Մեր մի մասը պատրաստ է զոհել բոլոր հայերին, միայն թե ռուսներին ապացուցի, որ մենք հավատարիմ դաշնակից ենք, իսկ մյուս մասը պատրաստ է ռուս-թուրքական մուրճն ամբողջ ուժով իջեցնել բոլորիս գլխին, միայն թե պայքարեն հանուն ժողովրդավարության ու ընդդեմ ավտորիտար ռեժիմի։
Արայիկ Մկրտումյան
Երեկ և այսօր մենք նորից տեսանք, թե ինչ արժե թուրքի տված խոսքը: Մենք արդեն որերորդ անգամ համոզվեցինք, որ եթե թուրքը խոսում է խաղաղության մասին, ապա պետք է պատրաստվել պատերազմի: Ու հիմա, հենց հիմա, այս պահին շարունակում են տագնապալից լուրեր գալ Արցախից ու շատ անգամ հնարավոր չի լինում հասկանալ, թե որ լուրն է ճիշտ, որը սխալ: Վերջին տեղեկություններով ունենք 14 վիրավոր, 2 զոհ, մեկ կորցրած գյուղ՝ Փարուխը: Դրանից առաջ էլ ողջ Արցախը զրկված էր գազամատակարարումից, որոշ դեպքերում՝ նաև էլեկտրաէներգիայից:
Ինչի՞ հետևանք է այս ամենը:
Ռուս խաղաղապահները ինչո՞վ են զբաղված, եթե ադրբեջանցիները անում են, ինչ խելքներին փչի: Իսկ գուցե իրո՞ք ռուսները վրեժ են լուծում հայերից ՄԱԿ-ում ձեռնպահ քվեարկելու դիմաց: Եթե այդպես է, ապա մեր դաշնակիցը շատ ավելի վատն է, քան մենք մտածում ենք: Թեև շատ զարմանալու բան չկա: «Կոլցո» օպերացիան տեսած ազգը պիտի, որ այսքան կարճատես չլիներ: Ինչևէ: Իսկ եթե ռուսները ոչ թե վրեժ են լուծում, այլ չեն կարողում ադրբեջանցիներին կանգնեցնել, ուրեմն մենք մեր անվտանգությունը վստահել ենք անկարող մեկին:
Ամեն դեպքում ռուսները կամ չեն ուզում կամ չեն կարողանում, իսկ դա նշանակում է, որ մենք չգիտենք, թե ում ենք վստահել մեր անվտանգությունը:
Այս հարցն ունի նաև հակառակ կողմը: Բոլոր եվրոպամետները հաճույքով հայհոյախառը բղավում են, որ ռուսներից օր ազաջ ազատվել է պետք: Եվ անմիջապես համագործակցել արևմուտքի՝ Եվրոպայի հետ: Նրանցից ստանալ անվտանգայի երաշխիքներ, դուրս գալ ՀԱՊԿ-ից և տեղակայել ՄԱԿ խաղաղապահներ: Ու այդ դեպքում էլ անհասկանալի է, թե ինչ հիմքով են պնդում այդ ամենը, եթե հենց հիմա, մեր աչքի առաջ նույն Եվրոպայում Ռուսաստանը քարուքանդ է անում Ուկրաինան: Իսկ այն պատժամիջոցները, որ Արևմուտքը սահմանել է Ռուսաստանի նկատմամբ, արված չէ հանուն ժողովրդավարության և արդարության: Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Արևմուտքը Ուկրաինային զոհաբերեց հանուն Ռուսաստանի դեմ իր ծրագրերի: Ոչ Եվրոպան, ոչ Ռուսաստանը սուրբ չեն: Եվ ես չեմ կարող այսօր պնդել, որ Եվրոպան մեզ կտա անվտանգության երաշխիքներ, երբ Ուկրաինան հենց հիմա ավերվում է Ռուսաստանի կողմից, իսկ Արցախը, որին պիտի պաշտպանեին ռուսները, ենթարկվում է Ադրբեջանի ագրեսիային: Ու ամեն հաջորդ րոպեին կարող ենք լսել, որ հարձակումն արվում է ողջ ճակատով:
Երեկ Բրյուսելում հավաքվել էին Մեծ Յոթնյակի, ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամները:
Կարելի էր մի քանի էջ գրել, բայց իմաստ չկա: Հասկացողը արդեն իսկ հասկանում է, թե ինչու են հավաքվել ու ինչ են ուզում: Ու անհավանական չէ, որ ՆԱՏՕ-ն մտնի արևմտյան Ուկրաինա ու ռուսների հետ կիսեն այնպես ինչպես կիսեցին Գերմանիան 1945թ.:
Բայց մենք իհարկե այդ ամենին խուլ ու կույր ենք: Մեր միակ գործն այս պահին ռուսից ռուս և ուկրաինացուց ուկրաինացի լինելն է: Ավելի՜ն, մի խումբ մարդիկ իրենց պատռում են, որ մեր միակ փրկությունը Միութենական կազմ մտնելն է: Երևի ո՛չ 1921թ. պայմանագրերն են հիշում, ոչ Նախիջևանի հայաթափումը, ոչ հողերի նվերը թուրքերին, ոչ Արցախի ծանր ճակատագիրը: Այո՛, Հայաստանում կան մարդիկ, որ առաջարկում են կամովին մտնել մի դժոխք, որտեղից հրաշքով ենք դուրս պրծել:
Մյուս կողմից մոլի եվրոպամետներն են: Իրենց պարզունակ ու միամիտ պատկերացումներով նրանք պատրաստ են կռվել Ռուսաստանի դեմ՝ չխնայելով նաև հայերին: Նրանք շարունակում են խելահեղորեն պայքարել ու պաշտպանել Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի: Այո՛, հենց ընդդեմ Ռուսաստանի: Եթե Ուկրաինան պատերազմեր օրինակ Լեհաստանի դեմ, հավանաբար այսպես չէր լինելու: Ու այդ ամենը, չնայած այն ֆոնին, որ պաշտոնական Կիևը միշտ հիացել է ուկրաինացիներով: Իսկ այսօր էլ Արցախի դեմ հարձակումն էր ցնծության առիթ տվել Ուկրաինայի արտգործնախարարության թվիթերում: Գրառումն իհարկե շատ արագ անհետացավ ու պարզաբանվեց, որ տեխնիկական սխալ է տեղի ունեցել: Չգիտես լաս, թե խնդաս: Փաստորեն Ուկրաինայի արտգործնախարարությունը մանկապարտեզ է ուր կարող են նման հիմար ու պարզամիտ սխալներ կատարվել: Իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի ջերմ պաշտպանությունը Ուկրաինային, էլի տեխնիկակա՞ն սխալ էր, թե ոչ: Իսկ գուցե ես հիմա հայհոյեմ բոլորին ու ասեմ, որ դա ընդամենը տեխնիկական սխալ է:
Մի խոսքով մենք ուղղակի ռեկորդ ենք խփում կարճատեսության ու միամտության առումով: Գերազանցում ենք ինքներս մեզ: Մեր մի մասը պատրաստ է զոհել բոլոր հայերին, միայն թե ռուսներին ապացուցի, որ մենք հավատարիմ դաշնակից ենք, իսկ մյուս մասը պատրաստ է ռուս-թուրքական մուրճն ամբողջ ուժով իջեցնել բոլորիս գլխին, միայն թե պայքարեն հանուն ժողովրդավարության ու ընդդեմ ավտորիտար ռեժիմի: Իհարկե չեն կարող փորձել խոսել ազգային ու պետական տեսանկյունից:
Իսկական արկածախնդիրներ, որ իրենք իրենց հաշիվ չեն տալիս, թե ինչ օյին կարող են բերել բոլորիս գլխին:
Ու այս պահին մենք հոգեբանորեն խրվել ենք ԽՍՀՄ ու Մեծ Հայք սկզբունքների արանքում:
Հիմա ի՞նչ անենք մենք: Պատերազմն ամեն վայրկյան կարող է սկսվել ամենամեծ թափով: Մենք երաշխիքներ չունենք ու չենք էլ ունենա ոչ ոքից: Նա ով ուրիշի վրա դնում իր հույսը, միշտ էլ տուժում է: Ուկրաինան կհաստատի: Ու նույնիսկ արդեն կարևոր էլ չէ, թե ինչ են ստորագրելու վերջում: Միևնույն է, ՈՒկրաինան այնպես են ավերել, որ շատ երկար կտևի ուշքի գալը, էլ չեմ ասում վերականգնվելը:
Ու այս ամենը տեսնող մարդիկ ինչպե՞ս կարող են կույր մոլեռանդությամբ մեզ քաշքշել արևելքից արևմուտք ու պատռել այն, ինչ մի ժամանակ կոչվում էր Մեծ Հայք: