ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ինքնիշխանության Անձեռնմխելիությունը

Հասարակական գործիչ Հարութ Քալաջյանի ելույթը

Բազմապատկել մեր ճիգերն ու հետևողականորեն վառ պահել Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի ինքնուրույության արժեհամակարգային պահանջատիրության գործընթացը։

Յարութ Գալայճեան

Շնորհակալ եմ հրավերի համար։

Առաջին հերթին ուզում եմ ողջունել «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի և Մոդուս Վիվենդիի կազմակերպած այս աննախադեպ, ներդաշնակ համախմբումը, որ կնպատակադրի մեր հայրենիքի ինքնիշխանության իրավունքի պահպանումը բարձրացնել մի նոր նշաձողի, միաժամանակ հուսով եմ, որ այս յուրահատուկ նախաձեռնությունը հավելյալ լույս կսփռի մեր հասարակության քաղաքացիական մշակույթի զարգացման վրա և մոտիկ ապագային այս համախմբումը կդառնա քաղաքական վերնախավի ստեղծման նախակարապետը:

Եվ որպեսզի սահմանափակվեմ ինձ տրամադրված րոպեների ժամանակահատվածում, ուզում եմ ընթերցել այսօրվա օրակարգի կապակցությամբ իմ պատկերացումներն ու առաջարկները:

Մեր ժողովրդի ինքնության և երկրի ինքնիշխանության դեմ ռուսական անողոք ու կայսերապաշտական պայքարը սկսվել է շատ վաղուց: Ռուսական քողարկված, երբեմն էլ բացահայտ հայատյացությունը, դաշնակցային անհավասար ու դավադիր հարաբերությունները հայտնվել են 1800-ականների կեսից մինչև Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը՝ մեր աշխահագրության ջարդով և հասնելով 1937թ մեր մտավորականության սպանդը: Դրանից հետո մեր մշակույթի սովետականացման քաղաքականությունից մինչև ռուս-ամերիկյան հովանավորչությամբ և ռուս-թուրքական գործակցությամբ բեմադրված 2020-ի 44-օրյա պատերազմը, որ վերջ գտավ Արցախի 70 տոկոտի կտրատումով, մեր հազարավոր զոհերով, ռուսական կեղծ կնքահայրությամբ, մեզ պարտադրված ամոթալի փաստաթղթով և վերջապես դրան հաջորդող ամիսների ընթացքում ռուսական կույր վերահսկողության ներքո սյունիքյան մեր տարածքներից ներս արձանագրված ազերիական ոտնձգությունները և վերջերս Արցախյան Փարուխի ու Քարագլխի վրա կատարված ռազմական բռնաբարումները:

Արդ, սիրելի գործընկերներ, 2018-ի ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո ծնունդ առած մեր ժողովրդավարության և ինքնիշխանության առաջընթացը ամրագրելու համար ներկայացնում եմ հետևյալ առաջարկները՝

Նախքան Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելը որևէ նախապատրաստական գործընթաց՝ Հայաստանի իշխանությունից պահանջել՝

1. Անհապաղ կազմակերպել հայ-ռուսական ԱԳ նախարարությունների հատուկ վեհաժողով, ուր քննարկվելու են երկու երկրների դաշնակցային հարաբերությունները ընդհանուր վերանայման ենթարկելը, անհրաժեշտությունը և որդեգրելը, համապատասխան սկզբունքներ փոխադարձ շահերի պահպանման, Հայաստանի դրական չեզոքության քաղաքականության, սպառազինման, ազատությունների հաստատման և այլ քաղաքա-տնտեսական լծակների անկաշկանդ ձեռք բերման հավաստիացումների համար:

2. ԱԺ իշխանական ու ընդդիմադիր ուժերին ստիպել, որ ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրված ինքնիշխանության մնայուն արժեքին տալ իրավական անձեռնամխելիություն և օրենսդրական հատուկ որոշումով քրեականացնել երկրի ինքնիշխանության դեմ գործված քաղաքացիական, լրագրողական և այլ տեսակի ամեն հրապարակային խոսք և գործունեություն:

3. ՀՀ ԱԳ նախարարությանը պարտավորեցնել, որ աշխուժացնի Սփյուռքյան մեր ներուժի քաղաքականացման և մեր բոլոր դեսպանների(ներառյալ Սփյուռքի հանձնակատարի) ջանքերով անմիջական շփման մեջ մտնել հայ համայնքների ներկայացուցիչների և գործարարների հետ և ստիպել, որ պահանջված դեպքում ցույցերի, հանրահավաքների և այլ օրինական միջոցներով պայքարեն Հայաստանի ինքնիշխանությունը վտանգող ներքին ու արտաքին ոտնձգությունների դեմ:

Եզրափակելով խոսքս կոչ եմ անում, որ տարածաշրջանային այս խիստ վտանգավոր փուլում բազմապատկել մեր ճիգերն ու հետևողականորեն վառ պահել Հայաստանի ինքնիշխանության և մեր ժողովրդի ինքնուրույության արժեհամակարգային պահանջատիրության գործընթացը: Եվ ամենևին չմոռանանք, որ ռուս-ուկրաինական պատերազմի վերջնական արդյունքից է կախված լինելու տարածաշրջանային բոլոր ինքնիշխանությունների ճակատագիրը:

Եվ վերջապես, սիրելի՛ գործընկերներ, առաջարկում եմ, որ այս համախմբումը անհատական ելույթներից հետո իր մասնակիցների անուններով խմբագրի Միացյալ Հայտարարություն՝ ուղղված Հայաստանի կառավարությանն ու Ազգային Ժողովին:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *