Ռուսաստանը կփորձի չհեռանալ Արցախից, քանի որ Արցախի շնորհիվ է, որ այսքան տարի ներկայություն է ապահովել Հայաստանում:
Միքայել Հայրապետյան
Lragir.am-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը
Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախում տեղի ունեցող զարգացումները։ Հայտարարվեց, որ ռուս խաղաղապահները Փառուխ գյուղի հատվածում հայկական ու ադրբեջանական կողմերին կոչ են արել զորքերը հետ քաշել, որից հետո Բաքվի ուժերը ներխուժել են Փարուխ ու բարձրացել նաև հարակից Քարագլուխ բարձունք։ Կան վարկածներ, որ սա ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է։
Լավ է, որ արդեն կան նման վարկածներ, ուրեմն ամբողջ հայությունը չէ, որ 200-ամյա ընդարմացմամբ ռուսներին փրկիչ է համարում: Այդ պայմանավորվածությունն ունի 10-ամյա վաղեմություն: Մենք տեսանք այդ պայմանավորվածության տարբեր արարներ՝ ընդհուպ մինչև ընդվզումներ, հայաստանյան իշխանափոխություն և պատերազմի արյունալի իմիտացիա: Թյուրքական կողմը հիմա, Ռուսաստանի նեղ վիճակը տեսնելով, իրենց պայմանավորվածությունների կատարման ժամանակացույցը փորձում է առաջ տալ: Ոչինչ ավելի: Ախր Շոյգուն ինքն ասաց, որ Արցախում միասին են «օպերացիա իրականացրել», Պուտինն անձամբ ասաց, որ Արցախը «Ադրբեջանի անբաժանելի մաս է»: Ուրիշ էլ ինչպե՞ս ասեն, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ, այլ վարվում է թշնամու պես: Թշնամին գոնե իր դեմքով հայտնի է, իսկ Ռուսաստանը բարեկամի դիմակի տակ է թշնամություն անում: Հայկական աղոթքներում խնդրվում է Աստծուց՝ զերծ պահել երևացող ու աներևույթ թշնամուց, աներևույթն առավել վտանգավոր է:
Իշխանության ներկայացուցիչները կարծես հասցեական պահանջներ ներկայացրեցին ռուս խաղաղապահներին, որքանո՞վ է սա բավարար, և ընդհանրապես, ստեղծված իրավիճակում իշխանություններն ի՞նչ քայլեր պետք է անեն։
Ներկա իշխանությունն իր բովանդակությամբ, ինչպես նախորդ բոլորը, ռուսական դրածոներ են և այսօր անում են առավելագույնը, ինչ կարող են: Ավելին նրանց տրված չէ:
ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, թե ադրբեջանցիները դուրս են բերվել Փառուխից, սակայն այդ տեղեկատվությունը ՀՀ ԱԳՆ-ն հերքեց։ Ինչո՞ւ էր սուտ տեղեկություն տարածել ռուսական կողմը։
Ամբողջ պատմության ընթացքում ռուսական կողմը հայերիս հետ կապված հարցերում միշտ էլ ստել է, իսկ մեր իգականացած սերուցքը երկու դար անընդմեջ ծաղկափոշու մեջ թաթախված՝ հաճույք է ստացել այդ ստից ու ճոճվել իր օդեղեն ծիրանագույն բուրաստանում: Եվ քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան աներկբա հասցեականությամբ հայտարարություններ արեցին, Ռուսաստանը ստիպված եղավ հետքայլ կատարել իր ճղճիմ ստից՝ նոր ստով փորձելով կոծկել նախորդն ու իբրև թե մեղադրել Ադրբեջանին: Մինչդեռ բոլորս էլ տեսանք, թե ինչպես Ռուսաստանի բաձրաստիճան սպայի՝ Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո սկսվեց Փառուխի գործողությունը, որ ռուսական բոլոր ԶԼՄ-ներն ադրբեջանական հնչմամբ ներկայացրին:
Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում, Ռուսաստանը պատրաստվում է հեռանա՞լ Արցախից, թե՞ այլ զարգացումներ կարող են լինել։
Ռուսաստանը կփորձի չհեռանալ Արցախից, քանի որ Արցախի շնորհիվ է, որ այսքան տարի ներկայություն է ապահովել Հայաստանում: Որ պահին նա Արցախն Ադրբեջանին վաճառեց ավարտեց, Հայաստանում ավելորդ է դառնալու: Բայց թե հետագա զարգացումները նրան հնարավորություն կտա՞ն մնալու Հարավային Կովկասում, կախված է քաղաքակիրթ աշխարհի և Ուկրաինայի այս պատերազմի ընթացքից ու ելքերից, բայց նաև՝ մեր պետական մտածողության ու կամքի աստիճանից:
Ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։
Անիմաստ է որևէ բան ասելը: Հոգնեցուցիչ և արդեն նվաստացուցիչ է ձայն բարբառոյ յանապատի լինելը: Եթե նախորդները «լոխ գյուդում էին», ապա սրանք էլ «չիմ գիտըմ են»։ Ի դեպ, հենց այդ վերնագրով դեռ 2018-ին եմ հրապարակում արել: Իսկ ընդհանրապես, ներկա վիճակը, որ ամենևին ստանդարտ չէ, պետք է փոխել հենց ոչ ստանդարտ մեթոդներով, պետք է սեփական լափից ավելի հայրենիք զգալ, պետք է գոնե փոքր-ինչ ազնիվ լինել, բարոյական լինել: Մասնավորեցնել չէի կամենա, քանի որ ձեզ ոչ միայն ներսում են կարդում, այլև դրսում: