Ռուսաստանի վիճակը, Ռուսաստանի քաղաքական խճանկարը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանի մեծապետական ուժերի դիտանկյուններից շատ անհայտներ ունի:
Նազարեթ Պէրպէրեան
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը
Պարոն Բերբերյան, Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում ՀՅԴ-ն ապրիլի 5-ին ընդդեմ իշխանությունների հանրահավաք է հրավիրել: Նշվում է, որ հավաքվելու են քննարկեն, թե ինչպես պաշտպանեն Արցախն ու Հայաստանը, ինչ քայլեր ու գործողություններ ձեռնարկեն: Ձեր կարծիքով որքանո՞վ է նպատակահարմար այս պահին նման գործողություններ անելը:
Ընդհանրապես պետք է հասկանալ, թե ի՞նչ է իրենց ուզածը, Քոչարյանի արածն ի՞նչ է: Նա ուզում է մարդկանց հիշեցնել, որ ինքը տակավին այստեղ է, և ով իր վրա պետք է գրավ դնի, թող դնի: Դա դրսի ուժերի համար է, որ ցույց տա, թե տակավին դեռ հետևորդներ ունի: Սա է ամբողջը, այլ բան չեմ տեսնում:
Իսկ որքանո՞վ են վտանգավոր նրանց քայլերը, և ընդհանրապես, նրանց շուրջը համախմբում պատկերացնո՞ւմ եք:
Ոչ, չեմ պատկերացնում նման համախմբում: Իր ամբողջ քաղաքական կուրսը հայտնվել է փակուղու առջև, ինչ պետք է անի, ինքն էլ չգիտի: Այդ բոլորը անում է նրա համար, որ արտաքին ուժերին ցույց տա, որ իր վրա կարող են խաղադրույք դնել: բայց դրսի ուժերը լավ գիտեն, թե ինչ մտածեն, թեև իրենց համար էլ մի քիչ բարդ իրադրությունը. Ռուսաստանը Ուկրաինայով բեռնված է, գազի հարցով բեռնված է, իր ուզածի մի բան է, իրեն տրամադրված հնարավորություններն ուրիշ բան են: Ամեն ինչ խառն է Ռուսաստանում: Այս իրավիճակում մենք պետք է մտածենք, թե ինչպես անենք, որ մեր գլուխները ողջ պահենք, որովհետև աջից ու ձախից իրար խփելու են, իրարից գողանալու ենք: Մենք ծայրամասն ենք, որտեղ ռուսն իր դիրքերը չի թողնելու: Մյուս կողմից Թուրքիան, Իրանը փորձելու են իրենց ներկայությունը ևս հաստատել այնտեղ: Մենք պետք է մեր գլխի ճարը տեսնել, որ կարողանանք դիմանալ սրանց ներքին գզվռտոցին:
Դիտարկելով արտաքին ճակատում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Արցախը ճանաչելու վերաբերյալ ընդդիմության պահանջները որքանո՞վ են ակտուալ ու ճիշտ այս պահին:
Շատ դեպքերում սրանց համար ճիշտն ու սխալը կարևոր չէ, միայն կարողանան օրակարգ ստեղծել, թե ներսում կարողանան մի քիչ ավելի մարդ հավաքել, թե դրսին ցույց տալ, որ իրենք գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժն են: Իրենք ընդդիմությունը մոնոպոլ դարձնելու խնդիր ունեն: Իսկապես երկրում ընդդիմություն կա,, բայց դա այդ ուժերին չի հետաքրքրում: Մեր երկրի կարիքների, պահանջների, հույսերի հետ կապված ընդդիմություն ունենք, և արտաքին ուժերին ծառայող ընդդիմություն ունենք: Երկրորդը չակերտավոր ընդդիմություն է, պարզապես քաղաքական ևս մեկ խաղաքար է, որ փորձում է իր վրա ուշադրություն կենտրոնացնել: Ժողովուրդը նրան չի նայում: Այն, ինչ վերջին 25 տարվա ընթացքում Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արեցին, նաև նրանցից առաջ Լևոնը, որովհետև, ի վերջո, ինքն է մեջտեղ բերել այս երկուսին, այն, ինչ սրանք կարողացել են պետական կառույցների մեջ, բանակի մեջ իրենց յուրայիններին տեղավորել, աճեցնել, նրանց հետ միասին ներկայացնում են ինչ-որ չափաբաժին, ինչ-որ տոկոս: Այդ տոկոսն իրենցն է, որովհետև փողով ապրեցնում են, պահում են: Նրանք գիտեն, որ պետական աշխատավարձերը չեն բավարարում, իրենց պահող պետք է գտնեն, իսկ պահողն այս պարագայում, այդ երկու անձն են, որոնք պատրաստ կանգնած են՝ Քոչարյանն ու Սերժը:
Պարոն Բերբերյան, ռուս-ուկրաինական պատերազմը ի՞նչ փոփոխություններ կարող է բերել Ռուսաստանում և դա ինչ հետևանքներ կարող է ունենալ մեզ վրա:
Ռուսաստանի վիճակը, Ռուսաստանի քաղաքական խճանկարը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանի մեծապետական ուժերի դիտանկյուններից շատ անհայտներ ունի: Նույնիսկ ԱՄՆ-ում տեսնում ենք, որ ամեն մի քաղաքական մտածողության հոսանք իր տեսություններ է առաջ նետել, ամեն մեկն իր սցենարը, իր բեմադրությունն է ներկայացնում, բայց ինչ է ուզում Պուտինը, ովքեր են Պուտինից հետո եկող ուժերը, անհայտ է: Ռուսաստանում խորհրդային ուղեղների ժառանգ մնացած տնտեսության լոկոմոտիվը կա, որը ներկայացնում է ռազմաարդյունաբերական համալիրը: Այդ համալիրը վերջին 10 տարիներին ինչպե՞ս հագեցավ, դրսից ի՞նչ ներդրումներ են կատարվում այդ ուղղությամբ, որքանով փող լվանալու հնարավորություններ այնտեղ ստեղծվեցին: Այս բաները, տեսականորեն մենք գիտենք, բայց գործնականում ես անձնապես միջոց չունեմ դա իմանալու: Մեր խնդիրը մի քիչ բարդ է, դժվար է: Թող ռուսներն իրենք իրենց համար հստակեցնեն, թե ում խաղն են խաղալու, ինչպես են խաղալու: Մենք շատ բան չենք կարող անել, իրենք որոշում են՝ մենք ինչ պետք է անենք, Արցախը ինչ պետք է լինի, Արցախի գլխին ինչ պետք է բերեն: Հիմա էլ հետ ենք վերադառնում 30 տարի առաջվա բանաձևերին, որ ԼՂԻՄ-ը մի քիչ ընդլայնված լիազորություններով Ադրբեջանի կազմի մեջ իր ինքնավարությունը ամրապնդի: Սա որքանով կարող է նոր լարվածությունների սկիզբ լինել, դա էլ հավանական է, և կարող է այդ լարվածությունը պայթյուն առաջացնել: Նույն պայթյունավտանգ կացությանն ենք վերադառնում: Ամեն դեպքում, պետք է սպասենք, տեսնենք ռուս-ուկրաինական պատերազմն ինչպես է լուծվում, որ մենք էլ հասկանանք, թե մեր գլխին ինչ օյին են խաղալու:
Hello ենթագորագիր կայքի համար՝
Ռուսաստանի վիճակը, Ռուսաստանի քաղաքական խճանկարը ոչ միայն մեր պետության ու ժողովրդի դիտանկյունից, այլ նաև ընդհանրապես տարածաշրջանի մեծապետական ուժերի դիտանկյուններից շատ անհայտներ ունի:
Հոդվածի՝ 1in.am կայքից։