44-օրյա պատերազմից հետո փորձ է արվում ակտիվացնել Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գոնե հրապարակավ դրսևորում են այդ ուղղությամբ հետաքրքրվածություն: Ռուսաստանի վարքագիծը հակասական էր:
Հակոբ Բադալյան
Երկար սպասված ու շատ լավ լուր: Ահա այդպիսի բնորոշումներով է շատ շրջանակներում ընդունվել տեղեկությունը, որ Արցախի խորհրդարանը պատրաստվում է ընդունել օրենք օկուպացված տարածքների մասին, այսինքն Արցախի տարածքների մասին, որոնք հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո: Այդ տեղեկության առնչությամբ «երկար սպասված շատ լավ լուր» բնորոշումները հնչում են այնպես, կարծես թե այդ օրենքի ընդունումը ինքնաբերաբար վերադարձնելու է Ադրբեջանի օկուպացրած տարածքները: Ուր էր, թե այդպես լիներ: Բայց, գոնե 44-օրյա դաժան պատերազմից հետո, հատկապես այդ պատերազմի աշխարհաքաղաքական համատեքստի պարագայում, որտեղ հայկական կողմը մնաց փաստացի միայնակ, հայկական մոտեցումներն ու իրավիճակի գնահատման չափանիշները պետք է զերծ լինեն պատրանքներից և դեկլարատիվ «նարատիվներից»:
Հարկ է հստակ հասկանալ, թե ինչ է տալու այդպիսի օրենքի ընդունումը, ինչպես նաև, թե այն ինչ «կարող է տալ» Ադրբեջանին, կամ գուցե նաև Ռուսաստանի Դաշնությանը, որն այսօր բավականին բուռն և լրջագույն քննարկումների մեջ է ուկրաինական ուղղությամբ՝ ԱՄՆ հետ: Եվ կասկած չկա, որ այդ քննարկումները ներառում են ոչ միայն Ուկրաինան, այլ, ինչպես կասեր ամերիկյան արտաքին քաղաքականության ու ռազմավարության «կնքահայրերից մեկը»՝ ներառում է «շախմատային ամբողջ մեծ խաղատախտակը»: Այդ իրավիճակում մեծ է հավանականությունը, որ հարցերի փաթեթը ներառում է նաև Կովկասը: Թե ինչպիսի ակտիվությամբ, բարդ է ասել: Հերթը գուցե Կովկասին լայնորեն չի էլ հասել, սակայն այն, որ Կովկասը հերթի մեջ է, անկասկած է, առնվազն այն պարագայում, երբ Ռուսաստանի պահանջները, որ ներկայացվել են ԱՄՆ-ին, ներառում են նաև Վրաստանը: Իսկ կովկասյան ուղղությամբ առանցքային թեմաներից մեկն արցախյան հարցն է, ու այդ համատեքստում աշխարհաքաղաքական թերևս բացառիկ ձևաչափը՝ Մինսկի խմբի համանախագահությունը, որի անդամները ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքն են: 44-օրյա պատերազմից հետո փորձ է արվում ակտիվացնել Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը: ԱՄՆ-ն ու Ֆրանսիան գոնե հրապարակավ դրսևորում են այդ ուղղությամբ հետաքրքրվածություն: Ռուսաստանի վարքագիծը հակասական էր:
Ռուսները պատրաստ են աշխատել, եթե ԱՄՆ-ը ու Ֆրանսիան ընդունում են Կովկասում իրենց բացառիկ տեղն ու դերը: Ահա այդ հարցերը կարող են լրջորեն ազդվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով, որ երեք համանախագահները դրանում ներգրավված են, ընդ որում բավականին տարբեր դիրքերով և մոտեցումներով, տարբեր հետաքրքրություններով: Այս իրավիճակից ակնհայտորեն օգտվում է Բաքուն, տորպեդահարելով Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը և արդեն մի քանի ամիս շարունակ խոչընդոտելով համանախագահների այցը ռեգիոն, որ ծրագրվում էր դեռևս 2021-ի աշնանից: Ահա այդպիսի բարդ հանգրվանում, որքանո՞վ է արդյունավետ օկուպացված տարածքների մասին օրենքի ընդունումը, որքանով է հաշվարկված դրա քաղաքական, պրակտիկ էֆեկտիվությունը՝ քարոզչական դեկլարատիվ ազդեցությունից բացի, և որքանով է հաշվարկված հնարավոր ռիսկը, որ այդ քայլը կարող է Ադրբեջանին առիթ տալ այսպես ասած «հիմնավորել» Մինսկի խմբի համանախագահության աշխատանքը տորպեդահարելու իր դիրքորոշումը: Այսինքն, զուտ հայկական շահերի ու հետաքրքրությունների տեսանկյունից առնվազն այս պահին, այս փուլում օրենքի ընդունումը բացի քարոզչական, դեկլարատիվ նշանակությունից չի ունենա որևէ այլ արդյունք, իսկ քարոզչական նշանակությունն էլ զուտ հայկական միջավայրի համար, իսկ փոխարենը կարող է Ադրբեջանին «տալ» քաղաքական շահարկումների առիթ, ինչի «պարարտ» միջավայր է ուկրաինական խնդրի շուրջ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն իր լայն փաթեթով:
Ընդ որում, Ադրբեջանն իր այդ խաղաքարտը կարող է առաջարկել թե Ռուսաստանին, թե Արևմուտքին՝ ով ավելի բարձր կվճարի այդ ծառայության համար: Ըստ այդմ, վերստին հարց է առաջանում Արցախի խորհրդարանի նախապատրաստած քայլի քաղաքական արդյունավետության և պահի նպատակահարմարության տեսանկյունից: Այն, որ հայկական կողմը պետք է քաղաքական օրակարգում պահի կարգավիճակի բաց հարցն ու դեօկուպացիայի խնդիրները, կասկածից վեր է: Միաժամանակ սակայն, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում այդ օրակարգը պահելու և սպասարկելու հարցում մեթոդաբանության և գործիքակազմի ընտրությունը թերևս պետք է ենթարկվի կանխատեսվող կամ ակնկալվող արդյունքի և հնարավոր ռիսկերի հարաբերակցության առավելագույնս ճշգրիտ գնահատման, որպեսզի ունքը շինելու թեկուզ անկեղծ ցանկությունը չավարտվի աչքը հանելով: Առավել ևս, որ այսօր Արցախում շինելու՝ կյանքը նորոգելու, կառուցելու, գուցե դեկլարատիվության առումով պակաս հնչեղ, սակայն պրակտիկ իմաստով կարևոր ուղղություններ կան, որոնցով կարող է զբաղվել Արցախի խորհրդարանն առնվազն այս փուլում:
Հոդվածը` 1in.am կայքից: