Հայաստան

Անտեսված Մարգարեություն

Մենք գերմանացի կամ ռուս չենք և երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնաապաքինման անընդունակության դիմաց:

Տիգրան Հայրապետյան

Ժամկետանց, միամիտ հարցեր մի տվեք, դուք ժամանակին ստացել եք այդ բոլոր հարցերի պատասխանը, այնպես որ չեք կարող արդարանալ, թե՝ մենք չգիտեինք, մեր սխալները չիմացության արդյունք են։ Երիցս՝ Ոչ։ Այս տղան իր կյանքի գնով ցանկացավ կանգնեցնել ձեր այս խելագարությունը, բայց դուք գերադասեցիք նրա սիրտը ճզմել անիվների տակ։ Այսօր մեծ մտավորականի, եզակի քաղաքագետի, մեծ Ուսուցչիս ու պայծառ ընկերոջս ծննդյան օրն է: Կարդացեք, գոնե հիմա ԿԱՐԴԱՑԵՔ ՏԻԳՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ․

«Պատմությամբ բազմիցս հաստատված ճշմարտություն է, որ հասարակությունը և մանավանդ հոտի աստիճանին իջած զանգվածը թշնամի է ցանկացած բարեփոխումների, ինքնակարգավորման, առավել ևս՝ գործողությունների, որոնք պահանջելու են հաղթահարել սեփական ինքնությունը: Ուստի, միմյանցից անդունդով բաժանված «Վերջին մարդն» ու հոտը փոխադարձաբար գոհ են ու երջանիկ, քանզի յուրաքանչյուրն ստացել է այն ինչին ձգտում էր՝ մեկը անսասան իշխանություն, մյուսը՝ իր ցածրագույն բնազդներով կառավարվելու բացարձակ ազատություն: Այս համերաշխությունն անհաղթահարելի է, քանզի «հողը փոքրացել է, և նրա վրա թռչկոտում է «Վերջին մարդը», որ նվազեցնում և փոշիացնում է ամեն ինչ: Նրա սերունդն անշիջանելի է, ինչպես գետնի լուն. «Վերջին մարդը» բոլորից երկարակյաց է»:

«Խորենացին Արշակունյաց թագավորության անկումը չի կապում մեծ տերությունների խարդավանքի, երրորդ կամ այլ ուժերի, ներքին դժվարությունների հետ: Նրա վերլուծությունը խորն է և սպառիչ: Եթե կործանվում է պետականությունը, եթե «ամենավեհագույնը հյուսիսային ազգերի մեջ» զրկվում է ինքնուրույնությունից՝ մեղավոր են բոլորը՝ արքայից մինչև ռամիկ, հասարակությունն ամբողջովին»։

«Բայց մենք գերմանացի կամ ռուս չենք և երկու տասնամյակը մեկ միլիոնավոր զոհեր տալ չենք կարող, ու ոչ էլ միլիոնավոր քառակուսի կիլոմետրերով հայրենիք ունենք, որպեսզի մի մասի գնով փոխհատուցենք հոգեկան հիվանդությունից ինքնաապաքինման անընդունակության դիմաց»։

«Գիտությունն ուսանում է, որ մեռնող հասարակությունների միակ հրամայականն է՝ «եղիր այնպիսին, ինչպիսին մենք ենք, և մի ձգտիր ոչնչի, ինչը չի կարելի ուտել կամ խմել»: Ասված է. «մի փորձիր քո Աստծուն», բայց հաստատ մեզ համար չէ ասված, թե ոչ՝ երկու հազարամյակի ընթացքում գոնե մի կարճ ակնթարթ սթափության ու խոհեմության պահ կապրեինք, թե ոչ՝ ակադեմիական բարձունքի հասած տգիտությունը կցրվեր, և կկարողանայինք ըմբռնել, որ շարունակական աղետներից յուրաքանչյուրի ժամանակ հենց այն տասը լուսավոր մոմը չի հերիքել, որ երկինքն այս ժողովրդին ևս ապրելու արտոնություն տալու արդարացումն ունենար: Համազգային ինքնասպանության այս արմատավորված ավանդույթն արդեն անհաղթահարելի է թվում, իսկ հանգչող մոմերից բարձրացող ճիչը՝ հիրավի ձայն բարբառոյ…»։

«Իսկ առայժմ, մանր խուլիգանության մեղադրանքով ոստիկանությունում չհայտնվելու ինքնարդարացմամբ ստիպված ես համակերպվել մետրոյի գնացքներում աջուձախ փակցված լպիրշության հետ, որը մեզ և մեր երեխաներին է մատուցում «Չորրորդ իշխանություն» թերթը. «ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՂԵՑԻԿ Է ՉԱՓԻ ՄԵՋ»: Լավ ընթերցեք այս նախադասությունը, մեծարգո տիկնայք և պարոնայք՝ սա է ձեր երկրի, ձեր պետականության, ձեր անկախության գիտակցությունը, և նրանում է ձևակերպված ձեր դատավճիռը, քանզի բոլորիդ աչքի առաջ վիրավորված են բոլոր մարգարեները, բոլոր առաքյալները, Հիսուսի արյունն ու երկինքը ընդհանրապես: Ընթերցեք և գուցե վերջապես հասկանաք, որ մոմը սեղանի տակ չպահելը սոսկ քմահաճույք չէ»:

«Ընչազուրկ հասարակության մեջ՝ ուր նվազագույն կենսաապահովման խնդիրը ծառացած է յուրաքանչյուրի առջև, պարզունակ տնտեսությունն ու առևտուրը թելադրում են մտավոր ունակության իրենց չափանիշները և ձևավորում իրենց մակարդակին համապատասխան հասարակական, բարոյական արժեքներ, ուր մտավոր ընտրախավի սաղմնավորումն ու զարգացումը, փաստորեն, անհնար է դառնում։

«Ժողովուրդը պետք է հստակ պատկերացում ունենա իր մերձակա խնդիրների և հասանելի նպատակների , ակնկալելիք արդյունքների և իրականացվելիք մոտավոր ժամկետների վերաբերյալ, ժողովրդին չի կարելի պահել հավերժ սպասողի դերում»։

«Պատմությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեղափոխության ալիքի վրա իշխանության եկած ուժը հիմնականում անընդունակ է պետականության կառուցման գործում»։

«Դե իսկ ժողովուրդն ընդհանրապես քաղաքական գործոն չէ, քանզի ոչ վաղ անցյալի սեփական փորձով Տեր-Պետրոսյանը համոզվել է, որ նրա հնազանդեցման համար բավական է մի քանի տասնյակ զինված մարդու հաստատակամությունը: Եթե փորձենք հավատալ, որ գործող նախագահ Տեր-Պետրոսյանը թեկուզև ուշացումով, բայց ըմբռնել է իր և իր վարչակարգի կողմից տարիներով իրականացվող քաղաքականության անհեռանկարայնությունն ու կործանարարությունը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և ողջ հայության համար, ապա ինչո՞ւ տվյալ դեպքում նրա մոտ չի արտահայտվում գործողությունների ճշգրիտ հաշվարկի և դրանց իրականացման այն տաղանդը, որն ակնհայտ և անվրեպ էր հակառակի պարագայում, յոթ տարի շարունակ: Ինչո՞ւ նա չի սկսում անկախության ժամանակաշրջանում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական ոլորտներում ավգյան ախոռների մաքրումից: Իբրև արևելագետ և քիչ թե շատ հմտացած քաղաքական գործիչ՝ նա պետք է որ քաջ գիտակցի, որ մեր օրերում արտաքին քաղաքական ցանկացած խնդիր, առավել ևս՝ ազգային ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի հիմնահարց, հնարավոր է հանգուցալուծել միայն և միայն հանրապետության ներսում և Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարության ամրագրման, սոցիալական բռնադատության վերացման ու հասարակական կյանքի բնականոնության հաստատման դեպքում»։

«Մենք՝ պարզ քաղաքացիներս, իրավունք ունենք ակնկալելու, որ նույն ինքը՝ Վազգեն Սարգսյանը՝ մեր պաշտպանության նախարարը, Երկրապահ կամավորական միության նախագահը, արմատախիլ է անելու դավադրության պալարները՝ կասեցնելով ռազմաքաղաքական բռնապետության կերտման գործընթացը, որն ի վերջո հասցնելու է երկիրն աղետի, նրան՝ մեղադրյալի աթոռին, եթե ոչ Հայաստանում, ապա անպայման Հաագայում: «Ղարաբաղ կոմիտեի» իննսուն տոկոսն արդեն անվանարկված է, պիտակավորված, և ստացվում է, որ 88-ի համազգային երկունքը ղեկավարվում էր ինչ-որ դավաճանների, մոլագարների, թերզարգացածների կողմից, որոնց շարքը պետք է լրացնի զինվորական ուսադիրներ կրող գրողևբռնապետը: Դա անշուշտ չի լինի, որովհետև «կբացահայտեն», «կհայտնաբերեն», «կկասեցնեն»: Բայց դա հետո, երբ համայն աշխարհի առջև կհառնենք իբրև ֆաշիստական ռեժիմ, չարիքի խորհրդանիշ, որին ոչ միայն կարելի էր, այլև պետք էր պատժել: Եվ այն ժամանակ ոչ ոք չի հիշելու, որ ամեն ինչ սկսվեց «փաթեթա-փուլային կարգավորման» վերաբերյալ նախագահական մի բառախաղից, իսկ պաշտպանության նախարարը գուցեև բնազդաբար իբրև հակազդեցության միջոց ընտրեց ճակատայիններից նոր իշխող կուսակցություն ստեղծելը: Բայց մեր երկրապահները, կարծես թե, Ֆիլիպ Արաբի օտարածին լեգիոներները չեն, որ քամահրեն յուրաքանչյուր զենք չկրող հռոմեացու՝ «բանակը կազմված է մեզանից, և ուրեմն դուք պետք է ապրեք համաձայն մեր կամքի» դիրքերից»։

«Հաջող կամ անհաջող, «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ» մեկ-երկու փաստաթղթի հիման վրա չէ, այլ խիստ կոնկրետ, առկա իրողությունների և հնարավոր իրադարձությունների հետևանքով, որ Լեռնային Ղարաբաղ և Հայաստան (շեշտում եմ ՝ նաև Հայաստան) կարող են ներխուժել միջազգային «խաղաղարար» ուժերը, որոնք կիրականացնեն տարածաշրջանի մեծ մասի հայաթափությունը, կխլեն նոր տասնյակ հազարավոր հայ երիտասարդների կյանքը և անդառնալիորեն կզրկեն մեզ պատմական հայրենիքի ևս մի քանի հատվածից: Փատաթղթերով և փաստաթղթերի համար չէ, որ միջազգային օդուժը ռմբակոծելու է հայրենիքի տարածքը, ինքնապաշտպանության բանակի դիրքերը, այլ առարկայական փաստերի. որ հող և հաղթանակ ձեռք բերած Լեռնային Ղարաբաղում հաստատվել է խմբակային ֆեոդալական իշխանություն, որն անհամատեղելի է ազատ ապրելու կամքի անխախտ դրսևորման հետ, ինչը պատրաստվում է պաշտպանել հայրենի դիվանագիտությունը, և որ անկախությունը վերականգնած Հայաստանը սոցիալական և իրավական դժոխք է ժողովրդի գերակշռող մեծամասնության համար: Մի՞թե սա քիչ է, որպեսզի ավելացնենք նաև զինվորականության բացահայտ դիկտատի ներքո ապրող հասարակության կերպարը»։

«Շրջափակե՛ք Համայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը և հորդորե՛ք նրան ի վերջո տերունական խոսք ասել երկու հայկական պետականությունների զորեղներին՝ դատապարտելով անկախացած ու ազատագրված Հայրենիքը պոռնկաբարո Բաբելոնի վերածման փաստը, որպեսզի ողջ աշխարհը համոզվի, որ զինանշանից, դրոշից ու քարտեզի գույնից զատ սրբության-սրբոց ունենք Տիրոջ Կտակարանը, և նրան ենք հավատարիմ ու նրան ենք ապավինում, այլ ոչ կույր սրին, որը բարձրացնողը վաղ թե ուշ դատապարտված է ընկնելու: Անե՛նք սա, և աշխարհը ծնկի կգա մեր առջև, հայրենիք ու ազատություն ունենալու անխախտ իրավունքը պարգևելով և հայաստանցիներին, և ղարաբաղցիներին, բոլոր հայերին, քանզի բարի պտուղ տվող ծառը երբեք չի կտրվում և դեն չի նետվում:

«Զանգվածային անտրամաբանությունը հոգեբանական կատեգորիա է, անգամ հոգեբուժական: Պատմությունը բազմիցս արձանագրել է ինքնակործանման գնացող հասարակությունների մոլեռանդ նվիրվածությունը սույն գործընթացին: Անգամ դժվար է միանշանակ ձևակերպել, թե ի վերջո ով է մեղավոր՝ անհա՞տը, որ տանում է հասարակությանը փորձության, թե՞ հասարակությունը, որ տառապում է փորձության տենդով: Ռուսները ժամանակին աղերսի երթ կազմակերպեցին՝ արյունարբու ցարին գահ վերադարձնելու համար, որի գինն արդեն չորս հարյուր տարի է վճարել և վճարում են միլիոնները: Դա Օրենքով պայմանավորված այն անվերահսկելի դաշտն է, ուր մարդկային կրքերի և սուր զգացողությունների բավարարման հրդեհում կարող է մոխրանալ ցանկացած սթափ միտք, ապագայի հաշվարկ»։

««Մեր դեմ խաղ չկա» գոռոզ կարգախոսին խաբված, իրականությունից կտրված, երևանյան քաղաքական վերնախավի ետկուլիսային խարդավանքների արդյունքում էր, որ ՊՊԿ-ի նախագահության տարիներին բոլոր մահացու մեղքերով անցած Քոչարյանը կատարեց վերջինըերդմնազանց եղավ ԼՂՀ իր ընտրողների առջև և Ստեփանակերտի նախագահական աթոռը փոխարինեց ՀՀ վարչապետությամբ: Կոստանդնուպոլիսը, Բաղդադն ու Կահիրեն պատմության տարբեր փուլերում վերապրել են նույն պրոցեսը, երբ խաղացնելու համար մայրաքաղաք բերվող միավորը ուժ է դառնում և ինքնուրույն խաղ սկսում թատերաբեմից հեռացնելով մեծամիտ բեմադրիչներին: Լևոն Տեր-Պետրոսյանը պատմություն լավ գիտի, հատկապես միջնադարյան պատմությունը, և Քոչարյանին նախագահ դարձնելու գործընթացն իրականացվեց բոլոր դասական կանոնների համաձայն: «Պատերազմ, թե՞ խաղաղություն», «Արցախ, թե՞ պետականություն» անհեթեթ բանավեճերը նույնն էին, ինչ «պատկերամարտություն- պատկերապաշտության» շուրջ կործանարար բանավեճը Կոստանդնուպոլսում, Մուհամեդի ժառանգական ճյուղերի հստակեցման խնդիրը Բաղդադում, կամ ֆաթիմական կրոնամաքրության հստակեցումը Կահիրեում: Արդյունքում հայտնվում է մեկը, որ առավելագույնս հեռու լինելով հռետորական հարցադրումներից, հայտարարում է, որ ինքը ունի բոլոր հարցերի պատասխանները և վերցնում է իշխանությունը` ունենալով զինվորականության անվերապահ աջակցությունը, քանզի զինվորականությունը ամենաշատը չի հանդուրժում գերգաղափարականացված վիճաբանությունները և ընդհանրապես հստակության կողմնակից է»։

« …որքան ավելի հեշտ է կռվել փաստաթուղթ-հողմաղացների դեմ, կեղծ հայրենապաշտության աղմուկի ներքո քողարկելով տարբեր աստիճանի իշխանավորների պատժիչ մեխանիզմներին զոհ դառնալու անասնական վախը: Եվ ինչպիսի փարիսեցիություն, թե ներքին ստրկությունը պահպանելով կարող ենք ազատության իրավունք պահանջել արտաքին աշխարհից: Զոհ չենք ուզում մենք, այլ ողորմածություն, հոխորտանք չէ պետք մեզ, այլ ներքին մաքրություն, և հայոց Դավիթն էլ կհաղթի այն ներքին Գողիաթին, որ այսքան ժամանակ խանգարել է մեզ արժան լինել Հայրենիքին ու Ազատությանը»։

«Այո՛, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէ: Նա պատրաստ չէր ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը և իր կամքից անկախ դարձավ երևանյան իմաստունիկների խարդավանքների զոհը: Եվ Քոչարյանը պետք է հեռանա, որպեսզի փլուզվի ազգային միասնությունը նենգափոխած այս բազմագլուխ գազանի իշխանական ինստիտուտը: Քոչարյանը պետք է հեռանա, որովհետև հայ ժողովրդին իրական առաջնորդ է պետք, Հայաստանին` իմաստուն իշխանություն: Քոչարյանը պետք է հեռանա և իր հետ անվերադարձ անցյալի գիրկը տանի Հերոստրատիզմն իբրև հայրենասիրության մեջ ինքնարտահայտման ինստիտուտ: Քոչարյանը պետք է հեռանա, և այդ դեպքում Տավուշն ու Սյունիքը ավերակ չեն դառնա, իսկ Մինգեչաուր-Քուր սահմանագիծը Ադրբեջանի հետ կհաստատվի առանց հայկական կողմի ցավալի զոհաբերությունների: Քոչարյանը պետք է հեռանա, բայց նման վճռական որոշում կայացնելու համար նա օգնության կարիք ունի: Ազգովի՛ն օգնենք նրան, քանզի նա մեղավոր չէ»։

«…գեթ չզրկենք ժողովրդին «Տիրոջ անունով եկածի» նկատմամբ կենսատու հավատիցչխառնելով «Անունով եկածի» աստվածային էությունը «կամքով եկածի» երկրային բնության հետ: Հակառակ դեպքում այդպես էլ չենք հասկանա Հայաստանն ինչո՞ւ չի աղոթում»:

Տիգրան Հայրապետյան

«Անապատի հազար տարի»

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *