Մաս Բ
Ռազմական գործողությունները միաժամանակ ընթանում էին երեք աշխարհամասում` Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների ավազաններում: Բրիտանիան, չնայած իր բոլոր պլաններին, ցամաքում չմասնակցեց պատերազմին: Առաջին իսկ տարվա վերջին հասկացավ, որ Ֆրանսիան Ռուսաստանի հետ չի կարող ցամաքում զսպել Գերմանիային, եւ ստիպված սեփական զորքերով մտավ կռվի մեջ:
Արծրուն Հովհաննիսյան
Մեդիամաքսը ներկայացնում է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի «Համաշխարհային ռազմի պատմություն` 20-րդ դար» աշխատությունը:
Ընթերցողների հարմարության համար աշխատությունը բաժանված է 14 մասի:
«Հարգելի ընթերցող, ձեր դատին ենք ներկայցնում 20-րդ դարի պատերազմների մասին իմ աշխատության մի մասը: Ուսումնասիրությունն առնչվում է համաշխարհային ռազմի պատմությանը եւ դրանում հայերի դերակատարությանը: Ուսումնասիրությունը զուտ գիտական չէ, այն ունի նաև որոշակի զգացմունքային ֆոն: Բարձրացված հարցերի և տրված պատասխանների մասով ձեր մոտ կարող են լինել անհամաձայնություններ, ինչի համար ձեր ներողամտությունն ենք հայցում: Շնորհակալություն եմ հայտնում Մեդիամաքսին նշված հնարավորության համար», – նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջին մասը կարդացեք այս հղումով:
Առաջին համաշխարհային պատերազմը (ԱՀՊ, 1914-1918թթ.) նախապատրաստվում էր երկար` դեռ պատերազմից մոտավորապես մեկուկես տասնամյակ առաջ: Քաղաքական առումով Մեծ Բրիտանիան, հասկանալով, որ ամեն կերպ զիջում է միավորված Գերմանիային, ճկուն դիվանագիտությամբ նրա դեմ կազմակերպեց մեծ ու հզոր ռազմական դաշինք: Դրանում ընդգրկեց Ֆրանսիային, որին բրիտանացիները հատկացրել էին ռազմական գործողությունների տարածքի դերը, եւ Ռուսաստանին, որին, ինչպես միշտ, դիտարկում էին որպես մարդկային ռեսուրսի ապահովող, իսկ բրիտանացիները դաշինքին ապահովում էին համապատասխան լրացուցիչ ծախսերն ու տեխնոլոգիաները: Ամենադժվարը, իհարկե, Ռուսաստանին դաշինք բերելն էր, քանի որ Գերմանիան ամեն ինչ անում էր, որ դա տեղի չունենա: Եվ ի վերջո, այդպես էլ ստացվեց. Ռուսական կայսրությունը հայտնվեց այդ դաշինքում` ստանալով Բրիտանիայի ու Ֆրանսիայի մեծ ներդրումները եւ շատ ավելի մեծ խոստումները: Այս առումով հատկապես հետաքրքիր է գերմանական Մեծ գլխավոր շտաբի պետ` գեներալ ֆոն Շլիֆենի հոդվածը, որը տպագրվել էր 1909թ.: Այնտեղ ռազմական մեծ գործիչն ու տեսաբանը պնդում է, որ Ռուսաստանի դաշնակցությունը Մեծ Բրիտանիայի հետ կարող է ամենից շատ վնասներ պատճառել առաջինին: Ալֆրեդ ֆոն Շլիֆենը 1906 թվականին
Պատերազմների իրական ճարտարապետները շատ լավ հասկանում էին, որ այն լինելու է մեծ եւ ընդգրկելու է խոշոր տարածքներ: Նրանք աչքի առաջ ունեին մեծ կորսիկացու` Նապոլեոնի վարած պատերազմների մասշտաբները: Սակայն անմիջապես գեներալները, որոնք մշակում էին պլանները, ամեն ինչ, ինչպես միշտ, արագ էին կողմնորոշվում եւ ուզում էին մարտերն ավարտել հակառակորդի մայրաքաղաքներում մինչեւ ձմռան գալը: Դա հին զինվորական ավանդույթ է. բոլորն ուզում են արագ ու անարյուն հաղթանակ: Գերմանական ռազմագիտական միտքը ուշիուշով հետեւում եւ ուսումնասիրում էր ամերիկյան քաղաքացիական, ռուս-թուրքական, անգլո-բուրական, ռուս-ճապոնական պատերազմները եւ այլն: Գերմանական մեծ ԳՇ-ի նոր ղեկավար Ալֆրեդ ֆոն Շլիֆենի «Կաններ» բանաձեւը հետագայում դասագրքային կդառնա աշխարհի շատ զինվորականների համար:
Տեղեկանք. Ալֆրեդ ֆոն Շլիֆեն(1839-1913թթ.), գերմանական տաղանդավոր ռազմական տեսաբան, գեներալ-ֆելդմարշալ (1911)։ Որպես Գլխավոր շտաբի սպա` մասնակցել է 1866թ. ավստրո-պրուսական եւ 1870-1871թթ. ֆրանս-պրուսական պատերազմներին։ 1891-1905թթ. եղել է Գլխավոր շտաբի պետ։
Լինելով Մոլտկե Ավագի հետեւորդ եւ գերմանական ռազմականացման գաղափարախոսներից` երկու թեւերից վճռական հարվածով հակառակորդին շրջապատելու եւ ոչնչացնելու տեսության ստեղծողներից է։ Երկու ճակատով` Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեմ, ոչ միաժամանակ պատերազմի պլանի հեղինակն է, որը որոշ փոփոխություններով Գերմանիան փորձեց իրագործել ԱՀՊ-ի սկզբին:
Շլիֆենը որպես հիմք էր վերցնում Հաննիբալի վարած Կանների ճակատամարտը, որտեղ վերջինս հռոմեացիներին հաղթեց թեւերից շրջանցելով ու շրջափակմամբ: Շլիֆենի ծրագիրը բազմաթիվ անգամներ քննարկվեց ու խաղարկվեց գերմանական սպայակազմի զորավարժություններում, գիտական քննարկումներում, դարձավ «Շլիֆենի պլան». այն կիսաշրջափակման ռազմական գործողություն էր: «Շլիֆենի պլանը»
Ըստ Շլիֆենի՝ քանի որ գերմանական զորքերը չունեին բավականաչափ ուժեր ու միջոցներ, որպեսզի կատարեին երկկողմ շրջանցում, ապա պետք է կատարեին միակողմ շրջանցում՝ երկրորդ կողմում կատարելով իմիտացիա: Գերմանական բանակի աջ թեւը մեծ կորագծով Բելգիայի տարածքով պետք է մտներ Ֆրանսիայի տարածք եւ թեւանցելով ֆրանսիական բանակին՝ դուրս գար նրա թիկունք ու ջախջախելով՝ գրավեր Փարիզը: Ռազմական գործողությունը, ըստ Շլիֆենի, պետք էր ավարտել մինչեւ քառասուն օրը, որպեսզի գերմանական բանակը հասցներ կատարել ռազմավարական վերախմբավորում եւ հայտնվեր արդեն Ռուսաստանի դիմաց: Նրանք շատ լավ հասկանում էին, որ պատերազմը լինելու է երկու ճակատով, եւ պետք էր չուշանալ: Գերմանական բանակը մշակել էր ոչ միայն տեսությունը, այլեւ գործնականում ստեղծել համապատասխան մեքենա այն իրականացնելու համար:
Շլիֆենը մահացավ մինչեւ Առաջին համաշխարհային պատերազմը: Նրան փոխարինած Մոլկե կրտսերն անհանգստացած էր այն հանգամանքով, որ Շլիֆենն այդքան վտանգավոր պլան էր կազմել, որով բավականին թուլացվել էր ոչ միայն Ֆրանսիան գրավող գերմանական բանակի ձախ թեւը, այլեւ ողջ ռուս-պրուսական սահմանը: Նրա այս անհամարձակությունը սկսեց դրսեւորվել, եւ արդյունքում կամաց-կամաց դիվիզիաներ հանեց ֆրանսիական ճակատի աջ թեւից ու տեղափոխեց նախ՝ ձախ, հետո՝ դեպի արեւելք: Այդ թուլացման հաշվին Պրուսիայում ստեղծվեց չորս կորպուս, իսկ Ֆրանսիայի սահմանին՝ գերմանական զորքերի ձախ թեւում, մեկ բանակի փոխարեն՝ եւս մեկ բանակ: Դրանով փաստացի «Մեծ Կաններից» կամ այլ կերպ «Շլիֆենի պլանից» ոչինչ չմնաց: Գերմանական գերհզոր աջ թեւից հանվել էր լիարժեք ու մարտունակ հինգ կորպուս: Կարծում ենք՝ այդ հինգ կորպուսը չափազանց կարեւոր, ավելին՝ որոշիչ նշանակություն ունեցան, եւ հենց այդ պատճառով գերմանական բանակը չկարողացավ վերջնական իրականացնել Շլիֆենի մտահղացումը: Մենք միտումնավոր չենք նշում «Շլիֆենի պլան», քանի որ այդ պլանից այլեւս ոչինչ չէր մնացել: Իհարկե, «Շլիֆենի պլանը» ռիսկային էր, սակայն հանդուգն էր եւ ուներ հաջողության հասնելու մեծ պոտենցիալ, քանի որ նախաձեռնողական էր: Իսկ գերմանական զորքերը դեռեւս պատերազմի սկզբից ցույց տվեցին, որ կարող են իրականացնել բարդ ու ռիսկային ծրագրեր, գործել շատ արագ: Գերմանական 1-ին բանակի հարձակման տեմպը կազմում էր 23 օրում 520 կմ (Ախենից Մառն): Այսինքն՝ օրական ավելի քան 22 կիլոմետր, ինչը չմեքենայացված զորամիավորումների համար ռեկորդային կարելի է համարել: Սա պետք է համարել ապացույցն այն բանի, որ Շլիֆենն իր բանակը պատրաստել էր իր պլանի իրագործմանը, սակայն այն վիժեցրեցին դեռ չիրականացրած:
Արդյունքում` Առաջին աշխարհամարտը ձգձգվեց, ընդգրկեց երկրագնդի մեծ մասը: Ռազմական գործողությունները միաժամանակ ընթանում էին երեք աշխարհամասում` Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, եւ Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների ավազաններում: Բրիտանիան, չնայած իր բոլոր պլաններին, ցամաքում չմասնակցեց պատերազմին: Առաջին իսկ տարվա վերջին հասկացավ, որ Ֆրանսիան Ռուսաստանի հետ չի կարող ցամաքում զսպել Գերմանիային, եւ ստիպված սեփական զորքերով մտավ կռվի մեջ:
Ապագա պատերազմի թատերաբեմը նախապատրաստելիս հիմնական ուշադրությունը կենտրոնացվում էր ամրացված բնագծերի զարգացման ու կատարելագործման վրա: Դրանց հիմքը կազմում էին ամրոցները բերդամասերի եզրաշերտերով: Սրանք նախկին պատերազմներից մնացած համակարգեր էին, որոնք ավանդաբար կարեւոր էին համարվում, սակայն, ինչպես պետք է ցույց տային առաջին իսկ մարտական գործողությունները, դրանց դերակատարությունը եթե չէր վերանում, ապա շեշտակիորեն թուլանում էր: Գերմանական ռազմատեսական միտքը գտել էր նոր լուծումներ` պատերազմի մասշտաբայնությունը, գործողությունների արագությունը, ավերիչ միջոցների հզորությունը եւ այլ հանգամանքներ: Հելմութ ֆոն Մոլտկե ավագն ու օսմանյան հրամանատար Հաֆիզ Փաշան
Երկաթուղու (նաեւ այլ տրանսպորտային երակների) նկատմամբ պահանջը հանգում էր այն բանին, որ թողարկվող կարողությունները հնարավորություն տային կարճ ժամկետում ապահովելու մեծաթիվ զորքերի տեղափոխումը: Այսինքն` խուսանավման խնդիրը, քանի որ անցնող պատերազմներում հիմնականում գերմանացիների շնորհիվ այդ հարցը դրվել էր նոր մակարդակի վրա: Հելմութ ֆոն Մոլտկե ավագն ասում էր. «Զորախմբերը պետք է առանձին շարժվեն, բայց միասնական կռվեն»: Այս հարցում առաջամարտիկները հենց գերմանացիներն էին, քանի որ ռազմական միտքը հատկապես զարգացել էր իրենց մոտ, եւ դա բնական պահանջ էր: Գերմանիան երկու ճակատով էր պատերազմելու եւ զորքերի մշտական խուսավարման խնդիրներ ուներ:
Մարտական գործողությունները սկսվեցին օգոստոսի 1-ին՝ Լյուքսեմբուրգ գերմանական զորքերի ներխուժմամբ: Սա արդեն երկարամյա գերմանական ռազմական տեսությունների արգասիքն էր, որը հանգում էր արագ ու շարժական պատերազմին: Գերմանացիներն իրենց արագությունը փորձում էին կառուցել զորքերի վարժվածության եւ երկաթգծի ընձեռած հնարավորությունների վրա:
Սկզբնական շրջանում գերմանական զորքերը հաջող էին ընթանում: Բելգիան արագ նվաճեցին ու ներխուժեցին Ֆրանսիա: Ինչպես միշտ, պարտությունից լավ ուսուցիչ չկա: Ֆրանսիական հրամանատարությունը վերջին պարտությունից հետո ավելի լավ էր հասկանում գերմանական ռազմատեսական մտքի գաղտնիքները եւ ավելի պատրաստված էր: Բոլոր բանակների հրամանատարության մեծ մասն էլ գերմանական բանակների մտահղացումը լավ էր հասկանում, քանի որ երկար ժամանակ այդ մտքերն ու նորամուծությունները գիտական միջավայրում քննարկվում էին, ուղղակի բոլորը չէ, որ հավատում էին դրա իրագործմանը եւ կարող էին իրենց թույլ տալ ձգտել այդ մակարդակին: Սակայն անդադար արագ գործողությունները եւ ռեզերվների պակասը խաղում էին իրենց բացասական դերը: Գերմանական բանակը, չունենալավ ռեզերվներ, ձգելով կոմունիկացիաները, ե´ւ հյուծվում էր, ե´ւ գնալով ավելի դանդաղ էր գործում: Գերմանական 1-ին բանակի հրամանատար Ալեքսանդր ֆոն Կլյուկը առաջարկեց, կրճատելով հարձակման ճակատը, ոչ թե դուրս գալ Փարիզի հարավ-արեւմուտք, այլ մայրաքաղաքից հյուսիս թեքվել՝ դեպի արեւելք: Ալեքսանդր ֆոն Կլյուկը
Դրանով առաջարկում էր դուրս գալ ֆրանսիական զորախմբի թիկունք եւ կտրել մայրաքաղաքի հետ կապից: Գերմանացիները չէին պատկերացնում, որ ֆրանսիական 6-րդ բանակը մայրաքաղաքից սպառնում էր հարվածել մեծ շրջանցում անող գերմանական 1-ին բանակի աջ թեւին ու թիկունքին: Ֆոն Կլյուկը, ավելի ու ավելի ձգելով իր թիկունքը, փորձում էր շունչ չտալ նահանջող բրիտանական զորքերին: Սեպտեմբերի 4-ին նա, Փարիզին չհասած (մոտ 40 կմ), թեքվեց դեպի արեւելք, չպայթեցրած կամուրջներով անցնելով Մառն գետը՝ մեծ արագությամբ մխրճվեց Փարիզից դուրս եկած ֆրանսիական 6-րդ եւ գերմանական 2-րդ բանակի հարվածներից նահանջող ֆրանսիական 5-րդ բանակի կցահատվածի մեջ: Թվում էր, թե գերմանական բանակը, դուրս գալով խմբավորման թիկունքը, շուտով կջախջախի ամբողջ ֆրանսիական խմբավորումը եւ կգրավի Փարիզը: Սակայն նույն օրը ֆրանսիական ԳՇ-ն ուշքի գալով հրամայեց զորքերին անցնել հակահարձակման: Ֆրանսիական 5-րդ եւ 6-րդ բանակները պետք է հարվածեին ֆոն Կլյուկի աջ թեւին ու թիկունքին: Ֆրանսիական 3-րդ բանակը պետք է հարվածեր Վերդենի հատվածում, իսկ 4-րդ եւ նոր ձեւավորվող 9-րդ բանակները՝ գերմանական զորքերի կենտրոնին:
Սեպտեմբերի 5-9-ին 260 կմ ճակատում Մառն գետի երկու ափերով անգլո-ֆրանսիական վեց բանակ գրոհեց դեպի գերմանական հինգ բանակի դիրքերը: Բախմանը ներգրավվեց ավելի քան 2 մլն մարդ: Աննախադեպ մեծ ուժ էր եւ մեծ խտություն: Սա հենց այն միլիոնանոց բանակների բախումն էր, որի մասին գրում էր Շլիֆենը: Սեպտեմբերի 7-ին, երբ ֆոն Կլյուկը հանդիպակաց մարտում գրեթե ջախջախել էր ֆրանսիական 6-րդ բանակին, մոտավորապես վեց հարյուր տաքսիով առաջնագիծ հասցրին Մարոկկյան մեկ դիվիզիայի հիմնական ուժերը, որոնք փրկեցին Փարիզը: Մարոկկյան դիվիզիայի զինվորները
Սա մեծ քայլ էր զորքերի տեղաշարժի զարգացման համար: Փարիզից զորքերը հասցվեցին ռազմաճակատ, որով հնարավոր եղավ ձեւավորել միասնական ճակատ: Արդյունքում` պատմության մեջ առաջին անգամ ձեւավորվեց միասնական ռազմաճակատ Լա Մանշից մինչեւ Շվեյցարիայի սահմանը, եւ իրավիճակը ռազմաճակատում կարգավորվեց, որեւէ կողմ մեծ ճեղքումներ չկարողացավ իրականացնել, իսկ օպերատիվ ռեզերվներն արագ լրացրին շարքերը, եւ դադար չեղավ, որից կարող էր օգտվել հակառակորդը: Օպերատիվ մակարդակի այս զորաշարժերը, որոնք փորձարկվում էին դեռ ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ, հասան իրենց գագաթնակետին: Սեպտեմբերի 8-ին գերմանական 1-ին եւ 2-րդ բանակների միջեւ առաջացավ հսկայական բացվածք, որը հնարավոր չէր ծածկել որեւէ ուժով, քանի որ այդպիսիք ուղղակի չկային: Սակայն այդ հատվածում առաջացող բրիտանական զորքերը վճռական չէին: Սեպտեմբերի 9-ին ֆոն Կլյուկը կրկին մեծ հարված հասցրեց ֆրանսիական 6-րդ բանակին եւ գրեթե ջախջախում էր Մոնուրիի բանակը, սակայն բրիտանական ուժերն արդեն սպառնում էին գերմանական 2-րդ եւ 3-րդ բանակների թիկունքին, եւ արդյունքում ոչինչ չէր մնում, քան համընդհանուր նահանջի մասին հրաման տալը` մինչեւ 50-60 կմ:
Փաստացի ռազմավարական հակահարձակմամբ ֆրանսիական եւ բրիտանական ուժերին հաջողվեց կանգնեցնել գերմանական բանակին:
Այս ամենի շնորհիվ խափանվեց կայծակնային պատերազմի (Մեծ Կաններ) ծրագիրը: Այսինքն` Ֆրանսիական բանակները կարողացան ժամանակին վերախմբավորվել եւ զրկել գերմանական բանակներին խուսավարման վերջնական նպատակից: Գերմանական բանակը պարտվեց: Ֆրանսիացի վետերանները պատմում էին, որ հաճախ գերմանացի զինվորներին գերի էին վերցնում քնած, նրանք ուղղակի հյուծված էին մոտ մեկամսյա անդադար մարտերից: Ի դեպ, նման պատմություններ լսելու ենք նաեւ մոտ երեսուն տարի հետո Մոսկվայի տակ:
Շարունակելի
Առաջին մասը կարդացեք այս հղումով:
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։