Հայաստան

Համախմբում Տերյանական Իմաստով

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առաջիկայում չի կնքվի, քանի որ դա ոչ միայն մեր եւ Ադրբեջանի կենսական հետաքրքրությունների տիրույթում է, այլեւ դարձել է միջազգային շահերի ու խաղարկումների կիզակետ:

Միքայել Հայրապետյան

«Հրապարակի» հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը:

-Ազատության հրապարակում օրերս ընդդիմադիրներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Հանրահավաքը կայացած համարո՞ւմ եք:

Հանրահավաքի ընթացքին եւ բովանդակությանը չեմ հետեւել: Այն, ինչ մեր պետությանը վնասել չի կարող, հնարավոր է օգտագործել ի շահ պետության: Միայն սոցցանցերում տեսա երրորդ նախագահի հակիրճ հարցուպատասխանը: Չեմ կարծում, թե նրանից ավելի արժեքավոր բան ասած լինեն հռետորները:

-Չորս կողմից աղաղակում են, թե Հայաստանի գլխին մեծ վտանգ է կախված: Այս պահին ի՞նչ կոնկրետ վտանգ եք տեսնում:

Այս պահին բացարձակապես որեւէ վտանգ չի սպառնում Հայաստանին: Միակ վտանգը, որ այսօր սպառնում է Հայաստանին, մեր աշխարհընկալումն է, որի առողջացման համար, ցավոք, գրագետ քայլեր դեռ չեն արվում: Որոշ ժամանակ անց, իհարկե, Հայաստանին եւ ամբողջ տարածաշրջանին լրջագույն փորձություններ են սպասվում. դրա՛նց է պետք նախապատրաստվել այսօրվանից: Մենք շատ ժամանակ չունենք դրա համար:

-Շատ է խոսվում հայ-ադրբեջանական խաղաղության նոր պայմանագրի մասին: Սա ի՞նչ է ենթադրում:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր առաջիկայում չի կնքվի, քանի որ դա ոչ միայն մեր եւ Ադրբեջանի կենսական հետաքրքրությունների տիրույթում է, այլեւ դարձել է միջազգային շահերի ու խաղարկումների կիզակետ: Այդ՝ երբեւէ կնքվելիք պայմանագիրը կլինի միայն միջազգային հարաբերությունների փոքր-ինչ զուլալումից հետո, երբ ընդհանուր հայտարար կպարտադրվի երկու կողմին էլ: Սրան եւս շահեկանորեն պատրաստվել է պետք, տքնաջան աշխատել է պետք՝ այսօրվա տնայնագործության փոխարեն: «Հայության հավաքում գաղափարական իմաստով»՝ կասեր Տերյանը:

-Արցախում եւս իրավիճակը լարված է, տպավորություն է, թե իշխանություններն իրենց ձեռքերն Արցախից լվացել են: Խոսակցություններ կան, որ Արցախն այժմ իր հույսերն ամբողջությամբ Ռուսաստանի հետ է կապում:

Համամիտ չեմ այն դատողությանը, թե Հայաստանում կգտնվի որեւէ խումբ, որ կփորձի ձեռքերը լվանալ Արցախի հարցից: Առաջին հերթին հենց իշխանությունն իրեն չի կարող նման «շռայլություն» թույլ տալ. եկեք բացառենք սուիցիդի կանխավարկածը: Արցախում իրավիճակի ներկա սուր լարվածությունը կապված է նրա հետ, որ, ըստ ամենայնի, ռուս-թուրքական պայմանավորվածություններ կան՝ Լավրովյան պլանի հաջորդ փուլ, որ երբեք չեն հրապարակի ո՛չ ռուսը, ո՛չ թուրքը: Հիմա Ռուսաստանի խայտառակ անճարակությունը տեսնելով՝ թյուրքական կողմը փորձում է ժամանակացույցը տեղաշարժել հօգուտ իրեն, արագացնել այդ պայմանավորվածությունների կատարումը: Փառք Աստծո, նույնիսկ Արցախում դա գիտակցողներ կան: Արցախն ընդհանրապես դեռ 1700-ականներից ունեցել է ռուսական կողմնորոշում, եւ դա պայմանավորված է եղել աշխարհագրական դիրքով, ինքնապահպանման բնազդով: Իսկ հիմա ոմանք արդեն տեսնում են, որ այլեւս հույս կապել ռուսական ողորմածության հետ, կատարյալ ինքնաոչնչացում կլինի: Թեեւ դա պետք է հասկացած լինեին, երբ ռուսները սոսկալի բարբարոսություններով ժամանակին դատարկեցին ԼՂԻՄ-ի երբեմնի մաս կազմած գրեթե միատարր Շահումյանը: Հադրութի կորստից հետո նույնիսկ Արցախում ոչ բոլորի, բայց արդեն ոմանց կողմից աստիճանաբար հասկացվում է, որ ռուսական սայլին լծված մնալը մահ է: Բայց ավանդական կարծրատիպային ընկալումներից ձերբազատված այդ սակավաթիվներն էլ անցել են մեկ այլ՝ ոչ խելամիտ ու ոչ պարկեշտ մեթոդի՝ պնդում են, թե Հայաստանը պետք է պաշտոնապես վերահայտարարի Արցախի անվտանգության երաշխավորի իր կարգավիճակի մասին: Մի՞թե առանց այդ էլ պարզ չէ, որ հենց հայն ու Հայաստանն են մեր վիրավոր այդ հայրենահատվածի գոյության, ապագայի, ընդլայնման երաշխավորը: Աններելի բան է, երբ ազգովի դառնում ենք քաղաքականագետ-դիվանագետ. դրա հետեւանքները պակաս աղետալի չեն, երբ գործից չհասկացող մարդիկ փորձում են բժշկի փոխարեն բուժման մեթոդ առաջարկել ու դեռ մի բան էլ ավելի՝ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեռքն առնել վիրահատական լանցետը: Արցախին եւ Հայաստանին անպատկերացնելի լուսավոր ապագա է սպասվում, եթե ամեն մեկս բացառապես մե՛ր տեղում մե՛ր գործով զբաղվենք ու ամրացնենք մեր Հոգու եւ Ոգու սահմանները՝ դիմագրավելու համար սպասվելիք փորձությունները եւ շահեկանորեն դիմավորելու համար դրանց հաջորդելիք լավագույն հնարավորությունները: Այս անգամ պահը բաց թողնելու իրավունք չունենք. պատմությունն այլեւս բարեհաճ չի գտնվի մեր հանդեպ: Այսօրվա ամեն մեկ ժամի կորուստն անգամ մեզ վրա թանկ է նստելու: Եվ հակառակը՝ այսօրվա խելամիտ օգտագործված ամեն ժամը վաղը փոխհատուցվելու է լիուլի:

Ամբողջական հոդվածը՝ hraparak.am կայքում։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *