­կար է, ազգին տեղյակ չեն պահում իր պարտության մասին, չեն ասում դրա պատճառնե­րը։ Պետք է ասել, որպեսզի իր գործած սխալնե­րը ազգը չկրկնի։ Այն ազգը, որն իր պատմության դասե­րը չի սերտում և սխալնե­րը կրկնում է, ապա­գա չունի։

Մեր գլխա­վոր հաղթա­նա­կը 1918 թ. մայի­սին եղավ առանց որևէ երրորդ ուժի օգնության։ Երկրորդ կարև­որ հաղթա­նա­կը 1920 — 21 թթ. Զանգե­զուրում (Նժդե­հի գլխա­վո­րությամբ) դարձյալ որևէ երրորդ ուժի օգնության եղավ։ Առանց երրորդ ուժի մենք հաղթել ենք, երրորդ ուժին ապա­վի­նե­լով միշտ պարտվել ենք։

Մեր պատմա­բաննե­րը, կոմունիստ և ոչ կոմունիստ քաղա­քա­կան գործիչնե­րը հայ ժողովրդին անընդհատ ներշնչել են, որ նա առանց Ռուսաստա­նի ապրել չի կարող, որ Ռուսաստա­նը հայե­րի փրկիչն է ու նման բաներ։ Այսինքն՝ անընդհատ մեզ ներշնչել են, որ առանց երրորդ ուժի գոյություն ունե­նալ չենք կարող, պետք է լիո­վին ապա­վի­նենք այդ երրորդ ուժին։

Սա խորացրեց 600 տարի, գուցե 900 տարի (Անիի անկումից հաշված) առանց պետա­կա­նության մնա­ցած հայե­րի ձեռք բերած ստրկամտությունը։ Այնքան խորացրեց, որ հայե­րի ինքնա­ռուսա­ցումը սարսա­փե­լի չափե­րի հասավ. Հայաստա­նի մտա­վո­րա­կա­նության մեծ մասն այսօր ռուսա­գիր և ռուսա­խոս է, տասնյակ հազա­րա­վոր հայ ընտա­նիքներ, Հայաստա­նում ապրե­լով, ռուսե­րեն են խոսում, Հայաստա­նում ռուսա­կան դպրոց հաճա­խող հայ երե­խա­նե­րի թիվը մոտե­նում է 100 հազա­րի։ Հայաստա­նի ներքին գործա­վա­րության 90 տոկո­սից ավե­լին ռուսե­րեն է։ Էլ չեմ խոսում Հյուսի­սա­յին Կովկա­սի, Ռոստո­վի և Ռուսաստա­նի այլ վայրե­րի հայե­րի մասին, որոնք չքվե­ցին աշխարհից առանց եղեռնի, ինքնա­ռուսացմամբ։ Այսօր, Հայաստա­նը զգա­լիո­րեն ռուսա­ցել է և շարժվում է դեպի լիա­կա­տար ռուսա­ցում։ Այսպես որ գնանք, կվե­րա­նանք։ Ահա երրորդ ուժին ապա­վի­նե­լու մի այլ արդյունքը։

Երրորդ ուժին ապա­վի­նե­լու գաղա­փա­րը և միտումը ջլա­տում են հայ ժողովրդի ներքին ուժե­րը, դարձնում նրան ստրկա­հաճ, մեռցնում նրա դիմադրո­ղա­կա­նությունը, սպա­նում գոյատև­ե­լու կամքը։

Հիմա էլ մեջ են գցել պանիսլա­միզմի և պանթուրքիզմի խրտվի­լակնե­րը, որպեսզի մենք՝ հայերս ավե­լի ամուր կապվենք Ռուսաստա­նի սայլին։ Երրորդ ուժին ապա­վի­նե­լու ասպետնե­րը մեզ ասում են՝ եթե Ռուսաստա­նը չլի­նի, պանիսլա­միզմը և պանթուրքիզմը մեզ կուտեն։ Հիմա ես չեմ ուզում ընդարձակվել եւ խոսել պանիսլա­միզմի և պանթուրքիզմի իրա­կան էության շուրջը, ցույց տալ, որ դրանցով հայե­րին անընդհատ վախեցնող մեր գործիչնե­րը առնվազն տգետ են։

Ազգա­յին պետա­կա­նություն չունե­ցող ամեն մի ժողովրդի ազգա­յին շարժման գլխա­վոր նպա­տա­կը իր պետա­կա­նությունը, այսինքն անկա­խությունը վերա­կանգնելն է կամ ձեռք բերե­լը։ Սա վերա­բե­րում է նաև հայե­րին։ Եթե մեր մեջ չկա ազա­տության ձգտումը, դատա­պարտված ենք կորստի։ Բայց, կարծում եմ, կա ինչ-որ չափով։

Սակայն անկախ Հայաստա­նի ծնունդը կախված է միջազգա­յին հարմար իրադրությունից և մանա­վանդ այն բանից, թե որքա­նով է հայ ազգը պատրաստ դրան։ Ասա­ցի, որ 1917-ին, մինչև 18֊ի մայիս, մենք պատրաստ չէինք դրան։ Հիմա էլ պատրաստ չենք, քանի որ մեր բուն գոյությունն անգամ մենք ազգո­վին պայմա­նա­վո­րում ենք երրորդ ուժով։

1917 թ. վերջե­րից, երբ ռուսա­կան բանա­կը հեռա­նում էր Հայաստա­նից, Զավրիևը և զավրիև­ա­կաննե­րը ծնկա­չոք աղերսում էին ռուսնե­րին չգնալ, քանի որ Հայաստանն առանց Ռուսաստա­նի չէին պատկե­րացնում։ Բայց նրանց լսող չեղավ։ Չէ՞ որ քաղա­քա­կան դեպքերր կարող են առա­ջի­կա­յում էլ այնպես զարգա­նալ (մեծ աշխարհ է), որ ռուսա­կան բանա­կը Հայաստա­նից հեռա­նա։ Դա ոչ ոք բացա­ռել չի կարող։ Այն ժամա­նակ երրորդ ուժի մեր ասպետնե­րը՝ Զ․ Բալա­յան, Հ. Սիմոնյան, Ա․ Հովհաննիսյան, Ս․ Կապոլտիկյան, Ս. Պողոսյան և այլն, եթե ծնկա­չոք աղա­չեն ռուսնե­րին՝ մի գնա­ցեք, եղբայրներ, նրանց ոչ ոք չի լսի։ Որևէ երրորդ ուժ հայե­րի կամքով երբևէ չի շարժվել և չի շարժվի։ Նա իր ծրագրերն ու շահերն ունի։ Այդ մենք ենք հնա­րել, թե ռուսնե­րը մեզ փրկել են։ Ռուսնե­րը երբ լսում են այդ բանը, զարմա­նում են. «Մենք ե՞րբ ենք ձեզ փրկել, ինչո՞ւ պետք է փրկեինք»։ Եվրո­պան էլ գեղե­ցիկ խոսքեր կասի հայե­րի հասցեին, բայց ռազմա­կան ուժով երբևէ չի օգնել և չի օգնի (եթե շահ չունի)։

Եվ այսպես, եթե ռուսա­կան բանա­կը հեռա­նա Հայաստա­նից, մենք այս 29 հազար քառա­կուսի կիլո­մետրի վրա հավաքված երեք միլիոն հայերս դեմ հանդի­ման մնա­լու ենք մի քանի տասնյակ միլիո­նի հասնող մեր հինգ խոշոր հարև­աննե­րի՝ թուրքե­րի, պարսիկնե­րի, քրդե­րի, վրա­ցի­նե­րի, ադրբե­ջանցի­նե­րի հետ։

Երրորդ ուժի բացառման օրենքն այն է, որ մենք հենց հիմա և միշտ մեզ պատկե­րացնենք մենակ այս հինգ հարև­աննե­րի դեմ հանդի­ման։ Եթե այդպես պատկե­րացնենք, շատ բան կփոխվի մեզա­նում, մեր հարև­աննե­րի հետ անմի­ջա­կա­նո­րեն, երկուստեք խաղա­ղության եզրեր գտնե­լու մասին կմտա­ծենք և ոչ թե անպտուղ հայհո­յանքներ կտե­ղանք նրանց հասցեին։ Եվ կպատրաստվենք ազգա­յին պետություն ունե­նա­լուն։ Պատրաստ կլի­նենք։ Կրկնեմ, որ երրորդ ուժի բացա­ռումը չի բացա­ռում դաշնա­կից ունե­նա­լը։ Դաշնա­կի­ցը նա է, ում շահե­րը մերի հետ թեկուզ ինչ-որ ժամա­նա­կով համընկնում են, և դաշնա­կից կունե­նանք այն դեպքում, եթե մենք ինքնուրույն ուժ լինենք։ Բայց դաշնակցին չեն ապա­վի­նում, նրա ուժի վրա ծրագրեր չեն կառուցում, դաշնա­կի­ցը օգնա­կան է։ Որքան մենք շատ ճորտա­նանք Ռուսաստա­նին, այնքան նա մեզ չի հարգի։ Երբ չճորտա­նանք, մեզ կհարգի։

Մինչդեռ մենք, ինչպես ասա­ցի, ազգո­վին, մեր մտքում, մեր բնազդով չենք կարո­ղա­նում բացա­ռել երրորդ ուժը, ապա­վի­նում ենք նրան, մեր հարև­աննե­րին հայհո­յում ենք, մեր ծրագրե­րը կազմում հենց այդ ուժի վրա հույս դնե­լով։ Սա վերա­բե­րում է նաև Հայաստա­նում ստեղծված ոչ պաշտո­նա­կան կազմա­կերպություննե­րին և հայ ազգա­յին կուսակցություննե­րին։

Խնդրեմ՝ դաշնակցությունը, այսօր իր ամբողջ գործունեությունն առաջ է տանում երրորդ ուժին ապա­վի­նած։ Նրա ղեկա­վարնե­րից մեկը՝ պարոն Սարուխանյա­նը իմ կարդա­ցած մի հարցազրույցում հայտա­րա­րել է, որ հայոց հողե­րի պարտա­տե­րը Խորհրդա­յին Միությունն է, այսինքն՝ Ռուսաստա­նը (կրկնեմ, որ Ռուսաստա­նը երբեք միտք չի ունե­ցել և այսօր էլ միտք չունի հայե­րին վերա­դարձնել նրանց պատմա­կան հողե­րը)։ նույն դաշնակցությունն է, որ մի այլ երրորդ ուժի՝ Արևմուտքի պետություննե­րի ու ՄԱԿ֊ի դռներն է ծեծում, որ ճանա­չեն հայե­րի ցեղասպա­նությունը (իսկ դա անօ­գուտ, պարապ զբաղմունք է)։

Դաշնակցա­կան մի ղեկա­վա­րի հետ զրուցում էի։ Ասաց.

— Ոչ, Թուրքիա­յի հետ երկխո­սությունն անի­մաստ է և հանցա­վոր։ Թուրքիան մեր վերա­բերմամբ մի նպա­տակ ունի ոչնչացնել։

— Այս դեպքում ձեր ծրագրում ինչո՞ւ եք ձեր նպա­տա­կը համա­րում Միացյալ անկախ Հայաստա­նը, եթե կարծում եք, որ անկախ Հայաստան Թուրքիա­յի հարև­ա­նությամբ գոյություն ունե­նալ չի կարող։

— Որևէ երրորդ ուժ մեզ պետք է սատար լինի։ Օրի­նակ, Ռուսաստա­նը։

— Բայց դուք ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստա­նը կհանդուրժի անկախ Հայաստան և դեռ կսա­տա­րի նրան։

— Ուրիշ ելք չունենք։ Հետո մեր առա­ջին գործը մեր հողե­րը վերցնե­լը պետք է լինի։

— Բայց աշխարհում ամեն ինչ փոխվում է, այստեղ հռո­մեա­ցի­ներ կային, գնա­ցին, բյուզանդա­ցի­ներ կային, գնա­ցին։ Չէ՞ որ հնա­րա­վոր է, որ մի օր էլ Ռուսաստա­նը գնա Կովկա­սից։ Ի՞նչ պիտի անենք։

— Ուրիշ հովա­նա­վոր կգտնենք։

— Ո՞ւմ։ Պատասխան չկա։

— Եվ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստա­նը կամ մի ուրի­շը Թուրքիա­յից պետք է մեր հողե­րը խլի ու տա մեզ։ Սա ո՞վ է ձեզ սովո­րեցրել։ Հարցրեք Ռուսաստա­նին, տեսեք ինչ է ասում։

— Միևնույն է, մենք առանց որևէ հզոր պետության օգնության չենք գոյատևի, ոչնչի չենք հասնի։

— Եթե այս հողում մենք թուրքե­րի հարև­ա­նությամբ ինքնուրույն ապրել չենք կարող, ուրեմն պետք է ամբողջ հայությունը պատրաստ լինի ռուսնե­րի հետ իր հայրե­նի­քը լքե­լու։ Ահա թե դուք ինչ եք քարո­զում։ Ես կարծում եմ, մենք պետք է մտա­ծենք այս շրջա­պա­տում Հայաստա­նը պահե­լու, ոչ թե այն վերջնա­կա­նա­պես քանդե­լու մասին։

Մոտա­վո­րա­պես դաշնակցության նման է մտա­ծում Երև­ա­նի «Հայ դատ» կազմա­կերպությունը։ Դեռ ավե­լին, եթե դաշնակցությունը կարև­որ տեղ է տալիս հայոց լեզվի ու հայ դպրո­ցի պաշտպա­նությա­նը, հայ նոր սերնդի հայկա­կան կրթությա­նը, «Հայ դատը» լեզվի, ազգա­յին կրթության, հայա­խո­սության, հայագրության, այսինքն մեր բուն գոյության հարցը անկարև­որ է համա­րում (վկա նրանց ամսա­գի­րը), միայն՝ հողեր, հողեր։ Երևի կարծում են հողեր գոռա­լով, պահանջե­լով, ինչ-որ մեկը (Ռուսաստա­նը կամ Արևմուտքը) հայե­րին հող կտա, ու չեն մտա­ծում, որ մինչև իրենք հող են ուզում, արհա­մարհե­լով մեր լեզուն ու դպրո­ցը, Հայաստանն ու հայ ազգը կարող են ուծա­նալ, վերա­նալ, ու այդ դեպքում եթե Հայաստան չլի­նի, հողե­րի ի՞նչ միա­վո­րում պիտի կատարվի։

Բացի դրա­նից, «Հայ դատը» նաև հայե­րի նոր թշնա­մի­ներ է որո­նում, այս անգամ էլ մատը դրել է հրեա­նե­րի վրա։ Երեք ճակա­տով է «կռվում»՝ պանթուրքիզմի, պանիսլա­միզմի և սիո­նիզմի դեմ, իհարկե, Ռուսաստա­նին ապա­վի­նե­լով։ Ու թեև Ռուսաստա­նը ասել ու ասում է, որ ինքը պանթուրքիզմի և պանիսլա­միզմի դեմ կռվե­լու միտք չունի, իսկ սիո­նիզմի հետ հաշտվե­լու քայլեր է անում, մեր «Հայ դատը» իր նույն գիծն է տանում, «կռվում» է այդ երեք ուժե­րի դեմ։ Այստեղ է, որ հարմար է գալիս Ջիվա­նոլ խոսքը՝ «Խելքի աշե­ցեք»։

Երրորդ ուժին, այս դեպքում էլ Ռուսաստա­նին են ապա­վի­նում նաև մեր ռամկա­վարներն ու հնչակյաննե­րը։ Սրանք էլ առանց Ռուսաստա­նի չեն պատկե­րացնում որևէ տեսակ Հայաստան։ Այս 50 — 60 տարի է, ինչ նրանց ամբողջ քաղա­քա­կա­նությունը հենված է Ռուսաստա­նին մարմնով ու հոգով նվիրված լինե­լու մտայնության վրա։

Երրորդ ուժին են ապա­վի­նում նաև մեր երև­անյան անկա­խա­կաննե­րը՝ Ինքնո­րո­շում միա­վո­րումը և նրա­նից անջատվա­ծը․ նրանց ղեկա­վար, ինձ համար շատ սիրե­լի Պարույր Հայրիկյա­նի քաղա­քա­կան ծրագրում կարև­որ տեղ է զբա­ղեցնում Հայաստա­նի անկա­խացման կապակցությամբ ՄԱԿ֊ի զորքեր հրա­վի­րե­լը Հայաստան։ Ինքնո­րո­շում միա­վո­րումը Երև­ա­նում ցույցեր է անում ՄԱԿ‑ի դրո­շով։ ՄԱԿ֊ի ուժեր, Եվրա­խորհրդա­րան, ահա Ինքնո­րո­շում միա­վորման ապա­վեն երրորդ ուժե­րը։

Մեր անկա­խա­կաննե­րը ապա­վի­նե­լով արևմտյան երրորդ ուժին՝ թշնա­մություն ունեն Ռուսաստա­նի նկատմամբ։ Կարծում եմ, որ թե Ռուսաստա­նի, թե Արևմուտքի նկատմամբ թշնա­մա­նա­լը նույնպի­սի անմտություն է, ինչպի­սին որ դրանց ապա­վի­նելն է։ Զարմա­նա­լի է, ինչո՞ւ ենք մենք կարծում, որ Արևմտյան որևէ պետություն կամ Ռուսաստա­նը մեզ պետք է պաշտպան ու սատար լինեն։ Ի նչ հիմար մտայնություն է սա։ Մենք մոռա­նում ենք, որ ամեն ազգ, ամեն պետություն, իր շահերն ունի, ինչո՞ւ պետք է որևէ պետություն իր շահե­րը զոհի հանուն հայե­րի։ Ոչ մի խելա­ցի պետություն այդպի­սի զոհա­բե­րում չի անի։

Ռուսաստա­նից հիասթափվում են ու հայհո­յում։ Բայց ինչո՞ւ եք հույսեր կապել, ո՞վ է ձեզ ասել, թե Ռուսաստա­նը հայե­րի փրկիչն է։ Ռուսաստա­նը՝ ինքը այդպի­սի բան չի ասել։ Այդ դուք եք հնա­րել, սիրե­լի հայրե­նա­կիցներ և դուք էլ հույսեր եք կապել Ռուսաստա­նի հետ ու հիմա էլ հիասթափվում եք։ Պետք է արդար լինել, այս 300 տարի է Ռուսաստա­նի ղեկա­վարնե­րը մեզ ասում են՝ «Հայեր, ձեր և մահմե­դա­կաննե­րի վեճե­րի ժամա­նակ մենք ձեզ չենք պաշտպա­նե­լու» և գործնա­կա­նո­րեն էլ ապա­ցուցում են իրենց այդ դիրքը։ Մենք անե­րե­սի նման նորից հույս ենք կապում, որ Ռուսաստա­նը վերջա­պես մեր կողմը կանցնի ընդդեմ մեր հարև­ան մահմե­դա­կաննե­րի։ Եվ այս 300 տարի է նաև խրա­տում ենք ռուսնե­րին, թե գիտեք մահմե­դա­կաննե­րը վատն են, նաև ձեզ են թշնա­մի, մենք՝ հայերս լավն ենք, մեզ պաշտպա­նե­ցեք։ Հայե­րը ինչքան հոդվածներ, գրքեր են գրել ռուսնե­րին համո­զե­լու համար, որ մեզ պաշտպա­նեն։ Միշտ անարդյունք։ Ռուսա­կան պետությունը շատ է փորձված, իր շահե­րը լավ է հասկա­նում, մենք՝ անպե­տա­կան, մեր պետա­կան մտա­ծո­ղությունը կորցրած հայերս չէ, որ նրան պետք է սովո­րեցնենք։ «Քեմա­լը Լենի­նին խաբեց», «Ադրբե­ջանցի­նե­րը կաշա­ռել են Կրեմլին», «Քաղբյուրո­յի անդամնե­րի կանայք կամ խնա­մի­նե­րը թաթար են և թուրք, դրա համար մեզ չեն պաշտպա­նում»,— այսպի­սի տհաս, ուղղա­կի տխմար մտքեր են արծարծում շատ ու շատ հայեր։ Ոչ, սիրե­լի­ներ, Լենի­նը շատ լավ գիտեր Քեմալն ով է, և իր երկրի շահե­րի տեսա­կե­տից միանգա­մայն ճիշտ քաղա­քա­կա­նություն էր վարում նրան ամեն կերպ օգնե­լով, մենք էինք հիմար, որ 1920 թ. լեզու չգտանք Քեմա­լի հետ և Կարսը կորցրինք։ Ադրբե­ջանցի­ներն էլ չեն կաշա­ռել Կրեմլին, հանգիստ եղեք, Կրեմլն իր գիծն ունի, և դա բնավ հայե­րին հատկա­պես պաշտպա­նող գիծ չէ։ Եվ մեծա­գույն հիմա­րություն է թաթար ու թուրք կանանց կամ խնա­մի­նե­րի հետ կապել հայե­րի կողմը չանցնե­լու ռուսա­կան քաղա­քա­կա­նությունը։ Դա 300 տարվա պատմություն ունի։ Ինչո՞ւ եք դուք կարծում, որ իրենք՝ ռուսնե­րը մեր կողմը պետք է պահեն։ Ինչո՞ւ։ Սա ինչ անխելքություն է։

Երբ Նիկո­լայ Ռիժկո­վը Հայաստա­նում էր, հանդի­պեց հայ մտա­վո­րա­կա­նության հետ։ Զ. Բալա­յա­նը ելույթ ունե­ցավ և կրկնեց նույն հին երգը՝ մահմե­դա­կաննե­րը, ադրբե­ջանցի­նե­րը, թուրքե­րը շատ վատն են, մենք հայերս շատ լավն ենք, մեզ պաշտպա­նեք։ Պարոն Ռիժկո­վը սաստեց նրան. «Վերջացրեք, դուք չէ, որ մեզ պետք է սովո­րեցնեք, թե մենք ինչպես պետք է շարժվենք, կամ՝ ով է լավ, ով՝ վատ։ Մենք մեր անե­լի­քը լավ գիտենք»։ Եվ նա իրա­վա­ցի էր։ Բայց Զ. Բալա­յա­նին դա դաս չեղավ։ 1989 թ. Հայաստա­նի Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նում ռուսե­րեն իր ելույթի մեջ, դարձյալ ռուսնե­րին դիմե­լով, նույնը կրկնեց թուրքե­րը վատն են, մենք՝ լավը, կա պանթուրքիզմ, ռուսներ, մեզ պաշտպա­նեք։ Եվ իհարկե, դարձյալ ապարդյուն։

Մարդ ամա­չում է։ Ինչքան կարե­լի է չխրատվել։ Այդ մարդիկ ասում են՝ ոչ, դու նորից քոնն ես կրկնում։

Անի­մաստ է նաև Ռուսաստա­նի հետ թշնա­մա­նա­լը։ Ռուսաստա­նին չապա­վի­նել, նրա հզո­րության հետ ծրագրեր ու հույսեր չկա­պել բնավ չի նշա­նա­կում թշնա­մա­նալ։ Բարե­կամ լինենք, բայց չապա­վի­նենք, ոտով-գլխով չնվիրվենք, մեր փրկի­չը չհա­մա­րենք, ինքներս մեզ չռուսացնենք, Հայաստա­նը վերա­հա­յացնենք, ինքնուրույն ազգ դառնանք։ Եվ գիտեք ի՞նչ, ռուսնե­րը մեզ կսկսեն հարգել։

Շատ հայեր էլ նեղա­ցել են Մ. Գորբա­լո­վից, որ նա Արցա­խը Հայաստա­նին չի տալիս։ Բայց այ սիրե­լի հայեր, նրա նախորդնե­րից ո՞վ է մեզ Արցախ տվել Լենի՞նը, Ստալի՞նը, Մալենկո՞վը, Խրոլշչո՞վը, Բրեժնևը՞․․. ո՞վ։ Ոչ մեկը։ նշա­նա­կում է Արցա­խը Աղրբե­ջա­նից հանե­լը և Հայաստա­նին միացնե­լը Ռուսաստա­նի շահե­րին դեմ է, ինչո՞ւ եք հատկա­պես Գորբա­չո­վից նեղա­նում, նա դեռ թույլ տվեց ազատ Արցախ պահանջել, «Արցախ» կոմի­տե կազմել, նրա նախորդնե­րը դա էլ չէին թույլ տալիս։ Ռուսաստա­նի որևէ ղեկա­վար չի կարող հակա­ռակ գնալ իր պետության շահե­րին, հասկա­նանք վերջա­պես։

Եվրա­խորհրդա­րա­նը։ Այդ ժողո­վա­րա­նը որո­շում ընդունեց, որ եղել է հայկա­կան ցեղասպա­նությունը։ Եվ շատ հայեր ցնծության մեջ էին՝ Եվրա­խորհուրդը ճանա­չել է, որ թուրքե­րը մեզ բռնա­բա­րել են, մորթել, քերթել, ողջ֊ողջ թաղեր.. Իսկ Եվրա­խորհուրդը պարզ հաշիվ ուներ և հայե­րի հարցը դարձյալ (այս էլ որե­րորդ անգամ) որպես մանր դրամ օգտա­գործեց։ Արևմտաեվրո­պա­կան ընդհա­նուր շուկա­յի անդամնե­րը չեն ուզում, որ հետամնաց Թուրքիան դառնա իրենց միա­վորման անդա­մը և մեջ են գցում հայե­րի ցեղասպա­նության հարցը, թե թուրքեր, դուք հայե­րին կոտո­րել եք, ընդհա­նուր շուկա­յում ձեզ համար տեղ չկա։ Մեր մեծա­գույն դժբախտությունը չարա­շա­հում են, իսկ մենք թեթևսո­լի­կա­բար ցնծում ենք։

Առհա­սա­րակ աննպա­տակ է հայե­րի ցեղասպա­նության ճանա­չումը տարբեր պետություննե­րից ու ՄԱԿ֊ից պահանջե­լը։ Ասենք՝ բոլոր պետություննե­րը և ՄԱԿ֊ը ճանա­չե­ցին, որ մեզ մորթո­տել են, հետո ։ Մեր միա­միտ հայերն ասում են. «Հետո մեր հողե­րը կտան»։ Այ սիրե­լի­ներ, ի՞նչ կապ ունի ցեղասպա­նության ճանա­չումը հողե­րի հետ։ Օրի­նակ, Ամե­րի­կա­յի կարմրա­մորթնե­րի ցեղասպա­նությունը ճանաչված է ՄԱԿ֊ի կողմից, բա ինչո՞ւ սպի­տա­կա­մորթնե­րը չեն հեռա­նում Ամե­րի­կա­յից և հողե­րը կարմրա­մորթնե­րին չեն տալիս։ Մինչև ե՞րբ պետք է այսքան միա­միտ մնանք։ Հետո մտածե՞լ եք՝ ո՞ւմ պետք է տան հայոց հողե­րը։ Ռուսաստանի՞ն (ԽՍՀՄ֊ի՞ն)։ Քիչ հող ունի՞ Ռուսաստա­նը։ Հետո Ռուսաստա­նը (ԽՍՀՄ‑ը) պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ ինքը Թուրքիա­յից հողա­յին պահանջ չունի։ Եվ վերջա­պես, եթե Ռուսաստա­նը Թուրքիա­յից հայոց հողե­րը վերցնի, ինչո՞ւ եք կարծում, որ Հայկ. ԽՍՀ-ին կտա։ Եթե տվող լիներ, իր գրպա­նում գտնվող Նախիջև­անն ու Արցա­խը կտար։

Բայց ես շեղվե­ցի մեր անկա­խա­կաննե­րի հարցից, Նրանք երևի կարծում են՝ անկա­խություն, անկա­խություն գոռա­լով, վանկարկե­լով, Հայաստա­նը անկախ կդարձնեն։ Նրանցից շատե­րին երևի թվում է, թե անկա­խություն բառն էլ, դրա գաղա­փարն էլ իրենք են հնա­րեր։ Կարծես մեր Արամ Նահա­պե­տից ու նրա­նից էլ առաջ մինչև Արամ Մանուկյան ու նրա­նից էլ հետո հայ լուրջ քաղա­քա­կան գործիչնե­րը ազգա­յին անկա­խության չեն ձգտել։ Ան֊կա֊խու֊թյուն գոռա­լով ու գրե­լով իրենց թերթե­րում՝ իրենք իրենց համար Հայաստա­նի վարչա­պետ են նշա­նա­կում ու ժամա­նա­կա­վոր կառա­վա­րություն։ Ինչպես որ երե­խա­նե­րը տուն– տուն են խաղում, այնպես էլ մեր անկա­խա­կաննե­րը անկա­խություն են խազում։ Այդ ամե­նը ոչ մի կապ չունի Հայաստա­նի իրա­կան անկա­խության հետ։

Ախր, սիրե­լի անկա­խա­կաններ, անկա­խությունը, այդ բառն անվերջ գրե­լով ու վանկարկե­լով չէ, որ գալիս է։ Մեր անկա­խությունը 1918-ին ինչպե՞ս եկավ։ Այդպես էլ կգա առա­ջի­կա­յում։ Անկա­խությա­նը պետք է պատրաստվել, որ 18 թվի նման հանկարծա­կի չգանք։ Նախ պետք է ազգը հոգե­պես, իր մտա­ծե­լա­կերպով, բարո­յա­պես ինքնուրույն ու անկախ դարձնել։ Դրա համար էլ պետք է մեր ժողովրդի մտքից հանել երրորդ ուժին ապա­վի­նե­լու մտայնությունը և հարա­բե­րություններ հաստա­տել, երկխո­սություն սկսել մեր հինգ հարև­աննե­րի հետ։ Անհրա­ժեշտ է Հայ ժողովրդին վստա­հեցնել, որ ինքը կարող է ինքնուրույն գոյատև­ել առանց երրորդ ուժի ապա­վի­նե­լու։ Պետք է նաև այսօրվա համար ամե­նա­կարև­ո­րը՝ ռուսա­ցող Հայաստա­նը վերա­հա­յացներ իսկ անկա­խա­կաննե­րից շատե­րը նույնիսկ հայե­րեն ստո­րագրել չգի­տեն, ոմանք առհա­սա­րակ հայե­րեն չեն գրում, ռուսա­գիր են և անկա­խություն են գոռում։

Նրանք Մաշտոցյան Մատե­նա­դա­րա­նի, Մեսրոպ Մաշտո­ցի արձա­նի առաջ հավաքվում են ու գոռում՝ «Սխալ է հայա­խո­սության, հայագրության ու հայկա­կան կրթության մասին խոսե­լը, մեզ պետք է անկա­խություն, եթե անկա­խություն լինի, մեր բոլոր հարցե­րը կլուծվեն»։ Շատ լավ, պարոններ, իսկ եթե այդ անկա­խությունը 10 տարով կամ 50 տարով, գուցե 60 տարով էլ ուշա­նա, ի՞նչ, անկա­խություն գոռա­լով սպա­սենք, որ Հայաստա­նը լրիվ ռուսա­նա՞։ Մի անկա­խա­կա­նի ասա­ցի ինչո՞ւ չես հայե­րեն ստո­րագրում։ Պատասխա­նեց. «Դա ինչ կարև­որ է, կարև­ո­րը անկա­խությունն է, անկա­խություն լինի հայե­րեն կստո­րագրեմ»։ Ուրեմն, մինչև անկա­խություն հայերս ստո­րագրենք ռուսերե՞ն»։ «Ինչ կա որ»։ Ահա մեր որոշ «անկա­խա­կաննե­րի» խելքի լափը։ Հարցնում եմ՝ «Հարև­ա­նիս երե­խան այս տարի դպրոց Է գնա­լու, ի՞նչ դպրոց գնա՝ հայկա­կա ն, թե՝ ռուսա­կան»։ Ասում է՝ «Դա ինչ նշա­նա­կություն ունի, կարև­ո­րը անկա­խությունն է»։

Այսպի­սի­նե­րի գլուխը չի մտնում, որ հայոց անկա­խությունը սկսվում Է հայե­րեն գրե­լուց և խոսե­լուց, հայ երե­խա­նե­րին միայն հայկա­կան կրթության տալուց։ Սիրե­լիս, դու ի՞նչ անկա­խա­կան ես, որ չես ազատվել օտա­րագրությունից։ Քո պահանջած անկա­խությունը երե­խա­նե­րին օտա­րամտած դարձնելն է, հայե­րի օտար լեզվով գրելն ու խոսե՞լն Է։ Դա սուտ անկա­խություն է, պետք չէ մեզ։

Նա, ով անկա­խության անունով խափա­նում է մեր ջանքե­րը ուղղված բոլոր հայ երե­խա­նե­րի լիա­կա­տար ազգա­յին կրթությունն ապա­հո­վե­լու, Հայաստա­նի ներքին գործա­վա­րությունը 100 տոկո­սով հայացնե­լու գործին, նա մեր իսկա­կան անկա­խության մոլի հակա­ռա­կորդն է։

Մեր ամե­նաիսկա­կան, ամե­նա­մեծ անկա­խա­կա­նը եղել Է Մեսրոպ Մաշտո­ցը, որը մեր պետա­կա­նության անկման պահին մեզ գիր ու գրա­կա­նություն, հայկա­կան դպրոց տվեց, ու դրանցով մեր ազգը՝ քաղա­քա­կան անկա­խությունը կորցրած, բարո­յա­պես անկախ ու ինքնուրույն մնաց շատ դարեր։ Իսկ մեր այսօրվա անկա­խա­կաննե­րը Մաշտո­ցի արձա­նի դիմաց կանգնած Մաշտոց են մերժում, քանի որ հայագրության ու հայկա­կան դպրո­ցի դեմ նույնիսկ անկա­խության անունից խոսե­լը նշա­նա­կում է կռվել Մաշտո­ցի ու նրա մեծա­գույն գործի դեմ։

Վերջա­պես, դեպի ինքնուրույն ու անկախ ազգ մեր ճանա­պարհը խափան ու խոպան կլի­նի, եթե մենք չդառնանք մեր քրիստո­նեա­կան հավա­տին, որից ազգի մեծա­գույն մասը այսօր զրկված Է։ Եթե մենք ամեն ինչ ջանանք անել առանց մեր Արա­րի­չին ապա­վի­նե­լու, կձա­խողվենք։ Մեր ազգը պահել Է և կպա­հի Աստված, եթե մենք ապա­վի­նենք նրան։ Նա երբեք երես չի դարձնում մեզնից, մենք ենք նրա­նից երես դարձնում և այդպես փորձանքնե­րի մեջ ընկնում։ Մեզ օդի պես անհրա­ժեշտ Է դարձ դեպի քրիստո­նեություն։ Ապա­վի­նենք ոչ թե որևէ երրորդ ուժի, այլ մեր Արա­րի­չին ու մեր ունե­ցած և ունե­նա­լիք ազգա­յին ուժե­րին։

Եվ այսպես, մեր անկա­խա­կաններր կամո­վին թե ակա­մա լիո­վին ապա­վի­նում են երրորդ ուժի՝ ՄԱԿ, Եվրա­խորհրդա­րան և այլն։ Դրա­նից ազգը միայն վնաս կարող է ունե­նալ։ Նորաստեղծ Ազգա­յին անկա­խության կուսակցությունը կարծես ավե­լի խոհեմ է քայլում, թեև երրորդ ուժը, կարծեմ, մտքից բոլո­րո­վին հանել չի կարո­ղա­նում։

«Արցախ» կոմի­տեն նույնպես երրորդ ուժին ապա­վի­նե­լով սկսեց իր գործը։ Նա Արցա­խի ու Հայկ․ ԽՍՀ‑ի վերա­միա­վո­րումը ո՞ւմից էր խնդրում, պահանջում։ Մոսկվա­յից, այսինքն՝ հույս ուներ, որ այդ երրորդ ուժը մեր և ադրբե­ջանցի­նե­րի վեճը կլուծի մեր օգտին։ 1988 թ. փետրվա­րին էր, կարծեմ, Լուսաշխի տանը ժողով եղավ, հավաքվել էին հայոց անվա­նի­նե­րը՝ Ս. Կապուտիկյան, Զ, Բալա­յան, Ս. Խանզադյան, Ս. Սարգսյան, Արցախ կոմի­տեից և այլն։ Բոլո­րը խոսում էին խիստ համոզված, որ Մոսկվան (երրորդ ուժը) վերա­կա­ռուցման առի­թով Արցա­խը մեզ է տալու։ Ես ասա­ցի. «Մեր պատմության վերջին 300 տարվա ընթացքում Մոսկվան մեզ ոչ մի թիզ հող չի տվել, ինչո՞ւ եք կարծում, որ հիմա կտա, ի՞նչ հիմք ունեք։ Այդպի­սի հիմք չեմ տեսնում»։ Ես մենակ մնա­ցի երրորդ ուժին ապա­վի­նող ընդհա­նուր երգչախմբի մեջ։ Դրա­նից հետո Էլ երկար ժամա­նակ «Արցախ» կոմի­տեն հույս ուներ, որ երրորդ ուժը մեզ Արցախ է տալու։ Ես կոմի­տեին առա­ջարկել եմ Արցա­խի հարցով անմի­ջա­կան բանակցություննե­րի մեջ մտնել Ադրբե­ջա­նի հետ։ Ինձ ասում են նրանք չեն տա։ Բայց,— ասում եմ,— չէ՞ որ Մոսկվան էլ չի տալու, իսկ Բաքվի հետ բանակցե­լը գոնե կմեղմի հայ֊ ադրբե­ջա­նա­կան այս սոսկա­լի թշնա­մությունը և գուցե Արցա­խի հայության համար ավե­լի տանե­լի ազգա­յին պայմաններ ստեղծվեն…

1921 թվից սկսած 68 տարի է, մենք Մոսկվա ենք ուղարկում դիմումներ, ստո­րագրություններ, պատմա­կան փաստաթղթեր, խնդրագրեր և այլն՝ պահանջե­լով, խնդրե­լով հարցի արդար լուծում, այսինքն՝ Արցա­խի միա­ցումը Հայկ. ԽՍՀ-ին։ Թղթա­յին այդ հեղե­ղը երևի մի ամբողջ բեռնա­տար գնացքում կլի­նի տեղա­վո­րել, և ոչինչ չստա­ցանք, այսօր միա­ցումը գուցե ավե­լի հեռու է, քան 68 տարի առաջ։ Ի՞նչ կլի­նի, եթե փորձենք Բաքվի հետ բանակցել. չստա­նա­լը կա ու կա։

«Արցախ» կոմի­տեի հռչա­կաձ «Մենք մշտա­կան թշնա­մի ու մշտա­կան բարե­կամ չունենք» բանաձևը քայլ է դեպի երրորդ ուժին ապա­վի­նե­լուց հրա­ժարվե­լը, քաղա­քա­կան հասունացման որոշ նշան։ Այդպի­սի նշան է նաև կոմի­տեի հայտա­րա­րությունը պանթուրքիզմի վերա­բերյալ (Գերա­գույն խորհրդի նստաշրջա­նում կարդա­ցած)։ Բայց առայժմ այդ կոմի­տեի գործունեության մեջ չի նկատվում լուրջ բեկում դեպի ազգի իսկա­կան ինքնուրույնա­ցումը։ Կոմի­տեն էլ գրե­թե անտարբեր է մեր լեզվի ու դպրո­ցի հարցե­րի և Հայաստա­նի վերա­հա­յացման գործի նկատմամբ։ Մինչդեռ որևէ հայկա­կան կազմա­կերպության գծի ճշտությունը և գործի օգտա­կա­րությունը չափվում է նրա­նով, թե որքան է նախանձախնդիր Հայաստա­նի վերա­հա­յացման գործին։

Այս առի­թով չմո­ռա­նամ ավե­լացնել, որ լեզվա ֊դպրո­ցա­կան հարցից հետո հրա­տապ է նաև Հայաստա­նի բնությունը ապա­կա­նությունից փրկե­լը։

1914 թ. դաշնակցությունը դեմ էր ռուսա­կան բանա­կում հայ կամա­վո­րա­կան ջոկատներ ստեղծե­լուն, բայց հետո ինքն սկսեց կազմա­կերպել այդպի­սի ջոկատներ։ Արդյոք եթե նման իրո­ղություն ստեղծվի, «Արցախ» կոմի­տեն և մյուսներր նույնը չեն անի ամբո­խի տարերքին ենթարկվե­լով։

Ինձ հարց եմ տալիս նաև. իսկ եթե առա­ջի­կա­յում իրադրությունն այնպի­սին դառնա, որ Ռուսաստանն իր զորքե­րը հանի Հարա­վա­յին Կովկա­սից, մենք մահմե­դա­կաննե­րով շրջա­պատված և միշտ երրորդ ուժին ապա­վի­նած, ի՞նչ վիճակ ենք ապրե­լու։ Դարձյալ հանկարծա­կիի ենք գալու, քանի որ պատրաստ չենք դրան։ Մեր մոսկովյաննե­րը, նրանց զինա­կիցներր, պարզ է, որ կչվեն Ռուսաստան։ Իսկ այս 29 հազա­րի վրա մնացածնե՞րս։ Այսօր, կարծում եմ, չկա հայկա­կան մի կազմա­կերպություն, մի ուժ, որ կարո­ղա­նա այս կտոր Հայաստա­նի ղեկա­վա­րությունը ստանձնել և մեր հարև­աննե­րի հետ լրջո­րեն բանակցել։ Այդ ուժը պետք է ստեղծվի հիմա և երկխո­սությունն էլ պետք է սկսվի հիմա ու մեր ժողովրդի ինքնուրույն գոյատև­ե­լու հնա­րա­վո­րության գաղա­փարն էլ պետք է պատվաստել հիմա։

Այո, ես համոզված եմ, որ հայերս ինքնուրույն կարող ենք գոյատև­ել մահմե­դա­կան շրջա­պա­տում, եթե շարժվենք ոչ թե զգացմունքով, ոչ թե վրե­ժի զգա­ցո­ղությամբ, այլ բանա­կա­նությամբ։ Օրի­նակ վերցնենք Իսրա­յե­լից, որի զավակնե­րից մոտ 7 միլիոն ոչնչացրեց Գերմա­նիան, բայց այսօր, Իսրա­յե­լը լավ հարա­բե­րություններ է պահպա­նում թե Արևմտյան, թե Արև­ելյան Գերմա­նիա­նե­րի հետ։ Կամ նույն Գերմա­նիան։ Ռուսաստա­նը մասնա­տեց այդ երկիրր երեք մասի (Արև­ելյան, Արևմտյան Գերմա­նիա­ներ և Արևմտյան Բեռլի­նը, նրա հողե­րից հսկա­յա­կան տարածքներ պոկեց հանձնե­լով Լեհաստա­նին, Չեխոսլո­վա­կիա­յին և մի մեծ կտոր էլ (Արև­ելյան Պրուսիան) իրենց վերցրեց։ Բայց այսօր երկու Գերմա­նիա­ներն էլ լավ հարա­բե­րություններ են պահպա­նում Ռուսաստա­նի հետ։ Նման օրի­նակնե­րը շատ են։ Այդպես են գոյատև­ե­լու կամք ունե­ցող ազգե­րը։ Եթե մենք հայերս ուզում ենք գոյատև­ել այս հողակտո­րի վրա, մի ելք ունենք՝ օրի­նակ վերցնել Իսրա­յե­լից, Գերմա­նիա­յից և ուրիշնե­րից, այսինքն՝ չմտա­ծել, թե երրորդ ուժը միշտ Հայաստա­նում կլի­նի, հիշել, որ ամեն րոպե այն կարող է հեռա­նալ, և մենք մի ելք ունենք շարժվել ոչ թե վրե­ժի զգա­ցումով, այլ գոյատևվե­լու բանա­կա­նությամբ։ Եվ անպայման կգո­յատև­ենք։ Այս դեպքում Աստված մեզ կօգնի։ Եվ երբ գոյատև­ենք, ամրա­նանք ու միշտ խելա­ցի գործենք, մեր հողերն էլ աստի­ճա­նա­բար կմիա­վորվեն Հայաստա­նի մեջ։

Իսկ եթե բանա­կա­նությամբ չշարժվենք, եթե նորից հանձնվենք մեր զգացմունքնե­րին, վրե­ժի կանչին, այս հողակտորն էլ կկորցնենք և մենք ազգո­վին կկորչենք։

300 տարի մենք ապա­վի­նել ենք երրորդ ուժի և 300 տարի անընդհատ կորցրել ենք։ Այս կտոր հողը պահպա­նե­ցինք, քանի որ երրորդ ուժի չապա­վի­նե­ցինք, այդ ուժը բացա­ռե­ցինք։ Մեզ պետք է դաս տա Արամ Մանուկյա­նը։

Եվ այսպես, այսօր մեր միակ ճիշտ ուղին և առաջնա­հերթ խնդի­րը մեր ժողովրդի հոգե­կան և մտա­վոր ինքնուրույնա­ցումն ու անկա­խա­ցումն է, Հայաստա­նի վերա­հա­յա­ցումը՝ երրորդ ուժի բացառման օրենքով։

Հայոց հարցը ոչ ոք չի լուծե­լու։ Լուծո­ղը միայն մենք՝ հայերս ենք։ Եվ հայոց հարցը կլուծվի միայն մի դեպքում՝ եթե ընդունենք ու կիրա­ռենք երրորդ ուժի բացառման օրենքը։

Հրա­պա­րակվել է «Մաշտոց»-ում 1989 թվա­կա­նին

Հոդվա­ծը՝ profil.am կայքէ­ջից։

Առնչվող Հոդվածներ