Հայաստան

Բոլորը Միմյանց Դեմ

Եվրոպացիները պատրաստ են Ռուսաստանին Կովկասում հարվածել այնպես, որ այդ շատ ցավոտ լինի, իսկ Ռուսաստանին հասցվող ամենացավոտ հարվածը Հայաստանն է։

Հակոբ Բադալյան

24 TV-ի հյուրն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել վերջին օրերին հայ-ադրբեջանական ԱԳ նախարարների հեռախոսազրույցին, հանդիպմանը Բրյուսելում և ԱԺ քառօրյայի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այդ հայտարարությունից առանձնապես ուշագրավ էր այն, որ վարչապետի խոսքերով՝ եթե ՀՀ-ն փոքր ինչ մեղմացնի իր սպասելիքներն ու ակնկալիքները Արցախի հարցով, ապա մենք ավելի շատ ու ռեալ օգնություն կստանանք միջազգային հանրությունից և նաև այն, որ Արցախի կարգավիճակն այժմ ոչ թե նպատակ է, այլ միջոց:

Հակոբ Բադալյանն ընդհանուր առմամբ նշեց, որ Երևանը հիմա շատ քիչ ժամանակ ու հնարավորություններ ունի ազդելու գործընթացների վրա և փորձում է փափուկ հայտարարություններվ ժամանակ շահել, քանի որ շատ բարդ գործընթացներ են գնում և հնարավոր չէ ոչ կոշտ դիրք բռնել և ոչ էլ ընտրել զիջումների ուղին:

Ադրբեջանն այն ակնկալիքն ունի, որ Արցախն ի վերջո իր ողջ կազմով պիտի մտնի իր կազմ և պատրաստ է ինչ-ինչ զիջումներով ու պայմանագրերով հատուկ կարգավիճակ տալ այնտեղ ապրող հայերին, արդյո՞ք ՀՀ իշխանությունները չեն հրաժարվել Արցախից ամբողջությամբ:

Այս ամենին ի պատասխան, Հակոբ Բադալյանն ասաց, որ դիվանագիտությունն ու քաղաքականությունը հենց դրանով են այդքան «անհասկանալի», որ  փորձում են ասել մի բան, իսկ անել՝ մի ուրիշ բան: Երևանը չի կարող ոչ ամբողջապես հրաժարվել և ոչ էլ կոշտ պահանջներով առաջ գնալ: Բադալյանը նշեց նաև, որ Երևանը չի էլ հրաժարվել և բազմաթիվ հայտարարություններ կան վարչապետի ու ԱԳ նախարարի մակարդակով: Բայց այս հարցը միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, այս հարցում բազմաթիվ ուժեր են խաղում և դա մի իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Հնարավոր չէ անտեսել և այս իրավիճակում ինչ որ անհնարին բան փորձել անել: 

Հակոբ Բադալյանը ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ եթե խոսքը գնում է զիջել և համաձայնվել ադրբեջանական առաջարկներին, ապա միջազգային հանրությունը ինչ երաշխիքներ կարող է տալ և ինչպես է պահելու իր տված երաշխիքները: Իհարկե միջազգային հանրության հետ հաշվի չնստել հնարավոր չէ, բայց որոնք են այդ երաշխիքները: Հատկապես, երբ Ադրբեջանը հենց այսօր էլ շարունակում է իր մարդասպան քաղաքականությունն ու կեցվածքը:

Հայաստանը ոչ մոտեցավ խաղաղությանը, ոչ էլ հեռացավ, այլ շարունակում է անվերջ պտտվել դրա շուրջը: Մեզանում թյուր կարծիք կա տարածված, որ եվրոպացիները կանեն կամ կարղ են անել այն, ինչ չարեցին կամ չկարողացան անել ռուսները: Միջազգային շատ մեծ խաղ է գնում և հենց նույն եվրոպացիները պատրաստ են Ռուսաստանին Կովկասում հարվածել այնպես, որ այդ շատ ցավոտ լինի, իսկ Ռուսաստանին հասցվող ամենացավոտ հարվածը Հայաստանն է: Ինչպե՞ս ենք մենք այսօր այս իրավիճակում կարողանալու հավասարակշռություն պահպանել, երբ աշխարհը վերափոխվում է նոր ճամբարների ու ազդեցության ոլորտների:

Տարածաշրջանում հիմա կարող է նաև որոշիչ դառնալ Հնդկաստանի դերը: Մեծ հարց է, թե արդյո՞ք Հնդկաստանը կմիանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, թե ոչ: Ավանդաբար Հնդկաստանը կարողացել է համեմատաբար չեզոք մնալ և մեզ պետք է, մեզ ձեռք է տալիս, որ այդպես էլ շարունակվի:

Թյուր կարծիք է նաև այն, որ ռուսներին հնարավոր է հեշտ ու հանգիստ հանել բոլոր միջազգային կազմակերպություններից, կամ որ եվրոպացիներն ու ռուսները թշնամիներ են միմյանց հետ: Հիմա մի իրավիճակ է, երբ բոլորը բոլորի դեմ են ու միաժամանակ փնտրում են միմյանց հետ համագործակցելու, իրար վրա ազդելու, հարվածելու հնարավորություն և առիթ: Ու այս պարագայում Երևանը չափից ավելի զգուշորեն փորձում է ժամանակ շահել մինչև հնարավոր կլինի ինչ որ ուղղությամբ նշմարել ուրվագծվող ապագան:

Տեսանյութն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *