Հայաստան

Շարժման Մասին

(Մաս 1-ին)

Ստեփանակերտում դեկտեմբերի սկզբին ճյուղավորված երիտասարդական կազմակերպություն կար, որն ստեղծվել էր կոմերիտական կազմակերպության հիման վրա, այսինքն՝ ապահովված էր փոխադրամիջոցով, միջոցներով վառելիքով, մարդուժով և կապերով։

Իգոր Մուրադյան

Այս տարի Ղարաբաղյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը կդառնար 65 տարեկան։ Ներկայացնում ենք 1998 թ․ Ասպարեզ թերթում նրա հեղինակած հոդվածը Շարժման սկզբնավորման եւ խնդիրների մասին, ինչը հատկապես կարեւոր է ներկայում տեղի ունեցող գործընթացների ֆոնին՝ լուս սփռելու հայտնի եւ անհայտ բազմաթիվ հանգամանքների վրա

Խորհրդային հասարակության մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ առաջին անգամ 1985 թվականի ապրիլին հնչած գորբաչովյան կարգախոսները տպավորություն չթողեցին նույնիսկ նրանց վրա, ովքեր երկար տարիներ պայքարել էին վարչակարգի դեմ և կապված էին արտասահմանյան համապատասխան հաստատությունների հետ։ Գորբաչովյան բարեփոխումների հեռանկարների մասին արված իբր հանճարեղ գուշակությունները մնացին որպես այդպիսին։ Խորհրդային քաղաքացին նոր «համաճարակն» ընդունեց որ ավելի, քանի իբրև նորույթ, իսկ այլախոհները՝ որպես իրենց գործունեության դաշտն ընդլայնելու հնարավորություն։ Բավական հավաստի և նույնիսկ փաստարկված բարեփոխումների քաղաքական հեռանկար էին ենթադրում կուսակցական և տնտեսական ընտրախավի ներկայացուցիչները և, որ պակաս կարևոր չէ՝ նրանց երեխաներն ու մերձավորները, ինչպես նաև սալոնային որոշ մտավորականներ, որոնք ելումուտ էին անում իշխանության միջանցքներում։

Եթե արևմտյան խորհրդայնագիտական կենտրոնները խորհրդային տերության անկումը գուշակում էին 3-5 տարվա սխալի հավանականությամբ, ապա կուսակցական քրմերի սխալը 1-2 տարի էր։ Մոսկվայի կուսակցական ընտրախավը, ինչպես նաև ազգային կուսակցական և տնտեսական ընտրախավերը եղան շուկայական հարաբերությունների կայացման ու կուտակած դրամագլխի օրինականացման, ինչպես նաև խորհրդային պետական-վարչական համակարգի փլուզման ոգեշնչողներն ու կազմակերպիչները։ Ժամանակի ընտրախավի գործողություններում շատ բան համաձայնեցված չէր, իրազեկ և ճկուն չէր, շատ գործողություններ թելադրված էին հեռանկարի նկատմամբ անվստահությամբ ու վախով, սակայն ընդհանուր ուղղությունը որոշակի էր։ Մնում էր միայն առաջ մղել իրենց գաղափարներն արտահայտող առաջնորդների։

Տվյալ ընտրախավերի ներկայացուցիչները միմյանցից շատ բանով էին տարբերվում իրենց պահվածքով, կերպարով, «հայրենասիրության աստիճանով», սակայն գուցե կարևորն այն էր, որ նրանցից ոմանք ցանկանում էին միայն տնտեսական հարաբերությունների ազատականացում և ձեռներեցության ազատություն՝ Խորհրդային Միության պահպանմանը զուգընթաց։ Մյուսներն ավելի արմատականորեն էին տրամադրված և ձգտում էին լուծարել Կենտրոնը,  «ինքնավարացնել» իրենց կառավարումը։ Ընդ որում՝ վերջիններիս համար սկզբունքային նշանակություն ուներ ԽՍՀՄ փլուզումը և ինքնավար պետությունների ստեղծումը այն դեպքում, երբ մյուսները սահմանափակվում էին իրենց ազգային տարածքի շրջանակներում անձնական կամ կլանային ինքնավարությամբ։ Հավակնությունների տարբերությունները պայմանավորվում էին հանրապետությունների և ազգերի աշխարհքաղաքական դիրքով, ազգայնականության ավանդույթներով, ազգային ընտրախավերի զարգացածությամբ, ինչպես նաև՝ տնտեսական նկատառումներով։ Օրինակ, տեղական արժեքավոր հումքային պաշարների առկայությամբ։ Փլուզման շատ այլ պատճառներ (ազգային հետագա զարգացման անհնարինություն, հումքի համաշխարհային գների փոփոխություններ, ընկերային-տնտեսական գործընթացների անկառավարելիություն, դաժան մրցակցություն Արևմուտքի հետ, գաղափարախոսության սպառում) ոչ ավելին էին, քան՝ ուղեկցող գործոններ։ Որքան էլ տարօրինակ է, Խորհրդային Միությունը փլուզվեց երկրի հասարակության որոշակի տնտեսական և ընկերային-մշակութային չափանիշների ձեռք բերման, փայլուն, կրթված ընտրախավ ստեղծելու և ընտրախավի քաղաքական իրավունքի և տնտեսական իրավունքի անհամազորության արդյունքում։

Մարդիկ, ովքեր 80-ական թվականներին հղացան ղարաբաղյան շարժումը, իրար հակասող համոզմունքների կրողներ էին։ Այդ մարդիկ խորհրդային տիպիկ գավառական մտավորականներ էին՝ ֆաշիզմին հարող ազգայնական ծայրահեղ հայացքներով։ Նրանց լիովին բավարարում էին խորհրդային համայնավակարական կառուցվածքը, նրանք անտարբեր էին ժողովրդավարության և ազատականացման գաղափարների հանդեպ, շատ բաներով ընդունում էին խորհրդային արժեքները։ Նրանց մեջ չկար ո՛չ հակախորհրդայնորեն տրամադրված «այլախոհ», ո՛չ օրինապահ ժողովրդավար։

Այդ մարդիկ սերտորեն կապված էին նրանց հետ, ովքեր մասնակից էին 60-ական թվականների կեսերին Լեռնային Ղարաբաղի իրադարձություններին, որոնք, քաղաքականապես չափից ավելի միամիտ լինելով, հայրենիքի վերականգնման հետագա պայքարի խարիզմատիկ հիմքը դրեցին։ Չնայած տարիքային տարբերությանը, կրթվածության մակարդակների, պահվածքի և այլ տարբերություններին, ինչը այնուհետև որոշարկելու էր նրանց դիրքերը, համախոհներ դարձան նրանք, ում հայկական հարգարժան «այլախոհները» կոչեցին միակուսակցականներ, որոնց քաղաքական բոլոր հիմնախնդիրների մեջ հետաքրքրում էր միայն «իրենց» Ղարաբաղի հիմնահարցը։ Բնութագրական է, որ այդ «այլախոհներից» շատերն այդպես էլ «այլախոհ» մնացին ինչպես խորհրդային համակարգի, այնպես էլ մեր հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի այլախոհների նկատմամբ (հավանաբար մինչ օրս)։ Այդպիսին էր այլախոհության տրամաբանությունը, որտեղ չէր տեղավորվում ազգայնականությունը։

Շարժման կազմակերպիչները գաղափարաբանական ի՞նչ պաշարով մոտեցան 1985 թվականին։ Նրանց «գաղափարախոսության» հիմքում ընկած էր «քաղաքական պահի» գաղափարը, այսինքն՝ որևէ լուր հայեցակարգի բացակայությունը։ Ընդունված էր, որ գորբաչովյան ն որ համաճարակը շատ արագ կարող է անցնել։ Որևէ համոզվածություն չկար քաղաքական տվյալ իրավիճակի բարենպաստության վերաբերյալ, ի սպառ բացակայում էր իշխանության բարձրագույն օղակների միտումների և տրամադրությունների մասին որևէ լուրջ տեղեկատվություն, պատկերացում չկար նաև, թե տարբեր փուլերում ո՞վ պետք է դառնա շարժման կազմակերպիչը։ Նաև պատկերացում չկար շարժման հնարավոր փուլերի մասին։ Իրավիճակը թույլ էր տալիս մի քանի «խճանկարային սրսկումներ» անել Ադրբեջանին՝ դրանով իսկ ձեռք բերելով անձի քաղաքական հանրաճանաչություն։

1985 թ․ հունիսից մինչև 1986 թ․ մայիսը ղարաբաղյան այդ շարժումն իրենց ներկայացնում էր տնտեսական տուժած մարդկանց ոչ մեծ (3-4 մարդ) հավաքույթ, որոնց մեջ դյուրությամբ կարելի էր հայտնաբերել հոգեպես «անկայուն» մարդկանց։ Այդ գործիչների միակ նպատակը որոշակի միջոցներ հավաքելն էր՝ իրենց անձնական պարտքերը ծածկելու համար։ «Ղարաբաղի հիմնախնդիրն» այդ նպատակների առավել ընդունելի ասպարեզն էր։ Շարժման «հիմնադիրները» զուտ երևանյան «թռցնողներ» էին՝ թեկնածուական աստիճաններով և առանց դրա։ Նրանցից առավել սթափները (սթափ՝ ուղղակի իմաստով) չէին կասկածում, որ խոսքը հերթական առևտրական գործողության մասին է։ Այդ եղբայրությունը, որի համար հավաքատեղի էր ծառայում Կարմիր Բանակի փողոցի պոեմական հայտնի շենքի կետերից մեկը, խիստ ընդունելի էին Համայնավար Կուսակցության մարտական ջոկատի և այն ժամանակների կուսակցական գաղափարախոսների համար։ Նրանք ո՛չ հակախորհրդայնականներ էին, ո՛չ «այլախոհներ», այլ՝ պարզապես «երևանյան ազնիվ» ազգայնականներ, որոնց միշտ կարելի էր հայտնաբերել երևանյան սրճարաններում և ստեղծագործական միությունների կաֆետերիաներում։ Չնայած այդ եղբայրությունում երևանյան սալոնային գրողների ներկայությանը, կասկած չէր հարուցում այդ խմբավորման լուսանցքայնությունն ու երգիծական լինելը։ Հանուն պատկերավորության ասենք, որ հայրենիքի համար մարտիկների առաջին գործողություններից մեկը՝ վերամիավորման հիմնախնդրով Լեռնային Ղարաբաղում ստորագրությունների հավաքումը (այսինքն՝ հանրաքվեն), իրականացվեց Ստեփանակերտի դարմանատան բաժիններից մեկի օգնությամբ, ապա ստեղծվեց տարրական կեղծ փաստաթուղթ, որն ուղարկվեց ԽՄԿԿ ԿԿ-ին։ Այս «հայրենասիրական գործողությունը», ինչպես նաև ոչ պակաս կասկածելի բնույթի ուղեկից միջոցառումները արժեցավ 65 հազար ռուբլի (այդպես էլ չմարված պարտք)։ Այդ ոգով շարունակվեց մի քանի ամիս, մինչև գաղափարաբանական ծառայությունների և ԿԳԲ-ի կողմից կարգի բերելը։

Սա տեղի ունեցավ մոտավորապես 1986 թվականի մարտին, ինչը եղավ պաշտոնաթերթերի հսկայական ծառայությունը շարժմանը և գնահատվեց ըստ արժանվույն։ Սրանից հետո կարելի է փաստել, որ շարժումը դադարեցրեց գոյությունը, բայց որոշ ժամանակ դեռ անհրաժեշտ էր պաշտպանել այն շարունակելու պատրանքը՝ նոր կադրեր և դերակատարներ հավաքելու համար։ 1986 թվականի փետրվար-մայիս ժամանակահատվածը խիստ արդյունավետ էր կազմակերպական և գաղափարական առումներով։ Մոսկվայի հայերի միջև որոշակի կապեր ստեղծվեցին, որոնք կարող էին ըմբռնել իշխանության միջանցքներում տեղի ունեցող ամեն ինչ, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի աշխատակազմում կատարվող տեղափոխությունների ընդհուպ՝ ԿԿ բաժինների պետերի նշանակությունը, պարզաբանում էին տարբեր փորձագետների քաղաքական հայացքները, որոնք աշխատում էին երկրի քաղաքական ղեկավարության օգտին։ Ոչ պակաս կարևոր էին նաև Մոսկվայի դիրքորոշումները տարբեր տարածաշրջանների ազգային հիմնախնդիրների հանդեպ։

Այնուհետև բացահայտվեցին ստեղծված քաղաքական իրավիճակի շատ կարևոր պահերը։ Առարկայորեն պարզաբանվեցին խորհրդային հանրապետությունների կուսակցական ղեկավարների միջև եղած հակասությունների բնույթն ու էությունը, նաև թե ինչպես էր դրանց վերաբերում Մոսկվան։ ԽՍՀՄ տարածքներից մեկում, ուր ապրում էին Լեռնային Ղարաբաղից դուրս եկած շատ մարդիկ, ոչ մեծ գումար հայթայթվեց, ինչը ջանում էին անտեսել։ Սակայն գլխավորը մեկ այլ բան էր։ Լեռնային Ղարաբաղում և Երևանում որոշակի կազմակերպվածություն ստեղծվեց բոլորովին ուրիշ մարդկանց միջև։ Չի կարելի ասել, թե արդեն կազմակերպություն գոյություն ուներ, սակայն դա երազկոտ մարդկանց, հայրենասերների, ազնիվ ու արդար մարդկանց մեջ եղած կազմակերպվածություն էր։

1986-ի ամռանը Լեռնային Ղարաբաղում այդ մարդկանց թիվը հասնում էր մի քանի տասնյակի, նույնքան էր նաև Երևանում։ Լեռնային Ղարաբաղում աշխատանքի հիմնական մեթոդներն էին քարոզչությունը, նոր մարդկանց համոզելը, կազմակերպության տեղական բջիջների, տեղական հնարավորությունների ստեղծումը՝ գաղտնի ժողովներ անցկացնելու համար, դրամական հնարավորությունների հայթայթումը, զենքի որոնումը և կուտակումը։ Կարևոր խնդիր էր հայերի շրջանում կուսակցական և տնտեսական ղեկավարների պահվածքի ուսումնասիրությունը, նրանց հեղինակության, կազմակերպական լծակների օգտագործման հնարավորությունը, ինչը գործունեության խիստ արդյունավետ ուղղություն էր։ Նոր մարդկանց ներգրավելու և նոր հնարավորություններ ստանալու չափերով բացահայտում էր, որ մեր ժողովուրդը չափազանց տաղանդավոր է․ արվեցին ոչ քիչ տաղանդավոր առաջարկություններ։ Հենց այն ժամանակ՝ 1986-ի ամռանը, ձևավորվեց մեկ տարվա գործողությունների ծրագիր՝ աշնանից սկսած։ Չի կարելի պնդել, թե տվյալ ծրագիրն ամբողջական ու մանրամասնորեն էր ձևակերպվել, բայց ենթադրվում էր աշխատանքներ կատարել հետևյալ ուղղություններով։

Ամեն կերպ պատրանք ստեղծել, թե երևանյան «թռցնող-հայրենասերների» այդ նույն խումբը հենց շարժումն ինքն է, և ողջ աշխատանքը ծավալվում էր այդ «լուսավորյալ» և «կռահող» խմբի շուրջ, ինչը չափազանց կարևոր էր կազմակերպություն ստեղծել Լեռնային Ղարաբաղում, որն ի զորու կլինի դառնալու զանգվածային ելույթների հիմքը,
Երևանում և Հայաստանում ձևավորել համակիրների խումբ, որոնք հնարավորին չափ լինեն մարդասիրական ոլորտների մասնագետներ և կարողանան փորձագետների դեր կատարել,
կազմակերպել փաստաթղթերի կազմում, այդ թվում՝ կառավարական ատյանների և արտասահմանյան մամուլի համար նախատեսված՝ պատմության, ճարտարապետության, ժողովրդագրության և այլնի ճանաչված մասնագետների կողմից,
անցկացնել (առաջին անգամ ԽՍՀՄ պատմության մեջ) կասկածներ չհարուցող հանրաքվե, որին մասնակցի Լեռնային Ղարաբաղի և մերձակա շրջանների բնակչության ճնշող մասը,
անցկացնել «խորհրդարանի» նստաշրջան իրոք լիազորված բոլոր գյուղխորհուրդներից, ավանային և քաղաքային խորհուրդներից, ուր կդրվի Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու հարցը կազմակերպել Լեռնային Ղարաբաղի պատվիրակության այցելություններ ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդ և ԽՄԿԿ ԿԿ,
Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության հնարավորությունների նախապատրաստում գալիք դիմակայությանը։
Տվյալ ծրագրից չկատարվեցին երկու կետեր՝ «խորհրդարանի» գումարումը և մարզը ինքնապաշտպանության նախապատրաստելը։ Ինչու՞։ ԽՍՀՄ ոչ մի ատյան չհերքեց անցկացվող հանրաքվեի օրինականությունը, որին մասնակցեց 125 հազար մարդ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի և հարող շրջանների հասուն բնակչությունը, դրանից բացի հանրաքվեի լրացումը եղան ԼՂԻՄ բոլոր (առանց բացառության) ձեռնարկություններից ու հաստատություններից հավաքված արձանագությունները։ Ղարաբաղցիների պատվիրակությունները Մոսկվայում, Գերագույն Խորհրդում և ԽՄԿԿ ԿԿ-ում որևէ կասկածելի գնահատական չլսեցին տվյալ գործողության վերաբերյալ։ Հետագայում այդ նույն ատյանները երբևէ ղարաբաղյան շարժումը չբնութագրեցին իբրև ժողովրդից անջատ (կուսակցական նոմենկլատուրայի սիրած ձևը)։ «Խորհրդարանի» նստաշրջանից առաջ անցավ մարզային խորհրդի հայտնի նստաշրջանը (1988 թ․ փետրվար) և տվյալ գործողությունն արդեն արդիական չէր։

Զենքի հարցը, որը հետագայում դարձավ շարժման կազմակերպիչների կշտամբանքի առարկան, դրամական զգալի միջոցների հետ էր կապված, իսկ դրամական միջոցներ շարժումը չուներ ընդհուպ մինչև 1988 թ․ փետրվարը։ Հաջողվեց ձեռք բերել զենքի որոշակի քանակություն, ինչի մասին գիտեին «կազմակերպված» ադրբեջանցիները, և ինչը նկատելիորեն սառեցրեց նրանց «հերոսական հրայրքը»։ Ադրբեջանի ԿԳԲ-ի գնահատումներով, 1988 թ․ փետրվարին Լեռնային Ղարաբաղի «ոչ ֆորմալների» ձեռքում և Կիրովաբադի շրջանի մի քանի գյուղերում կար երկու հարյուրի հասնող մարտական ակոսավոր զենք, որն իրականում չկար։ Կազմակերպական բջիջների տրամադրության տակ կար երկու տասնյակից ոչ ավելի գնդացիր, մինչև հարյուր կարաբին և «Մոսին» հրացան, ձեռքի մի քանի գնդացիր և երեք տասնյակ ատրճանակ։ Փետրվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ղարաբաղցիների և Հայաստանի կազմակերպությունների ձեռքում հազարից ավելի մարտական զենք կար, ինչը դարձյալ շատ քիչ էր։ Ըստ էության, զենքի հարցն արմատապես լուծվեց 1989 թ․ վերջին Հ․ Յ․ Դաշնակցության կուսակցական կառույցների կազմակերպմամբ։ Սակայն պետք չէ մոռանալ, որ ընդհուպ մինչև 1990 թվականի հունվարի կեսերը, երբ Հայաստանի ներքին գործող նախարարությունը, Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի անմիջական կարգադրությամբ, հաջողությամբ իրականացվեց նախարարության տրամադրության տակ գտնվող զենքի բաժանում ոչ ֆորմալ կազմակերպություններին և ջոկատներին։ Հայաստանի տարածքում պահպանվում էր ԽՍՀՄ ԿԳԲ-ի խիստ ռեժիմ, հատկապես սպառազինության առումով։ Պետք է նշել, որ շարժման կազմակերպիչների աշխատանքում նաև ինչ-որ բլեֆ կար, որը բոլորովին նման չէր պատմականորեն տրամադրված «հայրենասերների» մանր խուլիգանության։ Ի՞նչն էր այդ բլեֆի էությունը։

Շարժման գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ գլխավորը՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մարդկանց թմբիրից հանելն էր։ Շատ քիչ մարդիկ էին առանց «վախի ու հանդիմանության» ատյաններին ուղղված զեկույցներ ու նամակներ ստորագրել։ 100 հայից (հայրենասիրական խոսակցություններում շատ թե քիչ աչքի ընկած) միայն մեկը կարող էր որևէ խնդրանք կամ առաջադրանք կատարել։ Նրանցից հինգը կարող էին ԽՍՀՄ ԿԿ ուղղված, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների շուրջ զեկույց ստորագրել։ Մարդիկ, որ փետրվարից հետո հայտնվեցին հրապարակի խոսափողների մոտ ու սկսեցին կոկորդ պատռել Ղարաբաղի համար և աշխույժ «հայրենասերներ» դարձան, մինչև փետրվարը դողացող ձեռքերով և դողացող ձայնով էին առնչվում շարժման գործիչների հետ՝ ոչ հազվադեպ կեղտ լցնելով նրանց վրա՝ դրանով իսկ արդարացնելով իրենց կենդանական վախկոտությունը, ինչից այդպես էլ չազատվեցին։

Հնարավոր է՝ շարժման մասնակիցներից միայն երեք կամ չորս հոգի գիտակցաբար ընդունեցին հսկայական բլեֆը, ինչն անցկացրին մարդկային հիմարության և վախկոտության միջով՝ վերևից ներվելու հույսով, եթե նպատակն իսկապես արդարացնում է միջոցները։ Երևանում, տեղեկատվության լիակատար բացակայության պայմաններում, հասարակությունը համոզված էր, որ Լեռնային Ղարաբաղում հզոր շարժում գոյություն ունի։ Նույնն էին մտածում ղարաբաղցիները Հայաստանի մասին։ Ե՛վ Երևանում, և՛ Ստեփանակերտում համոզված էին, որ Մոսկվայում գոյություն ունի հզոր «ղարաբաղյան լոբբի», իսկ Մոսկվայում այդ նույն «լոբիստները» գտնում էին, թե Հայաստանում ու Ղարաբաղում շարժման մեջ հազարավոր մարդիկ կան։

Այդ բլեֆի շրջանակներում՝ 1986 թվականի փետրվարին, ԽՍՀՄ 27-րդ համագումարի նախօրեին, Մոսկվայում «քաղաքական սադրանք» անցկացվեց «ակադեմիկոսների, զորավարների և ժողովրդական դերասանների» հետ։ Խոսքը խորհրդային մեծ ակադեմիայի հինգ ակադեմիկոսների, երեք զորավարների և երեք ժողովրդական դերասանների (նրանց մեջ կային լենինյան և պետական մրցանակի դափնեկիրներ, սոցիալիստական աշխատանքի հերոսներ)՝ Մ․ Գորբաչովին և Ա․ Գրոմիկոյին ուղղված՝ մեծ աղմուկ հանած նամակի մասին է։ Նամակում Լեռնային Ղարաբաղի հարցն էր դրված, բոլոր ստորագրողները հայեր էին։ Ակադեմիկոսներից մեկը՝ Աբել Աղանբեկյանը, այն ժամանակ Մ․ Գորբաչովի խորհրդականն էր տնտեսական հարցերով։ Հատկապես այդ առիթ տվեց պնդելու, թե ղարաբաղյան շարժումը նախաձեռնել էր Կոմկուսի Քաղբյուրոն։ Սակայն Ա․ Աղանբեկյանի այդ քայլն առավելապես անձնական դատողություններով էր պայմանավորված։ Նրա հետ նամակի մասին Մ․ Գորբաչովի զրույցի բովանդակությունը լիովին հաստատում է այս վարկածը։

Այսպես, թե այնպես, նպատակը նվաճված էր․ երևանյան գավառական հասարակայնությունը, ում համար Մոսկվայի պատահական մարդու կարծիքը շատ ավելին էր, քան ցանկացած պաշտոնատար անձինը Երևանում, մեծ հաջողության խայծը կուլ տվեց․ շատերի համար «անանուն» ակադեմիկոսի ստորագրությունն ազդեցություն ունեցավ, և գործն առաջ գնաց։ Նման բլեֆները քիչ չէին, սակայն այդքան խոշոր ու նրբագեղ դեռ չէր եղել։

1987 թ․ ամռան վերջին որոշվեց, թե իզուր թանկարժեք ժամանակ է կորսվում։ Որոշում ընդունվեց բացահայտ գործողությունների անցնել։ Օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում նախապատրաստվեց ղարաբաղցիների առաջին պատվիրակության այցը Մոսկվա, ինչը մեծ արձագանք ունեցավ։ 1987 թ․ նոյեմբերի սկզբին Մոսկվա այցելեց երկրորդ պատվիրակությունը, իսկ նոր տարվա շեմին՝ երրորդը։ 1987 թ․ հոկտեմբերի 18-ին Երևանում 1965 թվականի ի վեր առաջին անգամ, Բարեկամության պողոտայի վրա գտնվող Կոմկուսի ԿԿ շենքի մոտ տեղի ունեցավ ցույց, իսկ դեկտեմբերի 20-ին՝ ԽՍՀՄ ԿԳԲ-ի 70-ամյակի օրը, Օպերայի հրապարակում կայացավ երկրորդ ցույցը, որին մասնակցեց մոտավորապես 1000 մարդ։ Հիմա արդեն դժվար է պատկերացնել այդ գործողությունների նշանակությունը՝ տեղաբնակներին և ոչ միայն տեղաբնակներին հրապարակ բերելու առումով։ Ցույցից հետո, չնայած Հայաստանի ԿԿ Կենտկոմում կազմակերպիչներին խորապես մշակելուն, ոչ ոք չձերբակալվեց ու վարչական պատժի չենթարկվեց։

Ստեփանակերտում դեկտեմբերի սկզբին ճյուղավորված երիտասարդական կազմակերպություն կար, որն ստեղծվել էր կոմերիտական կազմակերպության հիման վրա, այսինքն՝ ապահովված էր փոխադրամիջոցով, միջոցներով վառելիքով, մարդուժով և կապերով։ Դեկտեմբերի 13-ի գիշերը Ստեփանակերտում մոտ 10 հազար՝ ելույթի կոչով թռուցիկ էր տարածվել։ Դեկտեմբերի 13-ին քաղաքում զանգվածաբար միտինգ տեղի ունեցավ, ըստ էության՝ ելույթ ադրբեջանական վարչակարգի դեմ։ Այնուհետև տեղի ունեցավ քաղաքի կուսակցական – տնտեսական ղեկավարների նիստը, շուտով նաև՝ ԼՂԻՄ մարզային խորհրդի պատմական նիստը։ Պետք է նշել, որ դեկտեմբերի 13-ից ղարաբաղյան շարժման գործընթացն անշրջելի բնույթ ստացավ։ Խնդիրը Երևանի աշխուժացումն ու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումն էր։ Այս խնդիր իրականացումը պահանջում էր համագործակցություն Հայաստանի իշխանությունների, ԿԳԲ-ի և ներքին գործերի նախարարության խոշոր ձեռնարկությունների և հիմնարկների անձնակազմերի հետ՝ Երևանում իշխանության վրա ճնշում գործադրելու նպատակով։

Հայաստանի իշխանություններին, առաջին հերթին՝ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, խիստ ձեռնտու էր «փակ, կառավարելի» ազգային շարժման առկայությունը։ Գորբաչովյան «վերակառուցման» հակառակորդը լինելով՝ Կ․ Դեմիրճյանը չէր վայելում գլխավոր քարտուղարի բարեհաճ վերաբերմունքը։ Կառավարվող շարժումը նպաստավոր էր մի ղեկավարի համար, ով «ի զորու» էր այն «տեղայնացնել» Մոսկվայի աչքում։ Կ․ Դեմիրճյանի սրտով էր ղարաբաղյան շարժման ամեն բան․ բարձրացված հարցը (ինչը Քաղբյուրոյի անդամ Հ․ Ալիևին և Ադրբեջանի ղեկավարությանը դիմակայելու փաստարկներ էր տալիս), Հայկական ԽՍՀ սահմաններից հիմնախնդրի «դուրսբերումը», ոչ հակախորհրդայնորեն տրամադրված մարդկանց մասնակցությունը շարժմանը, այսինքն՝ քրեական օրենսգիրք կիրառելու անհրաժեշտության բացակայությունը։ Ըստ խոսակցությունների, Դեմիրճյանը չէր սիրում ղարաբաղցիներին և մոսկովյան ատյաններում, իհարկե, երբեք չէր ջանացել լրջորեն բարձրացնել ղարաբաղյան հարցը։ Սակայն Կ․ Դեմիրճյանը գործնական մարդ էր և փորձում էր դարձյալ զոհի, այսինքն՝ Ղարաբաղի միջոցով ինչ-որ բան շահել Հայաստանի համար։ Կ․ Դեմիրճյանի համար բարենպաստ դասավորվեց իրավիճակը Հայաստանի ԿԳԲ-ում, որի ղեկավարն էր զորավար Մարիուս Յուզբաշյանը։ Վերջինս չափազանց բարձր վարկանիշ ուներ ԽՍՀՄ ԿԳԲ-ում, ինչպես նաև՝ կուսակցական բարձրագույն ատյաններում, որտեղ նա չէր ընկալվում իբրև հայ։

Ղարաբաղյան ողջ շարժման ընթացքում, ընդհուպ մինչև պաշտոնից ազատումը, Մ․ Յուզբաշյանը ԽՍՀՄ ԿԳԲ-ին զեկույցներ էր ուղարկում, որտեղ շարժումը և մասնակիցները բնութագրվում էին իբրև հակախորհրդային բովանդակությունից, հայացքներից և նման այլ բաներից բացառապես զուրկ։ ԽՍՀՄ ԿԳԲ-ին հղված Մ․ Յուզբաշյանի զեկույցներում հետաքրքրական վերլուծություններ էին արվում, որոնք առնչվում էին Ադրբեջանում հայերի նկատմամբ խտրականությանը։ Դրանցում առկա էին շատ նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ և գնահատականներ՝ արված շարժման գործուն մասնակիցների կողմից (ի դեպ, շարժման նյութերը լավապես օգտագործվում էին նաև ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի՝ Մոսկվա ներկայացվող զեկուցագրերում, Կարեն Դեմիրճյանի «կառավարման» օրոք)։
Շարունակելի։


Աղբյուրը՝ Lragir.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *