Հայաստան

Քառամյա Մենություն

Պարտված հեղափոխության քառամյակը: Հայացք դեպի ապագա

Դրա փոխարեն ունենք նույն հին ճահիճը և նույն հին ճահճային տեմպն ու որակը նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ որ պատահական քայլեր արվում են:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Ո՞վ կհիշի, որ այս օրերին լրանում է 2018-ի հեղափոխության քառամյակը:

Ընդամենը 4 տարի է անցել, բայց ո՞վ է այսօր պատրաստ ոչ միայն հիշելու, այլև՝ նշելու այս տարեդարձը: Հարցերը հռետորական են՝ տարեդարձը դատապարտված է անտարբերության մատնվելու՝ վերջին 4 տարում այսքան բան տեսած հանրության մեծ մասի կողմից:  

Բայց անտարբերությունը, որը բնազդական արտահայտումն է իրավիճակի ճիշտ գնահատականի, ինքն իրեն քիչ է և անարդյունավետ է, թեև, կրկնեմ՝ ճիշտ զգացողության ցուցիչ է:

Պետք է ավելին քան զգացողության արտահայտումը՝ գիտակցված արձանագրում՝ այսպես կոչված հեղափոխությունը Հայաստանում տապալվել ու պարտվել է:

Ավելին՝ հետադարձ հայացքով նայած՝ հեղափոխություն Հայաստաում չի էլ եղել:

Ես չեմ ուզում պարտադրել իմ անձնական դիտակետը, որովետև դա դիտակետ է մի մարդու, ով ի սկզբանե շատ սկեպտիկ է եղել 2018-ի ապրիլյան հեղափոխությանը, չի մասնակցել դրան, իսկ հետագայում ընդունել է այն պարզապես որպես իրողություն՝ հաշվի առելով իր ընկերների ու իր միջավայրի, և ամենա կարևորը՝ ժողովորդի գերակշիռ մեծամասնության տեսակետը:

Բայց ժողովուրդը արդեն վաղուց մասնակից չէ քաղաքական գործընթացի, որը կրկին հանձնված է էլիտաների թատերախաղերին:

Միայն սա արդեն ինքնին ցուցիչ է, որ իրական հեղափոխություն չի եղել ու չկա, որովհետև հեղափոխությունը պետք է նախևառաջ ապահովի ժողովրդական իրական ներգրավում ու մասնակցություն:

Այսօր մենք այդ առումով նույն կետում ենք, որտեղից սկսել ենք՝ հայ ժողովուրդն գործոն չէ ու մասնակից չէ իր կյանքի:

Ընտրությունների արդյունքներն ի դեպ, սրա հետ կապ չունեն՝ ժողովրդական մասնակցությունը չի կարող սահմանափակվել միայն ընտրություններով ու հանրահավաքներով, այլ իրական հեղափոխության դեպքում պետք է համակարգված և ինստիտուցիոնալ լինի, իսկ բուն ընտրություններն այն պայմաններում, երբ ժողովուրդն իրապես անջատված է քաղաքական գործընթացից, և պետք է ընտրի էլիտար երկու խմբերի միջև՝ միշտ էլ չարյաց փոքրագույնի ընտրություն են:

Ես չեմ ուզում նաև այս պահին երկար վերլուծություն գրել՝ հիմնավորելու համար, թե ինչու հեղափոխությունը տապալվեց ու պարտվեց: Նման վերլուծությունը շատ օգտակար կլիներ, բայց ցավոք այսօր չկա դրա ժամանակը, և բացի այդ՝ այս պահին ավելի կարևոր եմ համարում՝ արձանագրելն ու հռչակելը, և դրա շուրջ մարդկանց հնարավոր համախմբումը, քան մեծ վերլուծությունը:

Միանգամից ասեմ, որ հեղափոխությունը Հայաստանում պարտվել, տապալվել է իր ի սկզբանե շինծու «հակահեղափոխությամբ» հանդերձ:

Սրանք երկվորյակ եղբայրներ էին և ե՛ն, որոնք մինչև հիմա մեզ պահում են գերության մեջ՝ թույլ չտալով հանրային ինքնաբուխ ստեղծագործ ակտիվությանը ծավալվել և իրապես նոր Հայաստան կերտել:

Ինչո՞ւ հեղափոխություն չի էլ եղել:

Որովհետև հեղափոխությունը ո՛չ սոսկ իշխանափոխություն է, ո՛չ էլ հեղաշրջում:

Հեղափոխությունը ստեղծագործական գործընթաց է, որը կարող է սկսվե՛լ իշխանափոխությամբ և հեղաշրջմամբ, բայց որպեսզի հեղափոխություն կոչվի, պետք է իրապես նոր հիմքերով ու նոր փոիլիսոփայությամբ, վճռականորեն, համարձակորեն և արմատապես փոխի պետական և հանրային կյանքի բոլոր ոլորտները:

Հեղափոխությունը գործընթաց է՝ ոչ թե մեկ ավարտուն կետ:

Եթե Հայաստանում հեղափոխություն լիներ, մենք պետք է ապրեինք շարունակական և հիմնավոր փոփոխությունների տարիներ: Եվ ոչ թե ինչ որ անորոշ ու ինքնանպատակ փոփոխությունների, այլ այնպիսի, որոնք պետք է ուղված լինեին Հայաստանի անկախության վերակերտմանը, իրական՝ բովանդակային անկախության կառուցմանը՝ ոլորտ առ ոլորտ:

Եվ այստեղ «արդարացում» չի ո՛չ «կորոնավիրուսը», ոչ էլ նույնիսկ պատերազմը: Հակառակը՝ համարձակվում եմ պնդել, որ մեծ հավանականությամբ պատերազմի արդյունքն էլ ա՛յլ կլիներ, եթե իրական հեղափոխություն լիներ: Եվ հենց պարտությունը պատերազմում ինքն է ցուցիչ, որ հեղափոխություն չի եղել՝ ժողովորդկան և ազգային ներուժի իրական բացահայտում չի եղել:

Հեղափոխություն և պատերազմ: Պարտությունն աններելի քաղաքական մեղք

Ե՞րբ է վերջնականապես պարտվել ու տապալվել հեղափոխությունը:

2020-ի նոյեմբերի 9-ին:

Սա անդառնալի կետ է, կարմիր գիծ է:

Կարելի է շատ երկար պատմել պատերազմում պարտության օբյեկտիվ պատճառների մասին: Համարձակվեմ ասել՝ կարող եմ դա անել շատերիցդ լավ, և քաջ գիտակցում եմ, որ պարտության պատճառների մեծ մասը հիմնարար ու խորն է: Մեր պարտությունը սկսվում է ո՛չ 2020-ից, ո՛չ 2018-ից, ո՛չ 2016-ից, ո՛չ 1998-ից, այլ առնվազն 1994-ից, եթե չասեմ՝ իր որոշ արմատներով հասնում է է՛լ ավելի հեռուներ: Սա ինքնին պարզ է, և կարիք չունի բացատրության որևէ անշահախնդիր մարդու համար:

Բայց դա ամենևին էլ չի վերացնում կոնկրետ քաղաքական ղեկավարության, այն էլ հեղափոխոկան ղեկավարության առաջնային պատասխատվությունը: Եվ երբեք չի դարձնում պարտության փաստը քաղաքականապես ներելի:

Եվ առավել ևս՝ օբյեկտիվ պատճառների խորը գիտակցումը չի վերացնոմ այն փաստը, որ նոյեմբերի 9-ով 2018-ի հեղափոխության փորձը վերջնականապես տապալվեց:

Սակայն հայ ժողովորդի պայքարը հանուն ինքնիշխանության, ինչն էլ հեղափոխության միակ գերնպատակն ու իմաստ է ոչ միայն չի տապալվել ու ավարտվել, այլ դեռ կարգին չի էլ սկսվելԻրական հայկական հեղափոխությունը դեռ ապագայում է, ոչ թե անցյալում:

Հեղափոխական ժողովուրդները չեն պարտվում իրենց պատերազմները, և սա է վկայում գրեթե բոլոր մեծ ու փոքր հեղափոխությունների փորձը: Բոլոր այն դեպքերում, երբ հեղափոխությունը չի սահմանափակվել միայն վերնաշերտային փոփոխություններով, այլ ժողովորդական զանգվածների ներուժի իրական, ինստիտուցիոնալ կազմակերպման ճանապարով է ընթացել, հեղափոխական ժողովուրդները հաղթել են իրեց պատերազմները:

Ավելին կա:  

Հեղափոխության ու պատերազմի զուգորդումը պատահականություն չէ, այլ օրինաչափ երևույթ:

Հեղափոխությունների մեծ մասին այսպես թե այնպես հետևում են պատերազմներ, որտեղ արտաքին և ներքին դավադիր ուժերը միավորվում են ընդդեմ հեղափոխական ժողովուրդների, որոնք հեղափոխություն անելով կամա թե ակամա հայտ են ներկայացնում ազգային և ժողովորդական ինքնիշխանության չափի բարձրացման՝ անկախ նրանից նույնիսկ, թե հեղափոխություն առաջնորդող ուժերը գիտակցում են այդ հայտի գոյությունը թե ոչ: Գրեթե բոլոր հեղափոխություններին հետևել են արտաքին ներւխուժումներ՝ աջակցված ներսի դավադիր ուժերի կողմից: Եվ դրանք հնարավոր է եղել հաղթահարել միայն ժողովրդական կազմակերպված պայքարով:

Պատերազմի վտանգը սպառնում էր Հայաստանին, իհարկե, նաև մինչև 2018-ը, եթե չասենք Հայաստանն այսպես թե այնպես պատերազմի մեջ էր: Բայց 2018-ի ապրիլից՝ պատերազմն է՛լ ավելի անխուսափելի դարձավ՝ հենց հեղափոխության հայտով:

Այս վտանգին ընդառաջ կար միայն երկու տեսական ճանապարհ՝

1. կա՛մ համերաշխության եզրեր գտնել նախկին իշխող խմբերից գոնե մի մասի հետ (եթե դա հնարավոր համարենք)

2. կամ էլ՝ ժողովրդական զանգվածների կազմակերպումը որպես ինստիտուցիոնալ շարժում և նրանց իղձերից բխած արագ ու վճռական քաղաքականությունը՝

իշխանության կենտրոնացումը (ոչ միայն պաշտոնական իշխանության, այլև ազդեցության մյուս լծակների վերցնելը),

ներքին դիմադրության ցանցի կանխավ ջարդումը,

գալիք պատերազմի կոնցեպտուալ վերաիմաստավորումը՝ որպես անկախության, այլ ոչ թե տարածքային պատերազմ,

սրան զուգահեռ նաև՝ համարձակ արտաքին քաղաքական քայլերի փորձերը՝ հակառակ կայացած ու պարտադրած բոլոր կարծրատիպերի:

(Այս ամենն ինչ գրում եմ՝ այն է, ինչ ժամանակին ինքս մտածել եմ ու հնարավորությանս չափով՝ առաջարկել եմ (ոչ թե միայն այսօր եմ հասկացել)):

Բացատրեմ վերջին միտքը՝ մինչև առաջ անցնելը:

Հայկական միջավայրում արմատավորված է մի պատկերացում, որ կա երկու տարբերակ՝ կա՛մ պատրաստվել պատերազմին, կա՛մ բանակցել թշնամական դիրք ունեց պետությունների հետ: Այս երկուսն իբր իրար բացառում են: Սա հայկական քաղաքական իդիոտիայի տեսակ է, որը պարտադրված է մեր հանրությանը: Իրականությունն այն է, որ երկուսն իրար ոչ միայն չեն խանգարում, այլ իմաստ ունեն միայն միասին՝ բանակցելու համար, պետք է ունենաս պաշտպանության հնարավորինս արդյունավետ համակարգ, և հակառակը: Մանավանդ, որ աշխարհում չկա ոչ մի իմաստուն, որ հաստատ իմանա, թե որ տարբերակ կաշխատի՝ պատերազմ թե՞ խաղաղություն: Որովհետև սա էլ մի իդիոտիայի տեսակ է՝ մտածել, որ պատերազմի և խաղաղության հարցը կարող է կախված լինել միայն մեկ կողմի կամքից՝ տվյալ դեպքում, չգիտես ինչու միայն խեղճ հայ ժողովորդից:

Վերադառնանք ընդհատված շարադրանքին:

Նոյեմբերի 9-ը անդառնալի սահման է, որը բաժանում է մեր կյանքը երկու հատվածի:

Այդ անդառնալի անցյալում մնում է նաև 2018-ի հեղոփոախությունը, որն այլևս ի զորու չէ ոչ մեկին և ոչինչ ոգեշնչել, և որից ոչինչ ստեղծագործական ու մեծ այլևս չի կարող ծնվել, մնացել է միայն մի թույլ ու էներգիայից զուրկ հուշ:

Բայց մինչև 2020 թվականի աշնան Հայաստանը շարունակում է իր հետմահու կյանքն ապրել, չի ուզում ճանաչած լինել իր վերջնական պարտությունն, իր անզորությունը, շարունակում է կառչել իր թվացյալ գոյությունից:

Մեզ ստիպում են լուրջ ընդունել այդ պատրանքային կյանքը՝ միայն վախի միջոցով: Վախ, որը ստեղծվում է այն անհամ թատրոնով, որը 2021-ից հրամցվում է մեզ որպես ներքաղաքական օրակարգ: Այս սխեման մինչև չջարդվի, ելք չենք ունենալու: Իսկ որպեսզի այն ջադվի, պետք է նախ հոգեբանական ազատում՝ պարտադրված վախից: Անհնար է վախից բխած արդյունավետ գործողություն:

Հետմահու կյանքի հնարավորությունները

Բայց նույնիսկ այս «հետմահու կյանքում» դեռ մի փոքր շանս կար:

Եթե իշխող խումբը՝ պարտությունից ցնցված սկսեր գործել համարձակորեն, արագ և լայն ու մեծ նպատակներով:

Եթե արվեին արագ ու վճռական քայլեր՝ թեկուզ միայն պաշտպանության ոլորտում արմատական փոփոխությունների ուղղությամբ:

Նվազագույն ցանկ կա գործողությունների, որոնք պետք է հստակ նշանը լինեին, որ այդ ուղղությամբ կամ գիտակցություն և կամք: Բայց դրանք չեն արվել: Գեներալները չեն ուղարկվել թոշակի և նրանց փոխարեն չեն բերվել երիտասարդ սպաներ, որոնք իրենց դրսևորել են պատերազմի ժամանակ, չի արվել քայլ երկրում ռազմական որակյալ կրթություն ստեղծելու ուղղությամբ, չի ստեղծվել գոնե մեկ մարտունակ սոտրաբաժանում, չեն վերանայվել աշխարհազորի և պահեստազորի հայացեկարգերը, չի վերակառուցվել Գլխավոր շտաբը, չի վերանայվել բանակի կառուցման հնացած մոդելը՝ սա մենակ պաշտպանության ոլորտում:

Ի պատասխան պարտության պետք է ոչ միայն պաշտպանության ոլորտն արմատապես սկսեր փոխվել:

Պետք է վճռական քայլեր տեսնեինք՝ պետական և հանրային ինստիտուտների բարեփոխման, իրական՝ բովանդակային անկախության կառուցման:

Պետք է տեսնեինք, որ ձևավորվում է հայկական անվտանգության համակարգը, պետական քաղաքականությունը սպասարկող լուրջ վերլուծական կառույցներ, տեղեկատվական և քաղաքական դաշտի վերափոխում, հոգևոր՝ գիտության, մշակույթի ոլորտներում հստակ քաղաքականություն:

Դրա փոխարեն ունենք նույն հին ճահիճը և նույն հին ճահճային տեմպն ու որակը նույնիսկ այն դեպքերում, երբ ինչ որ պատահական քայլեր արվում են:

Հայկական տեղեկատվական դաշտըմնում է օտարերյա և «օլիգարխիկ» խմբերի վերահսկողության տակ, բայց էլ ավելի վատ՝ չունի ոչ մի հայեակարգ, ոչ մի հայացք, թե ինչպես պետք է աշխատի հայկական տեղեկատվական դաշտը, ինչպես, օրինակ, պետք է ինքնուրույն՝ հայկական շահի տեսակետից մատուցի միջազգային իրավիճակը, ինչպես պետք է նպաստի Հայաստանի անկախության կայացմանը:

Ես չեմ խոսում՝ լուրջ վերլուծական կենտրոնների ստեղծմանն ուղղված քայլերի մասին, որոնք պարզապես ճչացող անհրաժեշտություն են նրանից հետո, ինչ տեղի ունեցավ մեզ հետ:

Քաղաքական դաշտում մնում են նույն գործող սուբյեկտներն, ինչ մինչև հեղափոխությունն էին: Մենակ այս փաստը հերիք է, որ պնդենք, որ Հայաստանում հեղափոխություն ու նույնիսկ իշխանափոխություն չի եղել՝ իշխանությունը նաև քաղաքական դաշտն է: Եթե այն գրեթե նույնն է մնացել, միայն տեղերով են փոխվել դերակատարները, դա ոչ հեղափոխություն է, ոչ էլ նույնիսկ լիարժեք իշխանափոխություն:

Հայկական հումանիտար գիտությունը շարունակում է իր իներցիոն գոյությունը՝ սովետական ավանդույթների և արևմտյան գրանտերի միջաքայում՝ որևէ հայկական նպատակ այստեղ ձևակերպված չի, և գիտակցող էլ չկա, որ այդպիսի նպատակ պետք է լինի: Իսկ առանց հումանիտար գիտության՝ պատմագիտություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա և այլն՝ չկա քաղաքականության հիմք, չկա և չի կարող լինել ինքնուրույն, բովանդակային քաղաքականություն:

Չկա և չի նախատեսվում որևէ հիմնարար ռազմավարական խնդրի ձևակերպում և լուծման ծրագիր՝ դեմոգրաֆիա, բնակչության կենտրոացում Երևանում, անբնակ տարածքների յուրացում՝ ցանկը դուք շարունակեք:

Այս ամենի ուղղությամբ քայլեր անելը պետք է լիներ իրական հեղափոխություն և իրական անկախության կառուցում:

Եվ դեռ պետք է լինի, բայց ոչ այսօրվա իշխող խմբի պաշտոնավարման օրոք, ոչ էլ բնականաբար նման ծրագիր կարող է իրացնել երբևէ այսօրվա տիտղոսավոր ընդդիմությունը, որն այլ բան չէ քան այսօրվա իշխող խմբի ամենա մեծ խայտառակությունը ու քաղաքականության տապալման ցուցիչը:

1990-ականների ժառանգության հետ արմատական խզումը

Այս ամենը պատահականություն չէ:

Հայաստանը շարունակվում է կառավարվել 1990-ականների իներցիոյաով՝ այդ շրջանին բնորոշ փիլիսոփայությամբ, մտածողությամբ, հիմքերով: Այդ շրջանում ձևավորված կարմիր գծերով, տաբուներով: Մենք չենք կարողանում մտածել ոչինչ ավել այդ կարմիր գծերից դուրս: Այստեղ է իրական փակուղին՝ մտքերում: Մարդիկ ելք են փնտրում, բայց ելք չկա այդ ի սպառ հնացած ու անհամարժեք սահմաններից ներս:

Խնդիրն այն չէ, թե 1990-ականներին սահմանվածն ինքնին ճիշտ էր, թե սխալ: Խնդիրն այն է, որ աշխարհը, որում դրանք սահմանվել էին ու կարող էին գոնե պայմանականորեն համարժեք լինել՝ ի սպառ վերացել է, գոյություն չունի: Ոչ մի բան այսօրվա միջազգային հարաբերություններում չի համապատասխանում 90-ականների խաղի կանոններին, լեզվին, մտածողությանը: Դրանք ավելի հնաոճ արխաիկա են այսօրվա աշխարհի տեսակետից քան նույնիսկ հին եգիպտական բուրգերը: Բայց Հայաստանում շարունակում են մտածել այդ սահմաններում:

Իրական հեղափոխությունը կարող էր լինել միայն եթե արմատապես վերանայվեին այդ հիմքերը: Չկա ոչինչ ավելի ողբալի և ողորմելի քան դիտել, թե ինչպես են նույնիսկ երիտասարդ մարդիկ փորձում հենակետ գտնել անցյալում:

Հատկանշական է այս առումով՝ «խաղաղության դարաշրջան» կարգախոսը:

Աներևակայելի է, բայց մարդիկ Հայաստանում կարծում են, որ կարող են հասնել ինչ որ անհոգ, խաղաղ ու անշառ կյանքի այն դեպքում, երբ շուրջ բոլորը՝ մեծ, միջին ու փոքր իրենց հարցերն ուժով են լուծում կամ պատրաստվում են նոր վճռական պայքարների:

Աներևակայելի է, բայց փաստ՝ մեր հանրության մի մասն իրոք հույս ունի ստանալ խաղաղ ու հանգիստ կյանք՝ համատարած պատերազմների և ուժային պայքարի դարում:

Սա պարզապես խելագարություն է:

Չորս կողմը հրդեհ է, իսկ մարդիկ, կարծում են, որ հրդեհից կարող են փրկվել, ոչ թե հակահրդեհային պաշտպանության մասին մտածելով, այլ ձև տալով, որ հրդեհի վտանգ չկա:

Եվ պարտությունն ու դրա արդյունքում պաշտպանության համակարգի թուլացումն այստեղ արդարացում չէ: Ճիշտ հակառակը՝ պարտությունն է մեզ դարձրել ավելի խոցելի, և ավելի է փխրուն է դարձրել խաղաղությունը:

Ոչ ոք բացի մեզանից չի պատրաստվում խաղաղության՝ ոչ ընկեր, ոչ թշնամի:

Խելագարության սահմանին է այսօր նաև խոսել «միջազգային հանրությունից»՝ 1990-ակաների տիպիկ մի եզրույթ:

Այսօր՝ երբ Արևմուտքն ու Ռուսաստանը փաստացի պատերազմի մեջ են, իսկ մյուսները՝ Չիանաստան, Հնդկաստան ուշադիր հետևում են այդ պատերազմին, որպեսզի ըստ արդյունքների առաջ տանեն իրենց խաղը, խոսել ինչ որ վերացական միջազգային հանրությունից, նշանակում է լրիվ դուրս լինել իրականությունից:

Մի կարևոր բան էլ:

Այսօրվա իրավիճակում իներցիոն, «զգույշ» քաղաքականությունն ամենա անարդյունավետ ու վատ բանն է, որ կարող է լինել:

Սա պարադոքսալ է հնչում, որովհետև շատերին ակնհայտ է թվում, որ ճգնաժամային իրավիճակում պետք է առավել զգույշ լինել: Սա կենցաղային տրամաբանության կիրառում է պատմական, քաղաքական, ռազմական երևույթների նկատմամբ:

Ճիշտ հակառակն է օրենքը:

Ճգնաժամային պայմաններում հատկապես կարևովում է համարձակությունը: Վճռական ժամանակներում հաղթում է նա, ով ինքն է վճռական: Ամեն բան պետք է համարժեք լինի իր պայմաններին, իր ժամանակին: Վտանգի պահին՝ համարձակությունն ու արագությունն է փրկում:

Մեզ պետք է արմատական խզում՝ մի քանի մակարդակենրով ու իմաստներով:

Արմատական խզում 90-ակաների այլևս գոյություն չունեցող աշխարհի մտածողությունից:

Արմատական խզում վախերից, որոնց միջոցով մեզ կառավարում են ու անելանելիության իրավիճակ ստեղծում:

Այդ վախերը շատ են՝ որոշները հիմնարար, որոշներն ընթացիկ:

Ես բոլորից մանրամասն այստեղ չեմ խոսի:

Բայց կարևոր է սկզբունքը՝ վախը երբեք չի կարող լինել քաղաքականության հիմք: Վախն անջատում է բանականությունը, և դարձնում է մարդուն ու ազգին կառավարելի:

Մենք չպետք է ապրենք՝ Հայաստանը կկործանվի վախի մեջ:

Մենք պետք է քաջ գիտակցենք մեծ Վտանգը, բայց ոչ թե վախանելու, այլ դիմադրության մարտավարությունը մտածելու համար:

Շեշտն այստեղ հեց քա՛ջ գիտակցելու վրա է: Հին հայերենում քաջը նշանակում է՝ լավ, դրա համար էլ ասում ենք՝ քաջ գիտակցել, այսինքն՝ լավ գիտակցել, և հետո միայն նշանակում է խիզախություն: Իսկ վախկոտի հոմանիշը՝ վատն է: Հին հայերենում վատը նշանակում է հենց վախկոտ, դասալիք, վատություն անել՝ փախնել մարտի դաշտից: Մեր նախնիները սրանով սահմանել են բարոյականության կանոն, որը մենք ի սպառ մոռացել ենք: Նրանց աշխարհում լավը քաջն ու քաջությունը, իսկ վատը՝ վախկոտն ու փախճողն է:

Մյուս վախը, որ պետք է հաղթահարենք՝ այն վախն է, որի վրա կառուցվում է այսօրվա ներքաղաքական խաղը:

Մենք պետք է արմատապես խզենք սրա հետ: Նախ և առաջ՝ ներքուստ:

Ոչ մի թեկուզ փոքր, գաղտնի, չգիտակցված թել չպետք է մնա 2018-ի հետ և ընդհանրապես մինչև 2020-ի սեպտեմբերի 27 եղած Հայաստանի հետ: Բոլոր հույսերը պետք է կտրել արմատապես: Ու չպետք է վախենալ, որ դրա արդյունքում բոբոները կգան իշխանության: Հենց այս վախի վրա բռնելով էլ մեզ պատերազմից հետո գցեցին ճահճի մեջ: Ոչ մի բոբո չի գա իշխանության: Բոբոն իշխանության գալու համար չէ: Նա իրավիճակը կառավարելի պահելու համար է:

Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի և կառուցի իր ապագան՝ առանց այսօրվա քաղաքական սուբյեկտների:

Ոչ ոք, ով կառավարել է Հայաստանը սկսած 1991-ից այևս չպետք է հավակնի որևէ առաջնորդող դերի Հայաստանում: Բոլորը պետք է հանձնվեն արխիվ, և սա մեղմ եմ ասում: Անխտի՛ր բոլորը:

Մինչև վերջին կապը, հույսը, թելը դրանցից որևէ մեկի հետ չխզվի, մենք ապագա չունենք:

Պետք չէ նրանիցից վախենալ՝ նրանք թղթե վագրեր են:

Նոր, իրական հեղափոխոթյունը պետք է սկսվի հենց այդ խզումից՝ այն ամենից ինչը հետսովետական Հայաստանն է: Այն առանց մեր խզման էլ դիակ է, թվացյալ գոյություն, բայց պետք է գիտացված խզում՝ հանուն ելքի:

Ազգային հեղափոխություն (նախնական սահմանումներ)

Մեզ պետք է ազգային հեղափոխություն:

Առայժմ այս ձևակերպումը՝ ներկայացնում եմ միայն որպես կարգախոս, որի բովանդակությունը պետք է բացվի աստիճանաբար: Բայց որը չպետք է որևէ մեկը ներկա քաղաքական խմբերից փորձվի օգտագործել՝ սա միայն հայ ժողովորդինն է:

Ազգային հեղափոխությունը հեռանկարի երևույթ է:

Չի կարելի լուրջ քաղաքական ծրագիր կառուցել միայն այսօրվա նեղ հեռանկարով: Որքան էլ այսօ՛րը անհետաձգելի վտանգներով լի լինի, միևնույն է՝ մեծ նպատակները անփոփոխ են:

Դրա համար պետք է բացվենք հեռանկարի առջև, իսկ սրա համար նույնպես պետք է հաղթահարենք վախեցածի հոգեբանությունը, պարտվածի կեցվածիքց դուրս գանք:

Ազգային հեղափոխությունն անպայման պետք է ձգտի ձևավորել նոր իշխանություն:

Բայց այն չի կարող լինել միայն հեղաշրջման, միայն իշախանափոխության ծրագիր:

Մենք պետք է իրապես դուրս գանք մինչև 2020-ն եղած ավանդական սխեմաներից: 1991-2020 թթ.-ին բնորոշ՝ «այսինչ հեռացիր» կամ «կարևորը սրանք գնան, հետո կերևա» ավանդական ընդդիմություն-իշխանություն սխեմայի 1000-րդ անգամ նմանակումը այս պահին անհամարժեք է իրավիճակին: Հայաստանի այսօրվա խնդրի նույնացումն ընդհամենը հերթական իշխանափոխության խնդրի հետ նույնպես խելագարության շարքից է, եթե չասենք որոշ դեպքերում՝ դավաճանության կամ գոնե աններելի հանցանքի: Դա նշանակում է չպատկերացնել իրական խնդրի խորությունը, այլև՝ չապրել Հայաստանով ու նրա ցավով, չհասկանալ, որ կա ոչ թե իշխանության, այլ Հայաստանի խնդիր:

Իսկ Հայաստանի խնդիրը հնարավոր չէ լուծել ինչ որ անձ կամ խումբ փոխելով:

«Այսինչիկ հեռացիր» մեթոդը 1991-ից այս կողմ հաջողության է հասել միայն մեկ անգամ՝ 2018-ին, ընդ որում արտաքին և ներքին շատ յուրահատուկ պայմաններում, և ամենա կարևորն՝ այն ակնհայտորեն չի բերել որևէ արդյունքի: Նրանք, ովքեր ուզում են դա կրկնել՝ հավանաբար չեն խերվել 2018-ի փորձից:

Շատ կարևոր՝ ոչ թե նոր ընդդիմություն է պետք ստեղծել, այլ նոր իշխանություն:

Իշխանությունը պետք է վերցնել, բայց դա պետք է ոչ թե սկսել պաշտոնական իշխանությունից, այլ ավարտել դրանով:

Իսկ սկզբում պետք է ձևավորել իրական իշխանություն՝ առանց պաշտոնների: Իրական իշխանություն նշանակում է իրական ազդեցություն, իրական ուժ, իրական ձգողականության կենտրոն, իրական թելադրող: Դրա համար պետք են շատ պարզ և միաժամանակ շատ բարդ քայլեր:

Իրական գաղափարականություն: Ոչ թե գաղափարախոսություններ՝ աջ, ձախ, այլ գաղափարականություն՝ նվիվածություն Հայաստանի անկախությանը, հավատ սեփական ժողովորդի ճակատագրին և ուժերին:

Երկրորդ՝ իրական ծրագիր: Ոչ թե ինչ որ խոսքեր, այլ ծրագիր՝ կոնկրետ և իրավիճակից բխող նպատակներով և լուծումներով, նախագծերով: Ծրագիր, որը պետք է առաջարկի Ելք և Հեռանկար:

Պետք է կազմակերպություն՝ հանրային ինքնակազմակերպման հենքով: Կարող է լինել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ կազմակերպություններ, կարող է լինել ցանցայինն և կենտրոնական՝ սրանք տեխնիկական հարցեր են:

Պարտադիր պայման է՝ բացառումը որևէ հնամաշի, ժամկետանցի, ինքն իրեն սպառածի՝ սա արդեն սահմանել ենք:

Պարտադիր պայման է՝ հավատարմությունը Հայաստանի անկախությանը՝ ոչ մի զիջում, տարաձայնություն, այլ կարծիք այստեղ չպետք է լինի: Ոչ մի նույնիսկ հեռավոր ակնարկ՝ Միութեանակն պետության և նման բաների վրա:

Պարտադիր է նաև կամքը՝ բացառվում է պարտվածի հոգեբանությունը, նվնվոցն ու անույժ բողոքներն աշխարհի «անարդարությունից», հայի չար բախտից և այլն:

Պետք է նաև լինի պայքարի անխուսափելիության գիտակցում՝ անկախությունը, ազատությունը, արդարությունն անհասանելի են առանց պայքարի:

Մնացած հարցերում՝ կարծիքների, մոտեցումների, տեսակետների բազմազանություն: Ազգայնականը կարող է և պետք է պայքարի հանուն ազգի քաղաքական անկախության և արժանապատվության, ազատականը՝ հանուն մարդու և քաղաքացու ազատությունների, սոցիալիստը՝ հանուն սոցիալական արդարության:

Այս ամենն առայժմ տեսություն է:

Սա ապագայի հռչակագիր է:

Համենայն դեպս ճանապարհ չէ, որ մեկ օրում հնարավոր է անցնել:

Պետք է գիտակցում, գաղափարի հետագա մշակում, մեծ ջանք և ռեսուրսային բազա:

Բայց գործնականացումը կախված է ինքնակազմակերպման արագությունից և որակից: Չկա այս պահին ոչ մի նշանակալի քաղաքական կամ հանրային կազմակերպված ուժ, որն ի զորու է սա անել: Որքան արագ հանրության տարբեր շերտերը, խավերը, խմբերը սկսեն ինքնակազմակերպվել և գործել սեփական ուժով, այնքան արագ հնարավոր կլինի մոտենալ այս ծրագրի գործնականացմանը: Որքան արագ նաև անհատական մակարդակում մարդիկ սկսեն գիտակցել իրենց պատասխանատվությունը, այդքան արագ կստանանք արդյունքը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

2022 04 22-28, Աշտարակ

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *